ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վճիռ |
Քաղաքացիական գործ թիվ 3-928(ՎԴ) |
Քաղաքացիական գործ թիվ 07-788/2007 թ. | |
Նախագահող դատավոր՝ |
Ա. Խառատյան |
Դատավորներ՝ | Կ. Հակոբյան |
Լ. Գրիգորյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Մկրտումյանի | |
Ս. Սարգսյանի | ||
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Ս. Գյուրջյանի | ||
Է. Հայրիյանի |
2007 թվականի հունիսի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի փետրվարի 14-ի թիվ 07-788 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ Արմեն Ապրեսյանի դիմումի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան), Երևանի Կենտրոն թաղային համայնքի (այսուհետ` Թաղապետարան)՝ պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձանց գործողությունները վիճարկելու և որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Արմեն Ապրեսյանը պահանջել է պարտավորեցնել Քաղաքապետարանին և Թաղապետարանին համապարտության կարգով հատուցել Թաղապետարանի կողմից ապօրինի կատարված շինարարական աշխատանքների արդյունքում սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևանի Գրիգոր Քոչարի փողոցի թիվ 21 հասցեի գույքին պատճառված վնասը` 6 436 200 (վեց միլիոն չորս հարյուր երեսունվեց հազար երկու հարյուր) ՀՀ դրամ, և այդ գույքի կորստի պատճառով 15 ամսվա չստացած եկամուտները` բաց թողած օգուտը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի փետրվարի 16-ի վճռով դիմումը մերժվել է:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 2007 թվականի փետրվարի 14-ի վճռով դիմումը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է Քաղաքապետարանից հօգուտ Արմեն Ապրեսյանի բռնագանձել 6 436 200 (վեց միլիոն չորս հարյուր երեսունվեց հազար երկու հարյուր) ՀՀ դրամ: Դիմումը մնացած մասով մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Երևանի քաղաքապետը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1065-րդ հոդվածը և ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 11-ի թիվ 1460-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` Նախարարություն) կանոնադրության 8-րդ կետի «ժդ» ենթակետը, որոնք պետք է կիրառեր, որի հետևանքով խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված Նախարարության` դատաքննությանը մասնակից դարձնելու իրավունքը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը հայցը բավարարելիս չի ղեկավարվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1065-րդ հոդվածի պահանջներով և դատաքննությանը մասնակից չի դարձրել Նախարարությանը և վերջինիս պարտականությունների վերաբերյալ վճիռ է կայացրել:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2007 թվականի փետրվարի 14-ի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.
2007 թվականի փետրվարի 14-ի վճիռը կայացնելիս Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ և 1065-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 11-ի թիվ 1460-Ն որոշմամբ հաստատված Նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժդ» ենթակետի պահանջները, որոնք պետք է կիրառեր և գործը քննել ու վճիռ է կայացրել Նախարարության բացակայությամբ, նրա պարտականությունների վերաբերյալ, ինչպես նաև թույլ է տվել նյութական իրավունքի նորմերի խախտում:
Միաժամանակ, Երևանի քաղաքապետը խնդրել է քննարկման առարկա դարձնել պատասխանը. բեկանել Վերաքննիչ դատարանի վճիռը և կասեցնել դատական ակտի կատարումը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Երևանի քաղաքապետի 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 1000-Ա որոշմամբ և դրան կից թիվ 1 հավելվածի համաձայն` Երևանի Գ. Քոչարի փողոցի թիվ 21 հասցեի 20,8 քմ մակերեսով տարածքի նկատմամբ ճանաչվել է Արմեն Ապրեսյանի սեփականության իրավունքը, իսկ դրա զբաղեցրած հողամասը տրամադրվել է վարձակալությամբ հինգ տարի ժամկետով:
2) Նշված որոշման հիման վրա` Հայաստանի Հանրապետության, ի դեմս Երևանի քաղաքապետի, որի անունից հանդես է եկել Թաղապետարանի ղեկավարը և Ա. Ապրեսյանի միջև 2004 թվականի հուլիսի 31-ին կնքվել է նոտարական կարգով վավերացված Երևանի Գ. Քոչարի փողոցի թիվ 21 հասցեի 20,8 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիր:
3) «Էքսպերտ լաբորատորիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2004 թվականի օգոստոսի 02-ի թիվ 8-04 գնահատման ակտի համաձայն` գնահատման օրվա դրությամբ Երևանի Գ. Քոչարի փողոցի թիվ 21 հասցեի շինության արժեքը կազմել է 12183 (տասներկու հազար մեկ հարյուր ութսուներեք) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
4) 2004 թվականի օգոստոսի 19-ի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1466506 վկայականի համաձայն` Երևանի Գ. Քոչարի փողոցի թիվ 21 հասցեի 20,8 քմ մակերեսով շինության նկատմամբ գրանցվել է Արմեն Ապրեսյանի սեփականության, իսկ 0,00208հա հողամասի նկատմամբ` վարձակալության իրավունքը հինգ տարի ժամկետով:
5) «Էլեֆանտ-ռիելթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անշարժ գույքի գնահատման 2004 թվականի օգոստոսի 30-ի հաշվետվության համաձայն` Երևանի Գ. Քոչարի փողոցի թիվ 21 հասցեի 17,5 քմ մակերեսով շինության արժեքը գնահատման օրվա դրությամբ կազմում է 6436200 (վեց միլիոն չորս հարյուր երեսունվեց հազար երկու հարյուր) ՀՀ դրամ:
6) Երևան քաղաքում Մոսկովյան պուրակ հիմնադրելու հետ կապված քանդվել է Արմեն Ապրեսյանին սեփականության իրավունքով պատկանող շինությունը:
7) Վերաքննիչ դատարանի կողմից Նախարարությանը 2007 թվականի փետրվարի 14-ի դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացնելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ, Վերաքննիչ դատարանը գործը քննել է Նախարարության բացակայությամբ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում արտահայտել է իր այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ Սահմանադրությամբ և որևէ օրենքով ՀՀ կառավարությանը քաղաքացիական գործերով դատավարության կարգ սահմանելու լիազորություն վերապահված չէ: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի թիվ 1460-Ն որոշմամբ հաստատված Նախարարության կանոնադրությամբ սահմանվել է որոշակի պարտականություն Նախարարության համար, որը պարտադիր է նրա, պետական այլ մարմինների, պետական հիմնարկների համար, սակայն պարտադիր չէ դատարան դիմող անձանց համար, ինչպես նաև չի ստեղծում դատարանի համար դատավարական օրենքով չնախատեսված պարտականություն (իրավական հիմնավորումները տե'ս «Կոտայք-մամուլ» դուստր ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ ընդդեմ Կոտայքի մարզպետարան, 17.11.2006 թվական, քաղաքացիական գործ թիվ 3-2350/ՏԴ (գումարի բռնագանձման պահանջով) Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանի, հատոր առաջին, էջ 339-342):
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի թիվ 1460-Ն որոշումը Վերաքննիչ դատարանի կողմից չկիրառելու մասին վճռաբեկ բողոքի հիմքը:
Վերը հիշատակված գործով Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վեճը վերաբերում է գործարքից առաջացած պարտավորության գումարը բռնագանձելուն, այլ ոչ թե վնասի հատուցմանը, հայտնել է դիրքորոշում այն մասին, որ վնասի բռնագանձման պահանջի բացակայության պայմաններում չի կարող առաջանալ ֆինանսական մարմիններին դատաքննությանը ներգրավելու իմպերատիվ անհրաժեշտություն, առավել ևս, երբ այդ մարմիններին դատաքննությանը չի ներգրավում հայցվորը:
Սույն գործի փաստերն այլ են, դրանք հիշատակված գործի փաստերի հետ նույնական չեն: Դիմողը, վիճարկելով պատասխանողների ակտն ու գործողությունները, դիմումի հիմքում դնելով քաղաքացիաիրավական վնաս պատճառելու պատճառաբանությունները և իրավական ակտերը, դատարանից պահանջել է պատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել իրեն պատճառված վնասը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1065-րդ հոդվածի համաձայն` այն դեպքերում, երբ նույն օրենսգրքին կամ այլ օրենքներին համապատասխան վնասը հատուցվում է Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից, նրանց անունից հանդես են գալիս համապատասխան ֆինանսական մարմինները, եթե այդ պարտականությունը, նույն օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, դրված չէ այլ մարմնի, իրավաբանական անձի կամ քաղաքացու վրա:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից քաղաքացիաիրավական վնասի բռնագանձման կամ վնասը հատուցելուն պարտավորեցնելու պահանջի առկայության պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1065-րդ հոդվածի ուժով առաջանում է ֆինանսական մարմիններին դատաքննությանը ներգրավելու իմպերատիվ անհրաժեշտություն, եթե այդ պարտականությունը, նույն օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, դրված չէ այլ մարմնի, իրավաբանական անձի կամ քաղաքացու վրա:
Հայաստանի Հանրապետության անունից որպես ֆինանսական մարմին հանդես է գալիս Նախարարությունը, որին դատաքննությանը ներգրավվելու անհրաժեշտությունն առկա է եղել սույն գործի քննության ժամանակ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում բեկանելու հիմք է, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի մասնակի հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:
Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ այն իր բովանդակությամբ և պահանջով վճռաբեկ բողոք է, որը ներկայացված չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի փետրվարի 14-ի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Հ. Մանուկյան |
Դատավորներ՝ |
Ա. Մկրտումյան |
Ս. Սարգսյան | |
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | |
Ս. Գյուրջյան | |
Է. Հայրիյան |