Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.01.14/3(238)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.06.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական
վերաքննիչ դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 3-743(ՎԴ)
2007 թ.


Քաղաքացիական գործ թիվ 07-481/2007
Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան
Դատավորներ՝ Կ. Հակոբյան
Լ. Գրիգորյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

2007 թվականի հունիսի 1-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Միսակ Բադալյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքն ըստ Հմայակ Բադալյանի հայցի ընդդեմ Միսակ Բադալյանի, «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի՝ նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասին ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 17.01.2007 թվականի թիվ 07-481 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է 03.02.2005 թվականին Ծովիկ Լոփոյանի և Միսակ Բադալյանի միջև կնքված նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա տրված Մ. Բադալյանի անունով սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչել:

Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 13.06.2006 թվականի վճռով հայցը մերժվել է:

 

Վերաքննիչ դատարանի 17.01.2007 թվականի վճռով նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու մասով հայցը բավարարվել է, իսկ սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Միսակ Բադալյանը:

Վճռաբեկ բողոքին Հմայակ Բադալյանի կողմից ներկայացվել է պատասխան:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը և կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածը, 311-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք չպետք է կիրառեր:

 

Բողոք բերած անձն իր պնդումը հիմնավորել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանը լրիվ չի հետազոտել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացրած եզրակացությունը, այն քաղաքացիական գործում առկա մյուս ապացույցների հետ օբյեկտիվ և բազմակողմանիորեն չի գնահատել:

2) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 296-րդ, 299-րդ, 594-596-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառվեին:

 

Բողոք բերած անձն իր պնդումը որևէ փաստարկով չի հիմնավորել:

 

Վերոհիշյալ հիմքերով բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.01.2007 թվականի վճիռը և և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները.

 

Բողոք բերած անձի կասկածները քաղաքացիական գործով ձեռք բերված ապացույցների հետ կապված՝ անհիմն են, քանի որ պատասխանողը դիմել է Երևան քաղաքի Կենտրոն համայնքի դատախազություն, ինչի հիման վրա դատախազությունը ուսումնասիրել է գործի նյութերը և որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

Սույն վեճի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածը կիրառելի չէ, քանի որ այն տարածվում է այն դեպքերի վրա, երբ նվիրատվության պայմանագիրը կնքված է օրինական ճանապարհով, իսկ տվյալ դեպքում դատարանի նախաձեռնությամբ նշանակված հետմահու դատանյարդահոգեբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ նվիրատվության պայմանագիրը կնքելու ժամանակ Ծ. Լոփոյանը չէր կարող ամբողջովին գիտակցել սեփական գործողությունների իրական բովանդակությունը և նշանակությունը, ինչպես նաև չէր կարող կանխատեսել այդ գործողություններից բխող հետևանքները և կառավարել դրանք: Հետևաբար նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու մասին վերաքննիչ դատարանի վճիռը հիմնավոր է:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Ծովիկ Լոփոյանը հանդիսացել է Երևանի Մաշտոցի պողոտայի 6-րդ շենքի թիվ 42-րդ բնակարանի սեփականատերը:

2) Ծ. Լոփոյանը 20.01.1992 թվականին սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանը կտակել է հայցվոր Հմայակ Բադալյանին:

3) Ծ. Լոփոյանը 03.02.2005 թվականին նշված բնակարանը նվիրատվության պայմանագրով օտարել է պատասխանող Միսակ Բադալյանին: Նվիրատվության պայմանագրից ծագող՝ վերջինիս իրավունքները օրենքով սահմանված կարգով գրանցվել են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում և 07.02.2005 թվականին Միսակ Բադալյանի անվամբ տրվել է սեփականության իրավունքի վկայական:

4) Ծ. Լոփոյանը մահացել է 21.08.2005 թվականին՝ «գլխուղեղի իշեմիկ ինսուլտ, գլխուղեղի այտուց, խրոնիկ ՍԻՀ» հիվանդություններից:

5) 22.05.2006 թվականին ՀՀ առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի կողմից կատարվել է հեռակահետմահու դատահոգեբուժական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ Ծ. Լոփոյանը ինչպես նախկինում, այնպես էլ 03.02.2005 թվականին որևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել, նա կարող էր իրեն հաշիվ տալ իր գործողությունների համար և ղեկավարել դրանք:

6) 27.12.2006 թվականին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից տրվել է փորձագետի եզրակացություն, որի համաձայն՝ փորձագիտական հանձնաժողովը հանգել է այն հետևությանը, որ «Աթերոսկլերոզ», «Աթերոսկլերոտիկ կարդիոսկլերոզ», «Դեֆորմացվող օսթեոարթրոզ» ախտորոշումները և ամբուլատոր քարտերում եղած այլ հիվանդությունների առկայության պայմաններում հնարավոր է իմացական գործընթացների՝ ընկալման, իրողություններն ադեկվատ ընկալելու, գնահատելու ունակության փոփոխություններ, ինչպես նաև հիշողության մասնակի կորուստ, գործողությունների և դրանց հետևանքների ու նշանակության մասնակի գիտակցում, ինչը վիճելի գործարքը կնքելու պահին առկա է եղել Ծ. Լոփոյանի մոտ:

Վերը նշված փորձագիտական եզրակացությամբ տրված է «Աթերոսկլերոզ», «Աթերոսկլերոտիկ էնցեֆալոպատիա», «Իշեմիկ ինսուլտ», «Պարկինսոնիզմ» հիվանդությունների գիտական բնորոշումը և դրանց հնարավոր ազդեցությունը հիվանդի օրգանիզմի կենսագործունեության վրա: Մասնավորապես նշված է, որ.

1. այս հիվանդությունները անձի մոտ առաջացնում են բարձրագույն նյարդային և հոգեկան գործունեության խանգարում՝ ընկալման, ճանաչողական, իմացական շարժումներն ընկալելու և վերարտադրելու ունակության, խոսքի ընկալման և վերարտադրման, հիշողության խանգարումների, որի հետևանքով էլ տեղի է ունենում գործողությունների և դրանց հետևանքների ու նշանակության մասնակի գիտակցում:

2. Հաշվի առնելով Ծ. Լոփոյանի տարիքային առանձնահատկությունները և միկրոսոցիալական իրավիճակը, այն է՝ խնամքի տակ գտնվելու փաստը, կախվածությունը. սեփական կարիքները ինքնուրույն հոգալ չկարողանալը, հիվանդությունների հետևանքները, հետազոտվող իրավիճակում, այդ թվում նաև 03.02.2005 թվականին նվիրատվության պայմանագիրը կնքելու ժամանակ, Ծ. Լոփոյանը չէր կարող ամբողջովին գիտակցել սեփական գործողությունների իրական բովանդակությունը և նշանակությունը, ինչպես նաև չէր կարող կանխատեսել այդ գործողություններից բխող հետևանքները և կառավարել դրանք:

3. Ծ. Լոփոյանը հետազոտվող իրավիճակում, այդ թվում նաև 03.02.2005 թվականին գտնվել է հոգեբանական առումով անօգնական վիճակում:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

Նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները: Որպես ապացուցման պարտականության կատարման և դատարանի կողմից դրանց գնահատման չափանիշ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածով սահմանված է ապացույցների թույլատրելիությունը, ըստ որի՝ գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործունակ, սակայն գործարքի կնքման պահին այնպիսի վիճակում գտնվող քաղաքացու կնքած գործարքը, երբ նա ընդունակ չի եղել հասկանալու իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարելու դրանք, դատարանով կարող է անվավեր ճանաչվել այդ քաղաքացու կամ այն անձանց հայցով, որոնց իրավունքները և օրենքով պաշտպանվող շահերը խախտվել են այդ գործարքը կնքելու հետևանքով:

Վերը նշված հոդվածի հիմքով գործարքը կարող է անվավեր ճանաչվել այն դեպքում, երբ ապացուցվում է գործարքը կնքած քաղաքացու՝ գործարքի կնքման պահին իր գործողությունների նշանակությունը հասկանալու կամ դրանք ղեկավարելու անընդունակ լինելու հանգամանքը:

 

Սույն գործով վերաքննիչ դատարանը գործարքի կնքման պահին Ծ. Լոփոյանի գործողությունների նշանակությունը հասկանալու կամ դրանք ղեկավարելու անընդունակ լինելու հանգամանքն ապացուցված է համարել 27.12.2006 թվականի ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի եզրակացության հիման վրա, որով հաստատվել է.

 

1. «Աթերոսկլերոզ», «Աթերոսկլերոտիկ կարդիոսկլերոզ», «Դեֆորմացվող օսթեոարթրոզ» հիվանդություններով տառապող հիվանդների, այդ թվում նաև Ծ. Լոփոյանի մոտ իմացական գործընթացների՝ ընկալման, իրողություններն ադեկվատ ընկալելու, գնահատելու ունակության փոփոխությունների, ինչպես նաև հիշողության մասնակի կորստի, գործողությունների և դրանց հետևանքների ու նշանակության մասնակի գիտակցման հնարավորությունը:

2. Տարիքային առանձնահատկությունների և միկրոսոցիալական իրավիճակի (խնամքի տակ գտնվելու փաստը, կախվածությունը, սեփական կարիքները ինքնուրույն հոգալ չկարողանալը, հիվանդությունների հետևանքները) պատճառով վիճելի պայմանագիրը կնքելու ժամանակ Ծ. Լոփոյանի՝ սեփական գործողությունների իրական բովանդակությունը և նշանակությունը ամբողջովին գիտակցելու և կառավարելու անկարողության հնարավոր առկայությունը:

3. 03.02.2005 թվականին Ծ. Լոփոյանի հոգեբանական առումով անօգնական վիճակում գտնվելը:

Այսպիսով, նշված եզրակացության մեջ խոսքը գնում է իմացական գործընթացների խաթարման հնարավորության, տարիքային առանձնահատկությունների և հիվանդությունների ենթադրյալ հետևանքների և հոգեբանական առումով անօգնական վիճակի մասին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված հանգամանքները բավարար հիմք չեն կարող հանդիսանալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի ուժով վիճելի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու համար հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 311-րդ հոդվածի ուժով գործարքն անվավեր ճանաչելու համար պարտադիր պայման է գործարքը կնքած անձի՝ իր գործողությունների նշանակությունը հասկանալու, կամ դրանք ղեկավարելու անընդունակ լինելու փաստը՝ հենց գործարքի կնքման պահին:

Սույն գործում առկա՝ 22.05.2006 թվականի փորձաքննության եզրակացության համաձայն՝ Ծ. Լոփոյանը ինչպես նախկինում, այնպես էլ 03.02.2005 թվականին որևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել, նա կարող էր իրեն հաշիվ տալ իր գործողությունների համար և ղեկավարել դրանք:

Վերը նշված փորձագիտական եզրակացության մեջ խոսք է գնում Ծ. Լոփոյանի կողմից իր սեփական գործողությունների իրական բովանդակությունը և նշանակությունը ամբողջովին գիտակցելու և կառավարելու անկարողության հնարավորության մասին՝ պայմանավորված տարիքային առանձնահատկություններով և միկրոսոցիալական վիճակով:

Սույն գործով, գործարք կնքած գործունակ քաղաքացու՝ տարիքային առանձնահատկությունները և միկրոսոցիալական վիճակով պայմանավորված՝ հոգեբանական առումով անօգնական վիճակը, տարբեր (ոչ հոգեկան) հիվանդությունների առկայությունը փորձագետին հիմք են տվել ենթադրելու, որ քաղաքացին չէր կարող իր բոլոր գործողությունների իրական բովանդակությունը և նշանակությունը գիտակցել և կառավարել:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով գործարք կնքող գործունակ քաղաքացու՝ իր գործողությունների նշանակությունը հասկանալու կամ դրանք ղեկավարելու անընդունակության հանգամանքը կարող է ապացուցվել միմիայն կոնկրետ, անառարկելի ապացույցներով, որոնցով հնարավոր կլինի հաստատել գործարք կնքող անձի՝ վիճելի գործարքի կնքման գործողության նշանակությունը հասկանալու կամ դա ղեկավարելու անընդունակության առկայությունը և ոչ թե՝ այդ հանգամանքի առկայության տեսական հնարավորությունը:

Սույն գործի փաստերից ելնելով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործարք կնքած գործունակ քաղաքացու՝ ամբողջությամբ իր գործողությունների բովանդակությունը և նշանակությունը գիտակցելու և դրանք ղեկավարելու անկարողության հնարավորությունը չի նշանակում անձի կողմից իր բոլոր գործողությունների բովանդակությունը և նշանակությունը գիտակցելու և դրանք ղեկավարելու բացարձակ անընդունակության առկայություն, հետևաբար փորձագետի եզրակացությունը չի կարող բացառել կոնկրետ գործարքի կնքման պահին այդ գործարքի կնքման գործողության նշանակությունը գիտակցելու և այն ղեկավարելու հնարավորության առկայությունը: Վճռաբեկ դատարանն այս եզրահանգման եկավ սույն գործի փաստերի հիման վրա, մասնավորապես՝ հաշվի առնելով փորձագիտական եզրակացություններում նշված՝ Ծ. Լոփոյանի մոտ ախտորոշված հիվանդությունների դրսևորումները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով ապացուցված չէ այն փաստը, որ Ծ. Լոփոյանը գործարքի կնքման պահին ընդունակ չի եղել հասկանալու վիճելի գործարքի կնքմանն ուղղված իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարելու դրանք:

Հետևաբար, սույն բողոքի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ և 311-րդ հոդվածների կիրառման ենթակա չլինելու վերաբերյալ հիմքերը Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում:

2) Վճռաբեկ դատարանը բողոքի երկրորդ հիմքը քննարկման առարկա չի դարձնում այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձը ներկայացված վճռաբեկ բողոքում ի հիմնավորումն իր պնդումների՝ որևէ փաստարկ չի ներկայացրել:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքարկվող սույն վճռի՝ սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասը հիմնավոր է, քանի որ սեփականության իրավունքի գրանցման վկայականը հանդիսանում է սեփականության իրավունքի գրանցման մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ, և այդ փաստաթղթի անվավեր ճանաչելը չի հանգեցնում իրավական հետևանքների, քանի որ ուժի մեջ է մնում վարչական ակտը՝ անշարժ գույքի գրանցման մատյանի գրանցումը: Այս դիրքորոշումը բխում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներից: Այդ մասին Վճռաբեկ դատարանն իր մանրամասն դիրքորոշումն արտահայտել է 26.10.2006 թվականին կայացված որոշմամբ (տես՝ ըստ Սիսիանի քաղաքապետարանի հայցի ընդդեմ Շահեն Սարգսյանի, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սիսիանի ստորաբաժանման, Կորյուն Օհանյանի՝ 26.08.2002 թվականին կնքված պայմանագիրը լուծելու, Շահեն Սարգսյանի և Կորյուն Օհանյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև Կորյուն Օհանյանին տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին թիվ 3-1920 քաղաքացիական գործը):

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն Վերաքննիչ դատարանի 17.01.2007 թվականի վճիռը մասնակիորեն բեկանելու բավարար հիմք է:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Միսակ Բադալյանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու մասով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 17.01.2007 թվականի վճիռը բեկանել և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

2. Վճիռը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ս. Գյուրջյան
Է. Հայրիյան
Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան