Գլխավոր տեղեկություն
Համար
N 1534-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.07.2005-10.11.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.23/80(452) Հոդ.1032
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.09.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.10.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.11.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 հոկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 2002 թվականի N 1534-Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Սահմանել, որ «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը`

ա) ճարտարապետաշինարարական կրթության, հիմնարար գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպումը` հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական մակարդակներում` առկա, հեռակա և դրսեկության ձևերով.

բ) ճարտարապետության, շինարարության, գեոդեզիայի, անշարժ գույքի կադաստրի և ճանապարհային երթևեկության մասնագիտությունների գծով բարձր որակավորում ունեցող մասնագետների, գիտամանկավարժական կադրերի պատրաստումը, բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների վերապատրաստումը և որակավորման բարձրացումը:

3. Թույլատրել «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակ իրականացնել ուսումնական, գիտահետազոտական, փորձագիտական, հրատարակչական գործունեություն, ինչպես նաև կազմակերպել ստուգատես-մրցույթներ ու ցուցահանդեսներ:

4. Հաստատել «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

5. «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական հիմնարկի տնօրինության գույքը` բացառությամբ շենքերի և շինությունների, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի:

«Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական հիմնարկի տնօրինության շենքերը, շինությունները Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով իրենց սպասարկման հողատարածքներով, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքվելիք պայմանագրին համապատասխան:

(5-րդ կետը լրաց. 09.06.05 N 888-Ն)

6. «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

7. Սահմանել, որ`

ա) մինչև վերակազմակերպումը` «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական հիմնարկին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա, ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:

Նշված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում.

բ) մինչև վերակազմակերպումը` Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանին թեմատիկ ֆինանսավորման մասով հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված վճարման հանձնարարագրերի ու կանխիկ գումարի ստացման հայտերի հիման վրա` առանց լրացուցիչ հիմնավորող փաստաթղթերը ներկայացնելու.

գ) «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմավորման հետ կապված ծախսերը կատարվում են «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. սեպտեմբերի 30
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 12-ի N 1534-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` համալսարան) կրթական ու գիտական պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է ճարտարապետաշինարարական կրթության, հիմնարար գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը` հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական մակարդակներում` օրենքով նախատեսված կարգով և կրթական ծրագրերի ձևերով:

2. Համալսարանի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

3. Համալսարանը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող պետական ոչ առևտրային` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ու գիտամշակութային կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ձեռք է բերում և իրականացնում սույն կանոնադրությամբ իրեն ամրագրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ ու պարտականություններ:

Համալսարանը կարող է իր գործունեության նպատակներին համապատասխան իրականացնել ուսումնական, գիտահետազոտական, խորհրդատվական, փորձագիտական, գիտաարտադրական (նախագծային, տեխնոլոգիական, փորձարարաարտադրական) վճարովի ծառայություններ և ուսուցում` օրենքով ու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Համալսարանն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների ու ծախսերի նախահաշիվ և բանկային հաշիվներ:

Համալսարանն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն, ռուսերեն, անգլերեն անվանումներով կլոր կնիք, դրոշմակնիք ու մեդալ, ինչպես նաև իր դրոշը, խորհրդանշանը և օրհներգը:

4. Համալսարանի անվանում է`

հայերեն լրիվ` «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

հայերեն կրճատ` «ԵՃՇՊՏ» ՊՈԱԿ,

ռուսերեն լրիվ` Ереванский государственный университет архитектуры и строительства”, государственная некоммерческая организация,

ռուսերեն կրճատ` ЕГУАС” ГНО,

անգլերեն լրիվ` Yerevan State University of Architecture & Construction State Non Profit Organizatiօn,

անգլերեն կրճատ` YSUAC SNPO:

5. Համալսարանի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 375009, Տերյան 105:

 

II. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

6. Համալսարանի խնդիրներն են`

ա) բարձր որակավորում ունեցող մասնագետների, գիտամանկավարժական կադրերի պատրաստումը, բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների վերապատրաստում ու որակավորման բարձրացումը.

բ) ճարտարապետության, շինարարության և գեոդեզիայի բնագավառներում գիտական ուսումնամեթոդական ու գիտամանկավարժական հետազոտությունների իրականացումը.

գ) կրթության և գիտության ինտեգրացման հիման վրա ուսուցման բովանդակության կատարելագործումը, մասնագիտությունների ու մասնագիտացումների համակարգի մշակումը.

դ) գիտական մշակումների տարածումն ու լուսավորչական աշխատանքների իրականացումը:

7. Առաջադրված խնդիրներին համապատասխան համալսարանն իրավասու է`

ա) որոշելու իր կառուցվածքը, կառավարման սկզբունքները, կազմելու ուսումնական պլաններ ու ծրագրեր.

բ) ստեղծելու հոգաբարձուների խորհուրդ.

գ) սահմանված կարգով իր կազմում ստեղծելու գիտահետազոտական ինստիտուտներ, մասնաճյուղեր, կենտրոններ, քոլեջներ, մասնագիտական թեքում ունեցող ավագ դպրոցներ.

դ) շնորհելու համալսարանի պատվավոր կոչումներ, սահմանելու մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրելու համալսարանի մեդալով.

ե) իր կողմից կնքված պայմանագրերի հիման վրա իրականացնելու երկկողմանի ու բազմակողմանի ուղղակի կապեր Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա բուհերի, գիտական հիմնարկների, գերատեսչությունների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ, կատարելու տարատեսակ աշխատանքներ (կադրերի պատրաստում, ուսանողների ու ասպիրանտների ուսուցում, մասնագետների փոխանակում, գիտական, մշակութային և այլ գործունեություն, գիտական խորհրդակցությունների ու արշավախմբերի կազմակերպում, բնակչությանը վճարովի ծառայությունների մատուցում).

զ) իրականացնելու ուսումնական, գիտահետազոտական, խորհրդատվական, փորձագիտական, նախագծային և փորձարարաարտադրական ու հրատարակչական գործունեություն, ինչպես նաև կազմակերպելու ստուգատես-մրցույթներ և ցուցահանդեսներ.

է) կազմակերպելու մագիստրանտների, ասպիրանտների, դոկտորանտների և հայցորդների ընդունելությունը համալսարան.

ը) օրենքով սահմանված կարգով վարձակալության հանձնելու իր գույքը.

թ) տնօրինելու իր ֆինանսական միջոցները:

 

III. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

8. Համալսարանի կառավարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը համապատասխան իրականացնում են հիմնադիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նրա կողմից լիազորված պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, համալսարանի ռեկտորը, ինչպես նաև կոլեգիալ կառավարման մարմինը` համալսարանի մեծ խորհուրդը, ու համալսարանի գիտական խորհուրդը:

9. Լիազորված պետական մարմինը`

ա) համալսարանի կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է նրա կառավարման մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

բ) իրականացնում է վերահսկողություն համալսարանի գործունեության նկատմամբ.

գ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում համալսարանի գործադիր մարմնի կամ կոլեգիալ կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

դ) լսում է համալսարանի գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրա գործունեության վերստուգման արդյունքները.

ե) իրականացնում է վերահսկողություն համալսարանին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.

զ) իրականացնում է վերահսկողություն համալսարանի սեփականության պահպանության նկատմամբ, համաձայնություն է տալիս նրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

է) հաստատում է համալսարանի պահպանման ծախսերի նախահաշիվը:

10. Համալսարանի կառավարումը հիմնված է իր ինքնավարության, միանձնյա և կոլեգիալ կառավարման զուգակցման, ինչպես նաև իր գործունեությանը վերաբերող կարևորագույն հարցերի լուծմանը համալսարանի կոլեկտիվի մասնակցության սկզբունքների վրա:

11. Համալսարանի կառավարման բարձրագույն մարմինը մեծ խորհուրդն է (այսուհետ` խորհուրդ): Խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է:

12. Խորհուրդը`

ա) հաստատում է իր աշխատակարգը,

բ) ռեկտորի ներկայացմամբ քննարկում է համալսարանի զարգացման ու համագործակցության գլխավոր ուղղություններն ու համապատասխան առաջարկություններ ներկայացնում նախարարություն,

գ) սահմանված կարգով լիազորված պետական մարմին է ներկայացնում առաջարկություններ համալսարանի տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ,

դ) քննարկում և հաստատում է համալսարանի գործադիր մարմնի հաշվետվությունները, հաստատում տարեկան հաշվեկշիռը,

ե) սահմանում է ռեկտորի ընտրության ընթացակարգը և ընտրում համալսարանի ռեկտորին,

զ) քննարկում է հանրապետության հասարակական, կրթական, գիտական ու մշակութային կյանքին և կարևորագույն իրադարձություններին վերաբերող հարցեր,

է) լուծում է սույն կանոնադրությունից բխող` համալսարանի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված հարցեր:

13. Խորհրդի կազմի մեջ մտնում են պրոռեկտորները, ռեկտորի խորհրդականը, գիտական քարտուղարը, ուսումնական մասի վարիչը, գլխավոր հաշվապահը, մասնաճյուղերի, գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների, քոլեջների, ավագ դպրոցների տնօրենները, ֆակուլտետների դեկանները, համահամալսարանական ամբիոնների վարիչները, գրադարանի տնօրենը, համալսարանի գիտական խորհրդի մյուս անդամները, ինչպես նաև` ռեկտորի առաջարկությամբ, համալսարանի այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները` ի պաշտոնե:

Խորհրդի մյուս անդամներն ընտրվում են ռեկտորի հաստատած կանոնակարգի համաձայն: Խորհրդի ընտրվող աշխատողների թվի առնվազն 65 տոկոսը պետք է կազմեն դասախոսները և գիտաշխատողները, իսկ 10 տոկոսը` ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատողները:

Խորհրդի անդամների թվի 25 տոկոսը պետք է լինեն ուսանողներ:

14. Համալսարանի գիտական խորհուրդը ռեկտորի նախագահությամբ գործող կառավարման մարմին է: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը հինգ տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

15. Համալսարանի գիտական խորհուրդը`

ա) հաստատում է իր աշխատակարգը,

բ) համալսարանին վերապահված ընդունելության պետական պատվերից դուրս, սահմանված կարգին համապատասխան, ռեկտորի ներկայացմամբ հաստատում է վճարովի հիմունքներով` ըստ մասնագիտությունների ընդունելության տեղերը, կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները, կանոնակարգերը, ներհամալսարանական կարգապահական կանոնները, գիտաշխատողների` պաշտոնների զբաղեցման մրցութային կարգը,

գ) քննարկում է համալսարանի մասնագիտությունների և մասնագիտացումների անվանացանկերը,

դ) հաստատում է ուսումնական պլաններն ըստ մասնագիտությունների,

ե) քննարկում է գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ կատարվող կարևորագույն գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին,

զ) ընդունում է «ԵՃՇՊՀ-ի պատվավոր դոկտոր», «ԵՃՇՊՀ-ի պատվավոր ամբիոնի վարիչ», «ԵՃՇՊՀ-ի վաստակավոր պրոֆեսոր», «ԵՃՇՊՀ-ի պատվավոր պրոֆեսոր», «ԵՃՇՊՀ-ի վաստակավոր դասախոս», «ԵՃՇՊՀ-ի վաստակավոր գիտաշխատող», «ԵՃՇՊՀ-ի վաստակավոր աշխատող» կոչումները, ներկայացնում առաջարկություններ մրցանակներ, անվանական կրթաթոշակներ սահմանելու, համալսարանի մեդալով պարգևատրելու, հանրապետական պարգևների և կոչումների համար թեկնածություններ ներկայացնելու վերաբերյալ.

է) որոշում է ֆակուլտետների դեկանների ընտրության ընթացակարգը և ժամկետները,

ը) իրականացնում է սույն կանոնադրությունից բխող` համալսարանի ուսումնամեթոդական գործունեության հետ կապված այլ լիազորություններ:

16. Համալսարանի գիտական խորհրդի կազմի մեջ մտնում են ռեկտորը (նախագահ), պրոռեկտորները, ռեկտորի խորհրդականը, գիտական քարտուղարը, ուսումնական մասի պետը, գլխավոր հաշվապահը, մասնաճյուղերի, գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների տնօրենները, ֆակուլտետների դեկանները, համալսարանական ամբիոնների վարիչները, գրադարանի տնօրենը, ինչպես նաև` ռեկտորի նշանակմամբ, այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, առանձին դասախոսներ և գիտաշխատողներ, հանրապետության գիտության և կրթության բնագավառների առաջատար մասնագետներ:

Համալսարանի գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր` նրա անդամների 2/3-ի մասնակցության դեպքում: Որոշումներն ընդունվում են գիտական խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ և կենսագործվում ռեկտորի հրամաններով:

17. Համալսարանի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է: Խորհրդի և գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ռեկտորատն իր լիազորությունների շրջանակներում քննարկում է համալսարանի գործունեության ոլորտներին վերաբերող հարցերը: Համալսարանի ռեկտորատի կազմի մեջ մտնում են ռեկտորը, պրոռեկտորները, ռեկտորի խորհրդականը, համալսարանի գիտական քարտուղարը, ուսումնական մասի պետը, գլխավոր հաշվապահը, մասնաճյուղերի, գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների տնօրենները, ֆակուլտետների դեկանները: Ռեկտորատի որոշումները կենսագործվում են ռեկտորի հրամաններով:

18. Համալսարանի ընթացիկ գործունեության ղեկավարումն իր իրավասության սահմաններում և համալսարանի կանոնադրությանը համապատասխան իրականացնում է ռեկտորը, որն առանց լիազորագրի գործում է համալսարանի անունից, ներկայացնում է նրա շահերը պետության, պետական մարմինների, այլ կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում, կնքում է պայմանագրեր, այդ թվում` նաև աշխատանքային, սահմանված կարգով խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում համալսարանի աշխատողներին, արձակում է հրամաններ և կարգադրություններ:

19. Համալսարանի ռեկտորը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված կարգին համապատասխան ընտրվում է համալսարանի խորհրդում` հինգ տարի ժամկետով: Ընտրությունների ընթացակարգը սահմանում է խորհուրդը:

Ռեկտորի ընտրությունները կատարվում են խորհրդի հատուկ նիստում` փակ գաղտնի քվեարկությամբ: Ընտրված է համարվում այն թեկնածուն, ով հավաքել է խորհրդի ցուցակային կազմի 50 տոկոսից ավելի ձայն:

20. Համալսարանի ռեկտորը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից:

Համալսարանի ռեկտորը պատասխանատվություն է կրում իր մեղքով համալսարանին պատճառված վնասի համար:

Համալսարանի ռեկտորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

21. Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնադրության համաձայն համալսարանի ռեկտորն իր իրավասության սահմաններում`

ա) ղեկավարում է համալսարանի կրթական, գիտական, արտադրական, տնտեսական, միջազգային և այլ գործունեությունը, տնօրինում համալսարանի գույքը և ֆինանսական միջոցները, բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ,

բ) կազմակերպում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը` ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը,

գ) հրավիրում է համալսարանի խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի նիստեր,

դ) խորհրդի հաստատմանն է ներկայացնում համալսարանի տարեկան հաշվետվությունը,

ե) ապահովում է խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարումը,

զ) հաստատում է համալսարանի կառուցվածքը,

է) համալսարանի գիտական խորհրդին ներկայացնում է առաջարկություններ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմավորելու կամ լուծարելու վերաբերյալ,

ը) համալսարանի գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրություններն ու դրանց կանոնակարգերը,

թ) սահմանում է համալսարանի ղեկավար կազմի հաստիքացուցակը, լիազորությունները, պաշտոնական պարտականությունները, սահմանված կարգով ընտրված դեկանների, ամբիոնների վարիչների ու դասախոսների հետ կնքում է աշխատանքային պայմանագրեր,

ժ) արձակում է հրամաններ ուսանողների ընդունելության, նրանց նույն կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու և որակավորման աստիճան շնորհելու մասին,

ժա) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համալսարանի պրոռեկտորներին, համալսարանի ստորաբաժանումների ղեկավարներին, որոշում նրանց գործունեության ոլորտները և իրավասությունները,

ժբ) իր բացակայության ժամանակ ռեկտորի պարտականությունների կատարումը դնում է պրոռեկտորներից մեկի վրա,

ժգ) կատարում է աշխատանքի բաշխում պրոռեկտորների միջև:

 

IV. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

22. Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումներն են մասնաճյուղերը, գիտահետազոտական ինստիտուտները, գիտական կենտրոնները, քոլեջները, ֆակուլտետները, ամբիոնները, բաժինները, լաբորատորիաները, գիտական գրադարանը, հրատարակչություններն ու այլ ստորաբաժանումներ:

Համալսարանի կառուցվածքը սահմանվում է համալսարանի գիտական խորհրդի կողմից և հաստատվում ռեկտորի հրամանով: Կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ և իրենց կանոնադրություններով` հաստատված գիտական խորհրդի կողմից:

Ֆակուլտետն իր իրավասության սահմաններում իրավունք ունի ընդունելու ինքնուրույն որոշումներ, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, սույն և ֆակուլտետի կանոնադրություններին:

Ֆակուլտետը, ելնելով իր կողմից իրականացվող մանկավարժական, գիտական, ուսումնաօժանդակ և ինժեներատեխնիկական աշխատանքներից, ըստ սահմանված չափանիշների, մշակում է իր հաստիքացուցակը, որը հաստատվում է ռեկտորի կողմից:

Ֆակուլտետը կազմված է ամբիոններից, լաբորատորիաներից և ուսումնական, գիտական ու օժանդակ այլ օղակներից:

Ֆակուլտետի կառավարման մարմիններն են ֆակուլտետի խորհուրդը և դեկանը:

23. Ֆակուլտետի խորհրդի ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում է ֆակուլտետի կանոնադրությամբ: Ֆակուլտետի խորհրդի նախագահը ֆակուլտետի դեկանն է:

24. Ֆակուլտետի խորհուրդը`

ա) համալսարանի ռեկտորին առաջարկություններ է ներկայացնում ֆակուլտետի կառուցվածքում ամբիոններ (լաբորատորիաներ, բաժիններ) և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմավորելու և լուծարելու վերաբերյալ,

բ) լուծում է ֆակուլտետի ուսումնական ու գիտական աշխատանքներին և միջազգային կապերին ու այլ գործունեության առնչվող հարցերը,

գ) համալսարանի ռեկտորին է ներկայացնում ֆակուլտետի ուսումնական պլանները` համալսարանի գիտական խորհրդում հաստատելու համար,

դ) համալսարանի գիտական խորհուրդ է ներկայացնում առաջարկություն աշխատողներին պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ,

ե) ընտրում է համալսարանի գիտական խորհրդում ֆակուլտետի ներկայացուցիչներին,

զ) լուծում է սույն կանոնադրությունից բխող ֆակուլտետի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ խնդիրներ:

25. Ֆակուլտետի խորհրդում որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ֆակուլտետի խորհրդի որոշումները պարտադիր են ֆակուլտետի ղեկավարության, աշխատողների, ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների և հայցորդների համար:

26. Ֆակուլտետի գործունեությունը ղեկավարում է ֆակուլտետի դեկանը, որն ընտրվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված կարգին համապատասխան` համալսարանի գիտական խորհրդում, փակ գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Դեկանի պաշտոնում ընտրված է համարվում գիտական խորհրդում ամենաշատ, բայց ոչ պակաս, քան մասնակիցների ձայների կեսից ավելին հավաքած թեկնածուն: Քվեարկության արդյունքների և դեկանի ընտրությունների հիման վրա ռեկտորն իր հրամանով պաշտոնի է նշանակում դեկանին:

27. Ֆակուլտետի դեկանը`

ա) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, գիտական, արտադրական, միջազգային և այլ գործունեությունը,

բ) ապահովում է ֆակուլտետի խորհրդի որոշումների կատարումը,

գ) ռեկտորի հաստատմանն է ներկայացնում դեկանի տեղակալների, ֆակուլտետի խորհրդի քարտուղարի թեկնածությունները,

դ) համալսարանի ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ուսանողներին կուրսից կուրս փոխադրելու, կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու վերաբերյալ:

28. Ամբիոնը (բաժինը, լաբորատորիան) համալսարանի ֆակուլտետի ուսումնագիտական գործընթացի կազմակերպման կառուցվածքային հիմնական ստորաբաժանումն է:

Ամբիոնի գիտամանկավարժական կազմում ընդգրկվում են պրոֆեսորները, դոցենտները, ասպիրանտները և դասախոսները:

29. Ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի) աշխատողների հաստիքացուցակը` ֆակուլտետների հաստիքացուցակի շրջանակներում, մշակում է ամբիոնը:

 

V. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

30. Համալսարան ուսանողների ընդունելությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

31. Համալսարանում ուսուցումն իրականացվում է առկա, հեռակա և դրսեկության ձևերով:

32. Ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակից բաղկացած ուսումնական տարով. յուրաքանչյուր կիսամյակ ավարտվում է քննաշրջանով:

33. Համալսարանում սահմանվում են ուսուցման հետևյալ հիմնական տեսակները` դասախոսություն, գործնական (սեմինար) և լաբորատոր պարապմունքներ, խորհրդատվություն, ուսումնական և արտադրական պրակտիկա:

34. Համալսարանում կարող է իրականացվել բարձրագույն կրթության եռաստիճան համակարգ:

 

VI. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ

 

35. Համալսարանի աշխատողները պրոֆեսորադասախոսական կազմը, գիտական, ուսումնաօժանդակ և վարչատնտեսական աշխատողներն են: Համալսարանի ու աշխատողների և սովորողների իրավունքները և պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ներքին կանոններով, կոլեկտիվ պայմանագրով և համալսարանի այլ ակտերով:

36. Համալսարանի սովորողները ուսանողները, դրսեկները, ասպիրանտները, հետազոտողներն ու այլ հայցորդներն են: Համալսարանը նրանց ընձեռում է դասընթացների, մասնագիտացումների, ուսումնառության ձևերի ու մեթոդների այլընտրանքի հնարավորություն:

37. Պետական պատվերով համալսարան ընդունված ուսանողների ուսման վարձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատուցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Պետական պատվերից դուրս համալսարան ընդունված ուսանողները, ինչպես նաև այլ բուհերից տեղափոխվածները և երկրորդ մասնագիտությամբ սովորողները սահմանված կարգով վճարում են ուսման վարձ:

38. Պետական պատվերով համալսարան ընդունված ուսանողները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում են կրթաթոշակ:

39. Համալսարանի ուսանողության ինքնակառավարման և նրա շահերը պաշտպանող մարմինն ուսանողական խորհուրդն է, որն ապահովում է համալսարանի կառավարման համապատասխան մարմիններում ուսանողների մասնակցությունը, քննարկման ներկայացնում ուսանողությանն առնչվող հարցեր: Ուսանողական խորհրդի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է խորհրդի կանոնակարգով:

 

VII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

40. Համալսարանի սեփականությունը ձևավորվում է հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև համալսարանի գործունեության ընթացքում արտադրված ու ձեռք բերված գույքից: Որպես սեփականություն հանձնվող գույքի չափը սահմանվում է պետական կազմակերպության հիմնադրման մասին որոշմամբ:

41. Համալսարանին ամրացված գույքը համարվում է պետական սեփականություն և համալսարանին է հանձնվում անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

42. Համալսարանի գույքն ստեղծվում է հետևյալ աղբյուրների հաշվին`

ա) պետական գույք, որը համալսարանին է հանձնվել անհատույց,

բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական պատվերի, ինչպես նաև այլ ձևերով հատկացված միջոցներ,

գ) ավանդադրված միջոցներից ստացված եկամուտներ,

դ) վարկեր,

ե) Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կատարած ներդրումներ, այդ թվում` բարեգործական, հովանավորչական, նպատակային մուծումներ, կտակված գույք,

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրներից:

43. Համալսարանի գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է միայն նրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

44. Համալսարանն իրավունք ունի իրեն ամրացված գույքը հանձնելու վարձակալության` լիազորված պետական մարմնի համաձայնությամբ: Համալսարանը կարող է որպես սեփականություն, իրեն հանձնված գույքն օտարել կամ հանձնել վարձակալության: Ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

45. Համալսարանն իրավունք ունի սահմանված լիցենզիաների շրջանակներում պետական պատվերի սահմաններից դուրս, պայմանագրային հիմունքներով իրականացնելու ուսանողների ընդունելություն և մասնագետների պատրաստում:

Համալսարանի բոլոր եկամուտները և ծախսերը նախատեսվում ու օգտագործվում են սահմանված կարգով` հաստատված տարեկան նախահաշվին համապատասխան:

46. Համալսարանի գործունեության նկատմամբ վերահսկողություն է իրականացնում կրթության կառավարման պետական լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենքների և ենթաօրենսդրական ակտերի հիման վրա:

47. Համալսարանի ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է աուդիտի (վերստուգման)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

VIII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

48. Համալսարանի վերակազմակերպումը (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) և լուծարումը կատարվում է օրենքով սահմանված կարգով:

49. Համալսարանի լուծարման հետևանքով առաջացած միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան