«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 փետրվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2003 թվականի N 1927-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՎ ՄԵԿՆՈՂ ԵՎ ԺԱՄԱՆՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՈՒՂԵԿՑՎՈՂ ԲԵՌՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՐԿՈՒՂԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 120-րդ և 148-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններով մեկնող և ժամանող ֆիզիկական անձանց կողմից ուղեկցվող բեռների մաքսային հսկողության իրականացման ժամանակ երկուղային համակարգի կիրառման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Ա. Մարգարյան |
2003 թ. դեկտեմբերի 18 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի N 1927-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՎ ՄԵԿՆՈՂ ԵՎ ԺԱՄԱՆՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՈՒՂԵԿՑՎՈՂ ԲԵՌՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՐԿՈՒՂԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են միջազգային օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն ժամանող և Հայաստանի Հանրապետությունից մեկնող ֆիզիկական անձանց կողմից (այսուհետ՝ ուղևորներ) ուղեկցվող բեռների մաքսային հսկողության իրականացման ժամանակ երկուղային համակարգի կիրառմամբ ապրանքների մաքսային ձևակերպման և զննման ընթացակարգերը:
2. Ուղևորների կողմից ուղեկցվող բեռների մաքսային ձևակերպման և զննման ընթացակարգերի պարզեցման ու արդյունավետ իրականացման նպատակով օդային փոխադրումներ իրականացնող կազմակերպությունները թռիչքից առնվազն 30 րոպե, իսկ վայրէջքից առնվազն մեկ ժամ առաջ մաքսային մարմիններին տրամադրում են ինքնաթիռի բոլոր ուղևորների ցանկը, ուղեբեռի հաշվառման ժամանակը, պիտակների համարները, ինչպես նաև ուղևորի ուղևորության մեկնարկային կետը և անհրաժեշտության դեպքում՝ այլ տեղեկություններ:
3. Երկուղային համակարգը մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության իրականացման պարզեցված համակարգ է՝ բաղկացած «Կարմիր» և «Կանաչ» ուղիներից, որը թույլ է տալիս ուղևորներին ինքնուրույն, ելնելով իրենց կողմից տեղափոխվող ապրանքների բնույթից, ընտրել երկու ուղուց որևէ մեկը:
4. Երկուղային համակարգը գտնվում է մաքսային հսկողության գոտում, որում ներառված են տեղեկատվական սրահը, «Կանաչ» և «Կարմիր» ուղիները.
4.1 Տեղեկատվական սրահը մաքսային հսկողության գոտու սկզբում առանձնացված տարածք է, որտեղ տեղադրված ցուցատախտակները, վահանակները և այլ ցուցադրական միջոցներն ընդգրկում են տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ուղևորների կողմից ապրանքների տեղափոխման, դրանց նկարագրության և քանակի, ուղևորների կողմից «Կանաչ» և «Կարմիր» ուղիներով մաքսային ձևակերպման ու դրանցից օգտվելու առանձնահատկությունների մասին: Տեղեկատվական նյութերը պետք է ընդգրկեն նաև հիշեցում այն մասին, որ ուղու ընտրության հարցում տատանվելու դեպքում ուղևորը պետք է ընտրի «Կարմիր» ուղին:
Չի թույլատրվում դուրս գալ տեղեկատվական սրահից՝ առանց «Կարմիր» կամ «Կանաչ» ուղիներից որևէ մեկով անցնելու:
4.2 «Կանաչ» և «Կարմիր» ուղիները տեղակայվում են տեղեկատվական սրահից անմիջապես հետո և առանձնացվում փակ միջնորմով:
Յուրաքանչյուր ուղու մուտքը պետք է պարզ և հստակ նշված լինի՝ դրանց՝ ուղևորների կողմից հեշտ ընկալման նպատակով: «Կանաչ» ուղու մուտքը պատկերվում է սպիտակ ֆոնի վրա կանաչ, կանոնավոր ութանկյուն գրաֆիկական նշանով և «Հայտարարագրման ոչ ենթակա ապրանքներ» բառերով: «Կանաչ» ուղու ելքը նշվում է 50 սմ լայնությամբ կանաչ գծով, որը մաքսային ձևակերպման ավարտ է նշանակում:
«Կարմիր» ուղու մուտքը պատկերվում է սպիտակ ֆոնի վրա կարմիր, քառակուսու գրաֆիկական նշանով և «Հայտարարագրման ենթակա ապրանքներ» բառերով: «Կարմիր» ուղու ելքը նշվում է 50 սմ լայնությամբ կարմիր գծով, որը մաքսային ձևակերպման ավարտ է նշանակում:
Գրառումները պետք է լինեն հայերենով, անգլերենով և ռուսերենով:
«Կանաչ» և «Կարմիր» ուղիների մուտքերը պետք է լինեն նույն լայնությամբ: Ժամանման դեպքում ուղիները տեղակայվում են ուղեբեռն ստանալու գոտուց դուրս՝ ուղևորի կողմից ուղու ընտրության ժամանակ ամբողջ ուղեբեռն իր հետ ունենալու նպատակով:
«Կանաչ» և «Կարմիր» ուղիներում մաքսային մարմինների պաշտոնատար անձանց աշխատատեղերը պետք է ապահովված լինեն մաքսային հսկողություն և ձևակերպում իրականացնելու համար նախատեսված սեղաններով: «Կարմիր» ուղում լրացուցիչ տեղադրվում են նաև ռենտգենյան սարքավորումներ: «Կանաչ» ուղում մաքսային մարմնի պաշտոնատար անձն իրականացնում է տեսողական զննում: Բեռների զննման ժամանակ անհրաժեշտ է ապահովել գաղտնիությունը:
Երկուղային համակարգից անմիջապես հետո պետք է տեղակայված լինի անձի քննման համար անհրաժեշտ սենյակ (սենյակներ):
5. Բացառիկ դեպքերում, մաքսային մարմնի ղեկավարի գրավոր միջնորդության հիման վրա, վերադաս մաքսային մարմնի ղեկավարը կարող է որոշակի ժամկետով ընդունել «Կանաչ» ուղին փակելու մասին որոշում՝ ելնելով օպերատիվ իրավիճակից, ինչպես նաև մաքսային սահմանը հատող փոխադրամիջոցի երթուղու առանձնահատկություններից: «Կանաչ» ուղու ժամանակավոր փակման դեպքում մաքսատան պետը պարտավոր է 12 ժամվա ընթացքում վերադաս մաքսային մարմնի ղեկավարին գրավոր զեկուցել փակման արդյունքների մասին:
6. Երկուղային համակարգը բացառում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված արտոնություններ ունեցող քաղաքացիների համար հատուկ անցումների կիրառումը: Այդպիսի քաղաքացիները կարող են անցնել ինչպես «Կանաչ», այնպես էլ «Կարմիր» ուղիներով՝ ելնելով նրանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների բնույթից:
Սույն կետի պահանջները չեն տարածվում պաշտոնատար անձանց և պատվիրակությունների բարձրակարգ սպասարկման սրահներում իրականացվող մաքսային ձևակերպումների արարողակարգի վրա, որտեղ գործում է միայն «Կարմիր» ուղին:
II. «ԿԱՐՄԻՐ» ՈՒՂԻՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԶՆՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
7. «Կարմիր» ուղին նախատեսված է այն ուղևորների համար, ովքեր տեղափոխում են հայտարարագրման ենթակա ապրանքներ, ինչպես նաև՝ այն ուղևորների համար, որոնց հետ ուղևորվում են անչափահաս երեխաներ կամ անգործունակ քաղաքացիներ:
«Կարմիր» ուղին կարող են ընտրել նաև այն ուղևորները, ովքեր չունենալով հայտարարագրման ենթակա ապրանքներ, ցանկություն են հայտնում լրացնելու ուղևորային մաքսային հայտարարագիր (ձևը կցվում է):
8. Այն դեպքում, երբ ուղևորը տեղափոխում է սակագնային կարգավորման միջոցների կիրառման ենթակա ապրանքներ, ուղևորի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացվում է մաքսային հայտարարագիր, իսկ հայտարարագրման ենթակա այլ ապրանքներ տեղափոխելու դեպքում՝ ուղևորային մաքսային հայտարարագիր:
9. Հայտարարագիրը լրացվում և հաստատվում (ստորագրվում) է ուղևորի կողմից՝ մինչև ապրանքները մաքսային հսկողության ներկայացնելը: Ուղևորը հայտարարագրում նշված ոչ հավաստի տեղեկությունների համար կրում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
10. Անչափահաս երեխաներին և անգործունակ քաղաքացիներին պատկանող՝ հայտարարագրման ենթակա ապրանքները հայտարարագրվում են նրանց ուղեկցող անձի կողմից: Հայտարարագրում նշված ոչ հավաստի տեղեկությունների համար պատասխանատվություն է կրում ուղեկցող անձը:
11. Մաքսային մարմնի պաշտոնատար անձը պարտավոր է՝
մինչև մաքսային հայտարարագրում նշված տվյալների հավաստիության ստուգումը կատարել ուղևորի բանավոր հարցում: Հարցման ժամանակ ուղևորի կողմից չհայտարարագրված՝ հայտարարագրման ենթակա ապրանքներ հայտնաբերելիս պահանջել դրանց հայտարարագրում,
ստուգել մաքսային հայտարարագրում նշված տեղեկությունները,
մաքսային ձևակերպման և հսկողության նպատակով, անհրաժեշտության դեպքում, պահանջել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ անհրաժեշտ փաստաթղթեր:
12. Մաքսային հայտարարագրի կնիքի տեղը («Կ.Տ.») կնքվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական կնիքով: Կնքված հայտարարագիրը դառնում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթուղթ, որից հետո մաքսային ձևակերպումներն ու ապրանքների բացթողումն իրականացվում են մաքսային հսկողության մեթոդիկային համապատասխան:
III. «ԿԱՆԱՉ» ՈՒՂԻՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԶՆՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
13. «Կանաչ» ուղին նախատեսված է այն ուղևորների համար, որոնք չունեն հայտարարագրման ենթակա ապրանքներ:
14. Ուղևորի կողմից «Կանաչ» ուղին ընտրելը և սույն կարգի 4.2-րդ կետում նշված «Կանաչ» ուղու ելքը հատելը համարվում է բանավոր հայտարարագրում:
15. Եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ «Կանաչ» ուղի ընտրած ուղևորի մոտ առկա են հայտարարագրման ենթակա ապրանքներ, ապա մինչև ուղևորի կողմից «Կանաչ» ուղու մուտքը հատելը մաքսային մարմնի պաշտոնատար անձը կարող է կանգնեցնել նրան և առաջարկել տեղափոխվել «Կարմիր» ուղի:
16. Եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ «Կանաչ» ուղու ելքը հատած ուղևորն իր հետ տեղափոխում է հայտարարագրման ենթակա կամ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելված ապրանքներ, ապա մաքսային մարմնի պաշտոնատար անձն իրականացնում է մաքսային հսկողության գործողություններ:
17. Մաքսանենգության կամ մաքսային կանոնների խախտում հայտնաբերելու դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձը պարտավոր է սահմանված կարգով կազմել մաքսային կանոնների խախտման մասին արձանագրություն:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև
ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
Ժամանում |
|
Մեկնում |
|
Տարանցիկ |
|
Անհրաժեշտը նշել համապատասխան սյունակում՝ |
|
ձևով: |
1. Տեղեկություններ Հայաստանի Հանրապետության սահմանը հատող քաղաքացու մասին
_______________| |
_______________| |
_______________| |
Սերիա_________N_______ |
(ազգանունը) |
(անունը) |
(քաղաքացիությունը) |
(անձնագիրը) |
_______________________________| |
________________________________ |
որ երկրից է ժամանել |
որ երկիրն է մեկնում |
2. Ունեմ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին հայտարարագրման ենթակա հետևյալ ապրանքները՝
NN ը/կ |
Ա | Նշումներ ապրանքի առկայության մասին | Անվանումը | Քանակը |
1. | ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմանված այնպիսի ապրանքներ, որոնց տեղափոխման համար պահանջվում են լիցենզիաներ, թույլտվություններ, եզրակացություններ, հավաստագրեր, վկայագրեր | |||
2. | ՀՀ մաքսային օրենսդրությամբ ֆիզիկական անձանց համար սահմանված՝ առանց մաքսատուրքի վճարման մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների բնաիրային և արժեքային չափերը գերազանցող ապրանքներ |
Բ |
«Ա» դաշտը լրացվում է պարտադիր հայտարարագրման ենթակա ապրանքների համար՝ հետևյալ կարգով՝
ապրանքների բացակայության դեպքում «Նշումներ ապրանքի առկայության մասին» սյունակի համապատասխան տողում դրվում է «x» նշանը, իսկ նույն տողի «Անվանումը» և «Քանակը» սյունակները չեն լրացվում,
ապրանքների առկայության դեպքում «Նշումներ ապրանքի առկայության մասին» սյունակի համապատասխան տողը չի լրացվում, իսկ նույն տողի «Անվանումը» և «Քանակը» սյունակներում հերթականությամբ նշվում են ապրանքների անվանումները և քանակը:
«Բ» դաշտը լրացվում է հայտարարատուի ցանկությամբ՝ պարտադիր հայտարարագրման ոչ ենթակա ապրանքներ հայտարարագրելու համար՝ նշելով այդ ապրանքների անվանումները և քանակը:
Մաքսային հայտարարագրում, ինչպես նաև մաքսային մարմնի պաշտոնատար անձանց ոչ հավաստի տեղեկություններ տալն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
2. Քաղաքացու ստորագրությունը _____________ __________200 թ.
3. Ծառայողական նշումների համար
4. Տեսուչի ազգանունը և կնիքի համարը ___________________________________
Կ.Տ.
Ծ ա ն ո թ ա գ ր ու թ յ ու ն
Ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրք վճարելու, որպես ուղեկցող բեռ, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել ապրանքներ, որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը՝ 150 հազ. դրամը:
Ֆիզիկական անձանց կողմից, առանց մաքսատուրքի վճարման, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով օդային տրանսպորտային միջոցներով տեղափոխվող ապրանքների առանձին տեսակների բնաիրային չափերը
Սուրճ, թեյ, մատե (պարագվայական թեյ) և համեմունքներ՝ | 1 կգ |
Մսի, ձկան, խեցգետնանմաններից, կակղամորթերից կամ ջրային այլ անողնաշարավորներից՝ արտադրանք՝ |
5 կգ |
այդ թվում՝ | |
ձկան խավիար և խավիարի փոխարինիչներ՝ | 0.5 կգ |
Տարբեր տեսակի սննդամթերք՝ բացառությամբ դրոժների | 1 կգ |
Ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ՝ |
2 լիտր կամ 1 շիշ, եթե 1 շշի տարողությունը 2 լիտրից ավելի է |
Սիգարներ, ծայրը կտրած սիգարներ, սիգարելաներ (բարակ սիգարներ) և սիգարետներ՝ ծխախոտով կամ դրանց փոխարինիչներով՝
այդ թվում՝ | |
սիգարներ՝ | 10 հատ |
սիգարելաներ՝ | 400 հատ |
սիգարետներ (ֆիլտրով կամ առանց ֆիլտրի)՝ | 400 հատ |
(Ձևը փոփ. 14.07.05 N 1004-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.12.2023, N 2136-Ն | 17.12.2023, N 1927-Ն | |
01.11.2012, N 1386-Ն | 15.11.2012, N 1927-Ն | |
03.07.2008, N 708-Ն | 26.07.2008, N 1927-Ն | |
03.05.2007, N 691-Ն | 12.07.2007, N 1927-Ն | |
14.07.2005, N 1004-Ն | 11.08.2005, N 1927-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|