Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-707
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.07.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.07.25/48(638) Հոդ.825
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
10.07.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2007

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

10 հուլիսի 2007 թ.

 

2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ ԿԱՀԻՐԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 , 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի ապրիլի 15-ին Կահիրեում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև մաքսային բնագավառում համագործակցության և փոխադարձ աջակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ Ա. Ավետիսյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2007 թվականի ապրիլի 15-ին` Կահիրեում:

Համաձայնագրի նպատակն է բեռների, ուղևորների փոխադրումների և փոստային առաքումների մաքսային հսկողության պարզեցումը և հսկողության մեթոդների կատարելագործումը, ինչպես նաև մաքսային ապօրինի գործունեության կանխարգելումը:

2. Համաձայնագիրը նախատեսում է մաքսային տարածքներով փոխադրումներն իրականացնել Կողմերի օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև ճանաչել միմյանց մաքսային փաստաթղթերը, նույնականացման միջոցները և պաշտոնական այլ նշանները:

Համաձայնագրի շուրջ ծագած վիճելի հարցերը կկարգավորվեն մաքսային ծառայությունների բանակցությունների միջոցով:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում է, մասնավորապես.

- հատուցել տեղափոխման ընթացքում տարանցիկ բեռների պակասելու, դրանց հասցված վնասների և ցանկացած այլ խախտումների համար,

- չպահանջել համաձայնագրի իրականացման ընթացքում առաջացած ծախսերի հատուցում,

- անհրաժեշտության դեպքում հոգալ պետական պաշտոնյաներ չհանդիսացող փորձագետների, վկաների և թարգմանիչների ծախսերը և վճարները,

- մաքսային հսկողություն իրականացրած մարմնի մերժած ապրանքները վերաարտահանել մյուս Կողմի տարածք,

- համագործակցել մաքսանենգությունը և մաքսային իրավախախտումները կանխարգելելու և հետաքննելու ուղղությամբ,

- լիազորել իր պաշտոնատար անձանց մյուս Կողմի տարածքում հանդես գալ որպես փորձագետ կամ վկա դատական կամ վարչական վարույթում,

- անհրաժեշտության դեպքում կիրառել թմրանյութերի և հոգեներգործուն նյութերի «Վերահսկելի մատակարարում» մեթոդը,

- համագործակցել մշակութային արժեքների ապօրինի ներմուծման կամ արտահանման դեմ պայքարի ոլորտում,

- միմյանց տրամադրել տեղեկատվություն մաքսային հարցերի վերաբերյալ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2007 թվականի ապրիլի 15-ին Կահիրեում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև մաքսային բնագավառում համագործակցության և փոխադարձ աջակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են  Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նախագահող

Գ. Հարությունյան


10 հուլիսի 2007 թ.
ՍԴՈ-707

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան