Գլխավոր տեղեկություն
Համար
N 155-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.05.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.05.15/13(253) Հոդ.211
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
06.04.2007
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 մայիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60007194

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

6 ապրիլի 2007 թ.
ք. Երևան

N 155-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշմամբ հաստատված էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ՝ կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունը.

Կանոնների 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«11. Մատակարարի և սպառողի (բացառությամբ՝ բնակչության) օպերատիվ անձնակազմի փոխհարաբերությունները կանոնակարգվում են մատակարարի և սպառողի (բացառությամբ՝ բնակչության) օպերատիվ փոխհարաբերությունների կարգով՝ համաձայն հավելվածի»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

 

Հավելված

Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2007 թվականի ապրիլի 6-ի
N 155-Ն որոշմամբ

Կ Ա Ր Գ

ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԵՎ ՍՊԱՌՈՂԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ) ՕՊԵՐԱՏԻՎ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Սույն կարգով կանոնակարգվում են սպառողի (բացառությամբ բնակչության) (այսուհետ՝ Սպառող) սարքավորումների և ռելեական պաշտպանության ու ավտոմատիկայի սարքվածքների (այսուհետ՝ սարքավորումների ու ՌՊԱ սարքվածքների) մատակարարի օպերատիվ կառավարման և (կամ) վարույթի ներքո (այսուհետ՝ օպերատիվ ենթակայությանը) հանձնելու ընթացակարգն ու դրանց կարգավարման ընթացքում մատակարարի և Սպառողի
օպերատիվ փոխհարաբերությունները:

1. Ընդհանուր դրույթներ

1.1. Սույն կարգը տարածվում է այն Սպառողների վրա, որոնց համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1939-Ն որոշմամբ հաստատված «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգով սահմանված է օպերատիվ անձնակազմ (էլեկտրատնտեսության պատասխանատու) ունենալու պահանջը:

1.2. Մատակարարի օպերատիվ ենթակայությանը հանձնելու ենթակա սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների ցանկը սահմանում է մատակարարը՝ քննարկելով այն սպառողի հետ: Այդ ցանկում ներառվում են Սպառողի այն սարքավորումները և ՌՊԱ սարքվածքները, որոնց կարգավարումը մատակարարի կողմից անհրաժեշտ է սպառողների էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիությունը և բաշխման ցանցի անվտանգ շահագործումն ապահովելու համար: Ցանկում ներառվում են նաև Սպառողի այն սարքավորումները և ՌՊԱ սարքվածքները, որոնց օպերատիվ ենթակայությունը մատակարարի կարգավարին անհրաժեշտ է էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիությունն ու անվտանգությունն ապահովելու համար:


2. Մատակարարի պարտականությունները

 

2.1. Մատակարարը պարտավոր է՝

1) իրականացնել իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող Սպառողի սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների օպերատիվ կարգավարումը՝ հիմք ընդունելով այդ սարքավորումների և սարքվածքների տեխնիկական անձնագրերով սահմանված հարաչափերը.

2) տեղեկացնել «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիազորված մարմնին իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումներում և ՌՊԱ սարքվածքներում տեղի ունեցած վթարների մասին՝ դրանց քննությունը կազմակերպելու համար.

3) առնվազն երեք տարի պահպանել օպերատիվ գրանցամատյանները և գրանցող սարքերի տեխնիկական հնարավորությունների սահմաններում օպերատիվ խոսակցությունների ձայնագրությունները.

4) Սպառողի օպերատիվ անձնակազմի պահանջով տրամադրել տեղեկություններ իր էլեկտրամատակարարման արտաքին սխեմայի և սնող գծերի էլեկտրական հարաչափերի (բեռ, լարում և այլն) վերաբերյալ.

5) Սպառողի տնօրինության տակ գտնվող տարածքներ մուտք գործելիս պահպանել դրանցում գործող կանոնակարգը:

 

3. Սպառողի պարտականությունները

 

3.1. Սպառողը պարտավոր է՝

1) հանձնել մատակարարի օպերատիվ ենթակայությանն այն սարքավորումները և ՌՊԱ սարքվածքները, որոնք ընդգրկված են վերջինիս սահմանած ցանկում.

2) կատարել մատակարարի՝ իր իրավասությունների սահմաններում տրված օպերատիվ հրահանգներն ու կարգադրությունները՝ բացառությամբ սույն կարգի 7.4 կետով սահմանված դեպքերի.

3) ապահովել փոխանջատումներ կատարելու իրավունք ունեցող մատակարարի օպերատիվ անձնակազմի շուրջօրյա անարգել մուտքը իր տնօրինության տակ գտնվող տարածքները՝ իրենց իրավասությունների սահմաններում պարտականությունների կատարման նպատակով.

4) անհապաղ հայտնել մատակարարին նրա օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումներում և ՌՊԱ սարքվածքներում ի հայտ եկած բոլոր թերությունների և անսարքությունների մասին.

5) փոխհամաձայնեցնել մատակարարի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող իր սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների վերանորոգման կամ դրանք այլ նպատակներով աշխատանքից դուրսբերման տարեկան պլանները:

 

4. Օպերատիվ աշխատանքի կազմակերպումը

 

4.1. Մատակարարը և Սպառողը պարտավոր են յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 20-ը միմյանց ներկայացնել մատակարարի և Սպառողի իրավասու անձանց կողմից հաստատված՝

1) օպերատիվ խոսակցություններ վարելու իրավունք ունեցող աշխատակիցների ցուցակը,

2) օպերատիվ խոսակցություններ վարելու և փոխանջատումներ կատարելու իրավունք ունեցող օպերատիվ անձնակազմի ցուցակը:

4.2. Սպառողի կողմից մատակարարի օպերատիվ ենթակայությանը սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների հանձնումը կատարվում է հետևյալ ընթացակարգով.

1) ամեն տարի մինչև նոյեմբերի 1-ը մատակարարը Սպառողին է ներկայացնում իր օպերատիվ ենթակայությանը հանձնման ենթակա սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների ցանկը.

2) ամեն տարի մինչև դեկտեմբերի 1-ը Սպառողը մատակարարին է ներկայացնում վերջինիս ներկայացրած ցանկում ընդգրկված սարքավորումների միացման սխեմաները՝ նշելով սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների հարաչափերը:

4.3. Սպառողի սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների հանձնումը մատակարարի օպերատիվ ենթակայությանը մինչև դեկտեմբերի 25-ը ձևակերպվում է Սպառողի իրավասու անձի և մատակարարի տեխնիկական ղեկավարի միջև կնքված համաձայնագրով, որը կցվում է Պայմանագրին և հանդիսանում է նրա անբաժանելի մասը:

 

5. Օպերատիվ ենթակայությունը

 

5.1. Մատակարարի կարգավարները հերթապահության ընթացքում հանդիսանում են Սպառողի օպերատիվ անձնակազմի ղեկավարները՝ սույն կարգի 1.2 կետով սահմանված գործառույթների շրջանակներում:

5.2. Սպառողի սարքավորումները և ՌՊԱ սարքվածքները օպերատիվ ենթակայության տեսակետից կարող են գտնվել՝

1) մատակարարի կարգավարի օպերատիվ կառավարման և վարույթի ներքո,

2) մատակարարի կարգավարի օպերատիվ վարույթի և Սպառողի օպերատիվ կառավարման ներքո:

5.3. Մատակարարի կարգավարի օպերատիվ կառավարման ներքո գտնվող սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների հետ գործողությունները կատարում է Սպառողի օպերատիվ անձնակազմը՝ մատակարարի կարգավարի կարգադրությամբ: Վերջինս յուրաքանչյուր գործողության համար տալիս է առանձին կարգադրություն:

5.4. Մատակարարի կարգավարի օպերատիվ վարույթի և միաժամանակ Սպառողի օպերատիվ կառավարման ներքո գտնվող սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների հետ գործողություններ կատարում է Սպառողի օպերատիվ անձնակազմը՝ մատակարարի կարգավարի թույլտվությամբ: Գործողությունները կատարվում են Սպառողի ներքին հրահանգների համաձայն:

 

6. Հայտերի ընդունման, դրանց թույլտվության, սարքավորումները նորոգման դնելու եվ նորոգումից դուրս բերելու կարգը

 

6.1. Մատակարարի կարգավարի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների ու ՌՊԱ սարքվածքների նորոգումները կատարվում են Սպառողի կողմից տրված հայտերի համաձայն:

6.2. Հայտերի մեջ նշվում են սարքավորման կամ ՌՊԱ սարքվածքի կարգավարական անվանումը, աշխատանքների բովանդակությունն ու ժամկետը, անհրաժեշտության դեպքում սարքավորումը կամ ՌՊԱ սարքվածքը նորոգումից դուրս բերելու և աշխատանքի մեջ դնելու (վթարային պատրաստականություն) ժամկետը: Տվյալների անբավարարության դեպքում հայտերը չեն ընդունվում:

6.3. Պլանային նորոգումների համար մատակարարի կարգավարին հայտերը տրվում են առնվազն երկու սպասարկման օր առաջ՝ սպասարկման օրվա ժամը 11.00-15.00-ն:

6.4. Սարքավորման կամ ՌՊԱ սարքվածքի անհապաղ անջատելու անհրաժեշտության դեպքում Սպառողը, թույլտվություն ստանալով մատակարարի կարգավարից, անջատում է այն, այնուհետև տալիս է շտապ հայտ: Շտապ հայտերը կարող են տրվել շաբաթվա ցանկացած օրը և օրվա ցանկացած ժամին:

6.5. Տարբեր միացությունների վրա հերթականությամբ նույնատիպ աշխատանքներ կատարելու դեպքում յուրաքանչյուր միացության համար ձևակերպվում է առանձին հայտ:

6.6. Սարքավորման և ՌՊԱ սարքվածքի նորոգման ժամկետը երկարացնելու վերաբերյալ հայտերը հաղորդվում են դրանց վերջնաժամկետը լրանալուց մեկ օր առաջ: Հայտում նշվում են երկարացման պատճառը և ժամկետը:

6.7. Հայտերի պատասխանները մատակարարի կարգավարը հայտնում է Սպառողին հայտով նախատեսված նորոգումը սկսելուց մեկ սպասարկման օր առաջ՝ մինչև ժամը 1400-ն:

6.8. Թույլատրված հայտով աշխատանքներն սկսելուց առաջ Սպառողի օպերատիվ անձնակազմը պարտավոր է մատակարարի կարգավարից թույլտվություն ստանալ սարքավորումը նորոգման դուրս բերելու համար: Մատակարարի կարգավարը կարող է արգելել կամ հետաձգել թույլատրված հայտը, եթե հայտով նախատեսված աշխատանքների կատարումը խաթարում է սպառողների էլեկտրամատակարարումը:

6.9. Եթե Սպառողը թույլատրված հայտով աշխատանքը չի կատարում, ապա մատակարարի կարգավարը նշում է աշխատանքը չկատարելու պատճառը: Այդ մասին մատակարարի կարգավարը համապատասխան գրանցում է կատարում օպերատիվ մատյանում:

6.10. Մատակարարի կարգավարը իրավունք ունի թույլատրել իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորման կամ ՌՊԱ սարքվածքի վրա աշխատանքների կատարումը օպերատիվ կարգով, եթե դրանց տևողությունը սահմանափակվում է իր հերթափոխով:

 

7. Մատակարարի օպերատիվ կարգադրությունները եվ դրանց կատարման ընթացակարգը

 

7.1. Մատակարարի կարգավարն իրավունք ունի իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների վերաբերյալ տալ հետևյալ կարգադրությունները.

1) նորոգման դնելու կամ նորոգումից դուրս բերելու,

2) լարման տակ դնելու կամ հոսանքազրկելու,

3) գործողության մեջ դնելու կամ գործողությունից հանելու,

4) միացման կամ անջատման,

5) սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների զննումներ կատարելու:

7.2. Մատակարարի կարգավարի յուրաքանչյուր կարգադրություն և դրա կատարման մասին Սպառողի օպերատիվ անձնակազմի հաղորդագրություն գրանցվում են մատակարարի կարգավարի և Սպառողի օպերատիվ մատյաններում:

7.3. Ստանալով մատակարարի կարգավարի կարգադրությունը, Սպառողի հերթապահը պարտավոր է կրկնել այն, ստանալ հաստատումը և գրանցել օպերատիվ մատյանում, իսկ կարգադրությունը կատարելուց հետո գրանցել օպերատիվ մատյանում և հայտնել մատակարարի կարգավարին: Եթե Սպառողի օպերատիվ հերթապահությունը իրականացվում է մեկ հերթապահի կողմից, ապա աշխատատեղից բացակայելու համար վերջինս պարտավոր է թույլտվություն ստանալ մատակարարի կարգավարից:

7.4. Մատակարարի կարգավարների կարգադրությունները Սպառողի օպերատիվ անձնակազմը պարտավոր է կատարել առանց վերապահումների, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ կարգադրության կատարումը Սպառողի օպերատիվ անձնակազմի գնահատմամբ կարող է սպառնալ մարդկանց անվտանգությանը և էլեկտրատեղակայանքների ամբողջականությանը, ինչի մասին Սպառողի հերթապահը տեղեկացնում է կարգադրություն տվող կարգավարին, ինչպես նաև իր ղեկավարին՝ օպերատիվ մատյանում կատարելով համապատասխան գրանցում:

7.5. Այն դեպքում, երբ կարգադրություն ընդունողը համարում է այն սխալ, պետք է ներկայացնի հիմնավորված առարկություն: Կարգադրությունը կրկնվելու դեպքում Սպառողի օպերատիվ անձնակազմը պարտավոր է այն կատարել:

7.6. Մատակարարի կարգավարն իրավունք ունի Սպառողի իրավասու անձից պահանջել փոխարինել իրեն օպերատիվ կարգով ենթակա հերթապահին՝ վերջինիս կողմից իր պարտականությունները չկատարելու դեպքում:

7.7. Հերթապահը համարվում է փոխարինված, երբ նոր հերթապահը ընդունում է հերթափոխը՝ օպերատիվ մատյանում կատարելով համապատասխան գրանցում:

 

8. Օպերատիվ խոսակցությունների վարումը

 

8.1. Օպերատիվ խոսակցությունները ներառում են.

1) Մատակարարի կարգավարի կարգադրությունները Սպառողի օպերատիվ անձնակազմին և վերջինիս կողմից դրանց կատարման մասին զեկույցը.

2) Սպառողի օպերատիվ անձնակազմի հաղորդագրությունները սարքավորման վիճակի փոփոխությունների, խախտումների և ռեժիմային հարաչափերի մասին:

8.2. Օպերատիվ խոսակցությունների ժամանակ կարգավարները պարտավոր են միմյանց դիմել միայն պաշտոնապես՝ ազգանունով:

8.3. Օպերատիվ կարգադրությունները պետք է տրվեն հստակ, առանց ավելորդ արտահայտությունների և որոշակի կրճատումներով, համաձայն մատակարարի կենտրոնական կարգավարական ծառայությունում գործող կարգավարական անվանումների և հապավումների ցուցակի, որը վերջինս պարտավոր է տրամադրել Սպառողին:

8.4. Կարգադրությունն ընդունող անձը պարտավոր է այն կրկնել, իսկ տվողը՝ հաստատել:

 

9. Ռելեական պաշտպանության եվ ավտոմատիկայի սարքվածքների կարգավարումը

 

9.1. Մատակարարի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող Սպառողի ՌՊԱ սարքվածքների նախադրվածքները հաշվարկում և կատարման համար Սպառողին է առաջադրում մատակարարը:

9.2. Մատակարարը և Սպառողը ՌՊԱ սարքվածքների վերաբերյալ առաջադրանքները և տեղեկատվությունը պարտավոր են միմյանց ներկայացնել գրավոր: Առանձին դեպքերում, ելնելով հրատապությունից, դրանք կարող են ներկայացվել հեռախոսագրի տեսքով:

9.3. Մատակարարից ՌՊԱ սարքվածքների դրվածքների փոփոխության վերաբերյալ առաջադրանք ստանալու դեպքում Սպառողը պարտավոր է այդ առաջադրանքները կատարել նշված ժամկետում և անմիջապես հայտնել կատարման մասին:

9.4. Վթարային անջատումների դեպքում, մատակարարի պահանջով, Սպառողը պարտավոր է 2 օրվա ընթացքում ներկայացնել տեղեկատվություն իր տարածքում տեղի ունեցած կարճ միացման տեղի և տեսակի վերաբերյալ, ինչպես նաև վթարի վերաբերյալ գրանցող սարքերից ստացված տեղեկատվությունը:

9.5. Վթարային անջատումների դեպքում, եթե առկա է ՌՊԱ սարքվածքների սխալ աշխատանքը, մատակարարի պահանջով Սպառողը կատարում է հետվթարային ստուգումներ և ստացված արդյունքները գրավոր ներկայացնում մատակարարին:

9.6. Սպառողը պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետում վերացնել ՌՊԱ սարքվածքների անսարքությունները և այդ մասին հայտնել մատակարարին:

9.7. Սպառողը պարտավոր է մատակարարի հիմնավորված պահանջով կատարել ՌՊԱ սարքվածքների արտահերթ ստուգում:

9.8. Սպառողը պարտավոր է պլանային և արտապլանային ստուգումներից անմիջապես հետո արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը հայտնել մատակարարին: