«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 2007 թվականի N 541-Ն
ԴԱՀՈՒԿՈՒՂԻՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել դահուկուղիների շահագործմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշմամբ հաստատված կանոնակարգի դրույթները տարածվում են միայն դահուկուղիները շահագործող կազմակերպությունների վրա:
3. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ճոպանուղու շահագործմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին` հաստատել դահուկուղիների ուղենշման կարգը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից 6 ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ԴԱՀՈՒԿՈՒՂԻՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ
Դահուկուղիների շահագործմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգով (այսուհետ` կանոնակարգ) կարգավորվում են դահուկուղիների անվտանգության ապահովման, դրանց ստեղծման, ուղենշման հարթեցման, պահպանման, հսկման, դրանց օգտագործման հետ կապված հարաբերությունները:
I. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սույն կանոնակարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1. Դահուկուղի՝ դրանց անվտանգության ապահովումն իրականացնողների կողմից ստեղծվող, ուղենշվող, հարթեցվող, պահպանվող, հսկվող՝ դահուկներով կամ սնոուբորդով վայրէջք կատարելու համար նախատեսված մարզուղի:
2. Վազքուղի՝ անվտանգության ապահովումն իրականացնողների կողմից, ուղենշվող, սակայն չհարթեցվող և չհսկվող դահուկով կամ սնոուբորդով վայրէջք կատարելու համար նախատեսված մարզուղի:
3. Ազատ դահուկուղի՝ դահուկորդների և սնոուբորդիստների կողմից ստեղծված, չուղենշվող, չհարթեցվող, չպահպանվող և չհսկվող, դահուկով կամ սնոուբորդով վայրէջք կատարելու համար նախատեսված մարզուղի:
4. Դահուկորդ՝ սույն կանոնակարգով նախատեսված մարզուղիներում դահուկներով վայրէջք կատարող անձ:
5. Սնոուբորդիստ՝ սույն կանոնակարգով նախատեսված մարզուղիներում սնոուբորդով վայրէջք կատարող անձ:
6. Դահուկորդավազորդ՝ սույն կանոնակարգով նախատեսված մարզուղիների սահմաններից դուրս դահուկներով ազատ ոճի սահք իրականացնող անձ:
7. Արգելափակում՝ վատ տեսանելիության, ձյան անդադար տեղումների, ձնահյուսերի, ուժեղ քամիների, ինչպես նաև տեխնածին, բնական այլ տարերքների առկայության դեպքում մարզուղիների, ճանապարհահանգույցների օտագործման արգելում:
8. Դահուկուղիների ստեղծում՝ դահուկներով կամ սնոուբորդով սահելու համար անհրաժեշտ դահուկուղիների նախագծում և կառուցում:
9. Ուղենշում՝ անվտանգության ապահովման, մարզուղիների, դրանց բարդության աստիճանի տարբերակման նպատակով համայնապատկերային և ուղեցույց վահանակների կամ ազդանշանային ձողերի տեղադրում:
10. Հարթեցում՝ համապատասխան տեխնիկայի կամ դահուկների և բահերի միջոցով մարզուղիների հարթեցում:
11. Պահպանում և հսկում՝ դահուկով կամ սնոուբորդով վայրէջք կատարելու համար` դահուկուղիների բնականոն վիճակի պահպանության և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների համալիր:
12. Շահագործող կազմակերպություն՝ դահուկուղիների ստեղծման, ուղենշման, հարթեցման, պահպանման և հսկման գործառույթներ իրականացնող կազմակերպություն:
II. ԴԱՀՈՒԿՈՒՂԻՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
13. Դահուկներով և սնոուբորդով սահելու համար շահագործող կազմակերպությունն իրականացնում է դահուկուղիների ստեղծում:
14. Դահուկուղիների նախագծման և ստեղծման ընթացքում հաշվի են առնվում`
1) տեղանքի երկրաբանական առանձնահատկությունները, դրա դիրքը, թեքությունը և այլն.
2) տեղումների քանակությունը.
3) քամու ազդեցությունը, դրա ուժգնությունը և ուղղությունը.
4) ջերմաստիճանը և ճառագայթման աստիճանը, նոր տեղացած ձյան բյուրեղացումը, հողի հարթ մակերեսի փխրունությունը գարնանը, ձյան, սառույցի հալվելու հավանականությունը, ձյան շերտերի ջերմաստիճանի տարբերությունը.
5) ձնահյուսերի առաջացման հավանականությունը:
15. Դահուկուղիները նախագծելիս և ստեղծելիս արգելակման և խուսանավելու համար անհրաժեշտ է նախատեսել համապատասխան տարածություններ:
16. Ազատ դահուկուղիներն ստեղծվում են դահուկորդների և սնոուբորդիստների կողմից:
III. ԴԱՀՈՒԿՈՒՂԻՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
17. Դահուկուղիների բնականոն օգտագործման նպատակով շահագործող կազմակերպությունն իրականացնում է դահուկուղիների անվտանգության ապահովումը:
18. Դահուկուղիների անվտանգության ապահովման նպատակով դրանք շահագործող կազմակերպության կողմից համակարգվում են ըստ բարդության աստիճանի: Ըստ տարածքի բնական առանձնահատկությունների` դահուկուղիները բաժանվում են հեշտ, միջին բարդության և բարդ դահուկուղիների:
19. Ըստ բարդության աստիճանի` դահուկուղիներն ուղենշվում են կապույտ, կարմիր և սև գույներով`
1) այն դահուկուղիները, որոնց լայնաձիգ և երկարաձիգ թեքությունը հորիզոնական հարթության նկատմամբ, բացառությամբ բաց տարածության փոքր հատվածների, չի գերազանցում 25 տոկոսը, համարվում են հեշտ դահուկուղիներ և ուղենշվում են կապույտ գույնով.
2) այն դահուկուղիները, որոնց լայնաձիգ և երկարաձիգ թեքությունը բացառությամբ բաց տարածության փոքր հատվածների, չի գերազանցում 40 տոկոսը, համարվում են միջին բարդության դահուկուղիներ և ուղենշվում են կարմիր գույնով.
3) այն դահուկուղիները, որոնց լայնաձիգ և երկարաձիգ թեքությունը գերազանցում է կարմիր դահուկուղիների համար նախատեսված առավելագույն չափը, համարվում են բարդ և ուղենշվում են սև գույնով:
20. Դահուկուղիների անվտանգության ապահովման, դրանց բարդության աստիճանի տարբերակման նպատակով շահագործող կազմակերպության կողմից ուղենշվում են համայնապատկերային և ուղեցույց վահանակների կամ ազդանշանային ձողերի տեղադրման միջոցով, որոնց վրա հստակ նշվում է տեղեկություն տվյալ մարզուղու կենտրոնական կամ եզրային ուղենշման մասին: Դրանցով սահմանված պահանջները պարտադիր են բոլորի համար:
Համայնապատկերային և ուղեցույց վահանակները չեն կարող օգտագործվել գովազդային նպատակներով:
21. Ուղենշումը կատարվում է այնպես, որ այն ցանկացած բնակլիմայական պայմանների դեպքում դահուկորդին կամ սնոուբորդիստին հնարավորություն ընձեռի տեղեկություն ստանալու դահուկուղու, դրա ուղենշման տեսակի, ինչպես նաև դրա բարդության աստիճանի մասին: Դահուկուղիները կարող են օգտագործել միայն ըստ դրանց ուղենշմամբ սահմանված` դրա տեսակին համապատասխան:
22. Դահուկուղիների ուղենշումը կատարվում է կենտրոնական և եզրային ուղենշման միջոցով:
23. Վազքուղիներն ուղենշվում են կենտրոնական ուղենշման եղանակով: Դրանք կարող են ուղենշվել նաև եզրային ուղենշման միջոցով: Վազքուղիներն ուղենշվում են դեղին գույնով:
24. Դահուկուղիների և վազքուղիների վտանգավոր հատվածներում` ճյուղավորումներում և խաչմերուկներում ուղենշումը կատարվում է հատկապես ճշգրիտ և դրվում են ուղեցույց վահանակներ, որոնք պետք է պարունակեն մեկ դահուկուղուց կամ վազքուղուց մյուսին անցնելու կարգը:
25. Ուղենիշերը վատ տեսանելիության դեպքում պետք է ներկվեն անդրադարձնող նարնջագույն ներկով կամ պետք է դրվեն լուսածորող ֆոնով լրացուցիչ ցուցանակներ:
26. Դահուկորդները և սնոուբորդիստները կարող են դահուկուղիներն ընտրել ըստ իրենց ցանկության և ունակությունների, իրենց երթևեկությունն իրականացնելով այնպես, որ չխոչընդոտեն և չվտանգեն այլ սահողների անվտանգությունը:
27. Դահուկուղիները մինչև դրանց շահագործմանը հանձնելը, ինչպես նաև ձնառատ տեղումներից հետո շահագործվող կազմակերպության կողմից ենթարկվում են հարթեցման, իսկ անհրաժեշտության դեպքում նաև վերանորոգման` տեխնիկական եղանակով: Դահուկներով կամ բահերով կարող են հարթեցվել դահուկուղիների փոքր հատվածներ, եթե դրանք անհնար է հարթեցնել տեխնիկական եղանակով:
Դահուկուղիները ենթարկվում են հարթեցման այնպես, որ վայրէջքների ընթացքում ապահովվի դահուկորդների և սնոուբորդիստների անվտանգությունը:
28. Վատ տեսանելիության, ձյան անդադար տեղումների, ձնահյուսերի, ուժեղ քամիների, ինչպես նաև տեխնածին, բնական այլ տարերքների առկայության դեպքում մարզուղիները, ճանապարհահանգույցները շահագործող կազմակերպության կողմից ենթակա են արգելափակման:
29. Սույն կանոնակարգով սահմանված դահուկուղիների օգտագործման պահանջները խախտող դահուկորդները, սնոուբորդիստները և այլ անձինք կարող են շահագործող կազմակերպության կողմից չթույլատրվել դուրս գալու մարզուղիներ:
IV. ԴԱՀՈՒԿՈՒՂԻՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
30. Դահուկուղիները պետք է օգտագործվեն դրանց տեսակին և նպատակային նշանակությանը համապատասխան: Չի թույլատրվում այլ նպատակներով դահուկուղիների օգտագործումը:
31. Բոլոր դահուկուղիները և վազքուղիները նախատեսված են դահուկորդների և սնոուբորդիստների համար և կարող են օգտագործվել միայն նրանց կողմից: Չի թույլատրվում չմշկորդների, դահուկավազորդների, հետիոտների և այլ անձանց, ընտանի կենդանիների, ինչպես նաև ձյունագնաց մեքենաներով և սահնակներով մուտքը դահուկուղիներ և վազքուղիներ:
32. Դահուկորդները և սնոուբորդիստները դահուկուղիներն օգտագործելիս պետք է վազանց և արգելակում կատարեն` պահպանելով որոշակի հեռավորություն, իսկ մինչ վազանց կամ արգելակում կատարելն ուսումնասիրեն շրջակայքը, այլ դահուկորդների և սնոուբորդիստների հետ բախումը կանխելու նպատակով, չկատարեն անհարկի արգելակումներ, վայր ընկնելիս արագ ազատեն դահուկուղին:
33. Դահուկուղիները սահողների կողմից կարող են օգտագործվել միայն դրանց տեսակի և նպատակային նշանակությանը շահագործող կազմակերպության կողմից ծանոթանալուց հետո:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.04.2021, N 634-Ն | 24.10.2021, N 541-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|