Գլխավոր տեղեկություն
Համար
N 1229-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.05.2007-04.10.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.01.12/2(374) Հոդ.889
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.07.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.09.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 26 օգոստոսի 2002 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հուլիսի 2002 թվականի N 1229-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 197 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ  հոդվածի 1-ին  կետին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետին համապատասխան, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 197 որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը՝ համաձայն N 3 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության համակարգի բարեփոխումների և մի շարք պետական մարմինների վերակազմակերպման մասին» N 197 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշման 2-րդ կետում «Ռազմատնտեսական ծրագրերի վարչության» բառերը փոխարինել «Ռազմաարդյունաբերական համալիրի և ռազմատնտեսական ծրագրերի վարչության» բառերով:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 15
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 11 -ի N 1229-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական զարգացման քաղաքականությունը:

2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության  միջազգային պայմանագրերով:

4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները:

7. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների մշակման բնագավառում նախարարության խնդիրներն են`

ա) կառուցվածքային և ներդրումային քաղաքականության սկզբունքների, մեթոդների և իրականացման ձևերի մշակումը.

բ) տնտեսական գործունեության կարգավորման ոլորտում պետական մասնակցության օպտիմալացման համալիր միջոցառումների մշակումը.

գ) նորամուծական (ինովացիոն) և գիտատեխնիկական քաղաքականության մշակումն ու իրականացումը, Հայաստանի Հանրապետությունում հիմնարար և կիրառական գիտության, գիտատեխնիկական արդյունքի ու բարձր տեխնոլոգիաների ներդրմանն աջակցելը.

դ) գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը նպաստելը.

ե) արտաքին տնտեսական քաղաքականության մշակմանը և իրականացմանը մասնակցությունը.

զ) իր իրավասության սահմաններում տնտեսական և ֆինանսական միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության կազմակերպումը.

է) սահմանված կարգով՝ արտաքին առևտրատնտեսական կապերին առնչվող միջազգային պայմանագրերի կնքման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.

ը) հայրենական ապրանքները և ծառայություններն արտաքին շուկա մուտք գործելու, հայրենական ապրանքների արտահանման ծավալները մեծացնելու համար բարենպաստ պայմանների ապահովումը, Հայաստանի Հանրապետության տնտեսությունը համաշխարհային տնտեսությանն արդյունավետ ինտեգրման ապահովման միջոցառումների մշակումն ու իրականացումը.

թ) Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության ռազմավարության, տնտեսական և պարենային անվտանգությանն սպառնացող վտանգների կանխման միջոցառումների մշակումը.

ժ) տնտեսության զորահավաքային նախապատրաստության ոլորտում քաղաքականության մշակումը և իրականացումը.

ժա) իր իրավասության սահմաններում ռազմատնտեսական նշանակության պետական պատվերի նախագծի ձևավորումը և այն Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը, ռազմատնտեսական նշանակության պետական պատվերի կատարման հաշվառման իրականացումը.

ժբ) զբոսաշրջության զարգացմանն ուղղված քաղաքականության մշակումը և իրականացումը.

ժգ) մտավոր սեփականության օբյեկտների իրավական պահպանության ապահովումը.

ժդ) ներքին առևտրի, ներքին շուկայի պաշտպանության, սպառողական շուկայի ու ծառայությունների ոլորտի քաղաքականության մշակումը և իրականացումը, սպառողների շահերի պաշտպանության համակարգի ձևավորմանն ու զարգացմանը նպաստելը.

ժե) նախարարությանը վերապահված գործառույթների իրականացման նպատակով՝ օրենքով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրումը և, դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա, վարչական ռեգիստրների վարումը.

ժզ) Հայաստանի Հանրապետության տնտեսական իրավիճակի վերլուծումը և դրա հիման վրա տնտեսական ոլորտում պետական կարգավորման սկզբունքների ու մեթոդների սահմանման նպատակով առաջարկությունների մշակումը.

ժէ) բնօգտագործման տնտեսական քաղաքականության մշակումն ու իրականացումը.

ժը) շուկայական ենթակառուցվածքների զարգացման քաղաքականության մշակումն ու իրականացումը.

ժթ) ստանդարտացման, նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման, չափումների միասնականության ապահովման բնագավառներում քաղաքականության մշակումն ու իրականացումը:

(7-րդ կետը լրաց. 31.07.03 N 934-Ն)

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Նախարարությունը նշված նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ըստ ոլորտների իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) տնտեսական քաղաքականության ոլորտում`

իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումների ու ծրագրերի, ինչպես նաև երկրի տնտեսական անվտանգության և կայուն   զարգացման ռազմավարության իրականացման ապահովման միջոցառումների, տնտեսության համակարգային բարեփոխումների ծրագրերի մշակմանը մասնակցությունը.

պետական կառավարման շահագրգիռ մարմինների մասնակցությամբ՝ սահմանված կարգով տնտեսության վիճակի մասին տարեկան հաշվետվություններ նախապատրաստելը, դրա զարգացման համամասնությունների ու միտումների բացահայտումը և տնտեսական գործընթացների կարգավորման հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.

իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության ֆինանսական, բյուջետային, հարկային, դրամավարկային, մաքսային և սակագնային քաղաքականության մշակմանը մասնակցությունը.

Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման նպատակով իր իրավասության սահմաններում իրավական ակտերի նախագծերի մշակումը և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, ինչպես նաև պետական կառավարման այլ մարմինների կողմից մշակվող, իր գործունեության ոլորտներին առնչվող իրավական ակտերի նախագծերի քննարկումը և համապատասխան եզրակացությունների տրամադրումը.

արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման աշխատանքներին մասնակցությունը.

իր իրավասության սահմաններում տարածքային տնտեսական քաղաքականության  մշակմանը մասնակցությունը.

իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կազմմանը և բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման ապահովմանը մասնակցությունը.

Հայաստանի Հանրապետության տնտեսությունում վճարումների և հաշվարկների համակարգի վերլուծման աշխատանքներին մասնակցությունը, այդ համակարգի կատարելագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.

սոցիալական քաղաքականության մշակմանը մասնակցությունը.

օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործմանը, տնտեսության մեջ աշխատանքների անվտանգ կազմակերպմանը, բնական և տեխնածին աղետների կանխման ծրագրերի մշակմանն ու իրականացմանը մասնակցությունը.

բ) գիտության և տեխնոլոգիական քաղաքականության ոլորտում`

գիտատեխնիկական և նորամուծական քաղաքականության, գիտական, գիտատեխնիկական պետական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը մասնակցությունը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորմանը, գիտության ու արտադրության միջև փոխշահավետ հարաբերությունների ձևավորմանն օժանդակելը, բարձր տեխնոլոգիաների մշակմանը, ներմուծմանը և արտահանմանը, հանրապետության տնտեսության մեջ դրանց ներդրմանն աջակցելը, տեխնոլոգիաների փոխանցման միջազգային գործընթացների ուսումնասիրումը և հանրապետության տնտեսության զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող՝ փոխանցվող տեխնոլոգիաների ներմուծմանը նպաստելը.

նորամուծական գործունեության հետ կապված գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների արդյունավետության բարձրացմանն աջակցելը, նորամուծական համակարգի  ձևավորմանը  և զարգացմանը նպաստելը.

տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության  զարգացման միջոցառումների մշակումը և դրանց իրականացմանը  նպաստելը.

մրցութային հիմունքներով գիտահետազոտական կազմակերպությունների կողմից գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքների, այդ թվում՝ կիրառական տնտեսագիտական հետազոտությունների կատարման պետական պատվերի կազմումը.

ռազմաարդյունաբերական ոլորտում գիտության զարգացման ծրագրերի մշակումը և դրանց ֆինանսավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

հանրապետության սոցիալական և տնտեսական զարգացման համար անհրաժեշտ մասնագետների պատրաստման ու կատարելագործման արդյունավետ համակարգի ձևավորմանը մասնակցությունը.

հանրապետությունում  էլեկտրոնային (ցանցային) տնտեսության զարգացմանն ուղղված քաղաքականության մշակումը և դրա իրականացմանը նպաստելը.

գ) արտաքին տնտեսական քաղաքականության և տնտեսական համագործակցության ոլորտում՝

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման շահագրգիռ մարմինների հետ համատեղ արտաքին առևտրատնտեսական գործունեության ոլորտում պետական քաղաքականության իրականացմանը նպաստելը.

Առևտրի համաշխարհային կազմակերպության և միջազգային առևտրատնտեսական կազմակերպությունների հետ, որոնց նկատմամբ նախարարությունը գլխադասային է, աշխատանքների համակարգումը.

իր իրավասության սահմաններում առևտրատնտեսական, գիտատեխնիկական, արտադրական, ծառայությունների մատուցման և այլ ոլորտներում օտարերկրյա պետությունների հետ Հայաստանի Հանրապետության տնտեսական համագործակցության զարգացմանը նպաստելը, այդ պետությունների հետ համաձայնագրերի և միջկառավարական պայմանագրերի նախագծերի, օտարերկրյա պետությունների մասնակցությամբ՝ նպատակային ծրագրերի, ինչպես նաև  տնտեսական համագործակցությանն առնչվող այլ հարցերի մշակմանը մասնակցությունը.

Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտահանմանը պետական աջակցության ցուցաբերման, այդ թվում` արտահանմանն օժանդակության ենթակառուցվածքի ձևավորման ու զարգացման,  արտահանման և ներմուծման ընթացակարգերի կատարելագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.

Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային առևտրի ներդրման միջոցառումների և էլեկտրոնային առևտրի քաղաքականության մշակումն ու դրա իրականացմանը նպաստելը, էլեկտրոնային առևտրի ոլորտում Հայաստանի Հանրապետության համագործակցության շրջանակներում օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների հետ իրականացվող աշխատանքների համակարգումը և առևտրային ընթացակարգերի ու արտաքին տնտեսական գործունեության մասին իրազեկման գործընթացի պարզեցման ապահովումը.

Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների հետ համատեղ առևտրատնտեսական ու ներդրումային միջազգային բազմակողմ և երկկողմ պայմանագրերի (համաձայնագրերի) նախապատրաստումը, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը, իր իրավասությունների սահմաններում պայմանագրերի մյուս մասնակիցների պարտավորությունների կատարման աշխատանքների դիտանցին մասնակցությունը.

արտաքին շուկաներում հայրենական տնտեսավարող սուբյեկտների արտաքին տնտեսական գործունեության, ապրանքների, ծառայությունների և ներդրումների նկատմամբ խտրականության բացառման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը.

«Ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության մասին» միջկառավարական համաձայնագրերին ու ներդրումային ոլորտին վերաբերող բազմակողմ կոնվենցիաներին միացման շուրջ բանակցությունների նախապատրաստումը, անցկացումը և ներպետական ընթացակարգերի իրականացումը.

արտասահմանյան երկրներում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների հիմնումը՝ առևտրատնտեսական հարցերի և զբոսաշրջության մասով, դրանց գործունեության կառավարումը, կադրային ապահովման և ֆինանսավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ արտերկրում Հայաստանի Հանրապետության դեսպանատների առևտրատնտեսական բաժինների հետ աշխատանքների վարումը, իր ներկայացուցիչների՝ միջազգային առևտրատնտեսական կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչություններ գործուղումը.

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման և նախարարության իրավասությունների մեջ մտնող այլ հարցերով՝ սահմանված կարգով բանակցությունների և խորհրդատվությունների անցկացումը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ կամ նրա համաձայնությամբ նման պայմանագրերի  կնքման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

սահմանված կարգով արտաքին առևտրի կարգավորման սակագնային և ոչ սակագնային  միջոցառումների մշակումը և իրականացումը.

Հայաստանի Հանրապետության շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ համատեղ ապրանքների արտահանման և ներմուծման քանակային սահմանափակումների կիրառման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման խնդիրներով պայմանավորված՝ առանձին ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման  պետական մենաշնորհի հաստատման, ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման արգելման կամ սահմանափակման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.

տրանսպորտի ոլորտում, ներառյալ ապրանքների տարանցմանը վերաբերող հարցերը, Հայաստանի Հանրապետության միջպետական պայմանագրերի մշակման ու համաձայնեցման աշխատանքներին, արտաքին առևտրական փոխադրումների իրավական կարգավորման և այլ միջոցառումների իրականացմանը մասնակցությունը.

հանրապետական, միջմարզային, մարզային, միջազգային և օտարերկրյա առևտրաարդյունաբերական և զբոսաշրջությանը նվիրված ցուցահանդեսներին մասնակցությունը, հայկական ցուցադրումների մասնակիցներին խորհրդատվական, կազմակերպական և այլ օգնության  ցուցաբերումը.

օտարերկրյա պետությունների հետ առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների ստեղծման վերաբերյալ սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնելը, դրանց աշխատանքների կազմակերպմանը մասնակցությունը, հանձնաժողովների կողմից ընդունված որոշումների իրականացման նկատմամբ իր իրավասության սահմաններում հսկողության իրականացումը.

առևտրատնտեսական համագործակցության հարցերի շուրջ օտարերկրյա պետությունների հետ պաշտոնական բանակցությունների, խորհրդակցությունների, համաժողովների, սեմինարների կազմակերպումը և անցկացումը.

իր իրավասության սահմաններում արտահանման նկատմամբ վերահսկողության միջազգային ռեժիմների իրականացմանը Հայաստանի Հանրապետության մասնակցության ապահովումը.

պետական կառավարման շահագրգիռ մարմինների հետ համատեղ արդյունաբերության, առևտրի ու հանրային սննդի, զբոսաշրջության և ծառայությունների ոլորտի կազմակերպությունների զարգացման միջազգային վարկային ծրագրերի մշակումը, միջազգային դոնոր կազմակերպություններ ու Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը, վարկային ծրագրերի իրականացումը.

միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից ֆինանսավորվող ծրագրեր իրականացնող գրասենյակների հետ իր իրավասության սահմաններում համագործակցությունը.

իր իրավասության սահմաններում պետական կառավարման շահագրգիռ մարմինների հետ մրցութային հիմունքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրված վարկերի ապրանքային ապահովման կազմակերպմանը մասնակցությունը.

իր իրավասության սահմաններում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը խորհրդատվական-տեխնիկական աջակցության ցուցաբերման հետ կապված աշխատանքների համակարգումը, oտարերկրյա պետություններից որպես օգնություն ստացված ֆինանսական միջոցների (տեխնիկական օգնության) ըստ հայտերի տեղաբաշխումը և միջազգային դոնոր կազմակերպություններ դրանք ներկայացնելու գործընթացին մասնակցությունը.

պետական կառավարման շահագրգիռ մարմինների հետ համատեղ ներդրումային ոլորտում միջազգային տնտեսական և ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությունը.

ռազմատնտեսական ոլորտի միջպետական պայմանագրերի նախագծերի նախապատրաստումը.

սահմանված կարգով օտարերկրյա կազմակերպությունների հետ ռազմատնտեսական համագործակցության կազմակերպումը, ռազմատնտեսական ոլորտի միջպետական պայմանագրերից բխող՝ Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման վերլուծումը.

դ) գործարարության զարգացմանն աջակցության ոլորտում`

գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ու վարչարարական խոչընդոտների վերացմանն ուղղված քաղաքականության մշակումը և դրա հետ կապված աշխատանքների համակարգումը.

նեդրումների և ներդրողների պաշտպանությանն ուղղված քաղաքականության մշակումը և դրա հետ կապված աշխատանքների համակարգումը.

Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրության, այդ թվում` փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը, այն խթանող և օժանդակող համակարգի ստեղծումը.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ներքին շուկայի պաշտպանության և հակագնագցման միջոցների կիրառման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.

շուկայական ենթակառուցվածքի տարրերի զարգացմանը նպաստելը, տնտեսության զարգացմանը դրանց կողմից հարուցվող խոչընդոտների բացահայտումը, դրանց վերացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.

իր իրավասության սահմաններում արժեթղթերի շուկայի զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը մասնակցությունը.

ապահովագրական շուկայի զարգացման վերաբերյալ օրենսդրական և այլ առաջարկությունների մշակմանը մասնակցությունը.

առևտրային կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի, նրանց շահերը ներկայացնող միավորումների, ընկերակցությունների և այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը.

ե) նյութական արտադրության զարգացման ոլորտում`

Հայաստանի Հանրապետության արդյունաբերական համալիրի զարգացման քաղաքականության մշակումը, դրա իրականացման միջոցառումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.

նախարարության իրավասությունների սահմաններում տնտեսության ճյուղերում և  ենթաճյուղերում առանձին արտադրությունների զարգացման ու բարեփոխումների ծրագրերի մշակումը և իրականացմանը մասնակցությունը.

տնտեսության իրական հատվածի և արտադրական ենթակառուցվածքի համամասնական զարգացմանը խոչընդոտող երևույթների բացահայտումը, դրանց վերացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.

միջպետական և ներհանրապետական արտադրական կոոպերացիայի  զարգացման միջոցառումների մշակումը և իրականացումը.

արտադրողների ճյուղային միավորումներին ու փորձագետներին իրենց կանոնադրական խնդիրների իրականացման գործում oժանդակելը.

տնտեսության մեջ աշխատանքների անվտանգ կազմակերպման, բնական և տեխնածին աղետների կանխման հանրապետական ու տարածքային ծրագրերի մշակումը և իրականացումը, գիտատեխնիկական նվաճումների հիման վրա արտադրությունում անվտանգ տեխնիկայի կանոնների կատարելագործմանը նպաստելը և վերահսկողության իրականացումը.

զ) առևտրի, զբոսաշրջության և ծառայությունների զարգացման քաղաքականության ոլորտում`

Հայաստանի Հանրապետությունում ապրանքների և ծառայությունների ներքին (մեծածախ և մանրածախ) շուկայի զարգացման ու կարգավորման միջոցառումների մշակումը և իրականացումը.

զբոսաշրջության զարգացման քաղաքականության մշակումը և իրականացումը, այն խթանող  և  դրան  օժանդակող  համակարգի  ստեղծմանը  նպաստելը,  միջազգային  զբոսաշրջության կազմակերպությունների, այդ թվում՝ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ կապերի ամրապնդումն ու աշխատանքների համակարգումը.

սպառողների շահերի պաշտպանության համալիր միջոցառումների իրականացման հետ կապված աշխատանքների համակարգումը և իրականացմանը մասնակցությունը.

է) ռազմաարդյունաբերական և տնտեսության զորահավաքային նախապատրաստության ոլորտում`

ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման ռազմավարական ծրագրերի մշակումը.

իր իրավասության սահմաններում՝ արտակարգ իրավիճակներում հանրապետության կենսագործունեությանն առնչվող ռազմավարական նշանակության կազմակերպությունների գործունեության ապահովումը.

իր իրավասության սահմաններում՝ երկրի տնտեսության զորահավաքային նախապատրաստության ոլորտում պետական քաղաքականության ձևավորման վերաբերյալ առաջարկությունների, Հայաստանի Հանրապետության տնտեսության զորահավաքային ծրագրերի նախագծերի նախապատրաստումը, տնտեսության զորահավաքային նախապատրաստության ոլորտում վերահսկողության իրականացումը, հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքների, զորահավաքային պահուստների ձևավորման ուղղությամբ մեթոդական ղեկավարման իրականացումը.

պետական նյութական պահուստների պաշարների ձևավորմանը, պահպանմանն ու օգտագործմանը, պետական պահուստի կառավարման համակարգի զարգացման և կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների, պետական պահուստի ձևավորման համար նյութական արժեքների կուտակման նորմերի ու նորմատիվների մշակմանը մասնակցությունը.

զորահավաքային նախապատրաստության ծրագրերի մշակումը և դրանց  ֆինանսավորման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը, ռազմական ժամանակաշրջանի պայմաններում տնտեսության կառավարման հիմունքների մշակումն ու իրականացումը, երկրի տնտեսության զորահավաքային նախապատրաստության կազմակերպական և մեթոդական ապահովման իրականացումը, հանրապետության շահագրգիռ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների զորահավաքային հզորությունների ստեղծման, զարգացման, պահպանման և արդյունավետ օգտագործման վերաբերյալ առաջարկությունների մշակումը, նախարարության՝ կառավարման լիազորություններ վերապահված պետական հիմնարկներում և առևտրային կազմակերպություններում զորահավաքային աշխատանքների կազմակերպումը.

ը) տնտեսության պետական կառավարման և կարգավորման ոլորտում`

իր իրավասության սահմաններում՝ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների իրականացումը, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական հիմնարկների կառավարումը.

մտավոր սեփականության (արդյունաբերական սեփականություն և հեղինակային իրավունք) պահպանության քաղաքականության մշակումը և ոլորտի աշխատանքների համակարգումը.

արդյունաբերական սեփականության օբյեկտների (գյուտեր, օգտակար մոդելներ, արդյունաբերական նմուշներ, ապրանքային և սպասարկման նշաններ, ապրանքների ծագման տեղանուններ, ֆիրմային անվանումներ) ու ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների ստեղծման, օգտագործման և հուսալի իրավական պահպանության միջոցառումների մշակման ու իրականացման ապահովումը.

հեղինակային և հարակից իրավունքների համակողմանի պահպանության միջոցառումների մշակման ու իրականացման ապահովումը.

այն ճյուղերում, որտեղ իրականացվում է գների (սակագների) պետական կարգավորում, գնային կարգավորման վերաբերյալ առաջարկությունների մշակումը, պետական կարգավորող գների (սակագների) մշակմանը և վերահսկմանը մասնակցությունը.

երկրաբանահետախուզական աշխատանքներին պետական աջակցության միջոցառումների մշակմանը մասնակցությունը, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի շահագործման իրավունքի (բացառությամբ հողամասերի), աճուրդների և մրցույթների անցկացման կազմակերպումը, ինչպես նաև արտադրանքի բաժանման վերաբերյալ համաձայնագրերի նախագծերի մշակումը.

իր իրավասության սահմաններում բնական ռեսուրսների օգտագործման, ռեսուրսախնայողության և էներգախնայողության տնտեսական մեխանիզմների վերաբերյալ առաջարկությունների մշակումը և դրանք սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.

իր իրավասության սահմաններում բնական ռեսուրսների օգտագործման քաղաքականության  մշակումն ու իրականացումը.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիաների և թույլտվությունների տրամադրումը.

պետական կառավարման մարմինների կառուցվածքի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը մասնակցությունը.

գիտատեխնիկական առաջադիմության նվաճումների և միջազգային փորձի հիման վրա տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման պահանջների սահմանումը և կատարելագործումը, տնտեսության մեջ աշխատանքների արդյունաբերական անվտանգության ապահովման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը.

իր իրավասության սահմաններում արդյունաբերական, գյուղատնտեսական արտադրական նպատակների, պահեստարանների համար նախատեսված օբյեկտների հողերի օգտագործման սահմանափակումների և նորմերի սահմանումը.

աշխատանքների անվտանգ կազմակերպման` մեքենասարքավորումների կառուցվածքի, պատրաստման, անվտանգ շահագործման պահանջների սահմանումը (կանոնակարգեր և նորմեր).

ստանդարտացման, նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման, չափումների միասնականության ապահովման բնագավառներում լիազորված մարմնին օրենքով վերապահված իրավասությունների իրականացումը:

(8-րդ կետը լրաց. 31.07.03 N 934-Ն)

9. Նախարարությունը կարող է իրականացնել իրավական ակտերով իրեն վերապահված այլ գործառույթներ:

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

10. Նախարարությունը կառավարում է նախարարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի առաջին տեղակալ, տեղակալներ, որոնց պաշտոնի  նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ խորհրդակցելով նախարարի հետ:

Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

11. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները, պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման և իրականացման, տիրող իրավիճակի ու հեռանկարային զարգացման ապահովման համար:

12. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

13. Նախարարը՝

ա) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է գերատեսչական և իրավական ակտեր.

բ) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության աշխատակազմի ղեկավարին, նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

զ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին և օգնականներին.

է) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.

ը) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում  կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

ժ) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

ժա) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

ժբ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

ժգ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.

ժդ) շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի առաջատար ծառայողի ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի կրտսեր ծառայողի դասային աստիճաններ.

ժե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շնորհում է դասային կոչումներ.

ժզ) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

ժէ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

14. Նախարարի բացակայության դեպքում նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը կամ, նախարարի հանձնարարությամբ, տեղակալներից մեկը:

15. Նախարարի տեղակալը՝

ա) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները՝ նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված բնագավառներում.

բ) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության՝ իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքները՝ նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

գ) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների՝ նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է զարգացման համապատասխան ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

ը) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

ժ) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասություններին վերաբերող հարցերի մասին.

ժա) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

16. Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:

 

IV.  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

17. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում՝ դրա կազմում գործող գործակալությունների ու տեսչությունների)` օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:

18. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը, որպես պետական կառավարչական հիմնարկ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

19. Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի. այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

20. Նախարարության աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող:

21. Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր. խորհրդանիշ և այլ  անհատականացման միջոցներ:

22. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

23. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների  դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:

24. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

25. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

26. Նախարարության աշխատակազմի անվանումն է` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ:

27. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Մ. Մկրտչյան 5:

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

28. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

29. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:

30. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան, օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ, տեսչություններ):

32. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարը:

33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի ներկայացմամբ:

34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման, վերահսկողական գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:

35. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից:

36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու ու իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

37. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

38. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և նախարարը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը:

39. Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

ա) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

գ) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:

40. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և նախարարի որոշումների, սույն կանոնադրության պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

41. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտավորությունները չկատարելու համար:

42. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

43. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության  դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալներից մեկը՝ նախարարի հրամանով:

44. Նախարարության աշխատակազմի ղեկավարը՝

ա) առանց լիազորագրի՝ իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.

զ) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառման վարումը, ֆինանսական հաշվետվությունների կազմումը և դրանք ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

է) նախարարին է ներկայացնում առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

ը) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

թ) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժ) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժա) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

ժբ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների աշխատակազմերի հետ.

ժգ) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժգ1) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(44-րդ կետը լրաց. 28.12.06 N 1868-Ն)

45. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

46. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները սահմանված կարգով կազմելու և ներկայացնելու համար:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

47. Նախարարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների ու վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

48. Նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման՝ (աուդիտի)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

49. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով։


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
 հուլիսի 11-ի N 1229-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Տնտեսական քաղաքականության և զարգացման պլանավորման վարչություն

2. Ճյուղային և տարածքային տնտեսական զարգացման վարչություն

3. Արտաքին տնտեսական համագործակցության և ներդրումային քաղաքականության վարչություն

4. Գիտության և ինովացիոն քաղաքականության վարչություն

5. Ռազմատնտեսական ծրագրերի վարչություն

6. Բնօգտագործման էկոնոմիկայի և հանքային արդյունաբերության վարչություն

7. Առևտրային քաղաքականության և ներքին շուկայի կարգավորման վարչություն

8. Օրենսդրության և իրավաբանական վարչություն

9. Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն

10. Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության վարչություն

11. Զբոսաշրջության վարչություն

12. Ստանդարտացման և տեխնիկական անվտանգության վարչություն

13. Կազմակերպատնտեսական վարչություն

14. Քարտուղարություն

15. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչություն

16. Անձնակազմի կառավարման բաժին

17. Առաջին բաժին

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

 

1. Մտավոր սեփականության գործակալություն

2. Առևտրի համաշխարհային կազմակերպության ծանուցման գործակալություն

3. Հավատարմագրման գործակալություն

4. Կոնցեսիոն գործակալություն

5. Որակի տեսչություն

6. Ակնագործության և ոսկեգործության զարգացման գործակալություն

 

(Կառուցվածքը լրաց., խմբ. 19.12.02 N 2041-Ն, լրաց. 31.07.03 N 956-Ն, 12.08.04 N 1165-Ն, փոփ., լրաց. 29.12.05 N 2336-Ն, խմբ. 12.04.07 N 439-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
 հուլիսի 11-ի N 1229-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ

 

1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին հանձնվող գույքի կազմը և չափը


 

NN
ը/կ

Գույքի տեսակը

 Հաշվեկշռային արժեքը
(դրամ)

1. Գրասենյակային գույք

27744619

2. Էլեկտրական ապրանքներ 

12316092

3. Համակարգչային տեխնիկա  

91903884

4. Կաթսայատան սարքավորումներ 

11734165

5. Կապի սարքավորում 

4735665

6. Շենք, շինություն 

211303909

7. Ավտոմեքենա

63077354

8. Գորգ, ուղեգորգ, նկար 

1104997

 

Ընդամենը

423920685

 

2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներին հանձնվող գույքի կազմը և չափը

 

Հայաստանի Հանրապետությունում Առևտրի համաշխարհային կազմակերպության ծանուցման գործակալություն

 

NN
ը/կ

Գույքի տեսակը

Հաշվեկշռային արժեքը
(դրամ)

1.

Գրասենյակային գույք 

4605348

2.

Էլեկտրական ապրանքներ 

436040

3.

Կապի սարքավորումներ 

515100

4.

Ավտոմեքենա

3789720

 

Ընդամենը

9346208

 

 

Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալություն

 

NN
ը/կ

Գույքի տեսակը

Հաշվեկշռային արժեքը
(դրամ)

1

2

3

1.

Գրասենյակային գույք

7220933

2.

Էլեկտրական ապրանքներ

34608852

3.

Համակարգչային տեխնիկա

129916291

4.

Կապի սարքավորումներ

1099479

5.

Ավտոմեքենա

9915450

6.

Քանդակ

159287

7.

Պատվանդան

700480

8.

Հայաստանի Հանրապետության զինանշան

70000

 

Ընդամենը

183690772

 

Ընդամենը (1+2)

616957665

 

 

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչություն (Հայլեռտեխհսկողություն)

 

(Բաժինն ուժը կորցրել է 29.12.05 N 2336-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան