Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-701
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.05.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
11.05.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.05.2007

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՔԱՂԱՔԱՑԻ ԻՐԻՆԱ ԵԴԻԳԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 68 ՀՈԴՎԱԾԻ 15-ՐԴ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 230 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ 4.1. ԵՆԹԱԿԵՏԻ ԵՎ 231.2. ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ 1-3 ԵՆԹԱԿԵՏԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

11 մայիսի 2007 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ` դիմող Ի. Եդիգարյանի, նրա ներկայացուցիչ Ա. Զոհրաբյանի, պատասխանող կողմի ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 6 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 32, 60 և 69 հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Ի. Եդիգարյանի դիմումի հիման վրա` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 15-րդ մասի երկրորդ պարբերության և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230 հոդվածի 1-ին կետի 4.1. ենթակետի և 231.2. հոդվածի 1-ին կետի 1-3 ենթակետերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը քաղաքացի Ի. Եդիգարյանի` 31.01.2007 թ. դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմողի լիազոր ներկայացուցչի և պատասխանող կողմի գրավոր բացատրությունները, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հունիսի 17-ին, ՀՀ Նախագահն այն ստորագրել է 1998 թվականի օգոստոսի 7-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230 հոդվածի 1-ին կետի, 231.1. և 231.2. հոդվածների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՀՀ սահմանադրական դատարանը 2007 թվականի ապրիլի  9-ին կայացրել է ՍԴՈ- 690 որոշումը: 

Նկատի ունենալով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 3-րդ մասը, 60 հոդվածի 1-ին մասը և հիմք ընդունելով ՍԴՈ- 690 որոշումը, ինչպես նաև դիմող կողմի ներկայացուցչի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող հոդվածների մասով հարցը քննարկման առարկա չդարձնելու գրավոր խնդրանքը, «Քաղաքացի Ի. Եդիգարյանի դիմումի հիման վրա` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 15-րդ մասի երկրորդ պարբերության և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230 հոդվածի 1-ին կետի 4.1. ենթակետի և 231.2. հոդվածի 1-ին կետի 1-3 ենթակետերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230 հոդվածի 1-ին կետի 4.1. ենթակետի և 231.2. հոդվածի 1-ին կետի 1-3 ենթակետերի մասով ենթակա է ԿԱՐՃՄԱՆ:

3. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքն ընդունել է ՀՀ Ազգային ժողովը` 2006 թվականի հունիսի 1-ին, Հանրապետության Նախագահն այն ստորագրել է 2006 թ. հունիսի 14-ին և ուժի մեջ է մտել 2006 թ. հուլիսի 1-ից:

4. Քաղաքացի Ի. Եդիգարյանը, հիմք ընդունելով իր դիմումի հիման վրա նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վերաբերյալ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` 08.08.2006 թ. վճիռը, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի 09.11.2006 թ. որոշումը, վիճարկում է իր նկատմամբ կիրառված` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 15-րդ մասի երկրորդ պարբերության սահմանադրականությունը:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը 08.08.2006 թ. քննելով Ի. Եդիգարյանի հայցադիմումը` նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վերաբերյալ, վճռել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 07.09.2004 թ. վճիռը թողնել ուժի մեջ և նոր հանգամանքներով վճիռը վերանայելու մասին դիմումը` առանց բավարարման:

Դիմումը մերժելիս վերաքննիչ դատարանը կիրառել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 15-րդ մասի երկրորդ պարբերությունը:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 08.08.2006 թ. վճռի դեմ 19.10.2006 թ. ներկայացվել է վճռաբեկ բողոք, որի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը 09.11.2006 թ. կայացրել է վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշում:

Դիմող կողմը գտնում է, որ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 241.1., 241.2., 241.3. հոդվածների, սահմանադրական դատարանի ուժի մեջ մտած որոշումը հիմք է խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքի իրագործման համար` վերանայման համար նոր հանգամանքներն առաջանալու օրվանից եռամսյա ժամկետում:

Ըստ դիմողի, վերաքննիչ դատարանի` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 15-րդ մասի երկրորդ պարբերությունը  կիրառելու հետևանքով ինքը զրկվել է իր խախտված իրավունքները պաշտպանելու հնարավորությունից, քանի որ վերաքննիչ դատարանը չի անդրադարձել քաղաքացիական գործին, այլ մերժել է` պատճառաբանելով միայն, որ նորմատիվ ակտերը, որոնք սահմանադրական դատարանի որոշմամբ հակասահմանադրական են ճանաչվել, դեռևս ուժը չեն կորցրել և համարվում են Սահմանադրությանը համապատասխանող:

Վիճարկելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի` քննության առարկա դրույթը, դիմողը գտնում է, որ դրա գործողության պարագայում ինքն ուղղակի զրկվել է ՀՀ Սահմանադրության 18 և 19 հոդվածներով երաշխավորված` խախտված իրավունքները վերականգնելու հնարավորությունից:

Դիմողի կարծիքով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 15-րդ մասում վկայակոչված Սահմանադրության 102 հոդվածի 3-րդ մասն օրենսդրին իրավունք չի տվել սահմանելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթը, ըստ էության, բացառելով սահմանադրական դատարանի որոշման «պարտադիրությունը և ճանաչելիությունը», քանի որ Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն` սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

Դիմողը գտնում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 7-րդ մասին համապատասխան` սահմանադրականության հարցերով որոշումներ ընդունելիս սահմանադրական դատարանը պետք է հաշվի առնի նաև մարդու և քաղաքացու` Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների և ազատությունների ապահովումը և պաշտպանությունը: Այս տեսանկյունից «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 15-րդ մասի երկրորդ պարբերությունը հակասում է նաև Սահմանադրության 3-րդ հոդվածին:

Ըստ դիմողի` այդպիսի իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեք հռչակելն ինքնանպատակ չէ և սահմանափակում է պետության ցանկացած գործողություն, ներառյալ` օրինաստեղծ, գործադիր և դատական իշխանության մարմինների գործողությունները:

5. Պատասխանող կողմը, առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ քննության առարկա դրույթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության` դիմող կողմի հիշատակած հոդվածներին: Ըստ պատասխանող կողմի` «... ՀՀ Սահմանադրության 102 հոդվածի  3-րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանին վերապահված իրավասությունը չի կարող տարածվել այն դեպքերի վրա, երբ հնարավոր է մարդու և քաղաքացու` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների ապահովման և պաշտպանության բացառումը»: Պատասխանող կողմը բավարար հիմք չի տեսնում քննության առարկա դրույթը` ՀՀ Սահմանադրության հիշյալ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելու համար, քանի որ դիմող կողմն իր սահմանադրական իրավունքների պաշտպանության նոր հնարավորություն ստանում է (նոր հանգամանքներով վճիռների և որոշումների վերանայման հիմքով) իրավական ակտի կամ դրա որևէ դրույթի Սահմանադրությանը հակասող ճանաչելու վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

6. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 15-րդ մասի դրույթները, համակարգային առումով փոխկապակցված լինելով նույն հոդվածի 16-րդ և 17-րդ մասերի դրույթների հետ, երաշխավորում են Սահմանադրության 102 հոդվածի 3-րդ մասի պահանջների կատարումը: Սահմանադրությունը լիազորում է սահմանադրական դատարանին Սահմանադրությանը չհամապատասխանող նորմատիվ ակտի կամ դրա մի մասի իրավական ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ սահմանել: Այս դրույթի` թեկուզ դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ մեկնաբանությունից բխում է, որ եթե սահմանվել է ավելի ուշ ժամկետ, ապա սահմանադրական դատարանի որոշման ընդունման և հրապարակման պահից Սահմանադրությանը չհամապատասխանող նորմատիվ ակտը (դրույթը) իրավական ուժը չի կորցնում: Հակառակ պարագայում, ինչպես ցույց է տալիս նաև միջազգային պրակտիկան, սահմանադրական դատարանի նման լիազորությունը կիմաստազրկվեր: Սահմանադրորեն կարևորելով սահմանադրական դատարանի որոշման հետևանքով առաջացող հնարավոր իրավիճակների սահմանադրականությունը, նկատի ունենալով, որ հասարակական հարաբերությունների դինամիկ գործընթացում իրավակարգավորման կտրուկ փոփոխությունները կարող են առաջացնել տարաբնույթ հակասահմանադրական իրավիճակներ, դրանք հաղթահարելու համար նախատեսելով սահմանադրական դատարանի որոշմամբ Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կամ դրա մի մասի ուժը կորցնելու տարաժամկետման հնարավորություն, միաժամանակ օրենսդիրը խստորեն սահմանափակել է սահմանադրական դատարանի հայեցողական մոտեցման շրջանակները: Սահմանադրության 100 հոդվածում հստակ ամրագրելով, որ սահմանադրական դատարանն իր լիազորություններն իրականացնում է օրենքով սահմանված կարգով, օրենսդիրը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 15-րդ մասում ամրագրել է, որ. «Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, եթե սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կամ դրա որևէ դրույթի` սահմանադրական դատարանի որոշման հրապարակման պահին Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչումն անխուսափելիորեն կառաջացնի այնպիսի ծանր հետևանքներ հանրության և պետության համար, որոնք կխաթարեն այդ պահին տվյալ նորմատիվ ակտի վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությունը, ապա սահմանադրական դատարանը կարող է, տվյալ ակտը ճանաչելով Սահմանադրությանը հակասող, իր որոշման մեջ հետաձգել այդ ակտի իրավաբանական ուժը կորցնելը:

Այդ դեպքում մինչև ակտի իրավաբանական ուժը կորցնելն ակտը համարվում է Սահմանադրությանը համապատասխանող»:

Միաժամանակ, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 16-րդ մասը նախատեսում է, որ. «Նորմատիվ իրավական ակտի ուժը կորցնելու հետաձգումը պետք է համարժեք լինի այն ժամանակահատվածին, որի ընթացքում հնարավոր և անհրաժեշտ է ձեռնարկել սույն հոդվածի 15-րդ մասի առաջին պարբերությունում նշված հետևանքները կանխելուն ուղղված միջոցառումները»: Բացի դրանից, նույն հոդվածի 17-րդ մասի համաձայն` «Հետաձգման մասին որոշումը պետք է ընդունվի այն հաշվարկով, որպեսզի դրանով իրապես կանխվեն անխուսափելի և ծանր հետևանքները հանրության և պետության համար, և ավելի էական վնաս չպատճառվի մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին»:

Այս համատեքստում, հակասահմանադրական ճանաչված իրավական ակտը կամ դրա դրույթը շարունակում է գործել սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրության 102 հոդվածի հիմքով դրանց գործողությունը հիմնավորված կերպով տարաժամկետելու շնորհիվ: Ուստի, վիճարկվող դրույթի իրավական բովանդակությունն ածանցյալ է և անհրաժեշտաբար բխում է Սահմանադրության 102 հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 15-րդ մասի առաջին պարբերության դրույթներից: Հետևաբար, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 15-րդ մասի երկրորդ պարբերության դրույթի ձևակերպումն իրավակիրառական պրակտիկայում պետք է մեկնաբանվի Սահմանադրության 102 հոդվածի 3-րդ մասի համատեքստում, որ Սահմանադրությունը հնարավոր է դարձնում սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը չհամապատասխանող նորմի ժամանակավորապես կիրառումը: Ինչ վերաբերում է նոր հանգամանքներով քաղաքացու իրավունքների պաշտպանության հնարավորությանը, ապա այն առաջ է գալիս սահմանադրական դատարանի որոշմամբ իրավական ակտի կամ դրա որևէ դրույթի իրավական ուժը կորցնելու, այսինքն` հետաձգման ժամկետը լրանալու պահից` օրենքով սահմանված կարգով:

Այսուհանդերձ, ինչպես վկայում են նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 16-րդ և 17-րդ մասերի պահանջները, հակասահմանադրական ճանաչված նորմի հետագա գործողությունը միայն այն նպատակն է հետապնդում, որպեսզի դրանով կանխվեն իրավական անվտանգության սպառնալիքները, չառաջանան անխուսափելի և ծանր հետևանքներ հանրության և պետության համար, ավելի էական վնաս չպատճառվի մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին: Ընդ որում, եթե Սահմանադրության 102 հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 15-րդ մասի առաջին պարբերության դրույթները սահմանադրական դատարանի համար հիմք են իրավական ակտի կամ դրա առանձին հակասահմանադրական դրույթի ուժը կորցնելու տարաժամկետման համար, ապա պետական իշխանության ու տեղական ինքնակառավարման մարմինները (հատկապես իրավաստեղծ) պարտավոր են այդ ժամանակահատվածում այնպիսի հնարավոր և անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել, որոնցով կկանխվեն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 15-րդ մասի առաջին պարբերությունում նշված հետևանքները: Հետևաբար, հակասահմանադրական ճանաչված և տարաժամկետված իրավական նորմերի հետագա կիրառմանը չպետք է մեխանիկական մոտեցում ցուցաբերվի, այլ այն պետք է իրականացվի` հաշվի առնելով տարաժամկետման հիմքում ընկած և օրենքով նախատեսված վերոհիշյալ գերակայություններից ու սահմանադրական հիմնարար սկզբունքներից բխող` սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումը, բացառելով նաև հակասահմանադրական ճանաչված դրույթների վերարտադրությունը ցանկացած իրավական ակտում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Քաղաքացի Ի. Եդիգարյանի դիմումի հիման վրա` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 15-րդ մասի երկրորդ պարբերության և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230 հոդվածի 1-ին կետի 4.1. ենթակետի, 231.2. հոդվածի 1-ին կետի 1-3 ենթակետերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230 հոդվածի 1-ին կետի 4.1. ենթակետի, 231.2. հոդվածի 1-ին կետի 1-3 ենթակետերի մասով` կարճել:

2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 15-րդ մասի երկրորդ պարբերությունը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը` սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի կողմից ներկայացրած իրավական դիրքորոշման շրջանակներում:

3.  Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նախագահող

Գ. Հարությունյան


11 մայիսի 2007 թվականի
ՍԴՈ-701

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան