Գլխավոր տեղեկություն
Համար
N 1231-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (24.02.2007-26.11.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.11.22/60.1 Հոդ.981
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.09.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.10.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հոկտեմբերի 2003 թ.


 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 սեպտեմբերի 2003 թվականի N 1231-Ն

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «բ», «ը», «թ» կետերին և 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) հայկական ատոմային էլեկտրակայանի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության ու պահպանության ուժեղացման հայեցակարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) միջուկային տեղակայանքների ու միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կանոնները` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2003 թ. հոկտեմբերի 2
Երևան


 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
սեպտեմբերի 11-ի N 1231-Ն որոշման


Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հայկական ատոմային էլեկտրակայանը (այսուհետ` ՀԱԷԿ) Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի կարևորագույն օղակն է և ապահովում է երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտավորապես 40 տոկոսը:

ՀԱԷԿ-ի անխափան աշխատանքը երաշխավորում է էներգամատակարարման հուսալիությունը և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության կարևորագույն գործոնը: Ակնհայտ է, որ ահաբեկչական կամ դիվերսիոն գործողությունների պատճառով ՀԱԷԿ-ի աշխատանքի երկարաժամկետ դադարեցումը կհանգեցնի էներգետիկ ճգնաժամի և զգալի հարված կհասցնի Հայաստանի Հանրապետության տնտեսությանը: ՀԱԷԿ-ը միաժամանակ գերբարձր ռիսկի օբյեկտ է, և դրա վնասվելու կամ շարքից հանվելու դեպքում հնարավոր է լայնածավալ տարածքների ռադիոակտիվ աղտոտում ու տասնյակ հազարավոր մարդկանց գերճառագայթահարում:

Ելնելով նշվածից` կարևոր նշանակություն է ստանում ՀԱԷԿ-ի և միջուկային նյութերի հուսալի ֆիզիկական պաշտպանության ուժեղացումը:

ՀԱԷԿ-ի նախագիծը, ներառյալ ֆիզիկական պաշտպանության համակարգը, մշակվել է 1960-ական թվականների վերջերին` նախկին ԽՍՀՄ-ի կողմից սահմանված նորմերի համաձայն: Միջուկային և ճառագայթային անվտանգությունն ու ֆիզիկական պաշտպանությունը հիմնականում կարգավորվում էր գերատեսչական նորմատիվ փաստաթղթերով, մասնավորապես, ֆիզիկական պաշտպանությունը կարգավորվում էր «ԱԷԿ-ի հատուկ կամ ֆիզիկական պաշտպանության սկզբունքները», իսկ 1989 թվականից հետո` «Հատուկ անվտանգության ռեժիմի կանոնակարգը» փաստաթղթերով և այլ գերատեսչական ակտերով:

Վերջին տարիներին միջազգային ահաբեկչության կտրուկ ակտիվացման, ահաբեկչությունների մեթոդների ու նպատակակետ հանդիսացող օբյեկտների ընտրության նոր մակարդակի, ահաբեկչություններ իրականացնելու մասին հնչող սպառնալիքների պատճառով միջուկային տեղակայանքների ու միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունը դարձել է միջազգային հանրության հատուկ ուշադրության առարկա, և միջուկային տեղակայանքներ շահագործող պետությունների համար կարևոր է միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության ուժեղացման հարցը:

Սույն հայեցակարգի նպատակը ՀԱԷԿ-ի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության ուժեղացումն ապահովող հիմնական խնդիրների լուծման մեթոդներն ու ուղիները ներկայացնելն է` պատասխանելով` ի՞նչն է պաշտպանվելու, ումի՞ց է պաշտպանվելու և ինչպե՞ս է պաշտպանվելու հարցերին:

 

II. ՀԱԷԿ-Ի ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

ՀԱԷԿ-ի միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության համակարգը տեխնիկական ու կազմակերպական միջոցառումների համալիր է, որը պետք է բավարարի «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև` կանխի Հայաստանի Հանրապետությանը տնտեսական վնաս հասցնելու նպատակով ՀԱԷԿ-ը երկար ժամանակով շարքից հանելը:

 

III. ՀԱԷԿ-Ի ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԸ

 

ՀԱԷԿ-ի միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության ապահովման իրավական հիմքը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիան, «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) անվտանգության ստանդարտները, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները և այլ իրավական ակտերն են:

 

IV. ՀԱԷԿ-Ի ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ. ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱԷԿ-ի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության համակարգի ուժեղացման համար ելակետ է հանդիսանում նախագծային սպառնալիքի որոշումը, որի հիմքում դրված է սպառնալիքի գնահատումը:

Նախագծային սպառնալիքի որոշումը բաղկացած է հետևյալ փուլերից`

ա) ՀԱԷԿ-ի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունն ապահովող պետական մարմինների որոշում, նրանց իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության հստակ սահմանում,

բ) մշակված նախագծային սպառնալիքի աշխատանքային տարբերակների հիման վրա սպառնալիքի գնահատում,

գ) ՀԱԷԿ-ի և միջուկային նյութերի նկատմամբ հնարավոր ահաբեկչությունների ու դիվերսիաների ծավալների (մասշտաբների) որոշում,

դ) հնարավոր խախտողների մտադրությունների, դրդապատճառների, հնարավորությունների և հավանական տիպերի ուսումնասիրում, որի համար անհրաժեշտ է կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքական, սոցիալ-տնտեսական, քրեական, ինչպես նաև տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի մանրակրկիտ վերլուծություն,

ե) ֆիզիկական պաշտպանության իրականացման մակարդակի որոշում:

ՀԱԷԿ-ի և միջուկային նյութերի պաշտպանության հիմնական խնդիրն սպառնալիքը կամ հարձակումը կասեցնելն ու կանխելն է, իսկ դրանց իրականացման դեպքում` չեզոքացումը: Դրանք ապահովվում են տարբեր պաշտպանական արգելքների` տեխնիկական և վարչական միջոցների համակարգի, հակազդող ուժերի համատեղմամբ:

Ֆիզիկական պաշտպանության համակարգը պետք է կարողանա բացահայտել և կասեցնել միջուկային նյութերի հափշտակման սպառնալիքը` հակազդող ուժերի համար բավարար ժամանակահատվածում, նախքան խախտողների կողմից միջուկային նյութերի դուրսբերումը պահպանվող տարածքից:

Դիվերսիայից ՀԱԷԿ-ի ֆիզիկական պաշտպանության համակարգը պետք է բացահայտի և կասեցնի սպառնալիքը հակազդող ուժերի համար բավարար ժամանակահատվածում` նախքան խախտողների կողմից ՀԱԷԿ-ի կենսական կարևոր նշանակության հանգույցների ու համակարգերի վնասումը և հնարավոր միջուկային կամ ճառագայթային վթարի կանխումը:

Նախագծային սպառնալիքի հիման վրա սահմանվում են ՀԱԷԿ-ի ֆիզիկական պաշտպանության համակարգի հիմնական խնդիրների լուծման մեթոդները և ուղիները, որի համար իրականացվում են հետևյալ միջոցառումները`

ա) չթույլատրված գործողությունների համար առավել հավանական թիրախներ հանդիսացող` ՀԱԷԿ-ի կենսական նշանակության հանգույցների ու համակարգերի որոշում,

բ) ֆիզիկական պաշտպանության գործող համակարգի խոցելիության վերլուծություն,

գ) ֆիզիկական պաշտպանության համակարգի բավարարության վերլուծություն,

դ) ֆիզիկական արգելքների (տեսակները, քանակը և դրանց տեղաբաշխումը) նախագծում,

ե) ՀԱԷԿ-ի տարածք և արտադրական շենքեր չարտոնված ներթափանցման վերահսկման համար տեխնիկական միջոցների համակարգի նախագծում ու կիրառում,

զ) հակազդող ուժերի անձնակազմի, սպառազինության, տեխնիկական հագեցվածության որոշում և հակազդման գործողությունների համակարգի ու հակազդման պլանների մշակում,

է) ՀԱԷԿ-ի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության արդյունավետության պարբերաբար գնահատում,

ը) կանխատեսվող սպառնալիքների իրականացման դեպքում հնարավոր վնասի գնահատում,

թ) ՀԱԷԿ-ի տեղադրման վայրում հատուկ իրավական ռեժիմի սահմանում:

Անհրաժեշտ է քննարկել ոչ միայն ՀԱԷԿ-ի ռեակտորային տեղակայանքի և միջուկային նյութերի, այլև ՀԱԷԿ-ի օժանդակ համակարգերի, մասնավորապես, ՀԱԷԿ-ը Հայաստանի էներգետիկ համակարգի հետ կապող բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի, ՀԱԷԿ-ի պատասխանատու սպառիչների հովացման համակարգերի և այլնի նկատմամբ ահաբեկչությունների հարցը:

 

V. ՀԱԷԿ-Ի ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

ՀԱԷԿ-ի միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության համակարգի ֆինանսական ապահովումն իրականացվում է շահագործող կազմակերպության և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների, ինչպես նաև օտարերկրյա օգնության և օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
սեպտեմբերի 11-ի N 1231-Ն որոշման


Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կանոններով (այսուհետ` կանոններ) կարգավորվում են ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներից միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության հետ կապված հարաբերությունները` համաձայն «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիայից բխող` Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների:

2. Սույն կանոնների գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության համար պատասխանատու պետական կառավարման մարմինների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց վրա:

3. Սույն կանոններով սահմանվում են`

ա) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությանը ներկայացվող պահանջները,

բ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության համար պատասխանատու պետական կառավարման մարմինների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց գործառույթները,

գ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության հետ կապված միջադեպերի մասին տեղեկատվությանը ներկայացվող պահանջները:

4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում արգելվում է միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի հետ կապված ցանկացած գործունեություն, եթե ապահովված չէ դրանց ֆիզիկական պաշտպանությունը:

5. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունն ուղղված է`

ա) միջուկային տեղակայանքների նկատմամբ դիվերսիայի, այլ ոտնձգությունների և միջուկային նյութերի հափշտակման հնարավորությունը նվազագույնի հասցնելուն,

բ) պահպանության գոտիներ չթույլատրված մուտքի կանխմանը,

գ) չթույլատրված գործողությունների ժամանակին հայտնաբերմանն ու կանխարգելմանը,

դ) խախտում կատարած անձանց ներթափանցման կասեցմանը (դանդաղեցմանը),

ե) միջուկային տեղակայանքների նկատմամբ դիվերսիայի կամ այլ ոտնձգության, կամ միջուկային նյութերի հափշտակության հնարավոր դեպքերի կանխմանը:

6. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության համակարգերի տեխնիկական միջոցները պետք է սերտիֆիկացված լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

7. Սույն կանոններում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`

նախագծային սպառնալիք` խախտողների կողմից միջուկային տեղակայանքների կամ միջուկային նյութերի նկատմամբ անցանկալի հետևանքներ առաջացնելու մտադրության ու հնարավորության առկայություն,

թույլտվություն` որոշակի աշխատանքների կատարման կամ որոշակի փաստաթղթերի հետ ծանոթանալու և տվյալներ ստանալու իրավունք,

մուտքի թույլտվություն` պահպանության գոտիներ մուտքի իրավունք,

հսկիչ անցագրային կետ` հատուկ սարքավորված տեղ` անցագրային ռեժիմի պահանջներին համապատասխան պահպանության գոտիներ մուտքն իրականացնելու համար,

չթույլատրված գործողություն` դիվերսիայի, միջուկային նյութերի հափշտակության, չթույլատրված մուտքի, արգելված առարկաների անցկացման, ֆիզիկական պաշտպանության միջոցները շարքից հանելու փորձ կամ դրանց կատարումը,

պարագիծ` ֆիզիկական արգելքներով և հսկիչ անցագրային կետերով կահավորված պահպանության գոտու սահման,

պաշտպանության գոտի` միջուկային տեղակայանքի մշտական պահպանության և հսկողության ներքո գտնվող` ֆիզիկական արգելքներով շրջապատված տարածք, որտեղ մուտքը սահմանափակ է ու վերահսկվում է,

ներքին գոտի` պաշտպանության գոտու տարածքում գտնվող` պահպանվող գոտի,

հատուկ կարևորության գոտի` ներքին գոտու տարածքում գտնվող` հատուկ պահպանվող գոտի,

պահպանության գոտի` պաշտպանված, ներքին կամ հատուկ կարևորության գոտի,

պահպանության ստորաբաժանում` միջուկային տեղակայանքների, միջուկային նյութերի և դրանց փոխադրման պահպանությունն ու պաշտպանությունն իրականացնող զինված ստորաբաժանում,

անցագրային ռեժիմ` անձնակազմի, այցելուների, գործուղված անձանց, փաստաթղթերի, առարկաների, փոխադրամիջոցների` պահպանության գոտուց, շենքերից, կառույցներից, շինություններից ներս (դուրս) թողնելու սահմանված կարգ,

հակախոյահարման սարք` փոխադրամիջոցի հարկադիր կանգնեցման համար նախատեսված ֆիզիկական արգելափակոց,

անվտանգության ծառայություն` միջուկային տեղակայանքը շահագործող կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանում, որը կազմակերպում և վերահսկում է ֆիզիկական պաշտպանության ապահովման միջոցառումների կատարումը, իրականացնում այլ հատուկ գործառույթներ,

հայտնաբերման տեխնիկական միջոց` սարք, որը նախատեսված է չթույլատրված գործողությունների դեպքում ավտոմատ ահազանգման ազդանշան տալու համար,

խոցելի տեղեր`

ա) միջուկային նյութերի պահման կամ օգտագործման տեղեր,

բ) միջուկային նյութերի պահման կետերի կամ միջուկային տեղակայանքների, սարքավորումների, սարքերի, համակարգերի տարրեր, որոնց նկատմամբ կարող է իրականացվել դիվերսիա,

գ) ֆիզիկական պաշտպանության համակարգի տարրեր, որոնց հաղթահարման դեպքում խախտողը կարող է առավել հավանականությամբ կատարել դիվերսիա կամ միջուկային նյութերի հափշտակում,

ֆիզիկական պաշտպանություն` կազմակերպական միջոցառումների, ինժեներատեխնիկական միջոցների և պահպանման ստորաբաժանումների գործողությունների համակցություն` ուղղված դիվերսիաների կամ այլ ոտնձգությունների, կամ միջուկային նյութերի հափշտակումների կանխարգելմանը,

ֆիզիկական արգելք` պահպանության գոտիներ խախտողների ներթափանցումը դժվարացնող (դանդաղեցնող) ֆիզիկական խոչընդոտ,

երկու (երեք) անձանց կանոն` խմբակային աշխատանքի սկզբունք (այդ թվում` սենքերի բացման ու պահպանության հանձնման ժամանակ), որը հիմնված է մեկ աշխատատեղում կամ մեկ սենքում առնվազն երկու (երեք) անձանց միաժամանակյա ներկայության պահանջի վրա` չթույլատրված գործողությունների կատարման հնարավորության նվազեցման նպատակով:

 

II. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Պետական կառավարման մարմիններն իրենց ենթակայության միջուկային տեղակայանքների ու միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության ապահովման նպատակով իրենց իրավասությունների սահմաններում իրականացնում են հետևյալ գործառույթները`

ա) ֆիզիկական պաշտպանության ապահովմանն ուղղված գործունեության կազմակերպում և համակարգում,

բ) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի կարգավորող մարմնի հետ (այսուհետ` կարգավորող մարմին) համաձայնեցնելով` ֆիզիկական պաշտպանության ապահովման հարցերին վերաբերող օրենսդրական ակտերի նախագծերի մշակում և դրանք սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը,

գ) ֆիզիկական պաշտպանության ապահովման հարցերին վերաբերող գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի մշակում, կարգավորող մարմնի հետ համաձայնեցում և սահմանված կարգով ընդունում,

դ) ֆիզիկական պաշտպանության վիճակի և միջոցառումների կատարման նկատմամբ հսկողության իրականացում,

ե) ֆիզիկական պաշտպանության հարցերի գծով Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ապահովում:

9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունն իր իրավասության սահմաններում`

ա) ստուգում է միջուկային տեղակայանքներում աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիությունը,

բ) իրականացնում է օպերատիվ հետախուզական գործունեություն` միջուկային տեղակայանքներին և միջուկային նյութերին առնչվող հանցագործությունները հայտնաբերելու, խափանելու, բացահայտելու համար,

գ) մասնակցում է միջուկային նյութերի անվտանգ փոխադրման ապահովման աշխատանքներին,

դ) մասնակցում է միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության ապահովմանը` տեղակայանքների բնականոն գործունեության և արտակարգ իրավիճակների ռեժիմներում:

ե) իրադրությունից ելնելով` պարբերաբար որոշում է միջուկային տեղակայանքների նախագծային սպառնալիքը և դրա իրականացման հավանական ձևերը:

(9-րդ կետը լրաց. 25.01.07 N 79-Ն)

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իր իրավասության սահմաններում`

ա) իրականացնում է միջուկային տեղակայանքների պարագծի պահպանությունը և պաշտպանությունը,

բ) իրականացնում է միջուկային նյութերի փոխադրման ֆիզիկական պաշտպանությունը,

գ) իրականացնում է օպերատիվ հետախուզական գործունեություն` միջուկային տեղակայանքներին և միջուկային նյութերին առնչվող հանցագործությունները հայտնաբերելու, խափանելու, բացահայտելու համար:

11. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն իր իրավասության սահմաններում`

ա) զինված հարձակումների դեպքում մասնակցում է միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի պաշտպանությանը,

բ) իրականացնում է միջուկային տեղակայանքների ու միջուկային նյութերի հակաօդային պաշտպանությունը` Հայաստանի Հանրապետության հակաօդային պաշտպանության համակարգում:

12. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունն իր իրավասության սահմաններում ապահովում է ֆիզիկական պաշտպանության հարցերում պետական կառավարման մարմինների փոխգործողությունը:

13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն իր իրավասության սահմաններում`

ա) ապահովում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով միջուկային նյութերի չթույլատրված փոխադրման կանխումը,

բ) ապահովում է միջուկային նյութերի արտահանման ու ներմուծման մաքսային ձևակերպման և հսկողության առաջնայնությունը,

գ) միջուկային նյութերի առգրավման դեպքում ապահովում է դրանց ֆիզիկական պաշտպանությունը:

14. Կարգավորող մարմինն իր իրավասության սահմաններում իրականացնում է միջուկային տեղակայանքների ու միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության պետական կարգավորումը:

 

III. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

15. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության համակարգը պետք է բավարարի հետևյալ պահանջները`

ա) միջուկային տեղակայանքների առանձնահատկությունները, ինչպես նաև այդ տեղակայանքներին ներկայացվող միջուկային, ճառագայթային, էկոլոգիական, սանիտարական, հրդեհային, տեխնիկական անվտանգության պահանջները հաշվի առնելը,

բ) ֆիզիկական պաշտպանության համակարգի կայուն գործունեության ապահովում (համակարգի որևէ տարրի խափանումը չպետք է հանգեցնի ընդհանուր առմամբ նրա աշխատունակության և մյուս տարրերի խափանմանը),

գ) միջուկային տեղակայանքներում ու միջուկային նյութերի հետ կապված աշխատանքներ իրականացնելու իրավունք ունեցող անձանց թիվը հնարավորինս սահմանափակելը և նվազագույնի հասցնելը,

դ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության համակարգը պարբերաբար վերանայելը և արդիականացնելը ֆիզիկական պաշտպանության տեխնիկական միջոցների նորագույն ձեռքբերումներին համապատասխան:

16. Ելնելով միջուկային տեղակայանքի առանձնահատկություններից, դրանցում օգտագործվող կամ պահվող միջուկային նյութերի տեսակից (կատեգորիայից)` միջուկային տեղակայանքներում սահմանվում են պահպանության հետևյալ գոտիները`

ա) պաշտպանության գոտի,

բ) ներքին գոտի,

գ) հատուկ կարևորության գոտի:

17. Ֆիզիկական պաշտպանության ենթակա միջուկային նյութերի դասակարգումը, «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիային համապատասխան, ներկայացված է սույն կանոններին կից աղյուսակում:

18. Միջուկային տեղակայանքը պետք է գտնվի հատուկ կարևորության կամ ներքին գոտում:

19. I և II կատեգորիաների միջուկային նյութերը պետք է օգտագործվեն և պահվեն ներքին կամ հատուկ կարևորության գոտիներում, իսկ III կարգի միջուկային նյութերը` պահպանության ցանկացած գոտում:

20. I, II և III կատեգորիաներին չպատկանող միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունը պետք է ապահովվի` ելնելով գործնական նպատակահարմարությունից:

21. Միջուկային տեղակայանքը շահագործող կազմակերպությունը`

ա) ապահովում է միջուկային տեղակայանքի ֆիզիկական պաշտպանության համակարգի ինժեներատեխնիկական միջոցների նախագծումը, կառուցումը և շահագործումը,

բ) միջուկային տեղակայանքների խոցելի տեղերը բացահայտելու նպատակով անցկացնում է տեղակայանքի և դրա ֆիզիկական պաշտպանության համակարգի վիճակի վերլուծություն` անհրաժեշտության դեպքում ներգրավելով իրավասու մարմիններ, փորձագիտական կազմակերպություններ կամ առանձին փորձագետների,

գ) կատարում է հնարավոր ահաբեկչությունների հետևանքով պատճառվող վնասի նախնական գնահատում,

դ) գնահատում է գործող և նախագծվող ֆիզիկական պաշտպանության համակարգերի արդյունավետությունը, մշակում և իրականացնում է դրանց կատարելագործման միջոցառումները,

ե) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն ներկայացնում է առաջարկություն միջուկային տեղակայանքի անցագրային ռեժիմի, որոշակի աշխատանքների և փաստաթղթերին ծանոթանալու թույլտվության, ֆիզիկական պաշտպանության գոտիներ մուտքի թույլտվությունների ձևակերպման, միջուկային տեղակայանքի բնականոն գործունեության ռեժիմում օբյեկտի ղեկավարության, անվտանգության ծառայության, պահպանության ստորաբաժանման ու անձնակազմի փոխգործողության կարգերի, միջուկային տեղակայանքում արտակարգ իրավիճակների դեպքում ֆիզիկական պաշտպանության կազմակերպման պլանի, ֆիզիկական պաշտպանության ինժեներատեխնիկական միջոցների աշխատունակության և տեխնիկական վիճակի ստուգման ժամանակացույցի մասին` սահմանված կարգով` գերատեսչական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու վերաբերյալ:

(21-րդ կետը փոփ. 25.01.07 N 79-Ն)

22. Ֆիզիկական պաշտպանության ինժեներատեխնիկական միջոցները բաղկացած են տեխնիկական միջոցներից և ֆիզիկական արգելքներից:

23. Ֆիզիկական պաշտպանության տեխնիկական միջոցները ներառում են`

ա) ֆիզիկական պաշտպանության գոտիների պարագծով տեղադրված հսկման ու ազդարարման համակարգը (համակարգերը),

բ) ֆիզիկական պաշտպանության գոտիներ մուտքի կետերում (անցագրային կետեր) տեղադրված հսկման և միջուկային նյութերի, զենքի, զինամթերքի, թունավոր նյութերի, պայթուցիկ նյութերի և մետաղյա առարկաների չթույլատրված անցկացումը հայտնաբերող սարքավորումները,

գ) հատուկ կապի համակարգերը,

դ) ֆիզիկական պաշտպանության համակարգի աշխատունակության ապահովման միջոցները, այդ թվում` հուսալի էլեկտրասնուցման միջոցները:

24. Ֆիզիկական պաշտպանության տեխնիկական միջոցների համակարգը պետք է ապահովված լինի ազդանշանային համակարգով` մալուխների, կառավարման կամ ազդանշանային վահանակների, կոմուտացման տուփերի փոխարկիչների մեջ չթույլատրված ներթափանցման նպատակով:

25. Միջուկային տեղակայանքի ֆիզիկական պահպանության գոտիներ մուտքի թույլտվությանը վերաբերող հարցերը կարգավորվում են շահագործող կազմակերպության կողմից` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության հետ: Ֆիզիկական պաշտպանության գոտիների մուտքի կետերում (անցագրային կետեր) տեղադրված տեխնիկական միջոցներն արտակարգ իրավիճակներում չպետք է խոչընդոտեն մարդկանց անարգել ելքը:

26. Որպես ֆիզիկական արգելքներ պետք է օգտագործվեն միջուկային տեղակայանքի շինարարական կառուցվածքները (պատեր, ծածկեր, դարպասներ, դռներ), հատուկ մշակված կառուցվածքները (փակոցներ, հակախոյահարման սարքեր, ցանցեր, ուժեղացված դռներ, կոնտեյներներ) և այլ ֆիզիկական խոչընդոտներ: Ֆիզիկական պաշտպանության գոտիների պարագծով պետք է տեղակայվեն երկուսից ոչ պակաս ֆիզիկական արգելքներ:

27. Անցագրային կետերի պահպանությունն իրականացնող անձինք պետք է ապահովված լինեն հրազենից պաշտպանության միջոցներով, իսկ տրանսպորտային անցագրային կետերը` նաև հակախոյահարման սարքերով:

28. Միջուկային տեղակայանքների անցագրային կետերում այդ տեղակայանքների անձնակազմը, գործուղված անձինք, այցելուները, ինչպես նաև նրանց անձնական իրերն ու տրանսպորտային միջոցները ենթակա են հատուկ միջոցների կիրառմամբ ստուգման` միջուկային նյութեր, զինամթերք, զենք, պայթուցիկ և թունավոր նյութեր, ահաբեկչությունների իրականացման համար պիտանի այլ իրեր հայտնաբերելու նպատակով:

Ֆիզիկական պաշտպանության գոտիների սահմաններից դուրս եկող բոլոր փոխադրամիջոցները, ինչպես նաև դուրս բերվող կոնտեյներները և այլ տարողություններ պետք է ստուգվեն երկու (երեք) անձանց կանոնի կիրառմամբ` միջուկային նյութերի չթույլատրված դուրսբերումը կանխելու համար:

29. Ինժեներատեխնիկական միջոցների կառավարումն իրականացվում է ֆիզիկական պաշտպանության համակարգի կենտրոնական կառավարման վահանակից կամ տեղային կառավարման վահանակներից, որոնք պետք է տեղադրված լինեն դրանց համար հատուկ հարմարեցված, գնդակաանթափանց դռներ և ապակիներ ունեցող շինություններում:

30. Անցագրային կետերում, պահպանվող գոտիների տարածքում, առանձին շենքերում (կառույցներ, շինություններ) տեղադրված ֆիզիկական պաշտպանության համակարգի ինժեներատեխնիկական միջոցների կառավարումը, անհրաժեշտության դեպքում, կարող է իրականացվել կենտրոնական կառավարման վահանակին միացված տեղային կառավարման վահանակներից:

31. Տեղային կառավարման վահանակներից ստացված տեղեկությունները պետք է կրկնվեն կենտրոնական կառավարման վահանակի վրա:

32. Կենտրոնական կառավարման վահանակի օպերատորը միջուկային տեղակայանքի անվտանգության ծառայության հաստիքային աշխատող է, որը լիազորված է տեղակայանքի բնականոն գործունեության ռեժիմում և արտակարգ իրավիճակներում համապատասխան որոշումներ ընդունելու իրավասությամբ:

33. Արգելվում է կառավարման վահանակի օպերատորի վրա այնպիսի գործառույթներ դնելը, որոնք կարող են խանգարել նրան իր հիմնական պարտականությունները կատարելիս: Այն միջուկային տեղակայանքներում, որոնց պաշտպանությունը և պահպանությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, հայտնաբերման տեխնիկական միջոցների կառավարման վահանակի օպերատորներ են նշանակվում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինծառայողները կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողները:

 

IV. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

34. Միջուկային նյութերի փոխադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի «Միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման հատուկ կանոնները հաստատելու մասին» N 1263 և 2002 թվականի հունիսի 27-ի «Միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման կարգը հաստատելու մասին» N 931-Ն որոշումների պահանջներին համապատասխան:

35. Միջուկային նյութերի փոխադրման ժամանակ դրանց ֆիզիկական պաշտպանության ապահովման համար անհրաժեշտ է`

ա) առավելագույնս սահմանափակել միջուկային նյութերի ճանապարհին գտնվելու տևողության ընդհանուր ժամանակը,

բ) նվազագույնի հասցնել միջուկային նյութերի վերաբեռնումը մեկ փոխադրամիջոցից մյուսը, ինչպես նաև վերաբեռնման փոխադրամիջոցի ժամանելուն սպասելու ժամանակը,

գ) միջուկային նյութեր փոխադրող փոխադրամիջոցների տեղաշարժը կազմակերպել այնպես, որ առկա լինեն այդ տեղաշարժերի ժամանակացույցերի և երթուղիների զանազան տարբերակները,

դ) միջուկային նյութերի փոխադրման մասին հաղորդագրության համար օգտագործել ծածկագրում և հատուկ կապուղիներ,

ե) առավելագույնս սահմանափակել միջուկային նյութերի փոխադրումների երթուղիներին և ժամկետներին իրազեկ անձանց շրջանակը,

զ) ապահովել, որպեսզի միջուկային նյութերը փոխադրվեն, ուղեկցվեն և պահպանվեն միայն համապատասխան թույլտվություն ունեցող անձանց կողմից:

36. Միջուկային նյութերի փոխադրման ժամանակ փոխադրամիջոցի սեփականատերն ապահովում է, որպեսզի փոխադրամիջոցն ունենա բեռնատար հատվածամասեր չթույլատրված ներթափանցումը դժվարացնող (խոչընդոտող) ֆիզիկական արգելքներ, ինչպես նաև խախտում հայտնաբերող, դիտարկման և ձայնային տագնապի տեխնիկական միջոցներ:

37. I և II կատեգորիաների միջուկային նյութերի փոխադրման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պետք է ապահովի`

ա) երկկողմանի ռադիոկապ պահպանություն իրականացնող անձնակազմի, ուղեկցող անձի, փոխադրամիջոցի վարորդի և փոխադրման կառավարման կետի միջև.

բ) բեռը պահպանող անձնակազմի կողմից կապարակնիքների և փականների պարբերաբար ստուգումը` բեռի փաթեթավորման պահից սկսած մինչև այն հասցեատիրոջը փոխանցելը:

38. Միջուկային նյութեր փոխադրող փոխադրամիջոցները պետք է սարքավորված լինեն այնպես, որ ապահովեն պահպանություն իրականացնող անձնակազմի պաշտպանվածությունը հրազենից:

39. Ճառագայթված միջուկային նյութերը (այդ թվում` օգտագործված միջուկային վառելիքը) պետք է փոխադրել «Կանաչ ճանապարհի» սկզբունքով` առանց կանգառների:

40. Միջուկային նյութերի փոխադրման ժամանակ ֆիզիկական պաշտպանության ապահովման այլ միջոցառումների անհրաժեշտությունը կարող է սահմանել կարգավորող մարմինը` փոխադրման թույլտվության պայմաններին համապատասխան:

41. Միջուկային նյութերի միջազգային փոխադրման ժամանակ (այդ թվում` տարանցիկ) դրանց ֆիզիկական պաշտպանության ապահովման հարցերը կարգավորվում են «Միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիայի պահանջներին համապատասխան:

42. Միջուկային նյութերի մաքսային ձևակերպման ժամանակ պահպանող անձնակազմը չպետք է խոչընդոտի մաքսային ձևակերպմանը:

43. Միջուկային նյութերի մաքսային ձևակերպման ժամանակ կապարակնիքների վնասման կամ կապարակնիքների դրոշմվածքների անհամապատասխանության հայտնաբերման դեպքում փոխադրամիջոցը կարող է կալանվել և սահմանված կարգով ենթարկվել զննման:

 

V. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋԱԴԵՊԵՐԸ

 

44. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության հետ կապված միջադեպերի դեպքում միջուկային տեղակայանքը շահագործող կազմակերպությունը դրա մասին ոչ ուշ, քան հայտնաբերման պահից մեկ ժամվա ընթացքում` սահմանված կարգով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և կարգավորող մարմնին:

45. Միջուկային նյութերի և միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության հետ կապված միջադեպից հետո միջուկային նյութ օգտագործողը և (կամ) միջուկային տեղակայանքը շահագործող կազմակերպությունը պարտավոր են անցկացնել միջադեպի քննություն: Քննության արդյունքները` բնականոն գործունեության ռեժիմի անցնելուց հետո 15 օրվա ընթացքում գրավոր զեկուցագրով ներկայացվում են կարգավորող մարմին: Հետաքննող հանձնաժողովում պետք է ընդգրկված լինեն օբյեկտի սեփականատեր հանդիսացող պետական կառավարման մարմնի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ու Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ըստ անհրաժեշտության` այլ մարմինների ներկայացուցիչները:

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՂՅՈՒՍԱԿ


Նյութը II. Վիճակը Դասը

I

II

III3)

1. Պլուտոնիում1) չճառագայթված2*) 2 կգ կամ ավելի 500 գ-ից մինչև 2 կգ 15 գ-ից մինչև
500 գ
2. ՈՒրան-235 չճառագայթված2)      
 
ուրան` հարստացված
ուրան-235 իզոտոպով,
20% և ավելի
5 կգ կամ ավելի 1 կգ-ից մինչև 5 կգ
15 գ-ից մինչև 1 կգ
 
ուրան` հարստացված
ուրան-235 իզոտոպով,
10-20%
  10 կգ կամ ավելի 1 կգ-ից մինչև 10 կգ
 
բնականից բարձր
հարստացված ուրան,
բայց ուրան-235
իզոտոպի 10%-ից
պակաս պարունակությամբ
    10 կգ կամ ավելի
3. ՈՒրան-233 չճառագայթված2)

2 կգ կամ ավելի

500 գ-ից մինչև 2 կգ 15 գ-ից մինչև 500 գ
4. Ճառագայթված
վառելիք
    աղքատացված կամ բնական ուրան, թորիում կամ
թույլ հարստացված վառելիք (տրոհվող իզոտոպների
10%-ից պակաս պարունակությամբ)4)5)
 

1)

 Բացառությամբ պլուտոնիումի, որում պլուտոնիում-238 իզոտոպի խտությունը գերազանցում է 80 տոկոսը:

2)

 Նյութ, որը չի ճառագայթվել ռեակտորում, կամ նյութ, որը ճառագայթվել է ռեակտորում, սակայն ճառագայթման դոզայի հզորությունը մեկ մետր հեռավորության վրա, առանց պաշտպանության, չի գերազանցել 100 ռադ/ժամը:

3)

 III դասին չպատկանող նյութերը և բնական ուրանը պետք է պաշտպանվեն ըստ անհրաժեշտության:

4)

 Թեկուզ և առաջարկվում է պաշտպանության տվյալ դասը, պետությունները կարող են, ելնելով կոնկրետ իրավիճակների գնահատումից, որոշել ֆիզիկական պաշտպանության այլ դաս:

5)

 Եթե միջուկային վառելիքը մինչև ճառագայթահարվելը ըստ տրոհվող նյութի նախնական կազմի, պատկանել է I կամ II դասին, ապա դասը կարող է նվազեցվել ոչ ավելի, քան մեկ միավորով, եթե միջուկային վառելիքի ճառագայթումը` առանց պաշտպանության, չի գերազանցում 100 ռադ/ժամը` մեկ մետր հեռավորության վրա:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան