Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-693
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.04.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
17.04.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2007

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1991 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՓՈՓՈԽՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

17 ապրիլի 2007 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև առևտրատնտեսական կապերի և գիտատեխնիկական համագործակցության մասին» 1991 թվականի հոկտեմբերի 4-ին ստորագրված համաձայնագիրը փոփոխող արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 19-ի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Արձանագրությունն ստորագրվել է 2006 թ. հոկտեմբերի 4-ին` Երևանում, 1991 թվականի հոկտեմբերի 4-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև առևտրատնտեսական կապերի և գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու նպատակով:

Նշված համաձայնագրում փոփոխություններ կատարելը, իր հերթին, նպատակ ունի ընդլայնել և ամրապնդել Պայմանավորվող կողմերի միջև գոյություն ունեցող կապերը տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական բնագավառներում, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված է Ռումինիայի` 2007 թվականի հունվարից Եվրոպական միությանն անդամակցելու հանգամանքով:

Արձանագրությունը վերոհիշյալ համաձայնագրի անբաժանելի մասն է կազմում: Այն նախատեսում է համաձայնագրում կատարել փոփոխություններ` ուղղված, մասնավորապես, երկու երկրների միջև տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնոլոգիական համագործակցությունը համակարգող համատեղ Խառը հանձնաժողովի խնդիրների շրջանակի ընդլայնմանը` կապված տնտեսական կապերի զարգացման և հեռանկարների ուսումնասիրության, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում Պայմանավորվող կողմերի ընկերությունների միջև կապերը և համագործակցությունը դյուրացնելու և խրախուսելու, ներդրումային դաշտում բարենպաստ պայմաններ ստեղծելու, տեխնոլոգիաների փոխանակման, ինչպես նաև վերը թվարկված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ կազմակերպչական բնույթի գործառույթներ իրականացնելու հետ:

Հայկական կողմը պարտավորվում է կիրառել համաձայնագրի դրույթները՝ առանց խախտելու այն պարտավորությունները, որոնք բխում են Եվրամիությանը Ռումինիայի անդամակցությունից, ԵՄ կամ ԵՄ և նրա անդամ պետությունների և, մյուս կողմից` Հայաստանի Հանրապետության միջև կնքված ցանկացած համաձայնագրից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2006 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև առևտրատնտեսական կապերի և գիտատեխնիկական համագործակցության մասին» 1991 թվականի հոկտեմբերի 4-ին ստորագրված համաձայնագիրը փոփոխող արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նախագահող

Վ. Հովհաննիսյան


17 ապրիլի 2007 թվականի
ՍԴՈ-693

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան