«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 փետրվարի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2000 թվականի N 64
քաղ. Երևան
ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Որդեգրման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել երեխայի որդեգրման կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգով նախարարությանը` եռամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման կիրարկումն ապահովող համապատասխան իրավական ակտերի ընդունումը:
(2-րդ կետը փոփ. 17.05.00 N 240, 14.06.00 N 305)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 1-ից:
(3-րդ կետը փոփ. 17.05.00 N 240)
Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ա. Սարգսյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
երեխայի որդեգրման
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետությունում երեխայի որդեգրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, սույն կարգի և այլ իրավական ակտերի համաձայն:
2. Որդեգրումը կատարվում է որդեգրել ցանկացող այն չափահաս անձանց խնդրանքով, ովքեր սույն կարգին համապատասխան հաշվառված են որպես որդեգրել ցանկացող անձ:
Եթե միևնույն երեխային որդեգրելու ցանկություն ունեն ամուսինները, ապա երկուսն էլ պետք է հաշվառվեն որպես որդեգրողի թեկնածուներ:
Անձը որպես որդեգրողի թեկնածու հաշվառվում է որդեգրման հնարավորության մասին գրավոր դրական եզրակացության հիման վրա:
Որդեգրման հնարավորության մասին եզրակացությունն ուժի մեջ է մեկ տարվա ընթացքում:
Որդեգրման հնարավորության մասին եզրակացությունը տրվում է որդեգրողի թեկնածուին:
3. Որդեգրվում են այն անչափահաս երեխաները, ովքեր սույն կարգին համապատասխան հաշվառված են որպես որդեգրման ենթակա երեխաներ, կամ որդեգրման վերաբերյալ երեխայի ծնողների և որդեգրել ցանկացող անձի միջև սահմանված կարգով առկա է գրավոր նախնական համաձայնություն:
4. Որդեգրման հնարավորության մասին եզրակացություն տալիս և որդեգրել ցանկացող անձանց ու որդեգրման ենթակա երեխաներին հաշվառում են որդեգրման հարցերով հանրապետական և մարզային (Երևանի քաղաքային) հանձնաժողովները:
Որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովը (այսուհետև` հանրապետական հանձնաժողով) քննարկում է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից երեխա որդեգրելու հետ կապված հարցերը:
Որդեգրման հարցերով մարզային (Երևանի քաղաքային) հանձնաժողովները (այսուհետև` մարզային հանձնաժողով) քննարկում են իրենց մարզի տարածքում բնակվող երեխաների որդեգրման հետ կապված հարցերը:
Հանրապետական հանձնաժողովի կանոնադրությունը և մարզային հանձնաժողովների օրինակելի կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
Հանրապետական հանձնաժողովի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը (հանձնաժողովի նախագահ), Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը (հանձնաժողովի քարտուղար):
Հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
Մարզային հանձնաժողովի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են մարզպետի տեղակալը (հանձնաժողովի նախագահ), մարզպետարանի իրավական, կրթության, առողջապահության, սոցիալական հարցերով կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մարզի զինվորական կոմիսարը, այլ համապատասխան պաշտոնատար անձինք:
Մարզային հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է մարզպետը:
(4-րդ կետը փոփ. 17.05.00 N 240, 14.06.00 N 305)
5. Որդեգրման ենթակա և որդեգրված երեխաների, ինչպես նաև որդեգրողի թեկնածուների կենտրոնացված հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը:
Կենտրոնացված հաշվառման վերցնելու ամսաթիվ է համարվում հաշվառման քարտը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունում գրանցելու ամսաթիվը:
(5-րդ կետը փոփ. 17.05.00 N 240, 14.06.00 N 305)
6. Հանրապետական և մարզային հանձնաժողովներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունում որդեգրման հետ կապված տեղեկությունները գաղտնի են:
(6-րդ կետը փոփ. 17.05.00 N 240, 14.06.00 N 305)
7. Որդեգրման գաղտնիությունն ապահովելու նպատակով ծննդատների ղեկավարները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացության առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու խնդրանքով և համայնքի ղեկավարի որդեգրման մասին որոշման հիման վրա որդեգրողի տվյալներին համապատասխան կատարելու գրառումներ (իմիտացիա) այն երեխաների ծննդյան կապակցությամբ տրվող տեղեկանքում, ովքեր ծնվել են տվյալ ծննդատանը, և որոնց կապակցությամբ առաջացել են որդեգրման իրավական հիմքեր:
II. Որդեգրման ենթակա երեխաների հաշվառումը
8. Որպես որդեգրման ենթակա երեխաներ հաշվառվում են առանց ծնողական խնամքի մնացած, ընկեցիկ, ինչպես նաև պետության լրիվ հոգածության ներքո գտնվող այն անչափահաս երեխաները, որոնց որդեգրման համար առաջացել են իրավական հիմքեր:
Որդեգրումն առաջանում է այն անչափահաս երեխաների նկատմամբ, որոնց միակ ծնողը կամ երկու ծնողները`
ա) մահացել են,
բ) զրկված են ծնողական իրավունքից,
գ) դատական կարգով ճանաչված են անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած,
դ) տվել են որդեգրման գրավոր համաձայնություն,
ե) մեկ տարուց ավելի երեխայի հետ համատեղ չեն բնակվում և, չնայած խնամակալության և հոգաբարձության մարմինների նախազգուշացմանը, խուսափում են երեխայի դաստիարակությունից ու խնամքից, երեխայի նկատմամբ չեն դրսևորում ծնողական հոգատարություն և ուշադրություն,
զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
Ընկեցիկ երեխաները կարող են որդեգրման հանձնվել ներքին գործերի մարմինների ներկայացրած համապատասխան ակտի առկայության դեպքում` ընկեցիկության ակտը կազմվելուց հետո 3 ամսից ոչ շուտ:
9. Խնամակալության և հոգաբարձության մարմինները պարտավոր են իրենց գտնվելու վայրի մարզային հանձնաժողովին հաշվառման վերցնելու մասին դիմում տալու պահից 5-օրյա ժամկետում սահմանված կարգով տրամադրել սույն կարգի 8-րդ կետում նշված երեխաների (սեռի, տարիքի, առողջական վիճակի և այլնի) մասին տեղեկատվություն:
10. Որպես որդեգրման ենթակա երեխաներ հաշվառվում են նաև այն երեխաները, որոնց ծնողները գրավոր դիմել են իրենց գտնվելու վայրի մարզային հանձնաժողովին` իրենց երեխաներին որպես որդեգրման ենթակա երեխաներ հաշվառելու համար:
11. Որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկատվություն ստանալով` մարզային հանձնաժողովը լրացնում է երեխայի անձնական քարտը (N 1 ձևը կցվում է)` նրան վերցնելով հաշվառման` որպես որդեգրման ենթակա երեխա:
12. Հաշվառման պահից եռօրյա ժամկետում մարզային հանձնաժողովը որդեգրման ենթակա երեխայի անձնական քարտի պատճենը փոխանցում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն, որը դրա հիման վրա իրականացնում է որդեգրման ենթակա երեխայի կենտրոնացված հաշվառումը:
(12-րդ կետը փոփ. 17.05.00 N 240, 14.06.00 N 305)
13. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը եռօրյա ժամկետում` որդեգրման ենթակա երեխայի կենտրոնացված հաշվառման մասին տեղեկացնում է համապատասխան մարզային հանձնաժողովին:
(13-րդ կետը փոփ. 17.05.00 N 240, 14.06.00 N 305)
III. Որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվառումը
14. Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են երեխա որդեգրել, դիմում են իրենց բնակության վայրի մարզային հանձնաժողովին` ներկայացնելով`
դիմում,
անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ,
տեղեկանք բնակության վայրից` բնակարանային պայմանների և ընտանիքի կազմի մասին,
տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի մասին (եթե աշխատում է),
բնութագիր` տրված վստահություն վայելող առնվազն երեք անձանց (կազմակերպությունների) կողմից,
հարկային օրենսդրությանը համապատասխան տրված եկամուտների վերաբերյալ հայտարարագիր կամ հարկային (բանկային) տեղեկանք,
առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթուղթ` տրված ըստ բնակության վայրի բժշկական հաստատության, համապատասխան մասնագիտացված կենտրոնների (մասնագետների) կողմից,
ամուսնության վկայական (եթե ամուսնացած է),
մահվան վկայական (եթե ամուսինը մահացած է),
որդեգրման ենթակա երեխայի մասին տվյալներ` տարիքը, սեռը, երեխաների թիվը և այլն (եթե նա չունի ընտրած երեխա):
15. Որդեգրել ցանկացող անձից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո մարզային հանձնաժողովը մեկամսյա ժամկետում կատարում է այդ անձի ու նրա կենսապայմանների ուսումնասիրություն և կազմում համապատասխան ակտ:
Մարզային հանձնաժողովը որդեգրել ցանկացող անձից ստացված փաստաթղթերի և կազմված ակտի հիման վրա լրացնում է որդեգրել ցանկացող անձի անձնական քարտը (N 2 ձևը կցվում է), տալիս որդեգրման հնարավորության մասին գրավոր եզրակացություն և դրական եզրակացության դեպքում նրան վերցնում հաշվառման` որպես որդեգրողի թեկնածու:
16. Եթե մարզային հանձնաժողովը կայացրել է որդեգրման հնարավորության մասին բացասական եզրակացություն, ապա այն կայացնելուց հետո 5-օրյա ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացնում է դիմողին: Դիմողը որդեգրման հնարավորության մասին բացասական եզրակացությունը կարող է բողոքարկել դատական կարգով:
17. Մարզային հանձնաժողովը որդեգրողի թեկնածուի փաստաթղթերի, կենսապայմանների ուսումնասիրության ակտի և անձնական քարտի հիման վրա կազմում է համապատասխան տեղեկանք և հաշվառման պահից եռօրյա ժամկետում այն փոխանցում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն, որը դրա հիման վրա իրականացնում է որդեգրողի թեկնածուի կենտրոնացված հաշվառումը:
(17-րդ կետը փոփ. 17.05.00 N 240, 14.06.00 N 305)
18. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը եռօրյա ժամկետում որդեգրողի թեկնածուի կենտրոնացված հաշվառման մասին տեղեկացնում է համապատասխան մարզային հանձնաժողովին:
(18-րդ կետը փոփ. 17.05.00 N 240, 14.06.00 N 305)
IV. Որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիների հաշվառումը
19. Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետև` օտարերկրյա քաղաքացիներ), ովքեր ցանկանում են Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրել, անձամբ իրենց լիազորած անձի, ինչպես նաև տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության միջոցով, դիմում են հանրապետական հանձնաժողովին` ներկայացնելով`
դիմում,
անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ,
իրենց պետության իրավասու մարմնի (կազմակերպության) թույլտվությունը կամ երաշխավորագիրը` իրենց կողմից որդեգրելու վերաբերյալ,
տեղեկանք բնակարանային պայմանների և ընտանիքի կազմի մասին,
տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի մասին (եթե աշխատում է),
բնութագիր` տրված վստահություն վայելող առնվազն երեք անձանց (կազմակերպությունների) կողմից,
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությանը համապատասխան տրված եկամուտների վերաբերյալ հայտարարագիր կամ հարկային (բանկային) տեղեկանք,
բժշկական փաստաթուղթ առողջական վիճակի վերաբերյալ,
ամուսնության վկայական (եթե ամուսնացած է),
մահվան վկայական (եթե ամուսինը մահացած է),
որդեգրման ենթակա երեխայի մասին տվյալներ` տարիքը, սեռը, երեխաների թիվը և այլն (եթե նա չունի ընտրած երեխա):
Եթե որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացին համապատասխան փաստաթղթերը հանրապետական հանձնաժողով է ներկայացրել լիազորված անձի միջոցով, ապա ներկայացվող փաստաթղթերի հետ պետք է ներկայացնի իր կողմից այդ անձին սահմանված կարգով տրված լիազորագիրը:
Հանրապետական հանձնաժողովը 10-օրյա ժամկետում որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացուց ըստ անհրաժեշտության կարող է պահանջել նրա մերձավոր ազգականների համաձայնությունը, ինչպես նաև տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության, հայ համայնքի, հայկական եկեղեցու, վստահություն վայելող անձանց (կազմակերպությունների) երաշխավորագրերը:
20. Որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում վավերական են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
Օտար լեզվով ներկայացված փաստաթղթերը պետք է թարգմանվեն հայերեն և սահմանված կարգով վավերացվեն տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հաստատության կամ Հայաստանի Հանրապետությունում պետական նոտարական գրասենյակների կողմից:
21. Հանրապետական հանձնաժողովը որդեգրել ցանկացող անձից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում իրավասու մարմիններին կատարած հարցման միջոցով անցկացնում է այդ անձի և նրա կենսապայմանների ուսումնասիրություն և կազմում համապատասխան ակտ:
Հանրապետական հանձնաժողովը որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացուց ստացած փաստաթղթերի և կազմված ակտի հիման վրա լրացնում է որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացու անձնական քարտը (N 2 ձևը կցվում է), տալիս որդեգրման հնարավորության մասին գրավոր եզրակացություն և դրական եզրակացության դեպքում վերցնում հաշվառման` որպես որդեգրողի թեկնածու:
22. Եթե հանրապետական հանձնաժողովը տալիս է որդեգրման հնարավորության մասին բացասական եզրակացություն, ապա այն տալուց հետո մեկշաբաթյա ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացնում է դիմողին: Դիմողը որդեգրման հնարավորության մասին բացասական եզրակացությունը կարող է բողոքարկել դատական կարգով:
23. Հանրապետական հանձնաժողովը որդեգրողի թեկնածու օտարերկրյա քաղաքացու փաստաթղթերի, կենսապայմանների ուսումնասիրության ակտի ու անձնական քարտի հիման վրա կազմում է համապատասխան տեղեկանք և հաշվառման պահից եռօրյա ժամկետում այն հանձնում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն, որը դրա հիման վրա իրականացնում է որդեգրողի թեկնածուի կենտրոնացված հաշվառումը:
(23-րդ կետը փոփ. 17.05.00 N 240, 14.06.00 N 305)
24. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը եռօրյա ժամկետում որդեգրողի թեկնածու օտարերկրյա քաղաքացու կենտրոնացված հաշվառման մասին տեղեկացնում է հանրապետական հանձնաժողովին:
(24-րդ կետը փոփ. 17.05.00 N 240, 14.06.00 N 305)
V. Որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկություններ տրամադրելը
25. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկությունները տրամադրվում է հանրապետական և մարզային հանձնաժողովներին, ինչպես նաև իրավասու մարմիններին` նրանց հարցման հիման վրա:
(25-րդ կետը փոփ. 17.05.00 N 240, 14.06.00 N 305)
26. Եթե որդեգրողի թեկնածուն չունի որդեգրման ենթակա երեխայի ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից տրված գրավոր նախնական համաձայնություն երեխային որդեգրելու վերաբերյալ, ապա նա դիմում է իր բնակության վայրի մարզային հանձնաժողովին (օտարերկրյա քաղաքացին` հանրապետական հանձնաժողովին)` սույն կարգին կից N 2 ձևում նշված տվյալներին համապատասխան որդեգրման ենթակա երեխայի մասին տեղեկություններ ստանալու նպատակով:
Ստացված տեղեկությունների հիման վրա որդեգրողի թեկնածուի կողմից որդեգրման ենթակա երեխա ընտրելու դեպքում մարզային (հանրապետական) հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը տեղեկացնում է դրա մասին և, եթե այլ որդեգրողի թեկնածու ընտրված երեխային որդեգրելու ցանկություն չի հայտնել, ապա կազմակերպում է որդեգրման ենթակա երեխայի և որդեգրողի թեկնածուի հանդիպումը:
(26-րդ կետը փոփ. 17.05.00 N 240, 14.06.00 N 305)
27. Եթե որդեգրման ենթակա միևնույն երեխայի կապակցությամբ ցանկություն են հայտնել մեկից ավելի որդեգրողի թեկնածուներ, ապա երեխայի հետ նրանցից առաջինի հանդիպումը կազմակերպվում է ըստ նրանց կենտրոնացված հաշվառման հերթականության: Մյուս որդեգրողի թեկնածուների հետ երեխայի հանդիպումը կազմակերպվում է այն դեպքում, եթե առաջին որդեգրողի թեկնածուն ցանկություն չի հայտնում տվյալ երեխային որդեգրելու մասին:
28. Տրամադրված տեղեկությունների հիման վրա որդեգրման ենթակա երեխային ընտրելու դեպքում մարզային (հանրապետական) հանձնաժողովը եռօրյա ժամկետում դրա մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը:
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունն ապահովում է ընտրված որդեգրման ենթակա երեխայի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կասեցումը` մինչև համապատասխան համայնքի ղեկավարի` այդ երեխային ընտրած որդեգրողի թեկնածուի կողմից որդեգրելու մասին որոշում ընդունելը:
(28-րդ կետը փոփ. 17.05.00 N 240, 14.06.00 N 305)
29. Տրամադրված տեղեկությունների հիման վրա որդեգրման ենթակա երեխային որդեգրելուց հրաժարվելու դեպքում որդեգրողի թեկնածուն հաշվառումից չի հանվում:
30. Որդեգրողի թեկնածուն իրավունք ունի մարզային (հանրապետական) հանձնաժողովից`
ստանալու անհրաժեշտ տեղեկություններ որդեգրման ենթակա երեխայի, ինչպես նաև նրա մերձավոր ազգականների մասին,
որդեգրվող երեխայի առողջական վիճակի զննման նպատակով դիմելու բժշկական հաստատություն` երեխայի օրինական ներկայացուցչի մասնակցությամբ:
31. Որդեգրողի թեկնածուն պարտավոր է անձամբ`
մինչև որդեգրման մասին որոշում ընդունելը ծանոթանալ և շփվել որդեգրվողի երեխայի հետ,
ծանոթանալ որդեգրվող երեխայի փաստաթղթերին:
VI. Որդեգրման մասին որոշում ընդունելը
32. Որդեգրողի թեկնածուն ընտրված երեխայի կապակցությամբ դիմում է իր կամ որդեգրման ենթակա երեխայի բնակության վայրի համայնքի ղեկավարին` սահմանված կարգով որդեգրման մասին որոշում ընդունելու համար:
33. Որդեգրման մասին որոշում ընդունելու համար համայնքի ղեկավարին պետք է ներկայացվի`
ա) որդեգրողի թեկնածուի կողմից`
դիմում` ընտրված երեխային որդեգրելու խնդրանքով,
որդեգրման հնարավորության մասին եզրակացությունը,
անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ,
առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթուղթ ,
որդեգրման ենթակա երեխայի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան վայրը փոփոխելու վերաբերյալ առաջարկություն:
Սույն կետում նշված փաստաթղթերը որդեգրողի թեկնածու օտարերկրյա քաղաքացին պետք է ներկայացնի սույն կարգի 20-րդ կետի պահանջներին համապատասխան:
Եթե որդեգրման ենթակա երեխան որդեգրվում է երկու ամուսինների կողմից, ապա տրվում է համատեղ դիմում: Երեխան մեկ ամուսնու կողմից որդեգրվելու դեպքում դիմումին կցվում է մյուս ամուսնու գրավոր համաձայնությունը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
բ) ծնողներ ունեցող որդեգրման ենթակա երեխայի ծնողների կողմից` երեխային որդեգրման հանձնելու մասին գրավոր համաձայնություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
Եթե երեխան գտնվում է խնամակալության (հոգաբարձության) ներքո, ապա պետք է ներկայացվի նաև երեխայի խնամակալի (հոգաբարձուի) գրավոր համաձայնությունը.
գ) այն հաստատության ղեկավարի կամ այն անձի կողմից, ում մոտ գտնվում է որդեգրման ենթակա երեխան`
երեխայի ծննդյան վկայականը,
որդեգրման իրավական հիմքերը հաստատող փաստաթղթեր` ծնողի (ծնողների) մահվան վկայականը (վկայականները), ծնողի (ծնողների) ծնողական իրավունքից զրկելու, ծնողներին անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը (պատճենները), երեխայի ընկեցիկ լինելու փաստը հաստատող ակտը, երեխայի ծնողների, խնամակալի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությունը,
երեխայի առողջական վիճակի մասին եզրակացություն` տրված համապատասխան մանկական առողջապահական հիմնարկի կողմից.
դ) որդեգրվող տասը տարեկան երեխայի ծնողների կամ օրինական ներկայացուցիչների կողմից`
երեխայի գրավոր համաձայնությունը, բացառությամբ այն դեպքի, երբ նախքան որդեգրման համար դիմելը երեխան բնակվել է որդեգրել ցանկացող անձի ընտանիքում և նրան համարում է իր ծնողը,
ծնողներից մեկի կամ մահացած ծնողի ազգականների հետ երեխայի հարաբերությունները պահպանելու մասին ցանկությունը:
Որդեգրվող երեխայի ծնողներից մեկի կամ մահացած ծնողի ազգականների հետ նրա հարաբերությունները պահպանելու մասին պետք է մատնանշված լինի որդեգրման վերաբերյալ որոշման մեջ:
34. Որդեգրման համար ծնողների համաձայնության դեպքում, եթե երեխային որդեգրելու ցանկություն են հայտնել խորթ հայրը, խորթ մայրը, երեխայի ազգականները և այլ քաղաքացիներ, ապա նախապատվությունը տրվում է խորթ հորը, խորթ մորը կամ ազգականներին:
35. Համայնքի ղեկավարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից երեխա որդեգրելու մասին որոշում ընդունում է ոչ ուշ, քան սույն կարգի 33-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո երկշաբաթյա ժամկետում:
36. Համայնքի ղեկավարը օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխա որդեգրելու մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությունն ստանալու համար համայնքի ղեկավարը որդեգրման մասին որոշում ընդունելու համար որդեգրողի թեկնածուի դիմում տալու օրվանից 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում միջնորդություն` սույն կարգի 33-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերով հանդերձ:
Համայնքի ղեկավարը Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան թույլտվությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում ընդունում է որդեգրման մասին որոշում:
37. Համայնքի ղեկավարը որդեգրումը մերժելու մասին որոշում ընդունում է սույն կարգի 33-րդ կետում նշված փաստաթղթերը սահմանված կարգով չներկայացնելու, ինչպես նաև սույն կարգի 36-րդ կետում նշված` Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվության բացակայության դեպքում: Որդեգրումը մերժելու մասին որոշում ընդունելուց հետո 5-օրյա ժամկետում համայնքի ղեկավարը դրա մասին տեղեկացնում է դիմողին: Դիմողը մերժման մասին որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով:
38. Համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում որդեգրման մասին որոշման պատճենն ուղարկում է մարզային (հանրապետական) հանձնաժողով և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն` եթե երեխան հաշվառված է որպես որդեգրման երեխա հաշվառումից հանելու, այնուհետև որպես որդեգրված երեխա հաշվառելու, ինչպես նաև որդեգրողի թեկնածուին հաշվառումից հանելու, այնուհետև որպես որդեգրողի հաշվառելու համար:
(38-րդ կետը փոփ. 17.05.00 N 240, 14.06.00 N 305)
39. Որդեգրողները պարտավոր են անձամբ`
ստանալ որդեգրման մասին համայնքի ղեկավարի որոշումը,
իրենց մոտ վերցնել երեխային նրա բնակության կամ գտնվելու վայրից` ներկայացնելով որդեգրման մասին որոշումը և իր անձը հաստատող փաստաթուղթ:
40. Հայաստանի Հանրապետությունում որդեգրողների ընտանիքում որդեգրված երեխայի ապրելու և նրա դաստիարակության նկատմամբ հսկողությունը սահմանված կարգով իրականացնում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը և սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հսկողությունն իրականացվում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան:
(40-րդ կետը փոփ. 17.05.00 N 240, 14.06.00 N 305)
Ձև N 1
|
{ լուսանկար } ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՐԵԽԱՅԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՔԱՐՏ N հանձնաժողովը
Լրացնելու ժամանակը _____________________________ (տարեթիվը, ամիսը, օրը)
Տվյալներ երեխայի մասին (լրացնելու պահի դրությամբ) _____________________________ (անունը, ազգանունը, հայրանունը)
Սեռը ____________, ծննդյան ժամանակը ___________________________ (տարեթիվը, ամիսը, օրը)
Ազգությունը ________________________________________________
Սոցիալական վիճակը. որբ է, մնացել է առանց ծնողական խնամքի, ընկեցիկ է (ընդգծել)
Ծննդյան վայրը ______________________________________________
Ծննդյան վկայական ___________ N ____________
Ծննդյան վկայականը տալու ժամանակը ___________________________ (տարեթիվը, ամիսը, օրը)
Երեխայի հատուկ նշանները ______________________________________________ (հասակը, քաշը, աչքերի գույնը, մազերի գույնը աչքի ընկնող հատկանիշները)
Բնութագրիչ առանձնահատկությունները ______________________________________ (շփվող, ինքնամփոփ և այլն)
Գտնվելու վայրը _____________________________________________________
Բժշկական եզրակացություն առողջական վիճակի մասին ____________________________
Տեղեկություններ ծնողների մասին` լրացնելու պահի դրությամբ
Մայրը _____________________________________________________ (անունը, ազգանունը, հայրանունը)
Ծնվել է _________ թ.
Գտնվելու վայրը _______________________________________________
Սոցիալական տեղեկանք ________________________________________________ (աշխատանքի վայրը, առողջական վիճակը, նորմալ է, քրոնիկ հիվանդ է, հաշմանդամ է)
Հայրը ______________________________________________________ (անունը, ազգանունը, հայրանունը)
Ծնվել է ________________ թ.
Գտնվելու վայրը _________________________________________________
Սոցիալական տեղեկանք _____________________________________________ (աշխատանքի վայրը, առողջական վիճակը, նորմալ է, քրոնիկ հիվանդ է, հաշմանդամ է)
Եղբայրներ, քույրեր, այլ ազգականներ________________________________________ (անունները, ազգանունները, հայրանունները, գտնվելու վայրերը)
Որդեգրման հանձնելու իրավական հիմքերը_____________________________________ (ծնողի (ծնողների) մահվան վկայականը (վկայականները), ակտ երեխայի ընկեցիկ լինելու մասին, ծնողների ծնողական իրավունքից զրկելու վերաբերյալ դատարանի վճիռը, որդեգրելու համար գրավոր համաձայնությունը և այլն)
Լրացուցիչ տեղեկություններ______________________________________________
Անձնական քարտը լրացրել է ____________________________________________ (պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը) |
Ձև N 2
|
{ լուսանկար } ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՔԱՐՏ N
հանձնաժողովը
Լրացնելու ժամանակը ______________________________ (տարեթիվը, ամիսը, օրը)
Տվյալներ անձի մասին (լրացնելու պահի դրությամբ) _______________________________ (անունը, ազգանունը, հայրանունը)
Սեռը ____________, ծննդյան ժամանակը __________________________________ (տարեթիվը, ամիսը, օրը)
Քաղաքացիությունը _____________________________________________
Ազգությունը _______________________________________
Ծննդյան վայրը ____________________________________________
Անձնագիրը ___________ N ____________
Անձնագիրը տալու ժամանակը ___________________________ ___________ (տարեթիվը, ամիսը, օրը) (ում կողմից)
Բնակության վայրը____________________________________________________
Աշխատանքի վայրը (պաշտոնը) ____________________________________________
Ընտանեկան դրությունը ________________________________________________ (ամուսնացած է, ամուրի է և այլն)
Առողջական վիճակը___________________________________________________ (նորմալ է, քրոնիկ հիվանդ է, հաշմանդամ է և այլն)
Ցանկալի երեխայի մասին տվյալներ__________________________________________ (սեռը, տարիքը, թիվը, արտաքինը և այլ առանձնահատուկ հատկանիշներ)
Լրացուցիչ տեղեկություններ______________________________________________
Անձնական քարտը լրացրել է______________________________________________ (պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը) |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.03.2010, N 269-Ն | 10.04.2010, N 64 | |
30.04.2009, N 457-Ն | 08.06.2009, N 64 | |
01.02.2007, N 209-Ն | 31.03.2007, N 64 | |
24.12.2003, N 1936-Ն | 27.03.2004, N 64 | |
14.06.2000, N 305 | 14.06.2000, N 64 | |
17.05.2000, N 240 | 10.06.2000, N 64 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|