Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-692
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.04.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
17.04.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2007

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

17 ապրիլի 2007 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գ. Ղարիբջանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի հունիսի 9-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության միջև Երևանում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գրասենյակ հիմնելու մասին փոխըմբռնման հուշագրի լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով լրացուցիչ արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության միջև Երևանում ԵԱՀԿ գրասենյակ հիմնելու մասին փոխըմբռնման հուշագրի լրացուցիչ արձանագրությունն ստորագրվել է 2006 թվականի հունիսի 9-ին` Երևանում:

Լրացուցիչ արձանագրությամբ նախատեսվում է Սյունիքի մարզում բացել ԵԱՀԿ ծրագրերի իրականացման առանձին գրասենյակ` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից Սյունիքի մարզում իրականացվող տնտեսական և բնապահպանական ուսումնասիրությունների, ինչպես նաև տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացման նպատակով:

2. ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակների վրա տարածվում են փոխըմբռնման հուշագրով Գրասենյակի համար նախատեսված արտոնություններն ու անձեռնմխելիությունը:

ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակների գործողության ժամկետը և գործունեության շրջանակը որոշվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Գրասենյակի միջև փոխադարձ համաձայնությամբ:

3. Լրացուցիչ արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը չի ստանձնում ֆինանսական պարտավորություններ:

4. Համաձայնագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9 հոդվածին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2006 թվականի հունիսի 9-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության միջև Երևանում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գրասենյակ հիմնելու մասին փոխըմբռնման հուշագրի լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Նախագահող

Վ. Հովհաննիսյան


17 ապրիլի 2007 թվականի
ՍԴՈ-692

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան