ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
17 ապրիլի 2007 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գ. Ղարիբջանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի հունիսի 9-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության միջև Երևանում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գրասենյակ հիմնելու մասին փոխըմբռնման հուշագրի լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով լրացուցիչ արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության միջև Երևանում ԵԱՀԿ գրասենյակ հիմնելու մասին փոխըմբռնման հուշագրի լրացուցիչ արձանագրությունն ստորագրվել է 2006 թվականի հունիսի 9-ին` Երևանում:
Լրացուցիչ արձանագրությամբ նախատեսվում է Սյունիքի մարզում բացել ԵԱՀԿ ծրագրերի իրականացման առանձին գրասենյակ` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից Սյունիքի մարզում իրականացվող տնտեսական և բնապահպանական ուսումնասիրությունների, ինչպես նաև տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացման նպատակով:
2. ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակների վրա տարածվում են փոխըմբռնման հուշագրով Գրասենյակի համար նախատեսված արտոնություններն ու անձեռնմխելիությունը:
ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակների գործողության ժամկետը և գործունեության շրջանակը որոշվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Գրասենյակի միջև փոխադարձ համաձայնությամբ:
3. Լրացուցիչ արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը չի ստանձնում ֆինանսական պարտավորություններ:
4. Համաձայնագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9 հոդվածին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2006 թվականի հունիսի 9-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության միջև Երևանում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գրասենյակ հիմնելու մասին փոխըմբռնման հուշագրի լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Վ. Հովհաննիսյան |
|