Գլխավոր տեղեկություն
Համար
N 1406-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.12.2006-04.10.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.09.03/45(280) Հոդ.946
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.08.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 սեպտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 2002 թվականի N 1406-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության կենտրոնական պետական արխիվները և պետական արխիվների սպասարկման ծառայությունը (այսուհետ` պետական հիմնարկներ)` համաձայն N 1 հավելվածի, միաձուլման ձևով վերակազմակերպել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` պետական կազմակերպություն):

Պետական կազմակերպությունը պետական հիմնարկների իրավահաջորդն է՝ փոխանցման ակտին համապատասխան:

(1-ին կետը խմբ. 20.03.03 N 291-Ն, փոփ., լրաց. 21.08.03 N 1063-Ն)

11. Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզերի պետական արխիվներն ու պետական կազմակերպությունը վերակազմակերպել միացման ձևով՝ Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզերի պետական արխիվները միացնելով պետական կազմակերպությանը՝ համաձայն N 2 հավելվածի:

Պետական կազմակերպությունը Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզերի պետական արխիվների իրավահաջորդն է՝ փոխանցման ակտին համապատասխան:

(11 կետը լրաց. 20.03.03 N 291-Ն, խմբ., լրաց. 21.08.03 N 1063-Ն)

12. Ստեղծել պետական կազմակերպության մասնաճյուղեր՝ համաձայն N 3 հավելվածի, և պետական կազմակերպության տարածքային ներկայացուցչություններ՝ համաձայն N 4 հավելվածի:

(12 կետը լրաց. 20.03.03 N 291-Ն, խմբ. 21.08.03 N 1063-Ն)

13. Հաստատել պետական կազմակերպության կանոնադրությունը` համաձայն N 5 հավելվածի

(13 կետը լրաց. 20.03.03 N 291-Ն, փոփ. 21.08.03 N 1063-Ն)

2. Պետական կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են պատմամշակութային ժառանգության` Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի պահպանումը, հաշվառումը, համալրումը, օգտագործումը, հրապարակումն ու հանրահռչակումը:

(2-րդ կետը փոփ. 20.03.03 N 291-Ն, 30.12.04 N 1879-Ն)

3. Պետական կազմակերպությունը, օրենքին կամ հիմնադրի որոշմանը համապատասխան, սահմանված կարգով իրականացնում են ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` արխիվային վավերագրերի հրատարակություն, փաստաթղթերի պատճենների տրամադրում, ֆիզիկական և իրավաբանական անձանց արխիվագիտական ծառայությունների մատուցում, փաստաթղթերի և գրականության վերականգնում ու կազմապատում, արխիվային տուփերի, արկղերի և արխիվային փաստաթղթերի ապահովագրական պատճենների պատրաստում:

(3-րդ կետը փոփ., լրաց. 20.03.03 N 291-Ն)

4. Սահմանել, որ պետական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր նախկին արխիվային գործի վարչության տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի 83559426 դրամ սկզբնական արժեքով, սեփականության իրավունքով հանձնվում է պետական կազմակերպությանը:

Պետական կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր նախկին արխիվային գործի վարչության հաշվեկշռում հաշվառված` Երևանի Հ. Քոչարի 5 հասցեում գտնվող շենքերը և շինությունները` 8945 քառ. մետր մակերեսով, որոնց սկզբնական արժեքը 63365194 հազ. դրամ է, մաշվածությունը` 15578097 դրամ, մնացորդային արժեքը` 47787097 դրամ, Մարշալ Բաղրամյան 59գ հասցեում գտնվող շենքը` 3700 քառ. մետր մակերեսով, որի սկզբնական արժեքը 21332850 դրամ է, մաշվածությունը` 7039840 դրամ, մնացորդային արժեքը` 14293010 դրամ, և Թբիլիսյան խճուղու 25ա հասցեում գտնվող ստորգետնյա արխիվադարանը` 7200 քառ. մետր մակերեսով, որի սկզբնական արժեքը 182558530 դրամ է, մաշվածությունը` 76538432 դրամ, մնացորդային արժեքը` 106020098 դրամ, շենքը և շինությունները` 3393,3 քառ. մետր մակերեսով և 43113917 դրամ հաշվարկային արժեքով, Վաղարշապատի Ալավերդյան 13ա հասցեում գտնվող շենքը` 170,5 քառ. մետր մակերեսով և 2238450 դրամ հաշվեկշռային արժեքով, պետության սեփականությունը հանդիսացող` Աբովյան քաղաքի Բարեկամության 2 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 92,8 քառ. մետր, Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի 60 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 38,3 քառ. մետր և 2-րդ հարկից 69,5 քառ. մետր, Արմավիր քաղաքի Հանրապետության 6 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից 51,5 քառ. մետր, Գավառ քաղաքի Գրիգոր Լուսավորչի 36 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 99,8 քառ. մետր, Եղեգնաձոր քաղաքի Շահումյան 5 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 81 քառ. մետր, Վանաձոր քաղաքի Թատերական 4 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բացվածքից 150 քառ. մետր մակերեսներով տարածքները, ինչպես նաև պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

(4-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 20.03.03 N 291-Ն, լրաց. 03.11.05 N 1924-Ն, 07.12.06 N 1786-Ն)

5. Պետական կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «ե», «է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը:

(5-րդ կետը խմբ. 20.03.03 N 291-Ն, փոփ. 19.05.05 N 633-Ն)

6. Պետական կազմակերպության գործունեությունը ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(6-րդ կետը փոփ. 20.03.03 N 291-Ն)

7. Պետական կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է նրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար` հետևյալ ուղղություններով`

ա) պետական կազմակերպության աշխատանքային գործունեությունն ապահովող գույքի և նյութերի ձեռքբերում.

բ) Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի մասին տեղեկատվություն ներկայացնելն ու հանրահռչակման միջոցառումների իրականացում (գովազդներ, հայտարարություններ, խորհրդակցություններ և այլն).

գ) արխիվային գործին վերաբերող գրականության ձեռքբերում, Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուին վերաբերող տեղեկությունները հասարակությանը մատչելի դարձնելու նպատակով գրքույկների և տեղեկագրերի հրատարակման կազմակերպում.

դ) պետական կազմակերպության աշխատողների կենսաապահովման բարձրացում` պարգևատրումների, հավելավճարների և խրախուսման այլ ձևերով.

ե) պետական կազմակերպության տեխնիկական հագեցվածության բարելավում, այդ թվում` հիմնական միջոցների ձեռքբերում.

զ) պետական կազմակերպության աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով դասընթացների կազմակերպում կամ մասնակցություն կազմակերպված դասընթացներին.

է) լիազորված մարմնի կողմից և պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ ուղղություններ:

(7-րդ կետը փոփ. 20.03.03 N 291-Ն, 30.12.04 N 1879-Ն)

8. Պետական կազմակերպության պետական գրանցման, կնիքների պատրաստման թույլտվության, ինչպես նաև կազմակերպությանը հանձնված գույքի գրանցման համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեից` համաձայն «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ մասի:

(8-րդ կետը խմբ. 20.03.03 N 291-Ն)

9. Մինչև վերակազմակերպումը` պետական հիմնարկներին Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից տրամադրված հատկացումները ներառել վերակազմակերպումից հետո պետական կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրում:

(9-րդ կետը փոփ. 20.03.03 N 291-Ն)

10. (10-րդ կետը փոփ. 20.03.03 N 291-Ն, ուժը կորցրել է 30.12.04 N 1879-Ն):

101. Սահմանել, որ պետական կազմակերպությունն ԱՊՀ անդամ պետությունների միջև 1992 թվականի հուլիսի 6-ին և 1999 թվականի հունիսի 4-ին ստորագրած միջպետական համաձայնագրերի շրջանակներում համագործակցում է ԱՊՀ անդամ պետությունների արխիվային ծառայությունների հետ:

(101 կետը լրաց. 20.03.03 N 291-Ն)

11. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի մշտական պահպանությունն իրականացնող պետական արխիվների համակարգը հաստատելու մասին» N 501 որոշման 1-ին կետը:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 30
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 22-ի N 1406-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

 

NN
ը/կ

Անվանումը

1.

Հայաստանի Հանրապետության պատմության կենտրոնական պետական արխիվ

2.

Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության կենտրոնական պետական արխիվ

3.

Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական կազմակերպությունների փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվ

4.

Հայաստանի Հանրապետության արվեստի, գրականության և մամուլի փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվ

5.

Հայաստանի Հանրապետության գիտատեխնիկական փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվ

6.

Հայաստանի Հանրապետության պետական արխիվների սպասարկման ծառայություն

 

(Հավելվածը խմբ. 20.03.03 N 291-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 22-ի N 1406-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՎՈՂ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ

 

NN
ը/կ

Պետական արխիվի անվանումը

1.

Երևան քաղաքի պետական արխիվ

2.

Արագածոտնի մարզի պետական արխիվ

3.

Արարատի մարզի պետական արխիվ

4.

Արմավիրի մարզի պետական արխիվ

5.

Գեղարքունիքի մարզի պետական արխիվ

6.

Լոռու մարզի պետական արխիվ

7.

Կոտայքի մարզի պետական արխիվ

8.

Շիրակի մարզի պետական արխիվ

9.

Սյունիքի մարզի պետական արխիվ

10.

Վայոց ձորի մարզի պետական արխիվ

11.

Տավուշի մարզի պետական արխիվ

 

(Հավելվածը խմբ. 20.03.03 N 291-Ն, 21.08.03 N 1063-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 22-ի N 1406-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ

 

NN
ը/կ

Մասնաճյուղի անվանումը

1.

Երևանի քաղաքային մասնաճյուղ

2.

Արագածոտնի մարզային մասնաճյուղ

3.

Արարատի մարզային մասնաճյուղ

4.

Արմավիրի մարզային մասնաճյուղ

5.

Գեղարքունիքի մարզային մասնաճյուղ

6.

Լոռու մարզային մասնաճյուղ

7.

Կոտայքի մարզային մասնաճյուղ

8.

Շիրակի մարզային մասնաճյուղ

9.

Սյունիքի մարզային մասնաճյուղ

10.

Վայոց ձորի մարզային մասնաճյուղ

11.

Տավուշի մարզային մասնաճյուղ

12.

Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղ

 

(Հավելվածը լրաց. 20.03.03 N 291-Ն, խմբ. 21.08.03 N 1063-Ն, լրաց. 04.08.05 N 1237-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 22-ի N 1406-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

NN
ը/կ

Ներկայացուցչության անվանումը

1.

Ապարանի տարածքային ներկայացուցչություն

2.

Ծաղկահովտի տարածքային ներկայացուցչություն

3.

Թալինի տարածքային ներկայացուցչություն

4.

Արարատի տարածքային ներկայացուցչություն

5.

Մասիսի տարածքային ներկայացուցչություն

6.

Արմավիրի տարածքային ներկայացուցչություն

7.

(Տողը ուժը կորցրել է 04.08.05 N 1237-Ն)

8.

Ճամբարակի տարածքային ներկայացուցչություն

9.

Մարտունու տարածքային ներկայացուցչություն

10.

Սևանի տարածքային ներկայացուցչություն

11.

Վարդենիսի տարածքային ներկայացուցչություն

12.

Թումանյանի տարածքային ներկայացուցչություն

13.

Սպիտակի տարածքային ներկայացուցչություն

14.

Ստեփանավանի տարածքային ներկայացուցչություն

15.

Տաշիրի տարածքային ներկայացուցչություն

16.

Աբովյանի տարածքային ներկայացուցչություն

17.

Եղվարդի տարածքային ներկայացուցչություն

18.

Չարենցավանի տարածքային ներկայացուցչություն

19.

(Տողը ուժը կորցրել է 07.12.06 N 1786-Ն)

20.

(Տողը ուժը կորցրել է 07.12.06 N 1786-Ն)

21.

Մարալիկի տարածքային ներկայացուցչություն

22.

Աշոցքի տարածքային ներկայացուցչություն

23.

Արթիկի տարածքային ներկայացուցչություն

24.

Գորիսի տարածքային ներկայացուցչություն

25.

Մեղրու տարածքային ներկայացուցչություն

26.

Սիսիանի տարածքային ներկայացուցչություն

27.

Վայքի տարածքային ներկայացուցչություն

28.

Նոյեմբերյանի տարածքային ներկայացուցչություն

29.

Բերդի տարածքային ներկայացուցչություն

30.

Դիլիջանի տարածքային ներկայացուցչություն

31.

Ջերմուկի տարածքային ներկայացուցչություն

 

(Հավելվածը լրաց. 21.08.03 N 1063-Ն, փոփ. 04.08.05 N 1237-Ն, փոփ., լրաց. 07.12.06 N 1786-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 22-ի N 1406-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` պետական կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակով չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող գիտական և մշակութային գործունեություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվում է Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի մշտական պահպանման, հաշվառման, համալրման, օգտագործման և հրատարակման բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով:

Պետական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության կենտրոնական ու մարզային (Երևան քաղաքի) պետական արխիվների իրավահաջորդն է:

Պետական կազմակերպությունն ստեղծված է համարվում նրա` օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

Պետական կազմակերպությունը «Հայաստանի ազգային ֆիլմադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է` փոխանցման ակտին համապատասխան:

(1-ին կետը լրաց. 20.03.03 N 291-Ն, փոփ. 30.12.04 N 1879-Ն, լրաց. 03.11.05 N 1924-Ն)

2. Պետական կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ օրենքներին ու իրավական ակտերին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:

(2-րդ կետը լրաց. 20.03.03 N 291-Ն, փոփ. 30.12.04 N 1879-Ն, 19.05.05 N 633-Ն)

3. Պետական կազմակերպությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Պետական կազմակերպությունն իրավունք ունի իր անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

(3-րդ կետը լրաց. 20.03.03 N 291-Ն)

4. Պետական կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

(4-րդ կետը լրաց. 20.03.03 N 291-Ն)

5. Պետական կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների ու ծախսերի նախահաշիվ և բանկային հաշիվներ:

(5-րդ կետը լրաց. 20.03.03 N 291-Ն)

6. Պետական կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար, իսկ հիմնադիրը` պետական կազմակերպության պարտավորությունների համար:

(6-րդ կետը լրաց. 20.03.03 N 291-Ն)

7. Պետական կազմակերպության անվանումն է`

հայերեն լրիվ` «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

հայերեն կրճատ` «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ,

ռուսերեն լրիվ` Государственная некоммерческая организация «Национальный арxив Армении»,

ռուսերեն կրճատ` «Национальный арxив Армении» ГНО,

անգլերեն լրիվ` State Non Profit Organizatiօn «National Archives of Armenia»,

անգլերեն կրճատ` «National Archives of Armenia» SNPO:

(7-րդ կետը լրաց. 20.03.03 N 291-Ն)

8. Պետական կազմակերպության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ, Երևան, Հ. Քոչարի 5:

(8-րդ կետը լրաց. 20.03.03 N 291-Ն)

 

II. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

9. Պետական կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են պատմամշակութային ժառանգության` Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի պահպանումը, հաշվառումը, համալրումը, օգտագործումը, հրապարակումը և հանրահռչակումը:

(9-րդ կետը լրաց. 20.03.03 N 291-Ն, փոփ. 30.12.04 N 1879-Ն)

10. Պետական կազմակերպությունն իր գործունեության առարկային և նպատակներին համապատասխան`

ա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի համալրումը, հաշվառումը և պահպանումը.

բ) վարում է Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի կենտրոնացված հաշվառումը.

գ) սահմանված կարգով օգտագործում է Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուն.

դ) լիազորված պետական մարմին է ներկայացնում առաջարկություններ Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերը հատկապես արժեքավոր և հազվագյուտ ճանաչելու վերաբերյալ, ստեղծում և պահպանում է դրանց ապահովագրական պատճենները.

ե) արխիվային գործի և գործավարության բնագավառում իրականացնում է պետական ծրագրերը.

զ) ներդնում է փաստաթղթերի պահպանության, կոնսերվացման, պատճենման, վերականգնման և օգտագործման առավել արդյունավետ համակարգեր ու մեթոդներ.

է) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` համագործակցում է օտարերկրյա արխիվների ու արխիվային ծառայությունների հետ, արխիվային գործի և գործավարության բնագավառում մասնակցում միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքին.

ը) լիազորված պետական մարմին է ներկայացնում առաջարկություններ համալրման աղբյուրների ցանկի և արխիվում պահպանության ենթակա փաստաթղթերի կազմի, Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի ոչ պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերն օտարելիս պետության անունից առաջնային գնման վերաբերյալ.

թ) մասնակցում է արխիվային գործի ավտոմատ տեղեկատվական համակարգերի մշակման, ներդրման և օգտագործման, տեղեկատվական ցանցի և էլեկտրոնային տվյալների միասնական կենտրոնական շտեմարանի ստեղծման աշխատանքներին.

ժ) աջակցում է իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող արխիվների պահպանման գործին.

ժա) լիազորված պետական մարմին է ներկայացնում արխիվային գործի և գործավարության բնագավառում վարչական վիճակագրությունը.

ժբ) պատրաստում և հրատարակում է գիտական աշխատություններ, մենագրություններ, Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի, դրանց կազմի և բովանդակության վերաբերյալ գիտատեղեկատվական և գիտահանրամատչելի գրականություն, տեղեկագրեր, ուսումնական ու գործնական ձեռնարկներ, քարոզչական բնույթի և գովազդային նյութեր.

ժգ) կազմակերպում է արխիվագիտության, հնագրագիտության, փաստաթղթավարության, այլ օժանդակ պատմական գիտությունների հիմնախնդիրներին նվիրված գիտական նստաշրջաններ, համաժողովներ, գիտագործնական սեմինարներ և խորհրդակցություններ.

ժդ) ուսումնասիրում է հետադարձ տեղեկատվության հասարակական պահանջները, փաստաթղթերի նպատակային և արդյունավետ օգտագործումը.

ժե) քննարկում է քաղաքացիների նամակները (դիմումները և բողոքները), լուծում բարձրացված հարցերը.

ժզ) իրականացնում է իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականությունը համարվող փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորում.

ժէ) կազմում է իր համալրման աղբյուրների ցանկերը:

(10-րդ կետը լրաց. 20.03.03 N 291-Ն, 30.12.04 N 1879-Ն, փոփ., լրաց. 30.12.04 N 1879-Ն)

11. Պետական կազմակերպությունը, որպես ձեռնարկատիրական գործունեություն, իրականացնում է`

ա) արխիվային վավերագրերի հրատարակություն.

բ) փաստաթղթերի պատճենների տրամադրում.

գ) ֆիզիկական և իրավաբանական անձանց արխիվագիտական ծառայությունների մատուցում.

դ) փաստաթղթերի և գրականության վերականգնում ու կազմապատում.

ե) արխիվային տուփերի, արկղերի և արխիվային փաստաթղթերի ապահովագրական պատճենների պատրաստում:

Պետական կազմակերպությունը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:

(11-րդ կետը լրաց. 20.03.03 N 291-Ն)

 

III. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

12. Պետական կազմակերպությունը ֆինանսավորվում է`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` սուբսիդիայի ձևով.

բ) միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի միջոցներից.

գ) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթից.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրներից:

Ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրների ներգրավումը չի կարող հանգեցնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող ֆինանսավորման չափերի նվազեցմանը:

13. Պետական կազմակերպության գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է նրա կանոնադրությամբ նախատեսված հետևյալ նպատակների իրականացման համար`

ա) պետական կազմակերպության աշխատանքային գործունեությունն ապահովող գույքի և նյութերի ձեռքբերում.

բ) Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի մասին տեղեկատվություն ներկայացնելը և հանրահռչակման միջոցառումների իրականացումը (գովազդներ, հայտարարություններ, խորհրդակցություններ և այլն).

գ) արխիվային գործին վերաբերող գրականության ձեռքբերում, Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուին վերաբերող տեղեկությունները հասարակությանը մատչելի դարձնելու նպատակով գրքույկների և տեղեկագրերի հրատարակման կազմակերպում.

դ) պետական կազմակերպության աշխատողների կենսաապահովման բարձրացում` պարգևատրումների, հավելավճարների և խրախուսման այլ ձևերով.

ե) պետական կազմակերպության տեխնիկական հագեցվածության բարելավում, այդ թվում` հիմնական միջոցների ձեռքբերում.

զ) պետական կազմակերպության աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով դասընթացների կազմակերպում կամ մասնակցություն կազմակերպված դասընթացներին.

է) լիազորված պետական մարմնի կողմից և պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ նպատակներ:

Պետական կազմակերպության շահույթի օգտագործման կարգը սահմանում է հիմնադիրը:

(13-րդ կետը լրաց. 20.03.03 N 291-Ն, փոփ. 30.12.04 N 1879-Ն)

14. Պետական կազմակերպության ֆինանսական գործունեությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության ստորաբաժանման կողմից:

(14-րդ կետը լրաց. 20.03.03 N 291-Ն)

15. Պետական կազմակերպությունը հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով:

(15-րդ կետը լրաց. 20.03.03 N 291-Ն)

 

IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

16. Պետական կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա կողմից լիազորված մարմինը, կազմակերպության գործադիր մարմինը` տնօրենը:

(16-րդ կետը լրաց. 20.03.03 N 291-Ն)

17. Պետական կազմակերպության հիմնադիրն ունի պետական կազմակերպության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`

ա) պետական կազմակերպության հիմնադրումը.

բ) պետական կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

գ) պետական կազմակերպության կանոնադրության հաստատումը և դրա մեջ փոփոխությունների կատարումը.

դ) պետական կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը.

ե) օրենքով և իր կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:

(17-րդ կետը լրաց. 20.03.03 N 291-Ն)

18. Լիազորված պետական մարմինն իրականացնում է պետական կազմակերպության ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ իրականացման համար:

Լիազորված պետական մարմինը`

ա) հաստատում է պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմը.

բ) սահմանում է պետական կազմակերպության կառավարման համակարգը.

գ) նշանակում է պետական կազմակերպության լուծարման հանձնաժողովը և հաստատում լուծարման հաշվեկշիռը.

դ) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով ձևավորում է պետական կազմակերպության կառավարման մարմինը և վաղաժամկետ դադարեցնում նրա լիազորությունները.

ե) իրականացնում է վերահսկողություն պետական կազմակերպության գործունեության նկատմամբ.

զ) կասեցնում կամ ուժը կորցրած ճանաչում պետական կազմակերպության տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.

է) լսում է պետական կազմակերպության գործունեության մասին հաշվետվություններ, քննում դրանց գործունեության վերստուգման արդյունքները.

ը) իրականացնում է վերահսկողություն պետական կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.

թ) իրականացնում է վերահսկողություն պետական կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ, համաձայնություն է տալիս պետական կազմակերպությանը` նրան սեփականության իրավունքով հանձնված գույքի օտարման համար.

ժ) հաստատում է պետական կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշիվը.

ժա) հաստատում է պետական կազմակերպության տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.

ժբ) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրության նախատեսված այլ գործառույթներ:

(18-րդ կետը լրաց. 20.03.03 N 291-Ն)

19. Պետական կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է (նրա լիազորությունները դադարում են) լիազորված պետական մարմինը:

Պետական կազմակերպության տնօրենն օրենքով, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է պետական կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն` օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

(19-րդ կետը լրաց. 20.03.03 N 291-Ն)

20. Պետական կազմակերպության տնօրենի գործառույթներն իրականացնող անձի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը: Պայմանագրով սահմանվում են պետական կազմակերպության տնօրենի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները լիազորված պետական մարմնի հետ, նրա աշխատանքի վարձատրության պայմանները, պայմանագրի դադարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բոլոր հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերն անհրաժեշտ կգտնեն: Պայմանագրի դրույթները չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջներին` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

(20-րդ կետը լրաց. 20.03.03 N 291-Ն)

21. Պետական կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակված անձը պարտավոր է չկատարել հիմնադրի լիազորված պետական մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

(21-րդ կետը լրաց. 20.03.03 N 291-Ն)

22. Պետական կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակված անձի բացակայության դեպքում, նրան նշանակված մարմնի գրավոր որոշման համաձայն, այդ լիազորություններն իրականացնում է այլ անձ:

(22-րդ կետը լրաց. 20.03.03 N 291-Ն)

23. Պետական կազմակերպության տնօրենը`

ա) առանց լիազորագրի հանդես է գալիս պետական կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի, լիազորված պետական մարմնի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է պետական կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) տալիս է պետական կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է պետական կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

ե) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

զ) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

է) սահմանում է պետական կազմակերպության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները, աշխատողների թիվը, աշխատանքի վարձատրության ձևերը, աշխատավարձի չափերն ու վճարման կարգը և հաստատում հաստիքացուցակը.

ը) հաստատում է պետական կազմակերպության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները.

թ) նշանակում է պետական կազմակերպության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ղեկավարներին.

ժ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և պետական կազմակերպության կառավարման այլ մարմինների չվերապահված այլ լիազորություններ:

(23-րդ կետը լրաց. 20.03.03 N 291-Ն)

24. Պետական կազմակերպության հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներն են նրա բաժինները, բաժանմունքները և լաբորատորիաները, որոնք գործում են իրենց կանոնակարգերին համապատասխան:

Պետական կազմակերպության կառուցվածքի մեջ են մտնում նաև սպասարկող և օժանդակ բնույթի կառուցվածքային ստորաբաժանումները կամ առանձին հաստիքներ (հաշվապահություն, կադրային աշխատանք, գրասենյակ, տնտեսության վարում):

(24-րդ կետը լրաց. 20.03.03 N 291-Ն)

25. Պետական կազմակերպության գործունեության հիմնական հարցերի քննարկման, գիտամեթոդական և կազմակերպական աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով տնօրենին առընթեր ստեղծվում են խորհրդակցական մարմիններ` գիտական խորհուրդ և մեթոդական փորձագիտական հանձնաժողով:

Պետական կազմակերպության խորհրդակցական մարմիններն իրենց գործառույթներն իրականացնում են իրենց կանոնակարգերի հիման վրա: Պետական կազմակերպության խորհրդակցական մարմինների կազմում ընդգրկվում են պետական կազմակերպության ղեկավարները և մասնագետները, ինչպես նաև այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Պետական կազմակերպության խորհրդակցական մարմինների կազմը և կանոնակարգը հաստատում է պետական կազմակերպության տնօրենը: Պետական կազմակերպության խորհրդակցական մարմինների որոշումներն իրականացվում են պետական կազմակերպության տնօրենի հրամաններով:

(25-րդ կետը լրաց. 20.03.03 N 291-Ն)

26. Պետական կազմակերպության աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով, պետական կազմակերպության աշխատանքային ներքին ու կառուցվածքային ստորաբաժանումների կանոնակարգերով և այլ իրավական ակտերով:

(26-րդ կետը լրաց. 20.03.03 N 291-Ն)

27. Պետական կազմակերպության աշխատողների ատեստավորումը կազմակերպվում է յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակում:

Պետական կազմակերպության յուրաքանչյուր աշխատող ենթակա է ատեստավորման` յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ:

Ատեստավորման անցկացման կարգը հաստատում է լիազորված պետական մարմինը:

Տվյալ տարում ատեստավորման ենթակա աշխատողների ցուցակը հաստատում է պետական կազմակերպության տնօրենը:

(27-րդ կետը լրաց. 20.03.03 N 291-Ն)

 

V. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՏՆՕՐԻՆՄԱՆ, ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

28. Պետական կազմակերպության սեփականությունը ձևավորվում է պետական կազմակերպության հիմնադրման ժամանակ` հիմնադրման մասին հիմնադրի որոշմամբ լիազորված մարմնի սահմանված չափով հանձնված գույքից, հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև պետական կազմակերպության գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:

(28-րդ կետը լրաց. 20.03.03 N 291-Ն)

29. Պետական կազմակերպությունն իրավունք ունի, օրենքին, հիմնադրի որոշումներին և սույն կանոնադրությանը համապատասխան, իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

(29-րդ կետը լրաց. 20.03.03 N 291-Ն)

30. Պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ հիմնադիրը չունի իրավունքներ` բացառությամբ պետական կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:

(30-րդ կետը լրաց. 20.03.03 N 291-Ն)

31. Պետական կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:

(31-րդ կետը լրաց. 20.03.03 N 291-Ն)

32. Պետական կազմակերպության սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:

(32-րդ կետը լրաց. 20.03.03 N 291-Ն)

33. Հիմնադիրը կարող է պետական կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ցանկացած գույք:

Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից պետական կազմակերպությանն ամրացված գույքը:

(33-րդ կետը լրաց. 20.03.03 N 291-Ն)

34. Պետական կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու:

Պետական կազմակերպությունն իրավունք չունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության:

(34-րդ կետը լրաց. 20.03.03 N 291-Ն)

35. Հիմնադրի կողմից գույքը պետական կազմակերպությանն ամրացվելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:

(35-րդ կետը լրաց. 20.03.03 N 291-Ն)

36. Հիմնադրի կողմից պետական կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ պետական կազմակերպության` օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:

(36-րդ կետը լրաց. 20.03.03 N 291-Ն)

 

VI. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

37. Պետական կազմակերպությունն ունի մասնաճյուղեր` Հայաստանի Հանրապետության մարզերում (Երևան քաղաքում), և ներկայացուցչություններ` տարածաշրջաններում, որոնք գործում են սույն կանոնադրությանն ու իրենց կանոնադրություններին համապատասխան և ենթակա են հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

(37-րդ կետը լրաց. 20.03.03 N 291-Ն)

38. Պետական կազմակերպության մասնաճյուղերը և ներկայացուցչություններն ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, պետական կազմակերպության և իրենց` հայերեն անվանմամբ կլոր կնիք ու ձևաթուղթ:

(38-րդ կետը լրաց. 20.03.03 N 291-Ն)

 

VII. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

39. Պետական կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Պետական կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կամ հիմնադրամի:

Պետական կազմակերպությունը կարող է դատական կարգով վերակազմակերպվել` օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

(39-րդ կետը լրաց. 20.03.03 N 291-Ն)

40. Պետական կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց նրա իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

Պետական կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:

Պետական կազմակերպությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:

Պետական կազմակերպությունը կարող է դատական կարգով լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

(40-րդ կետը լրաց. 20.03.03 N 291-Ն)

41. Պետական կազմակերպության լուծարման դեպքում պետական կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(41-րդ կետը լրաց. 20.03.03 N 291-Ն)

 

VIII. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

42. Սույն կանոնադրությամբ չպարզաբանված հարցերը լուծվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և գործող այլ իրավական ակտերին համապատասխան:

(42-րդ կետը լրաց. 20.03.03 N 291-Ն)

(Հավելվածը լրաց. 20.03.03 N 291-Ն, փոփ. 21.08.03 N 1063-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան