«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 ապրիլի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 50704089
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ
19 սեպտեմբերի 2003 թ. |
N 272 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 2002 թ. հունիսի 20-ի թիվ 890-Ն որոշման.
1. Հաստատել ՀՀ Շիրակի մարզպետարանում գործավարության կարգը (կցվում է):
2. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պետերին`
- մարզպետարանում գործավարությունն իրականացնել համաձայն սույն կարգի:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի ղեկավար Խ. Պողոսյանի վրա:
Ռ. Մանուկյան
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է ՀՀ Շիրակի մարզպետարանի գործավարության կարգը:
2. ՀՀ Շիրակի մարզպետարանի գործավարության կազմակերպումն իրականացնում է ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմը (այսուհետ` աշխատակազմ):
3. Մարզպետարանում գործավարությունը միասնական է և պարտադիր աշխատակազմի բոլոր ստորաբաժանումների համար:
4. Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու է ստորաբաժանման ղեկավարը:
5. Մարզպետարանի աշխատողները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանության համար, պարտավոր են խնամքով վերաբերվել դրանց հետ:
6. Չի թույլատրվում ստացված փաստաթղթերի բնագրային տեքստում կամ դրանց ֆայլի վրա որևէ նշում կատարել:
7. Արգելվում է մատիտով և ջնջումներով գրված գրությունները ընդունել և գրանցել:
8. Արգելվում է փաստաթղթերը մարզպետարանից դուրս տանել: Արձակուրդ գնալիս, երկարատև գործուղման մեկնելիս կամ այլ պատճառներով երկարատև բացակայության դեպքում, աշխատողները պարտավոր են իրենց մոտ գտնվող անավարտ գործերով փաստաթղթերը հանձնել իրենց փոխարինողին կամ անմիջական ղեկավարին:
9. Մարզպետարանի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումները միմյանց միջև գրագրությունը իրականացնում են ուղիղ, առանց քարտուղարությունում գրանցելու:
10. Գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. դեկտեմբերի 30-ի թիվ 626 որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան:
«ՀՀ Շիրակի մարզպետարան» ձևաթուղթը օգտագործվում է աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, աշխատակազմի ղեկավարի տեղակալի, մարզպետի խորհրդականների և մամուլի խոսնակի կողմից:
II. ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ
11. Աշխատակազմում ստացված ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունն ընդունվում և գրանցվում է աշխատակազմի քարտուղարությունում (այսուհետ` քարտուղարություն)` մատյանների օգնությամբ, զուգահեռ` նաև ապարատածրագրային միջոցներով, որտեղ արտացոլվում են փաստաթղթի համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը:
Գրանցված փաստաթղթի 1-ին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում են մտից գրանցման համարը և ամսաթիվը:
Ստացված փաստաթղթի մտից գրանցման համարը բաղկացած է քարտուղարության դասակարգիչներով թղթակցին տրված պայմանանիշից և նրա հերթական համարից:
12. Քարտուղարությունում բացվում են բոլոր ծրարները (նաև` էլեկտրոնային), բացի «Անձամբ» մակագրությամբ ծրարներից և անձնական էլեկտրոնային օրինակներից (ֆայլերից):
«Անձամբ» մակագրությամբ ծրարները (կամ ֆայլերը) չեն գրանցվում և փակ վիճակում հանձնվում են հասցեատիրոջը:
13. Քարտուղարության աշխատողները պարտավոր են ծրարը բացելիս ստուգել փաստաթղթերի առկայությունը (ներառյալ հավելվածները), առդիր թերթերի քանակը, փաստաթղթերի համարները համեմատել ծրարի վրա նշվածների հետ:
Փաստաթղթերի կամ ֆայլերի բացակայության կամ վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ` 3 օրինակից, որոնցից մեկը մնում է քարտուղարության արարողակարգի և հասարակայնության հետ կապերի բաժնում, երկրորդը կցվում է փաստաթղթին, իսկ երրորդն ուղարկվում է այն կազմակերպություն, որտեղից ստացվել է ծրարը:
Եթե ծրարում կամ ֆայլում հայտնվում են սխալմամբ դրված փաստաթղթեր, դրանք նոր ծրարներով կամ համակարգչային ցանցով ուղարկվում են ըստ պատկանելության` փաստաթղթին կցելով այն ծրարները (նաև` էլեկտրոնային), որոնցով դրանք ստացվել են, անհրաժեշտության դեպքում տեղյակ պահելով այն կազմակերպությանը` որտեղից ստացվել է ծրարը:
14. Ծրարները (նաև` էլեկտրոնային), որոնցով ստացվել են թղթակցությունները, պահպանվում և փաստաթղթերին են կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն կամ, եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար:
15. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության համակարգչային ցանցով (այսուհետ` համակարգչային ցանց) պետք է հաստատված լինեն ուղարկողի կամ համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Ստացված էլեկտրոնային օրինակն անհրաժեշտության դեպքում վերծանվում է և տեղական լոկալ համակարգչային ցանցով, ուղարկվում հասցեատիրոջը:
16. Յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է ունենա իր էլեկտրոնային պատճենը` ֆայլի ձևով ստեղծված ապարատածրագրային միջոցներով: Այն ապահովում է դրա պատրաստող անձը կամ ստորաբաժանումը: Փաստաթղթի կամ դրա էլեկտրոնային պատճենի իսկությունն ապահովում է նույն անձը կամ ստորաբաժանումը, որը հավաստել է փաստաթուղթը համապատասխան ստորագրություններով:
17. Փաստաթղթերի այն էլեկտրոնային օրինակները, որոնք հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, բացի հաստատող և պատրաստող անձանց պաշտոններից ու ազգանուններից, լրացուցիչ պետք է պարունակեն ուղարկող օպերատորի ազգանունը, բայց այդ դեպքում փաստաթուղթը կունենա միայն պատճենի կարգավիճակ:
18. Այն դեպքում, երբ փաստաթուղթն ունի գաղտնիության աստիճան, անհրաժեշտության դեպքում պետք է վերծանվի հրահանգի համաձայն և հետո հանձնվի հասցեատիրոջը:
19. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվել են թղթի կրիչի վրա, էլեկտրոնային ձևի ապարատածրագրային միջոցների օգնությամբ ենթակա են վերափոխման` հետագայում տվյալների շտեմարանում գրանցելու համար:
20. Պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական բնույթի փաստաթղթերի կամ դրանց ֆայլերի վրա, եթե դրանք ներկայացնելու անհրաժեշտությունը չի բխում որևէ հանձնարարականի կատարման պահանջներից, դրվում է դրոշմակնիք` նշելով միայն մուտքի ամսաթիվը, որից հետո դրանք ստորագրությամբ հանձնվում կամ լոկալ ցանցի միջոցով հաղորդվում են աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին:
21. ՀՀ Նախագահից, ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ կառավարությունից, ՀՀ վարչապետից ստացված նյութերը և «Շտապ» թղթակցություններն անհապաղ գրանցվում ու հանձնվում են զեկուցման:
Շտապ և բովանդակությամբ կարևոր հեռագրերը անհապաղ զեկուցվում են մարզպետին:
22. ՀՀ Շիրակի մարզին վերաբերող իրավական ակտերի նախագծերն աշխատակազմում քննարկելու համար աշխատակազմի ղեկավարի կողմից նշանակվում է գլխադասային ստորաբաժանում` աշխատակազմի ղեկավարի կողմից սահմանված կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության ոլորտներին համապատասխան:
23. Ստորաբաժանման աշխատողը քարտուղարությունից ստանալով ստորաբաժանում ուղարկված փաստաթուղթը կամ ֆայլը, այն գրանցում է մատյանում և համակարգչում, ստորաբաժանման ղեկավարի մակագրությամբ հանձնում անմիջական կատարողներին` մատյանում կամ համակարգչում արտացոլելով փաստաթղթաշրջանառությունն ստորաբաժանման ներսում: Ստորաբաժանումից ստորաբաժանում վերահասցեագրված փաստաթղթերը հասցեատերերին են հանձնվում քարտուղարության միջոցով` աշխատակազմի ղեկավարի համաձայնությամբ:
24. Քարտուղարությունը գործին կցելու համար փաստաթուղթն ընդունում է այն դեպքում, երբ փաստաթղթին կից կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված համապատասխան հիմնավորման վրա առկա է աշխատակազմի ղեկավարի կամ քարտուղարության պետի «Գործին» մակագրությունը:
25. Աշխատակազմում փաստաթղթերի քննարկման համար սահմանվում են հետևյալ ժամկետները` ՀՀ կառավարության, ՀՀ նախարարությունների, այլ պետական մարմինների կողմից ներկայացված` ՀՀ Շիրակի մարզպետարանի քննարկմանը ենթակա հարցերի վերաբերյալ գրությունների համար սահմանված են հետևյալ ժամկետները (եթե այլ ժամկետներ նախատեսված չեն)
ա) լրացուցիչ ուսումնասիրություններ չպահանջող հարցեր` մինչև 5 օր,
բ) լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ պահանջող հարցեր` մինչև 10 օր:
26. ՀՀ Շիրակի մարզպետարանում ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի որոշումների, ՀՀ նախարարությունների, այլ պետական մարմինների կողմից ներկայացված որոշումների, կարգադրությունների նախագծերի քննարկման համար (եթե այլ ժամկետներ նախատեսված չեն) սահմանվում են հետևյալ ժամկետները`
ա) լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ չպահանջող նախագծեր` մինչև 7 օր,
բ) լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ, խորհրդակցության հրավիրում պահանջող նախագծեր` մինչև 15 օր:
27. ՀՀ օրենքները, ՀՀ Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումները, ՀՀ Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումները, ինչպես նաև մարզպետի որոշումներն ու կարգադրությունները, աշխատակազմի ղեկավարի հրամանները քարտուղարությունից դուրս են տրվում միայն աշխատակազմի աշխատողներին` վերադարձնելու պայմանով, կամ դրանց ֆայլերից օգտվում են միայն աշխատակազմի աշխատողները` իրենց պահանջով:
Քարտուղարությունից վերցված իրավական ակտերը ենթակա են վերադարձման 5-օրյա ժամկետում:
III. ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ, ԽՄԲԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
28. ՀՀ Շիրակի մարզպետի (այսուհետ` մարզպետի) որոշումների և կարգադրությունների նախագծեր ներկայացնելու իրավունք ունեն մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, աշխատակազմի ղեկավարի տեղակալը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մարզպետի խորհրդականները:
29. Աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծեր ներկայացնելու իրավունք ունեն աշխատակազմի ղեկավարի տեղակալը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
30. Աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները մարզպետի որոշումների, կարգադրությունների նախագծեր, ինչպես նաև աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծեր ներկայացնում են աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման միջոցով:
31. Մարզպետի որոշման կամ կարգադրության, աշխատակազմի ղեկավարի հրամանի նախագիծը (այսուհետ` նախագիծ) նախապատրաստող ստորաբաժանումը (անձը) (այսուհետ` պատասխանատու) պատասխանատու է նախագծի բովանդակության, արժանահավատության, այժմեականության, ձևակերպման, ինչպես նաև համաձայնեցման օպերատիվության համար:
Նախագծերը պետք է լինեն հիմնավորված, միմյանց չկրկնող և արդեն լուծում ստացած հարցերին սկզբունքորեն նոր լուծում տալու կամ նոր ընդունված իրավական ակտերին համապատասխանեցնելու նպատակով:
32. Նախագծում պետք է առանձնացված լինեն հետևյալ կետերը.
ա) նախագծի անվանումը,
բ) որոշման, կարգադրության կամ հրամանի անհրաժեշտությունը հիմնավորող դրույթները,
գ) այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկել որոշմամբ, կարգադրությամբ կամ հրամանով առաջադրված խնդիրների լուծման համար,
դ) նախագծի համար հիմք ծառայող իրավական ակտերի (եթե այդպիսիք կան) պատճենները:
33. Մարզպետի որոշման կամ կարգադրության նախագծին կցվում է համաձայնեցման թերթիկ (ձև N 1), որի վերևում նշվում է նախագծի անվանումը: Թերթիկի վրա նշվում են մարզպետի տեղակալի (տեղակալների), աշխատակազմի ղեկավարի, քարտուղարության, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության, այլ ստորաբաժանումների (ըստ անհրաժեշտության) պետերի, քարտուղարության գլխավոր մասնագետի (իրավաբանի) ազգանունները:
34. Մարզպետի որոշման կամ կարգադրության նախագծին կից ներկայացվում է նախագծի անվանումը, համաձայնություն տվողների ազգանունները պարունակող թերթիկ (ձև N 2), որտեղ նախագիծ ստացողը հաստատում է նախագծի ստացման օրը և ժամը:
35. Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը, մարզպետի որոշման կամ կարգադրության նախագծում արծարծված հարցերին տիրապետող իր մասնագետի միջոցով ապահովում է անհրաժեշտ պարզաբանումներ և մեկնաբանություններ համաձայնություն տվող կողմերի համար: Համաձայնողի և պատասխանատուի համատեղ քննարկումների արդյունքում, տարաձայնությունները չհաղթահարելու դեպքում, համաձայնող կողմը համաձայնեցման թերթիկը նշագրում է վերապահումով` նշելով իր հատուկ կարծիքը համաձայնեցման թերթիկի համապատասխան մասում:
36. Պատասխանատուն, որպես կարգ, նշագրում է նախագիծը:
Պատասխանատուն նախապատրաստում է նաև առաքման թերթիկ, որտեղ նշվում են այն ստորաբաժանումների մարմինների անվանումները, որոնց պետք է առաքվեն տվյալ որոշումը կամ կարգադրությունը:
Պատասխանատուն, աշխատակազմի ղեկավարի հետ համաձայնեցնելով նախագծին կարող է տալ «Շտապ» վերտառություն:
37. Համաձայնող կողմը, ստանալով նախագիծը և համաձայնեցման թերթիկը, պարտավոր է տալ իր համաձայնությունը` հատուկ կարծիքով կամ առանց դրա, ոչ ավել քան.
ա) 4 ժամվա ընթացքում.
բ) 2 ժամվա ընթացքում, եթե նախագիծն ունի «Շտապ» վերտառություն.
գ) մեկ օրվա ընթացքում, եթե նախագծով հաստատվում է կանոնադրություն, կանոնակարգ կամ կարգ:
38. Քարտուղարության պետը, ստանալով մարզպետի որոշման կամ կարգադրության համաձայնեցված նախագիծը, նրան կից համաձայնեցման (ձև N 1), (ձև N 2) և առաքման (ձև N 3) թերթիկները, դրանք հանձնում է աշխատակազմի ղեկավարին: Վերջինս, այն ներկայացնում է մարզպետին` նախաստորագրման.
ա) մեկ օրվա ընթացքում,
բ) նույն օրը, եթե նախագիծն ունի «Շտապ» վերտառություն:
39. Մարզպետի որոշումների, կարգադրությունների այն նախագծերը, որոնց վերաբերյալ կան տարաձայնություններ, քննության են առնվում աշխատակազմի ղեկավարի մոտ հրավիրվող խորհրդակցությունում, որի արդյունքների մասին կատարվում է առանձին գրառում և կցվում նախագծին:
40. Նախագծի նկատմամբ մարզպետի դիտողությունների և առարկությունների առկայության դեպքում նախագիծը վերադարձվում է պատասխանատուին և համարվում է չներկայացված:
41. Մարզպետի կողմից նախագիծը նախաստորագրելու դեպքում քարտուղարությունում այն պատրաստվում է վերջնական խմբագրությամբ «մարզպետի որոշում կամ «մարզպետի կարգադրություն» ձևաթղթերի վրա և ներկայացվում է մարզպետին ստորագրության:
42. Արգելվում է մարզպետի որոշման, կարգադրության, աշխատակազմի ղեկավարի հրամանի բնօրինակի վրա կատարել խմբագրում, ուղղում կամ ջնջում:
43. Մարզպետի կողմից ստորագրված որոշումը, կարգադրությունը, աշխատակազմի ղեկավարի կողմից ստորագրված հրամանը, գրանցվում են գրանցամատյաններում, նրանց տալով հերթական համար` նշելով ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, բազմացվում են «Իսկականի հետ ճիշտ է» հետգրությամբ և հաստատվում են քարտուղարության կնիքով: Ըստ առաքման թերթիկի, մարզպետի որոշումները, կարգադրությունները և աշխատակազմի ղեկավարի հրամանները առաքվում են հասցեատերերին` մեկօրյա ժամկետում:
44. Մարզպետի որոշումների, կարգադրությունների, աշխատակազմի ղեկավարի հրամանների մեջ փոփոխություններ կամ լրացումներ կատարելու, կամ դրանք ուժը կորցրած ճանաչելու մասին կատարվում է նշում համապատասխան գրանցամատյանում, իսկ բնագրի վրա փակցվում է համապատասխանաբար նոր որոշման, կարգադրության կամ հրամանի պատճենը:
45. Յուրաքանչյուր տարվա համար մարզպետի որոշումների, կարգադրությունների, աշխատակազմի ղեկավարի հրամանների համարակալումները սկսվում են հունվար ամսվա առաջին որոշումից, կարգադրությունից, հրամանից և ավարտվում են տվյալ տարվա դեկտեմբերի վերջին որոշումով, կարգադրությամբ, հրամանով:
46. Քարտուղարությունը մարզպետի յուրաքանչյուր որոշման, կարգադրության համար կազմում է գործ, որի մեջ պետք է զետեղվեն հետևյալ փաստաթղթերը`
ա) մարզպետի կողմից նախաստորագրված մարզպետի որոշման, կարգադրության նախագիծը,
բ) մարզպետի որոշման, կարգադրության ընդունման հիմնավորման համար պահանջվող փաստաթղթերը, եթե այդպիսիք անհրաժեշտ են համարվել,
գ) տվյալ որոշման, կարգադրության նախագծին կցված ձև N 1-ը և ձև N 2-ը,
դ) մարզպետի կողմից ստորագրված որոշման, կարգադրության բնօրինակը, աշխատակազմի ղեկավարի կողմից ստորագրված հավելվածները) եթե այդպիսիք կան),
ե) այլ նյութեր:
47. Առանձին գործ է կազմվում նաև աշխատակազմի ղեկավարի յուրաքանչյուր հրամանի համար:
48. Մարզպետի որոշումների, կարգադրությունների և աշխատակազմի ղեկավարի հրամանների գործերը մեկ տարի պահվում են քարտուղարության արարողակարգի և հասարակայնության հետ կապերի բաժնում, որից հետո, սահմանված կարգով, հանձնվում է աշխատակազմի արխիվ` պահպանության:
IV. ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ
49. Մարզի խորհրդի նիստերի հրավիրման, օրակարգի նախապատրաստման և սպասարկման աշխատանքները կազմակերպում է աշխատակազմի ղեկավարը` աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՏԾԳՀ վարչության ու քարտուղարության միջոցով:
50. Մարզի խորհրդի նիստում քննարկման համար հարցեր նախապատրաստելիս մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՏԾԳՀ վարչությունը.
ա) հետևում է, որ մարզի խորհրդի նիստին ներկայացվեն աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում նախապատրաստված կամ նրանց հետ համաձայնեցված նախագծեր,
բ) ապահովում է աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների կողմից մարզի խորհրդի քննարկմանը ներկայացված հարցերի` սահմանված ժամկետներում նախապատրաստումը,
գ) ապահովում է մարզի խորհրդի օրակարգերի նախապատրաստումն ու դրանց առաքումը:
51. Քարտուղարությունը ապահովում է մարզի խորհրդի նիստի արձանագրումը: Արձանագրությանը քարտուղարությունում տրվում է հերթական համար` միասնական համարակալման համաձայն, որը կատարվում է տարեսկզբից մինչև տարեվերջ:
52. Մարզպետի, մարզպետի տեղակալի (տեղակալների), աշխատակազմի ղեկավարի մոտ անցկացվող խորհրդակցությունների արձանագրումը ապահովում է խորհրդակցությունը նախապատրաստող ստորաբաժանումը: Խորհրդակցությունը կարող է արձանագրվել նաև քարտուղարության աշխատակցի կողմից, մարզպետի, մարզպետի տեղակալի (տեղակալների), աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ:
Արձանագրությունը համարակալվում է պայմանանիշով և հերթական համարով` սկսած տարեսկզբից մինչև տարեվերջ:
V. ԵԼԻՑ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
53. Մարզպետարանում ելից փաստաթղթերը ստորագրվում են մարզպետի, մարզպետի տեղակալի) տեղակալների), աշխատակազմի ղեկավարի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, մարզպետի խորհրդականների, մամուլի քարտուղարի կողմից:
54. Ստորագրության ներկայացվող գրությանը կցվում է նրա երկրորդ օրինակը` նախագիծը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարի նշագրով, եթե գրությունը ներկայացվում է մարզպետի, նրա տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալի ստորագրության և նախապատրաստող ստորաբաժանման պատասխանատուի նշագրով, եթե գրությունը ստորագրվելու է ստորաբաժանման ղեկավարի կողմից:
55. Գրության տեքստի տակ, որին կցվում են լրացուցիչ նյութեր, նշվում են կցվող նյութի անվանումը, ամսաթիվը, համարը և թերթերի թիվը:
Գրություններին կցվող նյութերը պետք է ունենան անվանում, իսկ վերջում պետք է նշագրված լինեն նյութերը պատրաստող մասնագետի և համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից:
56. Այն դեպքում, երբ նամակներն ուղարկվում են որպես ՀՀ կառավարությունից, նախարարություններից, այլ պետական մարմիններից ու կազմակերպություններից ստացված գրությունների պատասխաններ, հասցեատիրոջ անվան տակ, վերևի ձախ անկյունում նշվում են այդ գրության ամսաթիվը և համարը: Նույն տվյալները պետք է ունենա էլեկտրոնային օրինակը:
57. Գրության ելից համարը կազմված է պայմանանիշից և հերթական համարից: Ելից համարը դրվում է տեքստի վերջում:
58. Առաքվող թղթակցության անկերը սահմանված կարգով պահվում է քարտուղարությունում:
59. Ձևաթղթի վրա տպագրվելուց և ստորագրված գրությունները քարտուղարությունում գրանցվում են համապատասխանաբար պաշտոնական գրությունների և քաղաքացիների դիմումների ելից մատյաններում և առաքվում են հասցեատերերին:
60. Համակարգչային ցանցով ուղարկման ենթակա` համաձայնեցված և հաստատված փաստաթղթերը, որոնց տրված են ելից համարներ, և դրանց էլեկտրոնային պատճենները փոխանցվում են պատասխանատուին, որը փաստաթղթերն ուղարկում է հասցեատերերին:
61. Եթե հասցեատերն ունի համակարգչային ցանցի էլեկտրոնային փոստի հասցե, փաստաթուղթը` հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ (որպես էլեկտրոնային իսկական օրինակ), համակարգչային ցանցով ուղարկվում է հասցեատիրոջը:
62. Փաստաթուղթն ուղարկվելուց առաջ դրա էլեկտրոնային օրինակը պետք է գրանցվի ուղարկողի տվյալների շտեմարանում:
63. Եթե հասցեատերը միացված չէ համակարգչային ցանցին և չունի էլեկտրոնային փոստի իր սեփական հասցե, ապա փաստաթղթի էլեկտրոնային օրինակը` հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ` պետք է ուղարկվի մագնիսական սկավառակի վրա գրանցված վիճակում` սուրհանդակային կամ այլ ծառայության միջոցով:
VI. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ՈՒ ԸՆԹԱՑՔ ՏԱԼԸ
64. Քաղաքացիների կողմից ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները ստացման օրը գրանցվում են քարտուղարությունում` դիմումների մտից մատյանում:
Առաջարկությունների, դիմումների ու բողոքների առաջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում է գրանցման պայմանանիշը` հեղինակի ազգանվան առաջին տառը, հերթական համարը և ամսաթիվը:
65. Աշխատակազմի իրավասու անձի կողմից քաղաքացիների անհատական ընդունելության ժամանակ նրանց գրավոր առաջարկությունները, դիմումներն ու բողոքները նույնպես ենթակա են գրանցման` սահմանված կարգով:
66. Կոլեկտիվ առաջարկության, դիմումի և բողոքի ստացման դեպքում գրանցվում է ընդգծված ազգանունը, իսկ դրա բացակայության դեպքում առաջին ազգանունը:
67. Անանուն և անստորագիր նամակները գրանցման ենթակա չեն և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:
Միևնույն անձից միևնույն հարցով քննարկման համար տարբեր հասցեներով ուղարկված և նույն պետական մարմնում ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները հաշվի են առնվում առաջին առաջարկության, դիմումի ու բողոքի գրանցման պայմանանիշով` ավելացնելով հերթական համարը` կոտորակի ձևով:
68. Ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ քարտուղարության կողմից կարող են ուղարկվել այն պետական մարմիններ, հիմնարկներ ու կազմակերպություններ, որոնց անմիջական իրավասությանն է պատկանում տվյալ հարցի լուծումը, կամ որոնց անմիջական ենթակայությամբ է գործում այն կազմակերպությունը կամ պաշտոնատար անձը, որի գործողությունը բողոքարկվում է` այդ մասին ծանուցելով դիմողին:
69. Աշխատակազմի ստորաբաժանումներում առաջարկությունների, դիմումների ու բողոքների քննարկման արդյունքում նախապատրաստվում է պատասխան գրություն երկու օրինակից ստորաբաժանման ղեկավարի պատասխանատվությամբ և ստորագրությամբ: Պատասխան գրությունը մարզպետի կամ աշխատակազմի ղեկավարի մակագրությամբ վերադարձվում է քարտուղարություն` հասցեատիրոջը ուղարկելու համար:
70. Ուսումնասիրությունից և վերջնական քննարկումից հետո քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները` իրենց բոլոր նյութերի հետ միասին (նշելով փաստաթղթերի ցանկը), վերադարձվում են քարտուղարություն` «Գործին» մակագրությամբ, ստորագրությամբ, ամսաթվի նշումով:
71. Յուրաքանչյուր նամակի համար կազմվում է գործ` բաղկացած առաջարկության դիմումից, բողոքից և այլ փաստաթղթերից:
72. Վերահսկողության վերցված նամակների պատասխանները ենթակա են քարտուղարությունում պարտադիր գրանցման: Այդ դեպքում նամակի առաջին էջի ներքևի մասում դրվում է «Վերահսկողություն» դրոշմակնիքը, որի վրա նշվում է կատարման ժամկետը:
73. Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է քարտուղարությունը:
Նամակների ամբողջ շարժը գրանցվում է համակարգչում համապատասխան ծրագրի միջոցով (խափանման դեպքում մատյանների միջոցով)` քարտուղարությունում և պահպանվում տվյալների շտեմարանում:
VII. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
74. Փաստաթղթերն աշխատակազմի արխիվ են հանձնվում դրանց` գործավարությամբ ավարտվելու տարվան հաջորդող երկրորդ տարվա ընթացքում, բացառությամբ հինգ տարի և ավելի կարճ ժամկետով պահպանության ենթակա հաշվապահական հաշվառման վերաբերյալ փաստաթղթերի, որոնք, պահպանության ժամկետը լրանալուց հետո, ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Փաստաթղթերի մշակումից հետո «Արխիվ» շտեմարանում ցանցային կենտրոնական համակարգում գրանցվում են նաև ֆայլերը:
75. Աշխատակազմի արխիվում փաստաթղթերի համալրումը, հաշվառումը և պահպանումն իրականացվում են «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
76. Աշխատակազմի արխիվի կամ «Արխիվ» շտեմարանի փաստաթղթերն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի` պետության սեփականությունը համարվող փաստաթղթերի օգտագործման կարգի պահանջներին համապատասխան:
77. Աշխատակազմի արխիվը պահպանության համար փաստաթղթերն ընդունում է կարգավորված վիճակում` ըստ ցուցակների (հինգ օրինակ) և գործերի նիշերի:
78. Աշխատակազմի արխիվային գործի մասնագետը (արխիվագետը) աշխատակազմի ստորաբաժանումների գործերի ընդունման ժամանակ ստուգում է դրանց առկայությունը, ստորագրում է ցուցակների բոլոր օրինակների վրա, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը:
Ցուցակի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են աշխատակազմի արխիվում:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետները լրանալուց հետո մշտական պահպանության գործերն աշխատակազմի արխիվից հանձնվում են պետական արխիվ:
(հավելվածը խմբ. 12.03.07 N 134-Ն)
ՀՀ Շիրակի մարզպետարանի |
Խ. Պողոսյան |