Գլխավոր տեղեկություն
Համար
N 2183-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (07.01.2006-31.07.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.09.06/47(502) Հոդ.210
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.02.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.02.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.03.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.07.2008

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 փետրվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2002 թվականի N 2183-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ աշխատակազմի միջուկային եվ ճառագայթային անվտանգության պետական կարգավորման ՏԵՍՉՈՒԹՅԱՆ (ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 04.03.04 N 289-Ն, փոփ. 01.12.05 N 2072-Ն)

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ կետերին և 11-րդ հոդվածի 1-ին կետին, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետին, «Միջուկային անվտանգության մասին» կոնվենցիայի 7-րդ և 8-րդ հոդվածներին, «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածին համապատասխան և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 27-ի N 912-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով սահմանված ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի կարգավորող մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի միջուկային և ճառագայթային անվտանգության պետական կարգավորման տեսչությանը (ՀՀ պետատոմհսկողությանը):

(1-ին կետը լրաց. 04.03.04 N 289-Ն, փոփ. 01.12.05 N 2072-Ն)

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի միջուկային և ճառագայթային անվտանգության պետական կարգավորման տեսչության (ՀՀ պետատոմհսկողության) կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի միջուկային և ճառագայթային անվտանգության պետական կարգավորման տեսչության (ՀՀ պետատոմհսկողության) կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

(2-րդ կետը լրաց. 04.03.04 N 289-Ն, փոփ. 01.12.05 N 2072-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչության մասին» N 70 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. փետրվարի 13
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 26-ի N 2183-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ աշխատակազմի միջուկային եվ ճառագայթային անվտանգության պետական կարգավորման ՏԵՍՉՈՒԹՅԱՆ (ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ)

(վերնագիրը լրաց. 04.03.04 N 289-Ն, փոփ. 01.12.05 N 2072-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի միջուկային և ճառագայթային անվտանգության պետական կարգավորման տեսչությունը (ՀՀ պետատոմհսկողություն) (այսուհետ` տեսչություն) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի (այսուհետ` նախարարություն) կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորումը` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

Տեսչությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչության իրավահաջորդն է:

(1-ին կետը լրաց. 04.03.04 N 289-Ն, փոփ. 01.12.05 N 2072-Ն)

2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է սույն կանոնադրության համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի ներկայացմամբ:

3. Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության անունից իրավունք ունի ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

5. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Տեսչության պահպանման ծախսերն առանձին տողով արտացոլվում են նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում: Տեսչության պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցները չեն կարող օգտագործվել այլ նպատակներով:

 

II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Տեսչությունն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում պետական կարգավորումը` բնակչության և անձնակազմի անվտանգության ապահովման, շրջակա միջավայրի պահպանության ու Հայաստանի Հանրապետության անվտանգության շահերի պաշտպանության նպատակներով:

 

III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Տեսչությունը սույն կանոնադրության 7-րդ կետում նշված նպատակների և խնդիրների իրագործման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) անվտանգության նորմերի ու կանոնների, ատոմային էներգիայի օգտագործման բնագավառին վերաբերող օրենսդրական ակտերի նախագծերի մշակման կազմակերպում, մշակում և նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.

բ) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեության, անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց լիցենզավորում.

գ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ու կատարվող աշխատանքների անվտանգության գնահատման աշխատանքների, ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության փորձաքննության կազմակերպում և անցկացում.

դ) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության բարձրացման նպատակով հետազոտությունների կազմակերպում և անցկացում.

ե) միջուկային նյութերի օգտագործման, փոխադրման, վերամշակման, պահման, գրանցման ու հաշվառման կարգերի մշակում և նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.

զ) ռադիոակտիվ թափոնների, կարգավորման ենթակա իոնացնող ճառագայթման աղբյուրների ներմուծման, արտահանման, փոխադրման, գրանցման կարգերի մշակում և նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.

է) լիցենզավորված իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ատոմային էներգիայի օգտագործման բնագավառին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի և տրված լիցենզիաների պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում.

ը) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում լիցենզավորված անձանց համար անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ իրականացնող և ծառայություններ մատուցող առևտրային կազմակերպությունների որակի ապահովման ծրագրերի ստուգում.

թ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում կամ իրականացվող աշխատանքների ժամանակ հնարավոր արտակարգ իրավիճակներին և դրանց հետևանքների վերացմանը լիցենզավորված անձանց պատրաստվածության նկատմամբ վերահսկողության իրականացում, արտակարգ իրավիճակների հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի հետ վթարային հակազդման ազգային համակարգում ընդգրկված պետական մարմինների ու կազմակերպությունների` պատրաստվածության վերահսկման հարցերով համագործակցություն.

ժ) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ Հայաստանի Հանրապետության միջազգային հարաբերությունների հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի հետ համատեղ` իր իրավասությունների սահմաններում վերահսկողության իրականացում.

ժա) միջուկային զենքի չտարածման երաշխիքների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.

ժբ) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների և տրված լիցենզիաների պայմանների խախտումների հայտնաբերման դեպքում լիցենզավորված անձանց կողմից պարտադիր կատարման համար կարգադրագրեր, իսկ մարդկանց առողջությանը կամ շրջակա միջավայրին սպառնացող վտանգի դեպքում` իրականացվող աշխատանքների դադարեցման կարգադրագրեր տալը.

ժգ) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենքների, անվտանգության նորմերի և կանոնների, տրված կարգադրագրերի պահանջների խախտումներ թույլ տված լիցենզավորված անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան վարչական պատասխանատվության ենթարկելը, իսկ օրենքով սահմանված դեպքերում` խախտումների մասին նյութերն իրավապահ մարմիններ ներկայացնելը.

ժդ) միջուկային և ճառագայթային անվտանգության վիճակը պարզելու նպատակով ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում իրականացվող աշխատանքների տեսչական ստուգումների անարգել անցկացում` կիրառելով անհրաժեշտ չափիչ և գրանցող (այդ թվում` ձայնագրող ու տեսագրող) սարքեր, ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների արտադրական տեղամասեր անարգել մուտք գործելը, պետական վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փորձանմուշներ վերցնելը ու տվյալներ ստանալը, հսկողության համար անհրաժեշտ սարքեր տեղադրելը.

ժե) տեսչական ստուգման աշխատանքներում Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա մասնագետների` սահմանված կարգով ներգրավում.

ժզ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում կամ իրականացվող աշխատանքների ժամանակ արտակարգ իրավիճակների դեպքում իրավիճակի գնահատում և, ճառագայթային իրավիճակի հնարավոր փոփոխությունների մասին կանխատեսումների հիման վրա, վթարային հակազդման ազգային համակարգում ընդգրկված պետական մարմիններ ու կազմակերպություններ առաջարկություններ ներկայացնելը` ազդակիր տարածքներում անհրաժեշտ պաշտպանական միջոցառումների իրականացման վերաբերյալ.

ժէ) շահագործող կազմակերպության կողմից ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների շահագործման ժամանակ տեղի ունեցած միջուկային և ճառագայթային միջադեպերի քննության գնահատում, իսկ անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով լրացուցիչ քննության իրականացում և խախտումների մասին տվյալների բանկի ստեղծում.

ժը) միջուկային նյութերի, իոնացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների պետական գրանցման իրականացում.

ժթ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, ֆիզիկական անձանց ու զանգվածային լրատվության միջոցներին միջուկային և ճառագայթային անվտանգության մասին ամփոփ տեղեկությունների տրամադրում.

ի) միջազգային ու օտարերկրյա իրավասու կազմակերպությունների հետ անվտանգության կարգավորման հարցերով համագործակցություն.

իա) Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ տեխնիկական համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության ազգային և տարածաշրջանային ծրագրերի համակարգում.

իբ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում կամ իրականացվող գործունեության ժամանակ տեղի ունեցած վթարի մասին միջազգային օպերատիվ ազդարարում` «Միջուկային վթարի մասին օպերատիվ տեղեկացման մասին» կոնվենցիայի պահանջներին համապատասխան.

իգ) լիցենզավորված անձանց կողմից լիցենզիայի պայմանների և պահանջների չկատարման դեպքում լիցենզիայի գործողության կասեցում, դադարեցում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան.

իդ) տարեկան մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարություն նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետությունում, նրա առանձին հատվածներում կամ ատոմային էներգիայի օգտագործման առանձին օբյեկտներում միջուկային և ճառագայթային անվտանգության վիճակի մասին հաշվետվություն ներկայացնելը.

իե) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանության պետական կարգավորման իրականացում.

իզ) պետական մարմիններից ու կազմակերպություններից միջուկային և ճառագայթային անվտանգության գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության ստացումը.

իը) գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի ընդունումը.

իթ) շրջակա միջավայրի ճառագայթային անվտանգության մշտադիտարկման (մոնիթորինգի) և վերահսկողության իրականացումը:

(8-րդ կետը խմբ., փոփ., լրաց. 01.12.05 N 2072-Ն)

9. Սույն կանոնադրության 8-րդ կետի «թ», «ժա», «ժբ» և «ժդ» ենթակետերով սահմանված իրավասություններն իրականացվում են պետական տեսուչների միջոցով: Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատանքի անհապաղ դադարեցման իրավունքը վերապահվում է տեսչության պետին, միջուկային անվտանգության գծով տեսչության պետի տեղակալին, Հայկական ատոմային էլեկտրակայանում տեսչության տեսուչին:

10. Տեսչությունը սահմանված կարգով մասնակցում է իր իրավասությունների մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակման ու քննարկման աշխատանքներին:

11. Տեսչությունը Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների հետ համատեղ` սահմանված կարգով արձակում է հրամաններ, համագործակցում պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների հետ:

12. Տեսչությունը կազմակերպում է տեսչության աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման, նրանց վերապատրաստման աշխատանքները, համակարգում տեսչության կադրերի ընտրության, վերապատրաստման և տեղաբաշխման աշխատանքները:

 

IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

13. Տեսչությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարը (այսուհետ` նախարար): Տեսչությունը ղեկավարում է տեսչության պետը, որին մինչև քաղաքացիական պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:

Տեսչության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին և նախարարին:

14. Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

15. Տեսչության պետն իր իրավասությունների սահմաններում`

ա) պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար.

բ) սահմանում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների իրավասությունները.

գ) իր իրավասությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում տեսչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս ցուցումներ.

ե) իր իրավասությունների սահմաններում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունն օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում.

զ) տալիս է լիազորագրեր.

է) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում՝ միջազգային միջգերատեսչական.

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողներին աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու վերաբերյալ.

թ) յուրաքանչյուր 2 ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի միջուկային և ճառագայթային անվտանգության համար կարևոր` առկա խնդիրները.

ժ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ:

(15-րդ կետը լրաց. 01.12.05 N 2072-Ն)

 

V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

16. Օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի կարգավորող մարմնին վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

17. Տեսչությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ և կարող է ունենալ տարածքային մարմիններ: Իր խնդիրների և գործառույթների իրականացման ապահովման նպատակով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեսչության ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

18. Տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

19. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

(հավելվածը լրաց. 04.03.04 N 289-Ն, փոփ., խմբ., լրաց. 01.12.05 N 2072-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 26-ի N 2183-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ աշխատակազմի միջուկային եվ ճառագայթային անվտանգության պետական կարգավորման ՏԵՍՉՈՒԹՅԱՆ (ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ)

(վերնագիրը լրաց. 04.03.04 N 289-Ն, փոփ. 01.12.05 N 2072-Ն)

 

Միջուկային անվտանգության բաժին

 

Ճառագայթային անվտանգության և վթարային պլանավորման բաժին

 

Միջուկային տեղեկատվության և վերլուծության ու միջազգային համագործակցության բաժին

 

Տեխնիկական բաժին

 

(Կառուցվածքը փոփ. 04.03.04 N 289-Ն, փոփ., լրաց. 01.12.05 N 2072-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.07.2008, N 762-Ն 31.07.2008, N 2183-Ն
01.12.2005, N 2072-Ն 07.01.2006, N 2183-Ն
04.03.2004, N 289-Ն 17.04.2004, N 2183-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան