Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-691
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.04.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.04.25/22(546) Հոդ.506
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
11.04.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
11.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2007

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

11 ապրիլի 2007 թ.

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ, ՔԱՂԱՔԱՑԻ Տ. ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵՎ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 414.1. ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 414.2. ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԵՎ 3-ՐԴ ԿԵՏԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմող կողմի ներկայացուցիչներ Ա.Ղամբարյանի, Լ. Թադևոսյանի, Ա.Կարախանյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 46 հոդվածի համաձայն` սահմանադրական դատարանում ՀՀ վճռաբեկ դատարանի ներկայացուցիչներ Ա. Մկրտչյանի և Վ. Ռշտունու,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1 կետի, 101 հոդվածի 6 և 7 կետերի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 71 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ գլխավոր դատախազի, քաղաքացի Տ. Սահակյանի և ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության դիմումների հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1. հոդվածի 2-րդ մասի, 414.2. հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի դրույթների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը վերոհիշյալ իրավասուբյեկտների դիմումներն են սահմանադրական դատարան, որոնց հիման վրա, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածով, մինչև դատաքննությունն սկսելը գործերը միավորվել են դատարանի նույն նիստում քննելու համար:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 60 հոդվածների հիման վրա ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության դիմումի մասով գործի վարույթը ենթակա է կարճման, հաշվի առնելով, որ «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ կառավարության 2005 թ. թիվ 634-Ն որոշման համաձայն տվյալ կազմակերպության աշխատակազմը պետական կառավարչական հիմնարկ է և չունի իրավաբանական անձի կարգավիճակ:

2. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թ. սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1. և 414.2. հոդվածների վիճարկվող դրույթները, որպես օրենսգրքի լրացումներ, ընդունվել են ՀՀ Ազգային ժողովի կողմից 2006 թ. հուլիսի 7-ին` ՀՕ-152-Ն օրենքով:

Դիմողները սահմանադրական դատարան են ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի` վերջնական դատական ակտեր հանդիսացող որոշումներ, որոնցով իրենց կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի վերադարձման առնչությամբ կիրառվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1. հոդվածի 2-րդ մասի և 414.2. հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի դրույթները, և վիճարկում են այդ դրույթների սահմանադրականությունը:

Օրենսգրքի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելը» վերտառությամբ 414.1. հոդվածի 2-րդ մասով սահմանված է` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` բողոքը ստանալու պահից 10 օրվա ընթացքում»: Իսկ «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը» վերտառությամբ 414.2. հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշվում է` վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե` «վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար», իսկ 3-րդ կետում ասվում է, որ «ստորադաս դատարանի կողմից դատավարական կամ նյութական իրավունքի խախտման արդյունքում հնարավոր դատական սխալը կարող է առաջացնել ծանր հետևանքներ»:

Սույն գործը սահմանադրական դատարանում քննության ընդունելուց հետո, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1. հոդվածում 21.02.2007 թ. կատարվել է փոփոխություն, որի արդյունքով հոդվածի երկրորդ մասի «բողոք ստանալու» բառերը փոխարինվել են «գործը վճռաբեկ դատարանում ստանալու» բառերով: Հոդվածը նաև լրացվել է հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով. «4. Առանց ժամկետի սահմանման վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման կայացման դեպքում բողոք բերող անձը չի կարող կրկին վճռաբեկ բողոք ներկայացնել»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2. հոդվածում 21.02.2007 թ. կատարվել է լրացում: Հոդվածի 5-րդ մասը «անձին» բառից հետո լրացվել է «, իսկ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումները` դատավարության մասնակիցներին (բացառությամբ քննիչի և հետաքննության մարմնի)» բառերով:

Նկատի ունենալով, որ օրենսգրքի նշված հոդվածների փոփոխված և լրացված նորմերը վեճի առարկա նորմերի իրավական բովանդակությունը չեն փոխել, և այդ փոփոխությունների սահմանադրականությունը սույն գործով վեճի առարկա չէ, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 26, 63, 69 և 71 հոդվածների պահանջները, սահմանադրական դատարանը փոփոխված և լրացված դրույթների սահմանադրականության հարցին չի անդրադարձել:

3. Դիմող կողմը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2. հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերը հակասում են ՀՀ Սահմանադրության 18 և 19 հոդվածների 1-ին մասերին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1. հոդվածի 2-րդ մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին և 92 հոդվածի 2-րդ մասին` հետևյալ պատճառաբանությամբ.

ա) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 07.07.2006 թ. փոփոխություններով և լրացումներով սահմանվեց վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտերի դեմ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու նոր ինստիտուտ: ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է, որ յուրաքանչյուր ոք իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունք ունի: Իրավունք ունի նաև իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնել դատական կարգով: ՀՀ Սահմանադրությունը, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950թ. կոնվենցիան, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` այս հարցի հետ կապված դիրքորոշումը պահանջում են, որպեսզի դատական պաշտպանությունը լինի մատչելի և արդյունավետ: Ընդ որում, նշված փաստաթղթերը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այս պահանջը վերաբերում են բոլոր տեսակի դատարաններին և դատական բոլոր ատյաններին,

բ) ելնելով մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության և արդարադատության մատչելիության սահմանադրական սկզբունքներից, պահանջվում է, որպեսզի ՀՀ դատարաններում, այդ թվում` նաև վճռաբեկ ատյանում դատական պաշտպանության իրավունքի իրականացման այնպիսի կարգ սահմանվի, որը կբավարարի իրավական որոշակիության և կանխատեսելիության պահանջները: ՀՀ վճռաբեկ դատարանի մատչելիության և այդ ատյանում դատական պաշտպանության արդյունավետությունը պայմանավորված է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու այնպիսի հիմքերի սահմանմամբ, որոնք կհամարվեն իրավական առումով որոշակի և կանխատեսելի: Այս պարագայում վճռաբեկ դատարանի մատչելիությունը և դատական պաշտպանության արդյունավետությունն ուղղակիորեն կախված են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` օրենքով նախատեսված հիմքերի իրավական կարգավորումից,

գ) վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ պետք է հերքի բողոքում ներկայացված այն բոլոր փաստարկները, որոնք, բողոք ներկայացնող սուբյեկտի կարծիքով, բավարարում են բողոքը վարույթ ընդունելու հիմքերը: Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1. հոդվածի 2-րդ մասը բողոքը վերադարձնելու մասին որոշումը պատճառաբանելու պարտականություն չի նախատեսում, որից ելնելով` վճռաբեկ դատարանն իր իրավակիրառ պրակտիկայում դրանք չի պատճառաբանում,

դ) վիճարկվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2. հոդվածի առաջին մասի 1-ին և 3-րդ կետերում նշվում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը: Թվում է` այդ հիմքերի ընտրությունը և ձևակերպումները պետք է ուղղված լինեին արդարադատության արդյունավետ իրականացմանը: Իրականում դրանք անորոշ են, ձևակերպված են ոչ հստակ, հնարավորություն են տալիս երկիմաստ և հայեցողական մեկնաբանությունների, ինչի հետևանքով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից բողոքները` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2. հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված պայմանները չբավարարելու հիմքով վերադարձնելիս խախտվում են անձի` դատական արդյունավետ պաշտպանության և արդարադատության մատչելիության սահմանադրական իրավունքները և իրավական որոշակիության սկզբունքը:

Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2. հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերում ամրագրված հիմքերի անորոշությունը, ոչ հստակ ձևակերպումը ՀՀ վճռաբեկ դատարանին տալիս են անսահմանափակ, որևէ իրավաչափ նպատակ չհետապնդող հայեցողական լիազորություն` գնահատելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2. հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերում ամրագրված հիմքերը:

4. Պատասխանող կողմը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վեճի առարկա դրույթները չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը, և դիմող կողմի պնդումների դեմ իր առարկությունները հիմնավորում է հետևյալ պատճառաբանությամբ.

ա) «ՀՀ վճռաբեկ դատարանի սահմանադրական նոր կարգավիճակով էր պայմանավորված 2006 թվականին ՀՀ վճռաբեկ դատարանի դատավարական կարգավիճակի և դատավարական լիազորությունների փոփոխությունը»: Սահմանադրության 92 հոդվածում ամրագրված է վճռաբեկ դատարանի «կարգավիճակը և սահմանադրաիրավական առաքելությունը» և սահմանվել է, որ ՀՀ բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը,

բ) ՀՀ Սահմանադրությամբ վճռաբեկ դատարանին տրվել է այնպիսի կարգավիճակ, որ այն ներկայումս չի համարվում «դասական իմաստով» վճռաբեկ դատարան, հետևապես, ճյուղային օրենսդրությամբ նախատեսված են վճռաբեկ վարույթը կանոնակարգող այնպիսի նորմեր, որոնք բխում են վճռաբեկ դատարանի հենց սահմանադրական կարգավիճակից: Վճռաբեկ դատարանը դասական իմաստով գործը վերանայող դատական երրորդ ատյան չի համարվում, հետևաբար` պայմանավորված այս հանգամանքով, թերևս, ոչ բավարար հիմնավոր է այն մոտեցումը, թե սահմանափակվում է անձի` բողոք բերելու սահմանադրական իրավունքը: ՀՀ դատավարական օրենսգրքերով պահպանվել է անձի` բողոք բերելու իրավունքը, քանզի այդ նորմերով անձինք ցանկացած գործով կարող են ներկայացնել վճռաբեկ բողոք: ՀՀ դատավարական օրենսգրքերով սահմանվել են վճռաբեկ դատարանի իրավասությունը` ընտրելու այն գործերը, «որոնք կարևոր են իր սահմանադրական առաքելության իրականացման գործում»: Նման հիմնավորումից ելնելով` պատասխանող կողմը գտնում է, որ «ՀՀ վճռաբեկ դատարանն արդարադատություն է իրականացնում ոչ թե ընդհանրապես` համարվելով դասական իմաստով երրորդ դատական ատյան, այլ հատուկ դեպքերում` Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում»,

գ) ՀՀ Սահմանադրության մեջ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում «օրենքի միատեսակ կիրառությունը» գործառույթը դատական իշխանության ինքնուրույն դրսևորումներից է, ուստի այն հատուկ շեշտելու նպատակն օրենսդրի ցանկությունն է` հստակորեն ներկայացնել ոչ միայն վճռաբեկ դատարանի հիմնական խնդիրը, այլև այդ գործում վճռաբեկ դատարանի հատուկ դերը: Իսկ, ըստ պատասխանող կողմի, «արդարադատություն իրականացնելը դատարանի խնդիրը չէ, այլ իշխանական գործառույթ է` գործունեության հիմնական ուղղություն, այն կոչումը, ինչի համար ստեղծվել է դատարանը: Միևնույն ժամանակ կարևոր է նշել, որ օրենքի միատեսակ կիրառումը սերտորեն կապված է վճռաբեկ դատարանի կողմից իրականացվող արդարադատության հետ, քանի որ նախ այդ հիմքով վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ` արդարադատություն իրականացնելու նպատակով, և երկրորդ` այդ նույն հիմքով արդարադատություն իրականացնելիս դատարանը միաժամանակ իրականացնում է նաև իր` օրենքների միատեսակ կիրառման ապահովման խնդիրը: Այստեղից էլ կարելի է եզրակացնել, որ արդարադատությունը` որպես ծավալուն հասկացություն, փոխգործակցում է օրենքի միատեսակ կիրառման ապահովման հետ, այսինքն` այս երկու իրավական հասկացությունը փոխադարձ լրացնում են միմյանց»,

դ) գործում հիշատակվող` ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման առնչությամբ պատասխանող կողմը նշում է, որ, այո, ստորադաս դատարանները ղեկավարվում են Սահմանադրությամբ և օրենքներով, սակայն նրանց համար միաժամանակ պարտադիր է բարձրագույն դատական ատյանի իրավական դիրքորոշումը` օրենքի կիրառման առումով: Իսկ վճռաբեկ դատարանն իր իրավական դիրքորոշումն արտահայտում է օրենքի կոնկրետ նորմերի վերաբերյալ արված իր եզրահանգումներում: Սակայն դրա պարտադիր լինելը չի ենթադրում այնպիսի իմպերատիվություն, որից շեղումն անթույլատրելի է: Որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով շեղումները կոնկրետ դեպքերում կարող են հանգեցնել ոչ թե նախադեպի խախտման, այլ օրենքի խախտման, քանի որ վճռաբեկ դատարանը նախադեպային նշանակություն ունեցող իր որոշումներում կիրառելով մեկնաբանության տարբեր մեթոդներ, դատարաններին, կողմերին և ընդհանրապես տվյալ նորմը կիրառող մարմիններին և անձանց բացատրում է, թե օրենքն ինչպես պետք է հասկանալ, հետևապես` և կիրառել: Այստեղ կարևորվում է արդարադատության կանխատեսելիությունը:

Ելնելով հայեցակարգային նման մոտեցումներից, պատասխանող կողմը նաև եզրակացնում է, որ «...ինչ վերաբերում է վճռաբեկ դատարանի կողմից ընդունելու կամ վերադարձնելու վերաբերյալ որոշումները պատճառաբանելուն, ապա այստեղ պետք է նկատել, որ բարձրագույն դատական ատյանները նման որոշումները չեն պատճառաբանում այնպես, ինչպես հիմնական ակտերը: Դրանք ունեն մասնակի պատճառաբանություններ, քանի որ դրանք գործնականում ընթացակարգային որոշումներ են»:

5. ՀՀ սահմանադրական դատարանը մի շարք քաղաքացիների դիմումների հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` վճռաբեկ բողոք բերելու իրավունքի հետ կապված առանձին հոդվածների սահմանադրականությունը գնահատելու վերաբերյալ իր 09.04.2007 թ. ՍԴՈ-690 որոշման մեջ հստակ իրավական դիրքորոշում է արտահայտել նաև սույն գործին անմիջականորեն առնչվող այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են.

նախ` դատական իշխանության համակարգում վճռաբեկ դատարանի` ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված գործառնական տեղը և դերը,

երկրորդ, օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու վճռաբեկ դատարանի սահմանադրական գործառույթի բովանդակությունը և դրա իրացման երաշխավորումը դատավարության օրենսգրքում և այլ իրավական ակտերում,

երրորդ, դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրացման օրենսդրական երաշխավորվածությունը դատական ակտերի բողոքարկման գործող կարգում,

չորրորդ, դատավարության օրենսգրքի վիճարկվող նորմերում ՀՀ Սահմանադրության 18, 19 հոդվածներով, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6 հոդվածում նախատեսված` անձի իրավունքների դատական պաշտպանության արդյունավետ միջոցի, հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում հրապարակային քննության իրավունքների, այդ առնչությամբ սահմանադրական այլ նորմերի պահանջների երաշխավորումը, ինչպես նաև իրավական ակտի «որոշակիության», «մատչելիության» իրավական չափորոշիչների նորմատիվ բովանդակության ապահովումը` որպես իրավական ակտի միասնական ըմբռնման, հետևաբար` հասարակական հարաբերությունների արդյունավետ կարգավորման առաջնահերթ երաշխիք,

հինգերորդ, դատական բողոքարկման հարաբերությունների կարգավորման բնագավառում արդարադատության արդյունավետության և անձի իրավունքների դատական պաշտպանության երաշխավորումը 2006 թ. հուլիսի 7-ի օրենսդրական փոփոխություններում,

վեցերորդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող նորմերի կիրառման դատական պրակտիկան` այնքանով, որքանով առնչվում է դրանց` սույն գործով քննվող սահմանադրականության խնդրին:

Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանը հենվում է նշված որոշմամբ արտահայտած իր իրավական դիրքորոշումների վրա:

6. Սույն գործով վիճարկվող օրենքի նորմերը ներառված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ բաժնում: Բաժինը վերնագրված է` «Վարույթը վճռաբեկ դատարանում»: Դրանում նախատեսված են վճռաբեկության կարգով դատավճիռների ու որոշումների վերանայման դեպքերը, նշված է վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, սահմանված են վճռաբեկ բողոք բերելու հիմքերը, վճռաբեկ բողոքի բովանդակությունը և մնացած այն բոլոր հարցերը, որոնք կազմում են վճռաբեկ դատարանի վարույթի բովանդակությունը: Նշված բաժնում տեղ գտած նորմերը և դրույթները փոխկապակցված են և լրացնում են միմյանց:

ՀՀ Սահմանադրությունը և օրենքները նախատեսում են դատական ակտերի օրինականությունը և հիմնավորվածությունն ստուգելու այնպիսի արդյունավետ միջոց, ինչպիսին է դրանց բողոքարկումը վերադաս դատական ատյան: Հաշվի առնելով այն խնդրի առանձնահատկությունը, որի լուծման համար է կոչված վճռաբեկ դատարանը, օրենսդիրը սահմանել է ինչպես այդ մարմնին դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների ցանկը, այնպես էլ այն հիմքերը, որոնց առկայության պարագայում միայն բողոքը կընդունվի վարույթ:

ՀՀ վճռաբեկ դատարանին բողոք ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտների ցանկը և դրանց իրավունքները նշված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404 հոդվածում:

ՀՀ դատախազության լիազորությունները, այդ թվում` նաև դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները բողոքարկելու մասով, ամրագրված են ՀՀ Սահմանադրության 103 հոդվածում:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2000 թ. հոկտեմբերի 6-ին ընդունված` «Քրեական արդարադատության համակարգում դատախազության դերի վերաբերյալ» թիվ R(2000)19 հանձնարարականում դատախազի կողմից դատարանի որոշման բողոքարկման առնչությամբ նշվում է, որ «… դատարանի որոշման բողոքարկման իրավունքը սերտորեն կապված է դատախազների ընդհանուր առաքելության հետ, որովհետև դա հանդիսանում է իրավունքի կիրառումն ապահովող միջոցներից մեկը, միաժամանակ դրանով նպաստելով համակարգի արդյունավետության բարձրացմանը, մասնավորապես դատական որոշումների համաձայնեցվածության վերաբերյալ իրավունքի` լայն իմաստով իրացմանը: Այս տեսանկյունից, Կոմիտեն կցանկանար, որպեսզի դատախազները բողոքարկելու համար օժտված լինեին նշանակալի հնարավորություններով, որը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի որոշ երկրների իրավական համակարգի շրջանակներում ոչ միշտ տեղ ունի»:

Սահմանադրական դատարանն այս կապակցությամբ նշում է, որ չնայած արդարադատության իրականացման հարցում դատախազության կարևոր դերակատարությանը, այդուհանդերձ, ելնելով կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքների պահանջից, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը վճռաբեկ դատարանին որևէ կերպ չի պարտավորեցնում տարբերակում դնել քաղաքացիներից և դատախազությունից ստացված վճռաբեկ բողոքների գնահատման հարցում: Օրենսգրքի 407, 414.1. և 414.2. հոդվածները վճռաբեկ բողոք բերելու հիմքերի, վճռաբեկ բողոքը վերադարձնելու և այն վարույթ ընդունելու համար բոլոր դիմող սուբյեկտների համար նախատեսում են միևնույն պայմանները: Իսկ դատախազությունն իր սահմանադրական իրավասությունը պետք է իրականացնի, ինչպես նշված է ՀՀ Սահմանադրության 103 հոդվածում, «...օրենքով նախատեսված դեպքերում և կարգով»:

7. ՀՀ սահմանադրական դատարանում վիճարկվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1. հոդվածի 2-րդ մասում նշվում է, որ «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից 10 օրվա ընթացքում»: Այս դրույթը վճռաբեկ դատարանին որևէ կերպ չի պարտավորեցնում բողոքի վերաբերյալ որոշում կայացնելիս ապացուցել դրա հիմնավորված կամ ոչ հիմնավորված լինելը: Այսպիսի մոտեցումը բխում է պատասխանող կողմի հայեցակարգային այն դիրքորոշումից, որն արդեն ներկայացվեց:

Այդ հայեցակարգային մոտեցումով են պայմանավորված նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 422 հոդվածում 2006 թ. մայիսի 25-ին և հուլիսի 7-ին կատարված փոփոխությունները, որոնցով, նույնիսկ օրենսգրքի 103 հոդվածի 10-րդ կետի առկայության պայմաններում, վճռաբեկ դատարանի որոշումներին ներկայացվող պահանջները վերապահվեցին միայն գործի քննության արդյունքներով կայացված որոշմանը, իսկ այդ հոդվածի 3-րդ մասում ամրագրվեց. «Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված, ապահովի օրենքի ճիշտ մեկնաբանությունը, նպաստի իրավունքի զարգացմանը»:

Միաժամանակ, քրեական դատավարության օրենսգիրքը, ինչպես նշվեց, դարձյալ վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակից ելնելով, 07.07.2006 թ. լրացվեց նոր` 414.1. հոդվածով` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին: Սակայն տվյալ հոդվածում վճռաբեկ բողոքը վերադարձնելու որոշման պատճառաբանման պահանջ չդրվեց:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1. հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության վերաբերյալ 09.04.2007 թ. ՍԴՈ-690 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները հավասարապես վերաբերում են նաև քրեական դատավարության օրենսգրքի 414.1. հոդվածի 2-րդ մասին:

Սահմանադրական դատարանն ընդունում է, որ վճռաբեկ դատարանի խնդիրը չէ քննության ընդունել ցանկացած բողոք: Սակայն օրենքը պետք է հաշվի առնի, որ ելնելով վճռաբեկ դատարանի սահմանադրական գործառույթից, նա իր լիազորություններն առավել ամբողջական կկատարի, եթե վճռաբեկ բողոքը վերադարձնելու պատճառաբանմանն օրենսդրական պահանջ ներկայացվի: Նման մոտեցումը ոչ միայն լուրջ ներդրում կլինի դատական տվյալ ատյանի կողմից առավել ամբողջական նախադեպի ձևավորման հարցում, այլ նաև էապես կնվազեցնի չհիմնավորված բողոքների քանակը և կբարձրացնի արդարադատության արդյունավետությունը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 71 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության դիմումի մասով գործի վարույթը կարճել:

2. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 414.1. հոդվածի 2-րդ մասը (2006 թ. հուլիսի 7-ի խմբագրությամբ).

ա) վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշում կայացնելու ժամկետ սահմանելու առումով, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը,

բ) վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճառաբանման պարտադիր պայման չնախատեսելու, հետևաբար, նաև` արդարադատության արդյունավետության, բավարար մատչելիության իրավական երաշխիքներ չապահովելու առումով, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 6 (1-ին և 2-րդ մասեր), 18 (1-ին մաս), 19 (1-ին մաս) հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

3. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 414.2. հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի դրույթները (2006 թ. հուլիսի 7-ի խմբագրությամբ) համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի  մեջ  է  մտնում հրապարակման պահից:

Նախագահող

Գ. Հարությունյան


11 ապրիլի 2007 թ.
ՍԴՈ-691