Գլխավոր տեղեկություն
Համար
N 436-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (27.07.2006-27.12.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.07.01/15(163) Հոդ.211
Ընդունող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
31.05.2004
Ստորագրող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.05.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2004

«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
4 հունիսի 2004 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 60504149

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

31 մայիսի 2004 թ.
ք. Երևան 

N 436-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

1. Սահմանել ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը (հավելված):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2003 թվականի հունիսի 17-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքման կարգը սահմանելու մասին» N 214-Ն որոշումը, բացառությամբ այդ որոշման 2-րդ կետի:

 

ՀՀ քաղաքացիական
ծառայության խորհրդի

նախագահ`

Մ. Բադալյան

 

Հավելված
ՀՀ քաղաքացիական ծառայության
խորհրդի 2004 թվականի մայիսի 31-ի
N 436-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու հետ կապված հարաբերությունները:

2. Քաղաքացիական ծառայության պաշտոնը համարվում է ժամանակավոր թափուր հետևյալ դեպքերում.

ա) հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի.

բ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու.

գ) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով սահմանված կարգով քաղաքացիական ծառայողի գործուղման.

(«գ» ենթակետը փոփ. 26.06.06 N 549-Ն)

դ) մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելու.

ե) քաղաքացիական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության.

զ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

(2-րդ կետը փոփ. 26.06.06 N 549-Ն)

3. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը սույն կարգով նախատեսված դեպքերում կարող է զբաղեցվել`

ա) տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող քաղաքացիական ծառայողի.

բ) տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում (այսուհետ` կադրերի կարճաժամկետ ռեզերվ) գրանցված քաղաքացիական ծառայողի.

գ) տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվում (այսուհետ` կադրերի երկարաժամկետ ռեզերվ) գրանցված անձի.

դ) տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մեկ այլ անձի կողմից:

Սույն կետի «բ», «գ» և «դ» ենթակետերով նախատեսված քաղաքացիական ծառայողը և անձը քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնում է իր համաձայնությամբ:

4. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից կարող է զբաղեցվել սույն կարգի 2-րդ կետի «դ» և «ե» ենթակետերով նախատեսված, ինչպես նաև վեց ամիսը չգերազանցող ժամկետով օրենքով նախատեսված այլ դեպքերում` մինչև վեց ամիս ժամկետով տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետի հայեցողությամբ` նրա հրամանով (որոշմամբ):

Եթե տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված է տվյալ պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի փոխարինումը մեկից ավելի քաղաքացիական ծառայողների կողմից, ապա նրանց փոխարինման ժամկետների հանրագումարը չպետք է գերազանցի վեց ամիսը:

Սույն կետով նախատեսված հրամանի (որոշման) պատճենը համապատասխան մարմինը եռօրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ):

(4-րդ կետը փոփ. 02.02.05 N 77-Ն)

5. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի, իսկ դրա անհնարինության դեպքում` կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձի, իսկ դրա անհնարինության դեպքում մեկ այլ անձի կողմից կարող է զբաղեցվել`

ա) սույն կարգի 2-րդ կետի «դ» և «ե» ենթակետերով նախատեսված, ինչպես նաև վեց ամիսը չգերազանցող ժամկետով օրենքով նախատեսված այլ դեպքերում` տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետի հայեցողությամբ` նրա հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր) կնքելով (Ձևը կցվում է).

(«ա» ենթակետը փոփ. 26.06.06 N 549-Ն)

բ) սույն կարգի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված դեպքերում, ինչպես նաև վեց ամիսը գերազանցող ժամկետով սույն կարգի 2-րդ կետի «գ» ենթակետով և օրենքով նախատեսված այլ դեպքերում` տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից նրա հետ Պայմանագիր կնքելով:

(5-րդ կետը փոփ. 02.02.05 N 77-Ն, 26.06.06 N 549-Ն)

6. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքերում (ընդ որում» սույն կարգի 5-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքերում` եռօրյա ժամկետում) տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետը գրավոր դիմում է Խորհուրդ` տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող սույն կարգով նախապատվություն ստացած կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի կամ կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձի մասին տեղեկություններ ստանալու և նրա հետ Պայմանագիր կնքելու համար:

(6-րդ կետը փոփ. 02.02.05 N 77-Ն)

7. Սույն կարգի 6-րդ և 16-րդ կետերով նախատեսված դեպքերում գրավոր դիմումը ստանալուց հետո Խորհուրդն առնվազն տասնօրյա ժամկետում հրապարակում է հայտարարություն` կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողների և կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձանց կողմից քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար դիմում ներկայացնելու նպատակով:

8. Հայտարարության մեջ պետք է պարունակվեն առնվազն հետևյալ տվյալները.

ա) համապատասխան մարմնի անվանումը.

բ) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի անվանումը և տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

գ) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.

դ) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացումը կամ դրա վերացման ժամկետը.

ե) դիմումների ներկայացման վերջնաժամկետը, որը պետք է լինի տվյալ հայտարարության առաջին հրապարակման երրորդ աշխատանքային օրը.

զ) Խորհրդի աշխատակազմի գտնվելու վայրը և համապատասխան հեռախոսահամարը:

9. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված հայտարարության հիման վրա ներկայացված դիմումներից նախապատվությունը տրվում է տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողին:

Եթե դիմում են ներկայացրել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված մեկից ավելի քաղաքացիական ծառայողներ, ապա նախապատվության իրավունքը տրվում է տվյալ համապատասխան մարմնի հաստիքների կրճատման հիմքով պաշտոնից ազատված և կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողին, այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` առավել բարձր դասային աստիճան ունեցող քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` քաղաքացիական ծառայության առավել երկար ստաժ ունեցող քաղաքացիական ծառայողին:

10. Եթե տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի (քաղաքացիական ծառայողների) կողմից դիմում չի ներկայացվել կամ դիմում ներկայացրած կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողը (քաղաքացիական ծառայողները) չի բավարարում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները, ապա հիմք է ընդունվում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձի (անձանց) դիմումը:

Եթե դիմում են ներկայացրել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված մեկից ավելի անձինք, ապա նախապատվության իրավունքը տրվում է կադրերի կարճաժամկետ ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը լրանալու հիմքով կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձին, այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` տվյալ մարմնի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կազմակերպված մրցույթում հաղթող ճանաչվելու և չնշանակվելու հիմքով կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձին, այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` առավել երկար քաղաքացիական ծառայության ստաժ ունեցող անձին, այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում կադրերի երկարաժամկետ ռեզերվում առավել երկար ժամկետով գտնվող անձին, իսկ այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` առավել երկար աշխատանքային ստաժ ունեցող անձին:

(10-րդ կետը լրաց. 14.07.04 N 609-Ն, փոփ. 26.06.06 N 549-Ն)

11. Սույն կարգի 9-րդ կամ 10-րդ կետով նախատեսված անձի մասին Խորհուրդը քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետին տեղեկացնում է երեք աշխատանքային օրվա ընթացքում` այդ մասին համապատասխան տեղեկություն հրապարակելով Խորհրդի աշխատակազմում տեսանելի ցուցանակի վրա:

Սույն կետով նախատեսված տեղեկացումը ստանալու մասին հրապարակվում է տեղեկություն համապատասխան մարմնի տեսանելի ցուցանակի վրա:

(11-րդ կետը փոփ. 02.02.05 N 77-Ն)

12. Խորհուրդը սույն կարգի 9-րդ կամ 10-րդ կետով նախատեսված համապատասխան անձին սույն կարգով սահմանված ընթացակարգով նախապատվություն տալու դեպքում այդ մասին հայտնում է նրան սույն կարգի 11-րդ կետում նշված տեղեկացման օրը:

13. Եթե տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձի (անձանց) կողմից դիմում չի ներկայացվել կամ դիմում ներկայացրած կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձը (անձինք) չի բավարարում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները, ապա Խորհուրդը քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է այդ մասին:

(13-րդ կետը փոփ. 02.02.05 N 77-Ն)

14. Սույն կարգի 13-րդ կետով կամ 11-րդ կետով նախատեսված տեղեկությունը ստանալուց հետո մինչև 3-րդ աշխատանքային օրը ներառյալ սույն կարգի 9-րդ կամ 10-րդ կետով նախատեսված անձի համապատասխան մարմին չներկայանալու դեպքում (այդ մասին համապատասխան մարմինը պարտավոր է անհապաղ տեղյակ պահել Խորհրդին) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետը կարող է տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մեկ այլ անձի հետ կնքել Պայմանագիր, հաշվի առնելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ, 12-րդ, 24-րդ հոդվածի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները:

Չի թույլատրվում այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել, եթե քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր տվյալ պաշտոնն առաջացել է նրա այդ պաշտոնից Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ», «դ», «ե», «թ», «ժ» և «ի» կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով ազատվելու հետևանքով:

(14-րդ կետը փոփ., լրաց. 02.02.05 N 77-Ն)

15. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետը սույն կարգի 11-րդ կետով նախատեսված տեղեկությունները ստանալուց հետո եռօրյա ժամկետում, իսկ սույն կարգի 14-րդ կետով նախատեսված դեպքերում` մեկամսյա ժամկետում, Պայմանագիրը կնքում է երեք հավասարազոր օրինակից, որի առաջին օրինակը պահվում է համապատասխան մարմնում, երկրորդը` եռօրյա ժամկետում ներկայացվում է Խորհուրդ, իսկ երրորդը` նույն օրը տրվում է այն անձին, ում հետ կնքվել է Պայմանագիրը:

(15-րդ կետը փոփ. 02.02.05 N 77-Ն, փոփ. 26.06.06 N 549-Ն)

16. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից մեկամսյա ժամկետում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մեկ այլ անձի հետ Պայմանագիր չկնքելու, ինչպես նաև սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված համապատասխան անձանց կողմից տվյալ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը Պայմանագրով զբաղեցնելուց հրաժարվելու դեպքում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցվում է սույն կարգով նախատեսված ընդհանուր հիմունքներով:

(16-րդ կետը փոփ. 02.02.05 N 77-Ն, լրաց. 26.06.06 N 549-Ն)

17. Պայմանագրի ժամկետը, մինչև սույն կարգի 18-րդ կետով նախատեսված հիմքերից մեկի առաջացումը, կարող է երկարաձգվել քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի կամ դրա վերացման ժամկետի փոփոխման դեպքում` տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետի և այն անձի համաձայնությամբ, ում հետ կնքվել է Պայմանագիրը:

(17-րդ կետը փոփ. 02.02.05 N 77-Ն)

18. Պայմանագիրը լուծվում է`

ա) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացման, այդ թվում` վաղաժամկետ, դեպքում.

բ) Օրենքի 33-րդ հոդվածով (բացառությամբ այդ հոդվածի 1-ին մասի «դ», «ե», «է», «թ», «ժդ», «ի», «իա» կետերով և 3-րդ մասով) նախատեսված դեպքերում.

(«բ» ենթակետը լրաց., փոփ. 02.02.05 N 77-Ն, խմբ. 26.06.06 N 549-Ն)

գ) սույն կարգի խախտմամբ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու դեպքում.

դ) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով Պայմանագրով սահմանված ժամկետում աշխատանքի չներկայանալու դեպքում, ընդ որում` քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն մեկ ամսից ավելի ժամկետով զբաղեցնելու դեպքում Պայմանագրում ժամկետը սահմանվում է ոչ պակաս, քան յոթ աշխատանքային օր, իսկ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն մինչև մեկ ամիս ժամկետով զբաղեցնելու դեպքում` ոչ պակաս, քան երեք աշխատանքային օր:

Սույն կետի «դ» ենթակետով նախատեսված ժամկետները կարող են երկարաձգվել քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետի հայեցողությամբ:

Սույն կարգի խախտմամբ կնքված Պայմանագիրը ենթակա չէ լուծման տվյալ պաշտոնը Պայմանագրով զբաղեցնող անձի անձնական դիմումի համաձայն:

(18-րդ կետը լրաց., փոփ. 02.02.05 N 77-Ն, խմբ., լրաց. 26.06.06 N 549-Ն)

19. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում սույն կարգի 3-րդ կետի «բ», «գ» և «դ» ենթակետերով նախատեսված անձինք չեն կարող Օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված դեպքերում և կարգով գործուղվել:

(19-րդ կետը փոփ. 26.06.06 N 549-Ն)

20. Չի թույլատրվում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում տվյալ քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրում կատարել այնպիսի փոփոխություն, որը կարող է հանգեցնել տվյալ պաշտոնը Պայմանագրով զբաղեցնող անձի հետ կնքված Պայմանագրի լուծմանը:

(20-րդ կետը լրաց. 26.06.06 N 549-Ն)

 

Ձև

 

ժամկետային աշխատանքային

պայմանագիր կնքելու կարգի

 

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N -----

 

ք. ---------------

------ ----- 200--թ.

Հայաստանի Հանրապետության ---------------------------------------------------, մի

(համապատասխան մարմնի անվանումը)

կողմից, ի դեմս ---------------------------------------------------------------------

(պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը)

---------------------------------------------------------------------------------------

(այսուհետ` Համապատասխան մարմին) և

---------------------------------------------------------------------------------------

(քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձի անունը, ազգանունը, հայրանունը)

(ծնված 19-----թ.------  ------- -ին, բնակության վայրը` -------------------

անձնագիր N-------- տրված ---- կողմից --- թ. ---------- «----»-ին)

մյուս կողմից (այսուհետ` Պաշտոնակատար) կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Համապատասխան մարմինը հանձնարարում է, իսկ Պաշտոնակատարն ապահովում է

-------------------------------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------------- -ում

(համապատասխան մարմնի անվանումը)

------------------------------------------------------------------------------- -ում

(քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի անվանումը, ծածկագիրը)

պաշտոնի անձնագրով սահմանված պահանջների ճշգրիտ և ժամանակին կատարումը:

 

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Կողմերն ունեն «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված իրավունքներ և պարտականություններ:

 

III. ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

3. Համապատասխան մարմինը Պաշտոնակատարին վճարում է ամենամսյա աշխատավարձ

-------------------------------------------------------------------------- դրամի չափով:

(տառերով և թվերով)

 

IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

4. Սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման դեպքում կողմերը կրում են պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

5. Սույն պայմանագրի հետ կապված վեճերը լուծվում են քաղաքացիական ծառայության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև դատական կարգով:

6. Սույն պայմանագիրը լուծվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի մայիսի 31-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 436-Ն որոշմամբ սահմանված կարգով:

7. Սույն պայմանագրով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

8. Սույն պայմանագիրը գործում է ստորագրման պահից:

9. Սույն պայմանագիրը կնքվել է երեք հավասարազոր օրինակից:

 

Համապատասխան մարմին

Պաշտոնակատար

----------------------

----------------------

(ստորագրություն)

(ստորագրություն)

Կ.Տ.