Գլխավոր տեղեկություն
Համար
N 8
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.06.2000-16.08.2000)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Դատարանների նախագահների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.03.1999
Ստորագրման ամսաթիվ
27.03.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մարտի 1999 թվականի N 8

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 68-73 ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-73 հոդվածները և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը դատարաններում ճիշտ կիրառելու և դատական հնարավոր սխալներից խուսափելու նպատակով Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը պարզաբանում է`

1. Պետական տուրքը գանձվում է մինչև համապատասխան ծառայության մատուցումը կամ գործողության իրականացումը, եթե «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այլ կարգ սահմանված չէ կամ վճարողին պետական տուրքի գծով արտոնություն տրված չէ:

2. Դատարան ներկայացվող հայցադիմումների, դիմումների, դատարանի վճիռների ու որոշումների դեմ բերված վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքերը հաշվարկվում են «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ կետում նշված դրույքաչափերով:

3. Հայցագինը որոշվում է ելնելով`

1) դրամական միջոցներ բռնագանձելու հայցերով` բռնագանձվող գումարի չափից.

2) գույքը պահանջելու հայցերով` գույքի շուկայական գնից: Ընդ որում շուկայական գինը կարող է պարզվել անշարժ գույքի կադաստրի, ապրանքային բորսաների, փորձագիտական կենտրոնների միջոցով.

3) ալիմենտ բռնագանձելու հայցերով` մեկ տարվա ընթացքում կատարվելիք վճարումների հաշվարկից.

4) ժամկետային, անժամկետ (ցմահ) վճարումների կամ հանձնումների հայցերով` մեկ տարվա ընթացքում կատարվելիք վճարումների կամ հանձնումների հաշվարկից.

5) վճարումները կամ հանձնումները պակասեցնելու կամ ավելացնելու հայցերով` այն գումարից, որով պակասեցվում կամ ավելացվում են վճարումները կամ հանձնումները, սակայն ոչ ավելի, քան մեկ տարվա հաշվարկով.

6) վճարումները կամ հանձնումները դադարեցնելու հայցերով` մնացած վճարումների և հանձնումների ամբողջ գումարից, սակայն ոչ ավելի, քան մեկ տարվա հաշվարկով.

7) գույքի վարձակալության պայմանագիրը վաղակետ լուծելու հայցերով` պայմանագրի գործողության մնացած ժամանակի ընթացքում գույք օգտագործելու համար տրվող վճարումների ամբողջ գումարից, սակայն ոչ ավելի, քան մեկ տարվա հաշվարկով:

4. Մի քանի հայցվորների (համահայցվորներ) կողմից մեկ կամ մի քանի պատասխանողի (համապատասխանողներ) նկատմամբ համատեղ հայց ներկայացնելու դեպքում, պետական տուրքը հաշվարկվում է հայցի ընդհանուր գումարից և վճարվում է հայցվորների կողմից` յուրաքանչյուրի պահանջին համապատասխան չափով:

Համահայցվորների հայցապահանջից մեկ կամ մի քանի հայցվորների պահանջը առանձին վարույթով առանձնացնելու դեպքում, հայցադիմումը ներկայացնելու պահին վճարված պետական տուրքը չի վերահաշվարկվում և երկրորդ անգամ պետական տուրք չի գանձվում, որի մասին նշվում է վարույթն առանձնացնելու որոշման մեջ:

Հայցի ընդհանուր գումարից ելնելով է գանձվում պետական տուրքը նաև մեկ հայցվորի կողմից մի քանի պատասխանողների նկատմամբ հայցի հարուցման ժամանակ, երբ նման պահանջները միացվում են մեկ վարույթում:

5. Գույքային և ոչ գույքային պահանջ պարունակող հայցադիմումով պետական տուրքը հաշվարկվում և գանձվում է յուրաքանչյուր պահանջի համար առանձին:

6. Հայցվորի կողմից հայցագինը ճիշտ չնշելու դեպքում այն որոշում է դատավորը: Եթե հայցը հարուցելու պահին հայցագինը որոշելը դժվար է, ապա դատավորը որոշում է նախնական հայցագին և պետական տուրքի չափ, հետագայում լրացուցիչ գանձելով այն հայցագնին համապատասխան պետական տուրք, որը որոշել է դատարանը վճիռ կայացնելիս:

7. Հայցագինը մեծացնելու դեպքում պետական տուրքի չբավականացնող գումարը գանձվում է վճիռ կայացնելիս` ավելացված հայցագնին համապատասխան: Հայցագինը նվազեցնելու դեպքում վճարված տուրքը չի վերադարձվում:

8. Հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը ենթակա են վերադարձման, եթե չեն ներկայացվել սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն` բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը կամ նման միջնորդությունը մերժվել է:

9. Հակընդդեմ հայցադիմումներից, ինչպես նաև վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձանց գործին մասնակցելու մասին դիմումներից պետական տուրքը գանձվում է ընդհանուր հիմունքներով:

10. Նախկինում առանց քննության թողնված հայցը կրկին ներկայացնելու դեպքում, պետական տուրքը վճարվում է ընդհանուր հիմունքներով:

Պետական տուրքը վճարվում է ընդհանուր հիմունքներով նաև այն դեպքում, երբ հայցվորի հայցից հրաժարվելու պատճառաբանությամբ գործի վարույթը կարճվելուց հետո հայցվորը նույն վեճի վերաբերյալ կրկին է հայց ներկայացրել:

11. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածի 8-րդ և 9-րդ կետերի ա) ենթակետերում հիշատակված վիճարկվող գումար պետք է դիտարկել.

1) հայցագինն ամբողջությամբ, երբ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք է ներկայացվել գույքային պահանջի գործով և բողոքում չի վիճարկվում առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի վճռով բավարարված կամ չբավարարված պահանջի չափը կամ վիճարկվում է հայցապահանջն ամբողջությամբ.

2) գումարի այն չափը, որը բավարարվել կամ չի բավարարվել առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի վճռով և որը վիճարկվում է վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքում.

(11-րդ կետը լրաց. 23.07.99 թիվ 10)

12. Հիշեցնել բոլոր ատյանների դատարաններին, որ համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի զ) և ժա) կետերի, ի թիվս այլոց, պետական տուրքի վճարումից ազատվում են.

- Հայաստանի Հանրապետության համապատասխան իրավասու մարմինները` Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման հետևանքով պետությանը պատճառված վնասի փոխհատուցման գումարները պետական բյուջե գանձելու վերաբերյալ հայցերով.

- Որպես հայցվոր հանդես եկող ֆինանսական, հարկային և մաքսային մարմինները, սեփականաշնորհման և ապապետականացման հարցերով լիազորված պետական կառավարման մարմինը` վճարումները բյուջե գանձելու, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերով ձեռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը լուծարելու կամ անվճարունակ ճանաչելու, սեփականաշնորհման և ապապետականացման գործարքներն անվավեր ճանաչելու հայցերով.

- Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման համար նշանակված տույժերն ու տուգանքները բռնագանձելու վերաբերյալ հայցերով:

(12-րդ կետը լրաց. 23.07.99 թիվ 10)

13. Նկատի ունենալով, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի ուժով դատական գործերով պետական տուրքի գանձումն ապահովելու պարտականությունը կրում են դատարանները, ուստի պետական բյուջեի օգտին պետական տուրքի գումար բռնագանձելու վերաբերյալ վճիռ կայացրած դատարանը, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, մեկշաբաթյա ժամկետում համապատասխան կատարողական թերթ է ուղարկում դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը:

(13-րդ կետը լրաց. 23.07.99 թիվ 10)

14. Ամուսնալուծության վերաբերյալ գործերով վճիռ կայացնելիս դատարանը գործին մասնակցող անձանց միջև բաշխում է միայն հայցադիմումի համար վճարված պետական տուրքը (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132 հոդվածի 3-րդ կետ), իսկ ամուսնալուծությունը գրանցելու համար, ներառյալ` վկայական տալը, պետական տուրքի գանձումը ոչ թե դատարանի, այլ Քաղաքացիական կացության գրանցման մարմինների իրավասությունն է («Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 12 հոդված):

(14-րդ կետը լրաց. 12.02.00 թիվ 18)

15. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73 հոդվածի 1-ին կետի համաձայն «Դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն»: Դա նշանակում է, որ դատական ծախսերը, որոնց բաղկացուցիչ մասն է պետական տուրքը, պարտավոր են հատուցել ոչ միայն հայցվորները, այլև պատասխանողները` բավարարված հայցապահանջի չափին համամասնորեն:

Հետևաբար, երբ հայցվորն օրենքով սահմանված կարգով ազատված է պետական տուրքի վճարումից և հայցը բավարարված է լրիվ կամ մասնակի, պետական տուրքը պետք է գանձվի պատասխանողից` բավարարված հայցապահանջի չափին համամասնորեն, բացառությամբ այն դեպքերի, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով տվյալ բնույթի վարույթով պետական տուրքի վճարում ընդհանրապես նախատեսված չէ:

(15-րդ կետը լրաց. 02.06.00 թիվ 24)