Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-681
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.03.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
06.03.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.03.2007

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

6 մարտի 2007 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դ. Ավետիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի փետրվարի 7-ին Բրյուսելում և 2006 թվականի ապրիլի 3-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Շրջանակային համաձայնագիրն ստորագրվել է 2006 թվականի փետրվարի 7-ին` Բրյուսելում և 2006 թվականի ապրիլի 3-ին` Երևանում: Համաձայնագրի նպատակն է փոխարինել ՏԱՍԻՍ-ի 1996 թվականի ծրագրի ֆինանսավորման հուշագրի բաղկացուցիչ մաս կազմող «Ֆինանսավորման հուշագրի համար կիրառելի ընդհանուր կանոնները» (ՀՀ ԱԺ-ն վավերացրել է 22.04.1998թ.): Այդ կանոնները Հանձնաժողովի և Հայաստանի միջև ստորագրվել է 1994 թվականի փետրվարի 3-ին` Բրյուսելում:

2. Համաձայնագրում նախատեսվում են Համայնքի ֆինանսավորմամբ կատարվող գործողությունների ներկայացման համար կիրառելի կանոններին առնչվող դրույթներ, որոնք վերաբերում են, մասնավորապես, արտարժույթի փոխանակմանը, հարկային և մաքսային պարտավորություններին:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես.

ա) տրամադրել արտարժույթ ներմուծելու և ձեռք բերելու թույլտվություն,

բ) ծրագրի շրջանակներում առաքելության փորձագետներին և նրանց ընտանիքների անդամներին թույլատրել ներմուծել և պահել արտարժույթ, ինչպես նաև արտահանել արտարժույթի չօգտագործված մնացորդը,

գ) երաշխավորել, որ համապատասխան ներմուծումները կմաքսազերծվեն սահմանված ժամկետներում,

դ) Համայնքի ֆինանսավորմամբ նախատեսվող պայմանագրերին համապատասխան` կապալառուներին և նրանց աշխատողներին (բացառությամբ ՀՀ քաղաքացիների կամ մշտական ռեզիդենտների) ազատել բոլոր տեսակի հարկերից, տուրքերից և պարտադիր վճարներից,

ե) նշված պայմանագրերի շրջանակներում աշխատող ֆիզիկական անձանց ազատել անձնական և կենցաղային ապրանքների, ներառյալ սննդամթերքի, ինչպես նաև մեկ ավտոմեքենայի ներմուծման վճարներից,

զ) Հանձնաժողովին տրամադրել համաձայնագրի կիրառմանը վերաբերող ամբողջ տեղեկատվությունը:

Համաձայնագրի իրականացման և մեկնաբանման հետ կապված վեճերը լուծելիս նախապատվությունը տրվում է բանակցություններին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2006 թվականի փետրվարի 7-ին Բրյուսելում և 2006 թվականի ապրիլի 3-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Նախագահող

Գ. Հարությունյան


6 մարտի 2007 թվականի
ՍԴՈ-681