«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 հուլիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2004 թվականի N 945-Ն
ԶԲՈՍԱՎԱՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) զբոսավարի և ուղեկցորդի գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) զբոսավարի և ուղեկցորդի գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ԶԲՈՍԱՎԱՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են զբոսավարի և ուղեկցորդի մասնագիտական որակավորման ստուգման ու լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:
Սույն կարգը չի տարածվում այն անձանց գործունեության վրա, որոնք զբոսավարի և ուղեկցորդի գործունեությունն իրականացնում են, բացառապես այն զբոսաշրջային օբյեկտի սահմաններում, որի աշխատողն են հանդիսանում:
2. Հայաստանի Հանրապետությունում զբոսավարի և ուղեկցորդի մասնագիտական որակավորման ստուգումն ու գործունեության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
3. Զբոսավարի և ուղեկցորդի մասնագիտական որակավորման ստուգումն ու լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):
4. Զբոսավարի և ուղեկցորդի մասնագիտական որակավորման ստուգման և լիցենզիա ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող այն անձինք, ովքեր`
ա) ունեն բարձրագույն կրթություն, կամ`
բ) ունեն զբոսավարի կամ ուղեկցորդի միջին մասնագիտական կրթություն, կամ`
գ) («գ» ենթակետն ուժը կորցրել է 28.07.05 N 1123-Ն)
դ) ունեն զբոսավարի կամ ուղեկցորդի ոչ պակաս, քան 3 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ:
(4-րդ կետը փոփ. 28.07.05 N 1123-Ն)
5. Լիցենզիան բարդ ընթացակարգով և անժամկետ տրվող փաստաթուղթ է:
6. Լիցենզիա տալու և մասնագիտական որակավորման ստուգման համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
(6-րդ կետը լրաց. 28.07.05 N 1123-Ն)
7. Սույն կարգով տրված լիցենզիաները գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
8. Լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տրվում, վերաձևակերպվում կամ դրա վերաձևակերպման հայտը մերժվում է, լիցենզիայի գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով:
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
9. Հայտատուն լիցենզիա ստանալու նպատակով մասնագիտական որակավորման ստուգմանը մասնակցելու համար լիազոր մարմին է ներկայացնում հայտ` նշելով`
ա) հայտատուի անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության վայրը և հեռախոսահամարը,
բ) լիցենզավորման ենթակա այն գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
գ) հայտին կից փաստաթղթերի ցանկը:
10. Հայտին կից ներկայացվում են`
ա) ինքնակենսագրություն,
բ) սույն կարգի 4-րդ կետի պահանջները հավաստող համապատասխան փաստաթուղթ (աշխատանքային գրքույկից կատարված քաղվածքը կամ դրա պատճենը և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերի պատճեններն ու պայմանագրերի կատարումը հաստատող տեղեկանքները կամ կրթության դիպլոմի, կամ վկայականների պատճենները),
գ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված տուրքերի վճարման անդորրագրերը:
(10-րդ կետը փոփ. 28.07.05 N 1123-Ն)
III. ԶԲՈՍԱՎԱՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
11. Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ կետի պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանության նպատակով զբոսավարի և ուղեկցորդի գործունեության համար սահմանվում են պարտադիր պահանջներ և պայմաններ:
12. Զբոսավարի գործունեության ընթացքում պետք է պահպանվեն հետևյալ պահանջներն ու պայմանները`
ա) զբոսաշրջային ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պայմանների և կարգի պահպանումը, մասնավորապես`
զբոսաշրջիկների ավանդույթները, սովորույթները, կրոնական հավատալիքները հարգելը,
զբոսաշրջային ռեսուրսների վերաբերյալ զբոսաշրջիկներին կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություն չտրամադրելը,
զբոսաշրջիկների հետ անկաշկանդ շփման համար անհրաժեշտ լեզվի կամ օտարերկրյա գործընկերոջ հետ պայմանագրով համաձայնեցված լեզվի իմացությունն ապահովելը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով.
բ) լիազոր մարմնի հաստատած կարգով անվանաքարտ կրելը.
գ) զբոսաշրջիկների անվտանգության ապահովման նպատակով արտակարգ իրավիճակների, վնասվածքների և դժբախտ պատահարների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելը, ինչպես նաև զբոսաշրջիկի հետ տեղի ունեցած արտակարգ պատահարների մասին համապատասխան մարմիններին անհապաղ տեղյակ պահելը:
(12-րդ կետը լրաց. 28.07.05 N 1123-Ն)
13. Ուղեկցորդի գործունեության ընթացքում պետք է պահպանվեն հետևյալ պահանջներն ու պայմանները`
ա) զբոսաշրջային ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պայմանների և կարգի պահպանումը, մասնավորապես`
զբոսաշրջիկների ավանդույթները, սովորույթները, կրոնական հավատալիքները հարգելը,
զբոսաշրջային ռեսուրսների վերաբերյալ զբոսաշրջիկներին կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություն չտրամադրելը,
զբոսաշրջիկների հետ անկաշկանդ շփման համար անհրաժեշտ լեզվի կամ օտարերկրյա գործընկերոջ հետ պայմանագրով համաձայնեցված լեզվի իմացությունն ապահովելը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով,
դժվարանցանելի երթուղիների իրականացման ընթացքում զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովող գործողություններին և հմտություններին տիրապետելը,
անհրաժեշտ կապի միջոցներին տիրապետելը և զբոսաշրջիկներին ծառայություններ մատուցելիս` դրանց առկայությունն ապահովելը.
բ) լիազոր մարմնի հաստատած կարգով անվանաքարտ կրելը.
գ) զբոսաշրջիկների անվտանգության ապահովման նպատակով արտակարգ իրավիճակների, վնասվածքների և դժբախտ պատահարների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելը, ինչպես նաև զբոսաշրջիկի հետ տեղի ունեցած արտակարգ պատահարների մասին համապատասխան մարմիններին անհապաղ տեղյակ պահելը:
(13-րդ կետը լրաց. 28.07.05 N 1123-Ն)
IV. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ
14. Զբոսավարի և ուղեկցորդի գործունեության մասնագիտական որակավորման ստուգումը կազմակերպում է նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):
15. Սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացվելուց ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում հանձնաժողովն իրականացնում է հայտատուի` որպես զբոսավար կամ ուղեկցորդ մասնագիտական որակավորման ստուգումը:
16. Հայտատուն մասնագիտական որակավորման ստուգում անցնելու նպատակով պատասխանում է թեստային հարցերին:
Թեստային հարցաշարերում ներառվող հարցերի ցանկը (ընդհանուր հարցաշարը) հաստատվում է նախարարի հրամանով և հրապարակվում գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում:
Թեստային հարցաշարերը կազմվում են քննության օրը` համակարգչային ծրագրի միջոցով, պատահական ընտրության սկզբունքով, հայտատուի և հանձնաժողովի անդամների ներկայությամբ:
Յուրաքանչյուր հայտատուի համար կազմվում է թեստային հարցաշարերի 3 տարբերակ:
Հայտատուն որակավորման ստուգման համար կազմված թեստային հարցաշարերի 3 տարբերակից պատահական ընտրությամբ ընտրում է մեկ տարբերակ:
17. Զբոսավարի մասնագիտական որակավորման ստուգման թեստային հարցաշարը բաղկացած է 100 հարցից` ըստ հետևյալ ոլորտների և քանակների`
ա) հայ ժողովրդի պատմություն` 16 հարց,
բ) Հայաստանի աշխարհագրություն` 16 հարց,
գ) հայ ճարտարապետության պատմություն` 10 հարց,
դ) ազգագրություն, հնագիտություն և բանահյուսություն` 9 հարց,
ե) Հայաստանի կենդանական և բուսական աշխարհ` 9 հարց,
զ) հայ արվեստի պատմություն` 5 հարց,
է) հայ նկարչություն և կիրառական արվեստ` 5 հարց,
ը) հոգեբանություն` 4 հարց,
թ) առաջին օգնություն` 4 հարց,
ժ) հայ կրոնի պատմություն` 4 հարց,
ժա) հայ գրականություն` 4 հարց,
ժբ) հայ երաժշտագիտություն և պարարվեստ` 4 հարց,
ժգ) արտակարգ իրավիճակներում կողմնորոշում` 4 հարց,
ժդ) «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` 3 հարց,
ժե) էթիկա` 3 հարց:
18. Ուղեկցորդի մասնագիտական որակավորման ստուգման թեստային հարցաշարը բաղկացած է 70 հարցից` ըստ հետևյալ ոլորտների և քանակների`
ա) ուղեկցորդի մասնագիտական գիտելիքներ` 21 հարց,
բ) Հայաստանի աշխարհագրություն` 16 հարց,
գ) արտակարգ իրավիճակներում կողմնորոշում` 10 հարց,
դ) Հայաստանի կենդանական և բուսական աշխարհ` 9 հարց,
ե) հոգեբանություն` 4 հարց,
զ) առաջին օգնություն` 4 հարց,
է) «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` 3 հարց,
ը) էթիկա` 3 հարց:
19. Թեստային հարցաշարերի յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավորով:
Մասնագիտական որակավորման ստուգումն անցկացվում է գրավոր, հայերենով, որի համար հատկացվում է`
ա) զբոսավարի համար` 150 րոպե,
բ) ուղեկցորդի համար` 100 րոպե:
Արգելվում է մասնագիտական որակավորման ստուգման ժամանակ օգտվել փաստաթղթերից և տեխնիկական միջոցներից:
20. Մասնագիտական որակավորման ստուգման թեստային հարցաշարը հայտատուին է տրամադրվում ստուգման անցկացումից անմիջապես առաջ:
21. Հայտատուն համարվում է զբոսավարի մասնագիտական որակավորման ստուգումն անցած, եթե թեստավորման արդյունքում հավաքել է առնվազն 84 միավոր (անցողիկ միավոր), այդ թվում`
ա) հայ ժողովրդի պատմության հարցերից` առնվազն 15 միավոր,
բ) Հայաստանի աշխարհագրության հարցերից` առնվազն 14 միավոր,
գ) հայ ճարտարապետության պատմության հարցերից` առնվազն 9 միավոր,
դ) ազգագրության, հնագիտության և բանահյուսության հարցերից` առնվազն 8 միավոր,
ե) Հայաստանի կենդանական և բուսական աշխարհի հարցերից` առնվազն 8 միավոր,
զ) հայ արվեստի պատմության հարցերից` առնվազն 4 միավոր,
է) հայ նկարչության և կիրառական արվեստի հարցերից` առնվազն 4 միավոր,
ը) հոգեբանության հարցերից` առնվազն 3 միավոր,
թ) առաջին օգնության հարցերից` առնվազն 3 միավոր,
ժ) հայ կրոնի պատմության հարցերից` առնվազն 3 միավոր,
ժա) հայ գրականության հարցերից` առնվազն 3 միավոր,
ժբ) հայ երաժշտագիտության և պարարվեստի հարցերից` առնվազն 3 միավոր,
ժգ) արտակարգ իրավիճակներում կողմնորոշման հարցերից` առնվազն 3 միավոր,
ժդ) «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հարցերից` առնվազն 2 միավոր,
ժե) էթիկայի հարցերից` առնվազն 2 միավոր:
22. Հայտատուն համարվում է ուղեկցորդի մասնագիտական որակավորման ստուգումն անցած, եթե թեստավորման արդյունքում հավաքել է առնվազն 60 միավոր (անցողիկ միավոր), այդ թվում`
ա) ուղեկցորդի մասնագիտական գիտելիքների հարցերից` առնվազն 19 միավոր,
բ) Հայաստանի աշխարհագրության հարցերից` առնվազն 14 միավոր,
գ) արտակարգ իրավիճակներում կողմնորոշման հարցերից` առնվազն 9 միավոր,
դ) Հայաստանի կենդանական և բուսական աշխարհի հարցերից` առնվազն 8 միավոր,
ե) հոգեբանության հարցերից` առնվազն 3 միավոր,
զ) առաջին օգնության հարցերից` առնվազն 3 միավոր,
է) «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հարցերից` առնվազն 2 միավոր,
ը) էթիկայի հարցերից` առնվազն 2 միավոր:
23. Հանձնաժողովը ստուգման արդյունքներն ամփոփում է դռնփակ:
24. Հայտատուին պատշաճ ձևով տեղեկացվում է մասնագիտական որակավորման ստուգման արդյունքների մասին` դրա անցկացումից ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում:
25. Մասնագիտական որակավորման ստուգմանն անհարգելի պատճառով չներկայանալու դեպքում հայտը մերժվում է, ինչի մասին հայտատուն տեղեկացվում է 3-օրյա ժամկետում:
26. Մասնագիտական որակավորման ստուգմանը հայտատուի մասնակցությունը մերժվում է, եթե`
ա) հայտատուի ներկայացրած փաստաթղթերում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.
բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
գ) հայտատուն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.
դ) հայտատուի տվյալները չեն համապատասխանում սույն կարգի 4-րդ կետի պահանջներին:
27. Հայտում կամ դրան կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (սխալներ, վրիպակներ և այլ նման բացթողումներ) առկայության դեպքում հայտատուն տեղեկացվում է մասնագիտական որակավորման ստուգման անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ: Հայտատուն կարող է մասնակցել մասնագիտական որակավորման ստուգմանը, եթե ստուգման օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ վերացրել է նշված թերությունները:
Նշված թերությունները սահմանված ժամկետում հայտատուի կողմից չվերացվելու դեպքում հանձնաժողովը 3-օրյա ժամկետում մերժում է հայտը` դրա մասին հայտնելով հայտատուին:
28. Մասնագիտական որակավորման ստուգմանը մասնակցելու համար ներկայացված փաստաթղթերը չեն վերադարձվում:
29. Սույն կարգի պահանջների խախտմամբ անցկացված մասնագիտական որակավորման ստուգումները կարող են ճանաչվել անվավեր` դատական կարգով:
V. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼԸ, ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼԸ ՄԵՐԺԵԼԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
30. Մասնագիտական որակավորման ստուգում անցած անձին տրվում է մասնագիտական որակավորման վկայական, որի ձևը հաստատում է լիազոր մարմինը:
31. Մասնագիտական որակավորման ստուգում անցած անձին մասնագիտական որակավորման վկայականի հետ միաժամանակ հանձնվում է լիցենզիա:
32. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե հայտատուն չի ստացել մասնագիտական որակավորման վկայական` սույն կարգով սահմանված կարգով:
33. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման հիմքերով և կարգով:
VI. ՀԱՅՏԵՐԻ ՄԵՐԺՄԱՆ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
34. Լիցենզիա ստանալու մասին հայտերի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման կամ լիցենզիայի վերաձևակերպման հայտերի մերժման մասին որոշումը, ինչպես նաև մասնագիտական որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով:
Մասնագիտական որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել նաև վերադասության կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
|
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
Տրված` ______ ___________ 200___ թ. Գործունեության տեսակը __________________________________________ Լիցենզավորված անձ _____________________________________________ (անունը, ազգանունը, հայրանունը) Բնակության վայրը ______________________________________________ Գործողության ժամկետը` անժամկետ: Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար ___________________ (ստորագրությունը) Կ.Տ. |
|
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.03.2011, N 245-Ն | 31.03.2011, N 945-Ն | |
14.12.2006, N 1799-Ն | 15.01.2007, N 945-Ն | |
28.07.2005, N 1123-Ն | 03.09.2005, N 945-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|