Գլխավոր տեղեկություն
Համար
N 920-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (24.12.2005-08.07.2006)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.07.31/16(49) Հոդ.653
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.05.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.07.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հուլիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մայիսի 2002 թվականի N 920-Ն

 

«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԵՎ «ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) «Դիլիջան» ազգային պարկի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ`

ա) «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը «Դիլիջան» ազգային պարկի տարածքի, բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, գույքագրման, դիտանցի, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է.

բ) «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կենսառեսուրսների, այդ թվում` բույսերի ու կենդանիների տեսակների, անտառային ռեսուրսների վերարտադրություն, օգտագործում և իրացում,

բնափայտի մթերում, վերամշակում և իրացում,

զբոսաշրջության, այդ թվում` էկոզբոսաշրջության կազմակերպում,

երկրորդական անտառանյութի (կոճղերի) մթերում, վերամշակում և իրացում,

կողմնակի անտառօգտագործում (խոտհունձ, անասունների արածեցում, փեթակների և մեղվանոցների տեղադրում, վայրի պտղի, ընկույզի, սնկի, հատապտղի, դեղաբույսերի ու տեխնիկական հումքի հավաքում) և դրա արդյունքում մթերված կենսապաշարների վերամշակում ու իրացում,

գյուղատնտեսական մթերքների արտադրություն, վերամշակում և իրացում,

հանգստի և զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում,

«Դիլիջան» ազգային պարկին վերաբերող գովազդի կազմակերպում,

գիտաճանաչողական գրականության և տեղեկատվական նյութերի պատրաստում ու հրատարակում,

տեղեկատվության տրամադրում և խորհրդատվություն.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի «Դիլիջան» ազգային պարկ կազմակերպելու մասին» N 165 որոշումն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ «Դիլիջան» պետական արգելոց» պետական հիմնարկի տնօրինության`

պետական սեփականություն հանդիսացող գույքը, համաձայն NN 3 և 4 հավելվածների, բացառությամբ շենքերի և շինությունների, սեփականության իրավունքով հանձնվում է «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

շենքերը և շինությունները, համաձայն N 5 հավելվածի, ինչպես նաև համապատասխան հողատարածքը` ըստ անտառաշինական նախագծերի, «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվում են անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով.

դ) մինչև վերակազմակերպումը «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:

Նշված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո իրավաբանական անձի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրում:

3. «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը:

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`

ա) «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության պետական գրանցումը.

բ) «Դիլիջան» ազգային պարկի անտառաշինական և հողաշինարարական քարտեզների հիման վրա 1 տարվա ընթացքում` սահմանված կարգով ապահովել «Դիլիջան» ազգային պարկի տարածքի քարտեզագրումը, գոտիավորման սխեմայի կազմումը, պարկի ու դրա պահպանական գոտու սահմանների ճշտումը և, դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո, հողամասերի ու ամրացված այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա) սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության 1999-2001 թվականների պետական բյուջեների կատարման արդյունքներով «Դիլիջան» պետական արգելոց» պետական հիմնարկի ֆինանսավորման գծով առաջացած պարտքերը մարելու վերաբերյալ.

բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հայտի հիման վրա` «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ֆինանսավորման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2002 թ. հուլիսի 4
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 11-ի N 920-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Դիլիջան» ազգային պարկը (այսուհետ` պարկ) կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի «Դիլիջան» ազգային պարկ կազմակերպելու մասին» N 165 որոշմամբ` Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1958 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայկական ՍՍՌ բնության պահպանության մասին» օրենքի կիրառման մասին» N 341 որոշմամբ կազմակերպված «Դիլիջան» պետական արգելոցի և դրան հարակից տարածքների սահմաններում:

2. Պարկի ստեղծման նպատակներն են`

ա) Աղստև և Գետիկ գետերի ավազանների ջրային ու ցամաքային բնական էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի ապահովումը, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ու պատմամշակութային հուշարձանների պահպանությունը.

բ) հյուսիսային Հայաստանին բնորոշ հազվագյուտ և անհետացող վայրի բույսերի ու կենդանիների տեսակների, գենոֆոնդի և դրանց ապրելու միջավայրի պահպանությունը.

գ) բնական լանդշաֆտների, դրանց առանձին տարրերի, բնական գործընթացների և երևույթների գիտական ուսումնասիրությունը` ուղղված պարկի տարածքի բնական էկոհամակարգերում ընթացող գործընթացների կանխատեսմանն ու գնահատմանը, բուսական և կենդանական աշխարհի գենոֆոնդի պահպանմանը, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ու բնության պահպանության գիտական հիմունքների մշակմանը, պարկին հարակից տարածքների համար բնության պահպանության և օգտագործման արդյունավետ ձևերի մշակման բազայի ապահովմանը.

դ) էկոլոգիական դիտանցի կազմակերպման, բնության տարեգրության վարման և տարածաշրջանի բնության թանգարանի կազմակերպման բազայի ապահովումը.

ե) գիտաճանաչողական զբոսաշրջության զարգացման նախադրյալների ապահովումը.

զ) բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության համար համապատասխան նախադրյալների ապահովումը:

3. Պարկի տարածքում հողերի և դրա բնական պաշարների օգտագործումն ու պահպանությունը, ինչպես նաև քաղաքաշինական գործունեությունը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Պարկի տարածքը, համաձայն պարկի հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների, բաժանվում է հետևյալ տարածագործառնական գոտիների`

ա) արգելոցային,

բ) հանգստի (ռեկրեացիոն),

գ) տնտեսական:

5. Պարկի անվանումն է`

հայերեն լրիվ` «Դիլիջան» ազգային պարկ,

հայերեն կրճատ` «Դիլիջան» ԱՊ,

ռուսերեն լրիվ` Национальный парк Дилижан,

ռուսերեն կրճատ` НП Дилижан,

անգլերեն լրիվ` Dilijan National Park,

անգլերեն կրճատ` Dilijan NP:

 

II. ՊԱՐԿԻ ՌԵԺԻՄԸ

 

6. Պարկի արգելոցային գոտում արգելվում են`

ա) ջրային պաշարների շահագործումը և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

բ) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունը (բացառությամբ պարկի արգելոցային գոտու գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների ու ճանապարհների շինարարության).

գ) որսորդությունը, ձկնորսությունը, կենդանիների ապրելու միջավայրի և բնական պայմանների խախտումը.

դ) կենդանիների և բույսերի առանձին տեսակների թվաքանակի ավելացման նպատակով կատարվող ցանկացած աշխատանք, ինչպես նաև նոր տեսակների ներմուծումը.

ե) հավաքածուների ստեղծման նպատակով նյութերի հավաքումը (բացառությամբ պարկի արգելոցային գոտու տարածքի գիտական հետազոտությունների համար նախատեսված նյութերի).

զ) վնասատուների ու հիվանդությունների դեմ պայքարի և հողերի պարարտացման նպատակով թունաքիմիկատների ու պարարտանյութերի օգտագործումը.

է) երկրաբանահետախուզական աշխատանքները, որոնք ուղեկցվում են փորձնական հանույթներով, մակաբացումներով, պայթեցումներով և բնական միջավայրը խախտող այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ.

ը) օգտակար հանածոների մշակումը, հողային ծածկույթի խախտումը, հանքաշերտերի, հանքելուստների և լեռնատեսակների ելքերի շահագործումը.

թ) ծառահատումները, բույսերի, ծաղիկների ու սերմերի մթերումը, անասունների արածեցումը, խոտհունձը և բուսական ծածկույթի այլ խախտումներ.

ժ) մեքենայացված տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը` թույլատրված ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.

ժա) ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է պարկի արգելոցային գոտու բնական էկոհամակարգերն ու օբյեկտները կամ վտանգում է գիտական ու մշակութային արժեք ներկայացնող օբյեկտների պահպանությունը:

7. Պարկի արգելոցային գոտու տարածք մուտքը թույլատրվում է`

ա) գիտահետազոտական աշխատանքների կատարման, ինչպես նաև պարկի գործունեության հետ կապված պաշտոնական այցելությունների համար.

բ) զբոսաշրջության համար:

8. Արգելոցային գոտու տարածք մուտքը թույլատրվում է «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի կամ լիազորված պետական մարմնի կողմից տրված անցագրերով:

9. Պարկի հանգստի գոտու տարածքում արգելվում են`

ա) հանգստի (ռեկրեացիայի) կազմակերպմանը չառնչվող արտադրական և այլ օբյեկտների շինարարությունն ու շահագործումը.

բ) երկրաբանահետախուզական աշխատանքները, որոնք ուղեկցվում են փորձնական հանույթներով, մակաբացումներով, պայթեցումներով և բնական միջավայրը խախտող այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ.

գ) օգտակար հանածոների մշակումը, հողային ծածկույթի խախտումը, հանքաշերտերի, հանքելուստների և լեռնատեսակների ելքերի շահագործումը.

դ) բույսերի և կենդանիների նոր տեսակների ներմուծումն ու կլիմայավարժեցումը.

ե) ոչ ռեկրեացիոն նպատակներով բնական պաշարների օգտագործումը.

զ) վնասատուների դեմ պայքարի ու հողերի պարարտացման նպատակով թունաքիմիկատների և պարարտանյութերի օգտագործումը.

է) մեքենայացված տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը` թույլատրված ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում:

10. Պարկի հանգստի գոտու տարածքում թույլատրվում են`

ա) քաղաքացիների երկարատև և կարճատև հանգիստը.

բ) սիրողական և մարզական ձկնորսությունը` այդ նպատակով առանձնացված վայրերում.

գ) ռեկրեացիայի նպատակով հողերը սահմանված կարգով վարձակալության տրամադրելը.

դ) սանիտարական և խնամքի ծառահատումները.

ե) մարդու գործունեության հետևանքով պարկի բնական էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները.

զ) սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման ու վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման միջոցառումները.

է) տրանսպորտային միջոցների մուտքն ու կանգառը` այդ նպատակով առանձնացված վայրերում.

ը) վրանների տեղադրումը, խարույկ վառելը և ռեկրեացիայի հետ կապված այլ գործողություններ` դրանց համար առանձնացված վայրերում:

11. Պարկի տնտեսական գոտու տարածքում արգելվում են`

ա) պարկի գործունեությանը չառնչվող արտադրական և այլ օբյեկտների շինարարությունն ու շահագործումը.

բ) երկրաբանահետախուզական աշխատանքները, որոնք ուղեկցվում են փորձնական հանույթներով, մակաբացումներով, պայթեցումներով և բնական միջավայրը խախտող այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ.

գ) օգտակար հանածոների մշակումը, հողային ծածկույթի խախտումը, հանքաշերտերի, հանքելուստների և լեռնատեսակների ելքերի շահագործումը.

դ) բույսերի և կենդանիների նոր տեսակների ներմուծումն ու կլիմայավարժեցումը.

ե) վնասատուների դեմ պայքարի նպատակով քիմիական թունանյութերի օգտագործումը:

12. Պարկի տնտեսական գոտու տարածքում թույլատրվում են`

ա) ռեկրեացիոն սպասարկմանը նպաստող` էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական արտադրության կազմակերպման նպատակով հողերը վարձակալության տրամադրելը.

բ) օրգանական պարարտանյութերի և կենսաբանական ծագում ունեցող պայքարի միջոցների օգտագործումը.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրային, բուսական և կենդանական ռեսուրսների օգտագործումը, այդ թվում` արդյունագործական ձկնորսությունը.

դ) էկոլոգիապես մաքուր` ազգային արհեստագործական արտադրությունների կազմակերպումը.

ե) զբոսաշրջությունը.

զ) սանիտարական և խնամքի ծառահատումները.

է) տրանսպորտային միջոցների երթևեկությունն ընդհանուր օգտագործման ճանապարհներով և ջրային ուղիներով:

 

III. ՊԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

13. Պարկի պահպանությունն իրականացնում է «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

 

IV. ՊԱՐԿԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆ

 

14. Պարկի պահպանական գոտին ընդգրկում է պարկին հատկացված տարածքում Աղստև և Գետիկ գետերի ջրհավաք ավազանների ջրբաժանային գծերով սահմանափակված տարածքը: Պահպանական գոտու տարածքում կարող են ընդգրկվել տարբեր սեփականատերերի պատկանող հողամասեր, այդ թվում` համայնքների վարչական տարածքներում ներառվածը: Դրանց օգտագործումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

15. Պարկի պահպանական գոտու տարածքում թույլատրվում է պարկի էկոլոգիական համակարգին և դրա բնականոն զարգացմանը չվնասող` լիազորված պետական մարմնի հետ համաձայնեցված ցանկացած տնտեսական գործունեություն:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 11-ի N 920-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն), որն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի «Դիլիջան» ազգային պարկ կազմակերպելու մասին» N 165 որոշմամբ, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող բնապահպանական, գիտահետազոտական, գիտաճանաչողական (էկոկրթական) կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ օրենքներին, սույն կանոնադրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

2. Կազմակերպության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր):

3. Կազմակերպության կանոնադրությունը դրա հիմնադիր փաստաթուղթն է:

4. Կազմակերպությունը «Դիլիջան» ազգային պարկի (այսուհետ` պարկ) տարածքում ապահովում է պարկի կանոնադրությամբ ամրագրված պահանջների կատարումը:

5. Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, կարող է ունենալ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Կազմակերպության անվանումն է`

հայերեն լրիվ` «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

հայերեն կրճատ` «Դիլիջան» ԱՊ ՊՈԱԿ,

ռուսերեն լրիվ` Государственная некоммерческая организация “Национальный парк “Дилижан”,

ռուսերեն կրճատ` ГНО НП “Дилижан”,

անգլերեն լրիվ` Dilijan National Park, State Non-Commercial Organizatiօn,

անգլերեն կրճատ` Dilijan NP SNCO:

7.Կազմակերպության գտնվելու վայրն է Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, քաղ. Դիլիջան:

 

II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

8. Կազմակերպության գործունեության առարկան և նպատակը պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, գույքագրման, դիտանցի, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է: Այդ նպատակով կազմակերպությունը`

ա) ապահովում է Աղստև և Գետիկ գետերի ավազաններում բնական էկոհամակարգերի լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության պահպանությունը, կազմակերպում և իրականացնում է դրանց գիտական ուսումնասիրությունը.

բ) կազմակերպում և իրականացնում է բնական էկոհամակարգերի ու դրանց առանձին բաղադրիչների, բուսական և կենդանական աշխարհի ու նախապատրաստում կադաստրի վարման համար անհրաժեշտ նյութերը.

գ) իրականացնում է էկոլոգիական դիտանց, վարում բնության տարեգրությունը և կազմակերպում բնության թանգարանի գործունեությունը: Թանգարանում պահպանվում ու ցուցադրվում են պարկի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի էկոհամակարգերի և դրանց տարրերի վերաբերյալ ցուցանմուշներ, հավաքածուներ ու տեղեկատվություն.

դ) կանխարգելում է մարդու գործունեության հետևանքով պարկի բնական էկոհամակարգի հավասարակշռությունը խախտող գործընթացները և իրականացնում խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումներ.

ե) կազմակերպում է զբոսաշրջություն (այդ թվում` էկոզբոսաշրջություն).

զ) սահմանված կարգով իրականացնում է հրդեհային անվտանգության միջոցառումներ.

է) ապահովում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից պարկի կանոնադրությամբ սահմանված դրույթների կատարումը.

ը) իր իրավասության սահմաններում իրականացնում է բնակչության էկոլոգիական կրթությանն ու դաստիարակությանն ուղղված միջոցառումներ.

թ) ծրագրում և կազմակերպում է գիտահետազոտական աշխատանքներ.

ժ) անդամակցում է միջազգային բնապահպանական կազմակերպություններին, մասնակցում միջազգային բնապահպանական ծրագրերին.

ժա) պատրաստում ու հրատարակում է գիտական և գիտաճանաչողական գրականություն ու տեղեկատվական նյութեր.

ժբ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

9. Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կենսառեսուրսների, այդ թվում` բույսերի ու կենդանիների տեսակների, անտառային ռեսուրսների վերարտադրություն, օգտագործում և իրացում.

բ) բնափայտի մթերում, վերամշակում և իրացում.

գ) զբոսաշրջության, այդ թվում` էկոզբոսաշրջության կազմակերպում.

դ) երկրորդական անտառանյութի (կոճղերի) մթերում, վերամշակում և իրացում.

ե) կողմնակի անտառօգտագործում (խոտհունձ, անասունների արածեցում, փեթակների և մեղվանոցների տեղադրում, վայրի պտղի, ընկույզի, սնկի, հատապտղի, դեղաբույսերի ու տեխնիկական հումքի հավաքում) և դրա արդյունքում մթերված կենսապաշարների վերամշակում ու իրացում.

զ) գյուղատնտեսական մթերքների արտադրություն, վերամշակում և իրացում.

է) հանգստի և զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում.

ը) պարկին վերաբերող գովազդի կազմակերպում.

թ) գիտական, գիտաճանաչողական գրականություն և տեղեկատվական նյութերի պատրաստում ու հրատարակում.

ժ) տեղեկատվության տրամադրում և խորհրդատվություն:

10. Ըստ գործառական գոտիների` կազմակերպության գործունեության հիմնական տեսակներն են`

ա) արգելոցային գոտու տարածքում`

էկոհամակարգերի և դրա բաղադրիչների գույքագրումը և հաշվառումը,

դիտանցի կազմակերպումն ու իրականացումը,

զբոսաշրջության հետ կապված վճարովի ծառայությունների մատուցումը.

բ) հանգստի գոտու տարածքում`

զբոսաշրջության նպատակով տարբեր վճարովի ծառայությունների մատուցումը,

քաղաքացիների երկարատև և կարճատև հանգստի կազմակերպումը,

վրանային և տնակային տնտեսությունների կազմակերպման հետ կապված վճարովի ծառայությունների մատուցումը,

շենքերի, շինությունների և շարժական գույքի վարձույթով ժամանակավոր օգտագործման տրամադրումը,

հանգստի կազմակերպման նպատակով այլ վճարովի ծառայությունների մատուցումը,

սանիտարական և խնամքի ծառահատումների իրականացման արդյունքում ստացվող փայտանյութի մթերումն ու իրացումը,

Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան այլ կենսապաշարների մթերումը, դրանց և դրանցից պատրաստված արտադրանքի (պահածոներ, հյութեր և այլն) իրացումը,

տարածքում` տրանսպորտային միջոցների մուտքի և կանգառի նպատակով հատուկ առանձնացված և կահավորված վայրերում տրանսպորտային միջոցների կանգառի (պահպանության) գծով վճարովի ծառայությունների մատուցումը.

գ) տնտեսական գոտու տարածքում`

պարկի արգելոցային և հանգստի գոտիներին անհրաժեշտ ենթակառուցվածքների տեղադրումը,

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկրեացիոն սպասարկմանը նպաստող` էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական մթերքների արտադրության կազմակերպումն ու իրացումը, այդ մթերքների վերամշակումը, պահածոների (հյութեր և այլ արտադրանք) արտադրությունը և իրացումը,

հուշանվերների արտադրությունը և ցուցահանդես-վաճառքների կազմակերպումը,

ջրային, բուսական և կենդանական պաշարների օգտագործումը:

11. Կազմակերպությունը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի առկայության դեպքում:

 

III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

12. Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, դրա լիազորված պետական մարմինը և գործադիր մարմինը` տնօրենը:

13. Կազմակերպության հիմնադիրն ունի դրա գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

14. Հիմնադրի լիազորությունները սահմանվում են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

15. Պետական լիազորված մարմնի լիազորություններն են`

ա) սահմանված կարգով կազմակերպության հիմնարկների, մասնաճյուղերի կամ ներկայացուցչությունների ստեղծումը.

բ) կազմակերպության կառավարման համակարգի սահմանումը.

գ) կազմակերպության կառավարման մարմինների ձևավորումը և դրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

դ) կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

ե) կազմակերպության տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանների, հրահանգների, կարգադրությունների ու ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը.

զ) կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները լսելը և դրա գործունեության վերստուգման արդյունքները քննարկելը.

է) կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

ը) կազմակերպության տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.

թ) կազմակերպության լուծարման հանձնաժողովի ստեղծումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

ժ) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործառույթների իրականացումը:

16. Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմինը: Կազմակերպության տնօրենն օրենքով, հիմնադրի ու լիազորված մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն` օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

17. Տնօրենի հետ կնքում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը: Պայմանագրում սահմանվում են նրա իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները լիազորված պետական մարմնի, կազմակերպության կառավարման այլ մարմինների հետ, նրա աշխատանքի վարձատրության պայմանները, պայմանագրի դադարման` օրենքով նախատեսված բոլոր հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերը կգտնեն անհրաժեշտ: Պայմանագրի դրույթները չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջներին` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

18. Տնօրենի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

19. Տնօրենի պաշտոնում նշանակված անձը գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կազմակերպությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար: Տնօրենի պաշտոնում նշանակված անձի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված վնասի հատուցման պարտականությունները չկատարելու համար:

20. Տնօրենը պարտավոր է չկատարել հիմնադրի, լիազորված պետական մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

21. Տնօրենի բացակայության դեպքում, լիազորված պետական մարմնի գրավոր որոշման համաձայն, այդ լիազորություններն իրականացնում է այլ անձ:

22. Տնօրենի տեղակալները պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են լիազորված պետական մարմնի կողմից` տնօրենի ներկայացմամբ:

23. Տնօրենը`

ա) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում դրա շահերը և կնքում գործարքներ.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումներով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ ու նշանակում կարգապահական տույժեր.

ե) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

զ) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

է) սահմանում է կազմակերպության կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

ը) օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

թ) ապահովում է կազմակերպության գործունեության մասին համապատասխան հաշվետվությունների կազմումը և դրանք սահմանված կարգով ներկայացնում լիազորված պետական մարմին.

ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկում է միջոցներ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից պարկի ռեժիմի խախտման հետևանքով բնությանը պատճառված վնասը հատուցելու համար.

ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կազմակերպության կառավարման այլ մարմինների չվերապահված այլ լիազորություններ:

 

IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

24. Պարկի պահպանությունն իրականացվում է կազմակերպության պահպանության ծառայության պահպանության բաժնի և տեղամասային տեսուչների միջոցով: Պահպանության բաժնի ղեկավարն ի պաշտոնե նաև տնօրենի տեղակալն է:

25. Պահպանության ծառայության աշխատողները`

ա) ապահովում են պարկի կանոնադրությամբ սահմանված բնապահպանական նորմերի և կանոնների կատարումը պարկի տարածքում.

բ) ստուգում են պարկի տարածք մուտք գործող անձանց անցագրերը.

գ) կանխում են պարկի տարածքում բնապահպանական և բնօգտագործման ռեժիմները խախտող ցանկացած գործողություն.

դ) կազմում են պարկի ռեժիմի խախտումների մասին արձանագրություններ, դրանք ներկայացնում տնօրենին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց ընթացք տալու համար.

ե) իրավախախտողի անձը խախտման վայրում պարզելու անհնարինության դեպքում կարող են նրան բերել մոտակա ներքին գործերի մարմին.

զ) օրենքով սահմանված դեպքերում վերցնում են պարկի ռեժիմը խախտող անձանց իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող իրերն ու փաստաթղթերը.

է) ապահովում են պարկի պահպանական գոտու տարածքում գտնվող ֆիզիկական անձանց և կազմակերպությունների կողմից պարկի կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարումը:

26. Պահպանության ծառայության աշխատողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի կրելու համազգեստ և օգտագործելու քաղաքացիական ու ծառայողական զենք:

27. Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ պահպանության ծառայության աշխատողների առողջությանը և գույքին պատճառված վնասի հատուցումը կատարվում է օրենքով սահմանված կարգով:

 

V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

28. Կազմակերպության կողմից իրականացվող գիտական հետազոտություններն ուղղվում են պարկի տարածքի բնական էկոհամակարգերի ուսումնասիրմանը, գործընթացների և երևույթների դիտանցին, դրանց կանխատեսմանն ու գնահատմանը, բուսական և կենդանական աշխարհի գենոֆոնդի պահպանմանը, էկոլոգիական իրավիճակի գնահատմանն ու կանխատեսմանը, ինչպես նաև բնական պաշարների արդյունավետ օգտագործման և բնության պահպանության գիտական հիմունքների մշակմանը:

29. Գիտահետազոտական աշխատանքները կազմակերպում է կազմակերպության գիտության բաժինը, որի ղեկավարն ի պաշտոնե նաև տնօրենի տեղակալն է:

30. Կազմակերպության գիտության բաժինը`

ա) կազմակերպում և իրականացնում է պարկի էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների ուսումնասիրությունը.

բ) մշակում և կատարելագործում է բնապահպանական և բնօգտագործման մեթոդները.

գ) հազվագյուտ և անհետացող տեսակների վերարտադրության նպատակով կազմակերպում է փորձարարական և այլ գիտահետազոտական աշխատանքներ.

դ) պարկի տարածքում կազմակերպում և իրականացնում է շրջակա միջավայրի դիտանցը.

ե) պատրաստում և հրատարակում է գիտահետազոտական ու գիտաճանաչողական նյութեր:

 

VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

31. Կազմակերպությունն անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով օգտագործում (տիրապետում) է իրեն ամրացված գույքը:

«Դիլիջան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում` կառուցապատման նպատակով հողամասերը կարող են օրենքով սահմանված կարգով վարձակալությամբ տրամադրվել մինչև 25 տարի, իսկ տնտեսական գոտում՝ գյուղատնտեսական գործունեության իրականացման նպատակով՝ մինչև 10 տարի ժամկետներով:

(31-րդ կետը լրաց. 09.11.05 N 2017-Ն)

32. Կազմակերպության ֆինանսական միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված տրանսֆերտներից և կազմակերպության կողմից միջոցառումների իրականացման ու տարբեր ծառայությունների մատուցման դիմաց վճարումներից, հովանավորչական, նվիրատվական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ մուտքերից:

33. Կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է կազմակերպության կանոնադրական նպատակներին համապատասխան:

34. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, բանկային հաշիվներ` Հայաստանի Հանրապետության արժույթով և (կամ) արտարժույթով:

 

VII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

35. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել հիմնադրի որոշմամբ և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով:

Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 11-ի N 920-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ (ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ)

 

Գույքի անվանումը

2002 թ. ապրիլի 29-ի դրությամբ

քանակը
(հատ)

գումարը
(դրամ)

Կահույքի լրակազմ (կոմպլեկտ), (գրասեղան, սեղանիկ)

2

2800

Նիստերի սեղան

3

2600

Գրասեղան

8

5600

Գրապահարան

5

3400

Աթոռներ

50

1000

Պահարանների լրակազմ

1

1000

Հեռախոս. կապի լրակազմ

1

100000

Ամբիոն

1

500

Գրամեքենա «ՈՒկրաինա»

2

3400

Գրամեքենա «Լիստվիցա»

1

2200

Լուսամփոփ (ջահ)

2

1500

Էլ. շարժիչ (բենզ.)

1

74900

Նավթամթերքի լցավորման աշտարակ (կոլոնկա)

3

600

Նավթամթերքի տարողություն

4

6700

Էլ. էներգ. կուտակիչ. ենթակայան

1

2100

Էլ. եռակցման ապարատ

1

4500

Մետաղյա դարպաս

1

1000

Վերամբարձ կռունկ

1

900

Տրակտոր ԴՏ-75

5

579500

Տրակտոր  Տ-40

1

4100

Գութան ՊՊ-30

1

500

Փոցխ` տրակտորի

1

800

Մոտոպոմպ

1

500

Ավտոմեքենա «ԳԱԶ-66»

4

92100

Ավտոմեքենա «ԿԱՎԶ»

1

21100

Ավտոմեքենա «ԳԱԶ-53»

2

27300

Ավտոմեքենա «ԻԺ-27»

2

26000

Ավտոմեքենա «ՈՒԱԶ-469»

1

9700

Ավտոմեքենա «ՈՒԱԶ-451»

1

16800

Ավտոմեքենա «ԶԻԼ-157»

1

19100

Մոտոցիկլ «Դնեպր»

2

16700

Փայտամշակման հաստոց

1

900

Սղոց ռ/634-բ

1

1322900

Ընդամենը

113

2352700

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 11-ի N 920-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ (ՇՐՋԱՆԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐ)

 

Գույքի անվանումը

2002 թ. ապրիլի 29-ի դրությամբ

քանակը (հատ)

գումարը (դրամ)

Գազի սարք

1

139

Հոսանահատիչ (ռուբիլնիկ)

1

16000

Կրակմարիչ

5

50000

Տրակտորի թողարկման շարժիչ (պուսկաչ)

1

75000

Պահպանակ (նակլադկա) 503501106

5

40

Պահպանակ 5135001105

2

16

Պահպանակ 3500700200

10

154

Լծակիկ (ռիչաժոկ)

7

56

Հեռախոս

7

350

Երկաթյա պահարան

9

540

Կախիչ` հայելիով

3

135

Գրքերի պահարան

2

540

Սեղան

1

77

Գրասեղան

2

274

Հեռախոսների լրակազմ

6

27679

Օդաջեռուցիչ (կալորիֆեր)

2

20000

Վառարան

8

88000

Ընդամենը

72

279000

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 11-ի N 920-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Անվանումը

Քանակը
(հատ)

Հաշվեկշռային
արժեքը
(դրամ)

Գրասենյակի շենք

1

733700

Ծածկ (գարաժ)` մեքենայի համար` 6 տեղ

1

120600

Չորանոց

1

16700

Անասնագոմ

1

17200

Ընդամենը

4

888200

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան