Գլխավոր տեղեկություն
Համար
N 336-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.03.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.03.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 մարտի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մարտի 2007 թվականի N 336-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում կաթի արտադրության ծավալների աճ ապահովելու և կաթնային տավարաբուծությունը զարգացնելու նպատակով` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրով 2007 թվականին նախատեսված միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2007 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 150000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. մարտի 24
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
մարտի 22-ի N 336-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ


 

(2007-2015 թթ.)

 

 

Երևան-2007 թ.

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

1. Ներածություն..........................................................................................................................

2. Տավարաբուծության ոլորտի ներկա իրավիճակի համառոտ բնութագիրը..........................

3. Ծրագրի նպատակը և խնդիրները..........................................................................................

4. Ծրագրի հիմնավորումը և իրականացման անհրաժեշտությունը........................................

5. Ծրագրի իրականացման սկզբունքները, փուլերը և ժամանակացույցը..............................

6. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները.........................................................

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս ձևավորվել են արմատապես նոր տնտեսական հարաբերություններ, ինչը թելադրում է գյուղատնտեսության վարումը ևս իրականացնել շուկայական տնտեսությանը համապատասխան։

Բարեփոխումների արդյունքում ձևավորված 338 հազարից ավելի գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում արտադրությունը հիմնականում վարվում է էքստենսիվ եղանակով՝ փոքր ծավալներով և նվազ արդյունավետությամբ։ Եթե երկրագործության ոլորտում վերջին տարիներին նկատվում է ինտենսիվացման միտումներ, ապա անասնաբուծության ոլորտում առայժմ գերակշռում են ավանդական տեխնոլոգիաները, որոնք ապահովում են ապրանքայնության ցածր մակարդակ։

Հայաստանի Հանրապետության տնտեսությունում գյուղատնտեսությունը համարվում է առանցքային ճյուղ, ինչը երկրի համախառն ներքին արդյունքում արդեն 2004 թ.-ին ապահովեց երկնիշ թվերով աճ1 և այդ մակարդակը պահպանվում է մինչ օրս։ Բացարձակ թվերով երկրի գյուղատնտեսության համախառն արդյունքի արժեքը նախորդ տարի կազմել է գրեթե 500 մլրդ դրամ։ Ընդ որում, գյուղատնտեսական համախառն արդյունքի արժեքի 58,4%-ը կազմում է բուսաբուծական, իսկ 41,6%-ը՝ անասնաբուծական արտադրանքը։ Եթե նկատի ունենանք մեր երկրի սահմանափակ հողատարածքները, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության համեմատաբար բարձր ցացանիշները և բարձր ռիսկայնությունը, ապա անասնաբուծությունը, շնորհիվ ցածր ռիսկայնության և առկա ռեսուրսների լիարժեք օգտագործման, կարող է դառնալ որոշիչ լծակ երկրի գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալներն ավելացնելու գործում։ Եթե սրան ավելացնենք նաև գյուղատնտեսական կենդանիների մթերատվության առայժմ նկատվող ցածր մակարդակը և այն ավելացնելու հնարավորությունները, ապա անասնաբուծությունն ունի կայուն և իրական ներուժ երկրի գյուղատնտեսական համախառն արտադրանքի արժեքը կտրուկ ավելացնելու գործընթացում։

Հայաստանի Հանրապետությունում իրականացված ագրարային բարեփոխումների հետևանքով գրեթե ամբողջ անասնագլխաքանակը փոխանցվեց գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին։

Անասնագլխաքանակի մասնատումը, կերի կայուն բազայի բացակայությունը, կերային մշակաբույսերի ցանքատարածությունների կտրուկ նվազումը ոչ միայն հանգեցրին անասնագլխաքանակի և անասնապահական մթերքների և հումքի արտադրության ծավալների կրճատմանը, այլև լուրջ խոչընդոտներ ստեղծեցին լայնածավալ տոհմասելեկցիոն համալիր միջոցառումների իրականացման գործընթացում։

Ստեղծված իրավիճակում խիստ անհրաժեշտություն է զգացվում ոչ միայն պատշաճ ուշադրություն, այլև նորովի մոտեցում ցուցաբերել այս ճյուղի նկատմամբ։

 

2. ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

Վերջին տարիներին հանրապետությունում նկատվող գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի կայունացումը խոսում է այն մասին, որ դադարել է 90-ական թվականներից սկսված անասնագլխաքանակի նվազման միտումը։ Բավական է նշել, որ լավագույն տարիների համեմատությամբ տավարի գլխաքանակը նվազել է շուրջ 40%-ով, ոչխարներինը՝ 3, իսկ խոզերինը գրեթե 3,5 անգամ։

2007 թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կազմել է 592,1 հազար գլուխ, այդ թվամ կովերինը՝ 297,1 հազար գլուխ։ Նշված գլխաքանակը կենտրոնացված է շուրջ 200 հազար գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում կամ յուրաքանչյուր տնտեսությունում, միջին հաշվով, հաշվարկվում է գրեթե 3 խոշոր եղջերավոր անասուն (այդ թվում է 1,5 կով)։

Եթե նկատի ունենանք, որ հանրապետության տավարի գլխաքանակի միայն 20-21%-ն է (շուրջ 120 հազ. գլուխ) կենտրոնացված համեմատաբար խոշոր (50 և ավելի գլուխ) տնտեսություններում, ապա տավարաբուծությամբ զբաղվող տնտեսությունների 80%-ը խնամում է 3-ից էլ պակաս կենդանի։ Անասնագլխաքանակի նման տեղաբաշխման և կովերի կաթնատվության ներկայիս մակարդակի համեմատությունից ակնհայտ է դառնում, որ գյուղացիական տնտեսությունների այդ հատվածի մոտ արտադրվող անասնապահական մթերքների զգալի մասն օգտագործվում է սեփական կարիքները հոգալու համար։

Անասնաբուծական մթերքների արտադրության ծավալների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետության գյուղացիական տնտեսություններում, միջին հաշվով, արտադրվում է 1870 կգ կաթ և 300 կգ միս, իսկ խոշոր եղջերավոր անասնագլխաքանակ տնօրինող գյուղացիական տնտեսությունների հաշվով՝ համապատասխանաբար 3100 կգ կաթ և 490 կգ միս։ Այստեղից հետևում է, որ սեփական կարիքները բավարարելուց հետո անասնապահական մթերքների արտադրությամբ զբաղվող յուրաքանչյուր գյուղացիական տնտեսություն կարող է իրացնել ընդամենը 1500 կգ կաթ և 200 կգ միս։

Անհրաժեշտ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ հանրապետության ազգաբնակչության ընդամենը 35,7%-ն2 է բնակվում գյուղական վայրերում, ինչը խոսում է այն մասին, որ երկրի բնակչության ընդամենը մեկ երրորդն է ընդգրկված գյուղատնտեսական մթերքների արտադրության գործընթացում։

Այս հանգամանքը ավելի քան մտահոգիչ է, քանզի սահմանափակ բնական ռեսուրսների և գյուղատնտեսական մթերքների սահմանափակ արտադրողների պայմաններում գյուղատնտեսության վարման արդյունավետությունը պայմանավորող միակ գործոնը հանդիսանում է բարձր բերքատվությունը և գյուղատնտեսական կենդանիների բարձր մթերատվաթյունը։

Ներկայումս, թեև կրճատվել են կերային մշակաբույսերի ցանքատարածությունները և նվազել բնական կերահանդակների բերքատվությունը, այնուամենայնիվ հանրապետության ներկայիս բնատնտեսական ներուժի առավել արդյունավետ օգտագործման և կենդանիների մթերատվության բարձրացման շնորհիվ կարելի Է զգալիորեն ավելացնել անասնաբուծական մթերքների արտադրության ծավալները։

Հանրապետության գրեթե բոլոր տարածաշրջաններում արոտները ծանրաբեռնված են 50-70%-ով, իսկ խոտհարքները լիարժեք չեն օգտագործվում։ Եթե նույնիսկ արոտավայրերն օգտագործվեն լրիվ ծանրաբեռնվածությամբ (1 հա-ի վրա 1 պայմանական գլուխ), ապա միայն Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի, Լոռվա և Տավուշի մարզերում տավարի գլխաքանակը կարելի է ավելացնել 60-100%-ով (աղյուսակ 1)։ Գրեթե կիսով չափ չեն օգտագործվում բնական խոտհարքները։

Անասնաբուծական մթերքների արտադրության ծավալների ավելացման լուրջ խթան կարող Է հանդիսանալ հատկապես մթերատվության բարձրացումը։ Մթերատվության լավագույն տարիների ցուցանիշների համեմատությամբ, ներկայումս մեկ կովի միջին կաթնատվությունը նվազել Է 15%-ով, իսկ սպանդի ենթարկված խոշոր եղջերավոր անասունի կենդանի զանգվածը՝ 30,0%-ով։ Գյուղատնտեսական կենդանիների մթերատվության անկումը պայմանավորված է ինչպես ոչ լիարժեք կերակրմամբ, այնպես էլ լայնածավալ տոհմասելեկցիոն աշխատանքների բացակայությամբ:

 

Աղյուսակ 1

 

Հայաստանի Հանրապետությունում անասնագլխաքանակի ցուցանիշները (01.01.2006 թ.) եվ արոտների, խոտհարքների ու կերային մշակաբույսերի ցանքատարածությունները՝ ըստ մարզերի

 

Մարզերի անվանումը

Ընդամենը ՝ պայմանական գլուխ

Խոտհարքներ, հա

Արոտներ, հա

Կերային մշակաբույսեր

Արոտների ծանրաբեռնվածությունը, գլուխ/հա

ընդամենը

որից պետ. ֆոնդ օգտագործ.

Արագածոտն

67 757

3 728

70 779

23 206

12 965

0.95

Արարատ

40 708

2 882

44 072

26 541

5 815

0.92

Արմավիր

37 839

117

12 974

90

5 574

2.92

Գեղարքունիք

92 891

35 659

118 489

61 904

18 786

0.78

Լոռի

61 904

39 179

100 459

35 703

17 608

0.62

Կոտայք

51 946

10 760

53 597

25 306

2 327

0.97

Շիրակ

79 546

17 108

65 454

18 810

17 144

1.21

Սյունիք

56 944

9 567

131 511

52 005

8 942

0.43

Վայոց Ձոր

18 680

4 652

48 626

19 653

357

0.38

Տավուշ

32 234

15 183

47 593

23 639

4 065

0.68

ք. Երևան

3 309

71

461

-

121

-

Ընդամենը

540 449

138 906

694 015

286 859

93 724

0.78

Հանրահայտ է, որ տոհմասելեկցիոն գործընթացի կարևորագույն բաղադրիչներից է գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորումը։ Նախկինում (1980-ական թթ.) հանրապետությունում տարեկան սերմնավորվում էին 200-220 հազար կովեր (կովերի 60-65%), սակայն 1990-ական թվականներից այդ աշխատանքները գրեթե դադարեցվեցին։ Այնուամենայնիվ, վերջին 6-7 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցության շնորհիվ հաջողվեց վերսկսել այդ գործընթացը և աստիճանաբար ավելացնել արհեստական սերմնավորման ծավալները՝ դրանցում ընդգրկելով տարեկան 14-15 հազար կովեր (ներկայումս բուծվող կովերի միայն 5%-ը)։

Քանի որ հանրապետությունում կովերի տնտեսական օգտագործման միջին տևողությունը կազմում է 7 լակտացիա, ապա կովերի համալրումը տարեկան պետք է կազմի 14-15%: Այստեղից հետևում է, որ նախրի վերարտադրությունը կազմակերպելու համար սերմնավորման գործընթացում տարեկան պետք է ներգրավել կովերի առնվազն 30%-ը (շուրջ 90 հազար գլուխ), այլապես անհնար է բարձր մթերատու կովերով նախիրների համալրումը։

Տոհմասելեկցիոն աշխատանքներին զուգահեռ անհրաժեշտ է աստիճանաբար իրականացնել այնպիսի մարտավարություն, որը կնպաստի անասնաբուծության մասնագիտացմանը։ Հանրապետության առանձին տարածաշրջաններ կմասնագիտանան կաթնատու, կաթնամսատու կամ մսատու տավարաբուծության ուղղությամբ։

Վերը նշված հիմնահարցերի լուծման նպատակով մշակվել է սույն ծրագիրը, որը ներառում է տավարաբուծության զարգացման ռազմավարությունը և այն իրականացնելու համար առանձին փողերի մարտավարական խնդիրները։

 

3. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Ծրագիրը նախատեսում է առաջիկա տարիներին որակապես բարելավել տավարաբուծության ուղղությամբ իրականացվող տոհմասելեկցիոն աշխատանքները, աջակցել տոհմային տնտեսությունների ձևավորմանը, նպաստել գյուղատնտեսական կենդանիների մթերատվության բարձրացմանը և խթանել հայրենական սելեկցիայի արդյունքում ստեղծված «կովկասյան գորշ» ցեղի գենոֆոնդի պահպանման գործընթացը։

Ծրագրի նպատակներն են.

- ընդլայնել գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման աշխատանքների ծավալները և արեալները;

- իրականացնել մի շարք նախիրներում բարձր մթերատու կենդանիների տոհմային հաշվառման և համարակալման աշխատանքներ և նպաստել առանձին տնտեսություններին տոհմային կարգավիճակի ձեռքբերմանը;

- աջակցել գյուղացիական տնտեսություններին՝ համաշխարհային լավագույն դասական ցեղերի բարձր մթերատու տոհմային կենդանիների ձեռքբերմանը;

- խթանել ներցեղային բուծումը՝ նպատակ հետապնդելով պահպանել տավարի տեղական ցեղի գենոֆոնդը։

 

Ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի լուծելու հետևյալ խնդիրները.

4. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքի վերլուծությունը ցույց է տալիս, որ միայն տավարաբուծությունից ստացվող արտադրանքը կազմում է մեր երկրում տարեկան արտադրվող համախառն գյուղատնտեսական արտադրանքի ավելի քան 16%-ը կամ յուրաքանչյուր 6-րդ դրամը ստացվում է տավարաբուծությունից։

Թե բուսաբուծության, և թե անասնաբուծության ոլորտում ոչ մի ճյուղ գյուղատնտեսական համախառն արտադրանքի արժեքում չի կարող ապահովել այնպիսի բարձր տեսակարար կշիռ, ինչպիսին տավարաբուծությունն է։

Ահա թե ինչու տավարաբուծությունը, որպես գյուղատնտեսության առաջատար ճյուղ, պահանջում է առանձնահատուկ մոտեցում։ Տավարաբուծության զարգացմանը միտված մարտավարությունը մի կողմից պետք է նպաստի տավարի «կովկասյան գորշ» ցեղի գենոֆոնդի պահպանմանը և կատարելագործմանը և միաժամանակ հնարավորության ընձեռի արտերկրից ձեռք բերել և բուծել համաշխարհային դասական ցեղերի բարձր մթերատու տոհմային կենդանիներ։

Զարգացած անասնաբուծություն ունեցող ցանկացած երկրում ամենակարևոր նախադրյալները ճիշտ մասնագիտացումն է և բարձր մթերատու ցեղերի բուծումը։

Հայաստանի Հանրապետությունում տավարի գլխաքանակի տեղաբաշխումը ըստ մարզերի ցույց է տալիս, որ ամենաշատ գլխաքանակը կենտրոնացված է Գեղարքունիքի, Շիրակի և Արագածոտնի մարզերում։ Սակայն եթե մենք այն դիտարկում ենք ըստ գյուղական համայնքի և գյուղացիական ու գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների տեղաբաշխման (աղյուսակ 2), ապա մեկ գյուղական համայնքի հաշվով տավարի գլխաքանակի խտությունը ամենաբարձրն է Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում։ Մինչդեռ մեկ գյուղացիական տնտեսության հաշվով առավել շատ գլխաքանակ բուծվում է Սյունիքի և Շիրակի մարզերում (3-ից ավելի գլուխ), իսկ ամենաքիչը՝ Արարատի և Արմավիրի մարզերում (0,8 գլուխ)։ Անասնագլխաքանակի բարձր խտությանը պայմանավորված է գյուղամերձ արոտավայրերի առավել ընդարձակ տարածքների առկայությամբ, իսկ ցածր խտություն նկատվում է Արարատյան հարթավայրում, որտեղ այդպիսիք գրեթե չկան։

Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում գյուղացիական տնտեսություններն արդեն գերադասում են խնամել քիչ, սակայն բարձր կաթնատվությամբ կենդանիներ։ Սա տավարաբուծության մասնագիտացման թեկուզև պարզունակ, սակայն հենց գյուղացիական տնտեսությունների կողմից նախաձեռնված առաջին փորձերն են։

Անհրաժեշտ է առաջիկա տարիներին վարել այնպիսի մարտավարություն, որը կխրախուսի տավարաբուծության մասնագիտացումը։ Եվ դա պետք է իրականացվի պետական աջակցությամբ։

 

Աղյուսակ 2

 

Տավարի միջին գլխաքանակը ըստ գյուղական համայնքների եվ գյուղացիական տնտեսությունների (ըստ ՀՀ մարզերի)

 

 

Խոշոր եղջերավոր անասուն

Գյուղական համայնքների թիվը

Գյուղացիական տնտեսությունների թիվը

1 գյուղական համայնքի հաշվով խոշ. եղջ. անաս.

1 գյուղացիական տնտ. հաշվով խոշ. եղջ. անաս.

Արագածոտն

72220

115

37125

628

1,95

Արարատ

43123

94

53107

458,7

0,81

Արմավիր

42519

95

50349

447,6

0,84

Գեղարքունիք

103789

91

51351

1140,5

2,02

Լոռի

71168

120

32558

593,1

2,19

Կոտայք

57384

62

37620

925,5

1,53

Շիրակ

90818

125

28162

726,5

3,22

Սյունիք

51131

103

12958

496,4

3,95

Վայոց Ձոր

20499

49

12844

418,3

1,60

Տավուշ

36961

68

21953

543,5

1,68

ք. Երևան

3455

 

 

 

 

Ընդամենը

592067

922

338037

638,4

1,74

                                                                       

Տավարաբուծության մասնագիտացումը ենթադրում է Հայաստանի Հանրապետության աոանձին տարածաշրջաններում ընդգծված տարբերակել մթերատվության այս կամ այն ուղղությունը՝ հաշվի առնելով այդ տարածաշրջանի բնակլիմայական պայմանները, բնակչության խտությունը և վերամշակող ձեռնարկությունների արտադրական ուղղվածությունը:

Ընդհանուր առմամբ, տավարաբուծության մասնագիտացումը պետք է զուգակցվի անասնագլխաքանակի ճիշտ տեղաբաշխմամբ, ինչը հնարավորություն կընձեռի առավելագույնս, օգտագործել առկա ռեսուրսները։

Հաշվի առնելով կերահանդակների ներկայիս տարածքները, հանրապետության տավարի գլխաքանակի առավել նպաստավոր սահման կարող է համարվել 800-850 հազար գլուխը, ինչը նշանակում է, որ տավարի ներկայիս գլխաքանակը կարող է ավելանալ առավելագույնը 30-40%-ով (գծապատկեր 1)։

 

Ներմուծեք նկարագրությունը_7211

Գծապատկեր 1. Տավարի առկա գլխաքանակը և առաջիկայում նախատեսվող գլխաքանակը

Ներմուծեք նկարագրությունը_7212

Գծապատկեր 2. Կաթի արտադրության ներկայիս և նախատեսվող ծավալները Հայաստանի Հանրապետությունում

 

Սակայն կենդանիների որակական փոփոխման արդյունքում կաթի արտադրության ներկայիս ծավալները առաջիկա 5-6 տարիների ընթացքում կարելի է ավելացնել 60-70%-ով (գծապատկեր 2) և հասցնել տարեկան շուրջ 1,0 մլն տոննայի։

Հետագայում, ներկրված բարձրակիթ կենդանիներով տավարի նախիրները համալրելու հետևանքով, հանրապետությունում կաթի արտադրության ծավալները կավելանան ավելի քան 2 անգամ։

Ներկայումս հանրապետությունում բուծվող տավարի գլխաքանակի 98%-ը հանդիսանում են «կովկասյան գորշ» ցեղի կենդանիները, որոնց միջին կաթնատվությունը կազմում է 1870 կգ։ Այս ցեղի կենդանիները, թեև գերազանց հարմարված են տեղի բնակլիմայական պայմաններին և հիանալի են օգտագործում արոտները, այնուամենայնիվ, իրենց գենետիկական ներուժով, նույնիսկ լիարժեք կերակրման դեպքում կարող են ցուցաբերել առավելագույնը 3,0-3,5 հազար կգ կաթ։ Մինչդեռ շատ երկրներում 6-7 հազար կգ կաթնատվությամբ կովերին խոտանում են որպես ցածր մթերատու կենդանիներ։ Այդ իսկ պատճառով հանրապետության ինտենսիվ երկրագործության և արոտավայրերից զուրկ տարածաշրջաններում հարկ կլինի փոխել տավարի որակական և ցեղային կազմը, ինչը իր հերթին կհանգեցնի տավարաբուծության մասնագիտացման։

Հաշվի առնելով վերոհիշյալ գործոնները, նպատակահարմար է տավարաբուծության հետևյալ մասնագիտացումը։

Արարատյան հարթավայր. Նկատի ունենալով խիտ ազգաբնակչությունը, մայրաքաղաքին մոտ լինելու հանգամանքը, ցանովի կերային մշակաբույսերի համեմատաբար ընդարձակ տարածքները և կաթի վերամշակման ձեռնարկությունների խիտ ցանցը, այս տարածաշրջանը պետք է մասնագիտանա բացառապես կաթնային տավարաբուծությամբ։ Այստեղ տավարի գլխաքանակը նախ պետք է սահմանափակել և ապա նվազեցնել 20-30%-ով, իսկ նախիրներում կովերի տեսակարար կշիռն անհրաժեշտ է ավելացնել մինչև 50-55%-ի (ներկայիս 40%-ի փոխարեն)։

Այս տարածաշրջանում առաջիկա տարիներին պետք է արմատապես փոխվի կենդանիների որակական և ցեղային կազմը։ Ներկայումս այստեղ բուծվող «կովկասյան գորշ» ցեղի կենդանիներն աստիճանաբար կմղվեն դեպի նախալեռնային և լեռնային գոտիներ, իսկ դրանց փոխարեն անհրաժեշտ է ներմուծել հոլշտինյան, ինչպես նաև շվից և սիմենթալ ցեղերի բարձրակիթ կենդանիներ։

Նախալեռնային գոտին պետք է մասնագիտանա կաթնամսատու տավարաբուծությամբ։ Այս գոտում բուծվող տավարի հիմնական ցեղերը կհանդիսանան ներմուծված շվից և սիմենթալ ցեղերը, ինչպես նաև տեղական «կովկասյան գորշ» ցեղը, թեև չի բացառվի ցածրադիր գոտիներում հոլշտինյան ցեղի կենդանիների բուծումը այն տնտեսություններում, որոնք ունեն կերի կայուն բազա։ Այս գոտու առանձին տարածաշրջաններում տավարի գլխաքանակը կարելի է ավելացնել 40-60%-ով, հիմնականում տեղական ցեղի կենդանիների հաշվին:

Լեռնային գոտին կմասնագիտանա մսակաթնատու և մսատու տավարաբուծությամբ։ Այս գոտում կբուծվի բացառապես տեղական «կովկասյան գորշ» ցեղը, քանի որ այս գոտին հարուստ է ալպիական մարգագետիններով, հարուստ բուսածածկ ունեցող արոտավայրերով, որտեղ շվից և սիմենթալ ցեղերի, ինչպես նաև տեղական տավարի արածեցման արդյունքում կստացվի հոլանդական պանրի համար պիտանի գերազանց որակի կաթ։ Չպետք է մոռանալ այն հանգամանքը, որ խորհրդային տարիներին հենց այս գոտում ստացված կաթից էր պատրաստվում նախկին Խորհրդային Միությունում արտադրվող հոլանդական պանրի կեսից ավելին։ Շուկայական հարաբերությունները առաջիկա տարիներին անկասկած կնպաստեն այս գոտում հոլանդական պանրի արտադրության կազմակերպմանը։

Այս գոտու ընդարձակ արոտավայրեր ունեցող տարածաշրջաններում կարելի է զարգացնել նաև մսատու տավարաբուծությունը՝ բուծելով մսատու ուղղություն ունեցող դասական ցեղեր։ Ֆրանսիայից Հայաստան ներկրված մսատու ուղղության լիմուզին ցեղի կենդանիների բուծման հաջող փորձը հուսալի նախադրյալ է այս գոտում մսատու տավարաբուծության զարգացման համար։

 

4. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՓՈՒԼԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

Տավարի հոլշտինյան ցեղը աշխարհում ամենակաթնատու տավարի ցեղն է։ Այս ցեղի կենդանիների միջին կաթնատվությունը կազմում է 8-10 հազար կգ կաթ, իսկ առանձին կովերի կաթնատվությունը 10 ամսում հասնում է 25-30 հազար կգ-ի։ Շնորհիվ բարձր կաթնատվության, ցեղը լայն տարածում է գտել աշխարհում և տարեց-տարի կտրուկ ավելանում է այս ցեղի կենդանիների գլխաքանակը։

Հոլշտինյան ցեղը բուծվում է աշխարհի բազմաթիվ երկրներում, տարբեր կլիմայական գոտիներում։ Այս ցեղը հաջողությամբ բուծվում է մեր հարևան՝ Իրանի Իսլամական Հանրապետության շատ նահանգներում, որտեղ գերիշխում է Արարատյան հարթավայրին բնորոշ բնակլիմայական պայմաններ։ Այնտեղ յուրաքանչյուր կենդանուց, միջին հաշվով, ստանում են 7-8 հազ. կգ կաթ, իսկ առանձին նախիրներում՝ 10 հազ. կգ-ից ավելի։

Արարատյան հարթավայրում բուծվող տավարի որակական և ցեղային կազմի վերափոխումն անհրաժեշտ է իրականացնել այս ցեղի կենդանիների հաշվին:

Հանրապետության նախալեռնային և լեռնային գոտիներում տավարի նախրի որակական կազմի փոփոխությունը նպատակահարմար է իրականացնել շվից և սիմենթալ ցեղերի հաշվին։

Ընդհանուր առմամբ, ներկրված կենդանիների 50%-ը կկազմեն հոլշտինյան ցեղի կենդանիները։

Ծրագիրն անհրաժեշտ է իրականացնել 2 փուլով՝ 2007-2011 թթ. և 2012-2015 թթ. ընկած ժամանակահատվածում։

Ծրագրի առաջին փուլում (2007-2011 թթ.) նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերի տավարի նախիրները վերափոխել 20%-ով, այդ նպատակով գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների համար արտերկրից ներկրելով 4,1 հազար գլուխ հոլշտինյան, շվից և սիմենթալ ցեղերի երինջներ (տարեկան 1,0 հազ գլուխ)։

Ծրագրի երկրորդ փուլում (2012-2015 թթ.) նախատեսվում է ներկրել 8 հազար գլուխ երինջներ (տարեկան 2,0 հազար գլուխ) և ներկրված երինջների թիվը հասցնել 12,0 հազարի, ինչը հնարավորություն կընձեռի վերափոխել այդ մարզերի տավարի նախրի գրեթե 60%-ը։ Երինջներին զուգահեռ կներկրվի նաև հոլշտինյան, շվից և սիմենթալ ցեղերի արտադրող ցուլերի բարձրորակ սերմնահեղուկ, որոնցով կսերմնավորվեն ներկրված կենդանիները։

Ներկրված սերմնահեղուկի պահպանման և կենդանիների արհեստական սերմնավորման աշխատանքները կիրականացվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Մխչյանի գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայանի կողմից։

Դա հնարավորություն կընձեռի այդ կենդանիներից 2008 թ.-ին ստանալ առաջին սերունդը, իսկ մեր հանրապետությունում սերմնավորված հոլշտինյան, շվից և սիմենթալ ցեղերի կովերից, սկսած 2009 թ.-ից, արդեն մեզ մոտ կստացվեն զտացեղ կենդանիներ և դրանցով ևս կհամալրվեն այդ մարզերի տավարի նախիրները։ Փաստորեն, մինչև 2016 թվականը, ներկրված և մեր հանրապետությունում ստացված կենդանիների հաշվին գրեթե ամբողջությամբ կվերափոխվի Արարատյան հարթավայրի տավարի գլխաքանակը (աղյուսակ 3), ինչը հնարավորություն կընձեռի 2-3 անգամ ավելացնել ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերի կովերի կաթնատվությունը։

Ներկրվող կենդանիները պետք է լինեն 3-6 ամսական հղիության շրջանում գտնվող, տոհմային ծագում ունեցող և անասնաբուծական բոլոր պատվաստումները ստացած մաքրացեղ առողջ երինջներ։

Երինջներ կարելի է ներկրել եվրոպական երկրներից, որտեղ բուծվում են բարձր տոհմային արժեքով և մթերատու հատկանիշներով օժտված զտացեղ կենդանիներ։

Կենդանիների ներկրման համար անհրաժեշտ է պետական աջակցություն և կարելի է իրականացնել Հայաստանի Հանրապետության և եվրոպական որևէ երկրի միջև միջպետական համաձայնագրի կնքման շրջանակներում։

Աղյուսակ 3

Ժ ա մ ա ն ա կ ա ց ու յ ց՝

 

կենդանիների ներկրման եվ դրանցից մեր հանրապետությունում նորոգման էգ մատղաշի ստացման

 

Փուլերը

Տարեթիվը

Ներկրվող երինջների քանակությունը

Հանրապետությունում ստացվող էգ մատղաշի գլխաքանակը

Ներկրված և սեփական վերարտադրության
միջոցով կհամալրվեն կովերի շարքը, գլուխ (3+5)

ընդամենը

որից կհամալրվի կովերի շարքը

1

2

3

4

5

6

 

2007

110

-

-

110

1-ին

2008

1000

300

-

1000

2009

1000

600

-

1000

2010

1000

1300

-

1000

2011

1000

1900

200

1200

2-րդ

2012

2000

2800

550

2550

2013

2000

3700

1150

3150

2014

2000

4600

1500

3500

2015

2000

5500

2300

4300

2016

-

5500

3100

3100

Ընդամենը

12110

26200

8800

20910


5. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ

 

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2008-2015 թթ. ընթացքում, երկու փուլով։ Տոհմային երինջները ձեռք կբերվեն և գյուղական ազգաբնակչությանը կհանձնվեն լիզինգային եղանակով, հետևյալ կարգով։

Հոլշտինյան, շվից և սիմենթալ ցեղերի յուրաքանչյուր տոհմային երինջի արժեքը եվրոպական երկրներում կազմում է 3000 եվրո կամ 1410,0 հազար դրամ։ Անասնատար ավտոմեքենաներով մեկ կենդանու տեղափոխման արժեքը կկազմի 400 եվրո կամ 190,0 հազար դրամ։

Ծրագրով նախատեսում է ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերի անասնաբուծությամբ զբաղվող գյուղական ազգաբնակչությանը տոհմային երինջներով մատակարարումն իրականացնել լիզինգային վարկավորման եղանակով։ Գյուղացուն հանձնված յուրաքանչյուր տոհմային երինջի դիմաց կձևակերպվի 1600,0 հազար դրամի սահմաններում վարկ՝ 5 տարվա ընթացքում մարելու պայմանով։ Քանի որ գյուղացուն հանձնվելու է 3-6 ամսական հղիության շրջանում գտնվող երինջ, ապա ձեռք բերելուց ամենաուշը 6 ամիս անց, դրանց ծնելուց հետո, կսկսվի կաթնատվության շրջանը և գյուղացին իրացված կաթի գումարով ի վիճակի կլինի մարել վարկը։

Փաստորեն, երինջները ձեռք բերելուց հետո, 7-րդ ամսից սկսած, անասնատերը 4,5 տարվա ընթացքում ամբողջությամբ կմարի վարկը։ Անասունները ձեռք բերելուց մինչև վարկի ամբողջությամբ մարման գործընթացը կավարտվի 5 տարվա ընթացքում։ Ձեռք բերված կենդանիներից անասնատերերը տարեկան կստանան առնվազն 4500-5000 կգ կաթ, որի արժեքը լիովին բավարար է վարկի մարման համար։

Ծրագրի բյուջեն ըստ տարիների ներկայացվում է ստորև.

Աղյուսակ 4

Ծրագրի բյուջեն՝ ըստ փուլերի

 

Փուլերը

Տարեթիվը

Ներկրվող կենդանիներ, գլուխ

Ծրագրով անհրաժեշտ գումարը, մլն դրամ

ընդամենը

այդ թվում

կենդանիների արժեքը

տեղափոխման ծախսերը

1-ին

2007

110

150,0

129,1

20,9

2008

1000

1600,0

1410,0

190,0

2009

1000

1600,0

1410,0

190,0

2010

1000

1600,0

1410,0

190,0

2011

1000

1600,0

1410,0

190,0

Ընդամենը 1-ին փուլում

4110

6550,0

5769,1

780,9

2-րդ

2012

2000

3200,0

2820,0

380,0

2013

2000

3200,0

2820,0

380,0

2014

2000

3200,0

2820,0

380,0

2015

2000

3200,0

2820,0

380,0

Ընդամենը 2-րդ փուլում

8000

12800,0

11280,0

1520,0

Ընդամենը

12110

19350

17049,1

2300,9

 

6. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի արմատականորեն վերափոխել Արարատյան հարթավայրում բուծվող տավարի որակական և ցեղային կազմը։

Ծրագրի իրականացման արդյունքում 2016 թ.-ին Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերի տավարի նախիրները ամբողջությամբ կհամալրվեն բարձր կաթնատվություն ունեցող հոլշտինյան ցեղի կենդանիներով։ Հետագա տարիներին տեղական վերարտադրության կենդանիներով կնորոգվեն նաև հանրապետության ցածրադիր գոտիների նախիրները։

Ծրագրի ավարտին հաջորդող աոաջին իսկ տարում ներկրված և մեր հանրապետությունում բուծված բարձր կաթնատվության ցուցաբերող կովերի թիվը կանցնի 20,0 հազար գլխից։ Դա հնարավորություն կտա այդ մարզերում 2-3 անգամ բարձրացնել կովերի միջին կաթնատվությունը։

Ծրագրի իրականացմամբ միայն Արարատի և Արմավիրի մարզերում բուծվող հոլշտինյան ցեղի կովերից տարեկան կստացվի շուրջ 100 հազար տոննա կաթ (ներկայումս մեր հանրապետությունում տարեկան արտադրվող կաթի 16,0%-ը)։

Բացի այդ, տարեկան լրացուցիչ կարտադրվի գրեթե 8,0 հազար տոննա տավարի միս։

Ընդհանուր առմամբ, ծրագրի իրականացման շնորհիվ մեր հանրապետությունում գյուղատնտեսական համախառն արտադրանքի յուրաքանչյուր տարվա ծավալների արժեքը կավելանա 17,0 մլրդ. դրամով, որից 11,0 մլրդ. դրամը կկազմի կաթի, իսկ 6,0 մլրդ. դրամը՝ մսի արտադրությունը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

 

________________

1 Տվյալները վերցված են Համաշխարհային Բանկի կողմից պատրաստված «Հայաստանի գյուղական տնտեսությունը անցումային շրջանից դեպի զարգացում» վերլուծական տեղեկատվական ամփոփագրից։

2 Տվյալները վերցված են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրատարակված «Հայաստանի Հանրապետության 2001 թ. մարդահամարի արդյունքները» ամփոփագրից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան