«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 փետրվարի 2006 թվականի N 129-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բնակելի շենքերի գազաֆիկացման հետ կապված հարաբերությունները կարգավորելու, գազասպառման համակարգերի և մարդկանց անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում բնակելի շենքերի գազաֆիկացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 3-ամսյա ժամկետում ոլորտին առնչվող` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից ընդունված իրավական ակտերը համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան շենքերի գազիֆիկացումը և գազամատակարարումը վերականգնելու մասին» N 11 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան շենքերի, առանձնատների և բնակելի այլ շենքերի (այսուհետ՝ բնակելի շենքերի) գազաֆիկացման հետ կապված գործընթացները և սահմանվում են նախկինում կառուցված ու չգազաֆիկացված բնակելի շենքերի գազաֆիկացմանը ներկայացվող պահանջները:
2. Սույն կարգի պահանջները չեն տարածվում նախկինում գազաֆիկացված բնակելի շենքերի գազամատակարարման վերականգնմանը, նոր կառուցվող բնակելի շենքերի (թաղամասերի) գազաֆիկացմանը:
Նախկինում գազաֆիկացված բազմաբնակարան շենքերի գազամատակարարման համակարգերի վերականգնման գործընթացները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 2024-Ն որոշմամբ:
Քանդման ենթակա՝ չորրորդ և հինգերորդ աստիճանի վնասվածություն ունեցող բնակելի շենքերի գազաֆիկացումը չի թույլատրվում:
Վերականգնման-ուժեղացման ենթակա՝ երրորդ աստիճանի վնասվածություն ունեցող բնակելի շենքերի գազաֆիկացումը կարող է իրականացվել այդ շենքերի վերականգնման-ուժեղացման աշխատանքներն սկսելուց ոչ շուտ:
3. Բնակելի շենքերի գազաֆիկացումն իրականացվում է համայնքների, բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների, բնակիչների խմբի, առանձին բնակիչների նախաձեռնությամբ և գազամատակարարի զարգացման ծրագրերով:
4. Համայնքների, բնակելի թաղամասերի և բնակելի շենքերի խմբերի գազաֆիկացման նախաձեռնման ժամանակ պետք է հաշվի առնվեն համայնքների, բնակելի թաղամասերի կառուցապատման նախագծերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման ոլորտի բարեփոխումների մասին» N 1384-Ն որոշման դրույթները:
5. Բնակելի շենքերի գազաֆիկացումն իրականացվում է գազամատակարարի կողմից տրված տեխնիկական պայմաններին և դրանց հիման վրա սահմանված կարգով մշակված նախագծանախահաշվային փաստաթղթերին համապատասխան:
6. Բնակելի շենքերի գազամատակարարման ցանցերի նախագծման և կառուցման աշխատանքներն իրականացնում են այդ աշխատանքների կատարման լիցենզիա ունեցող կազմակերպությունները՝ պահպանելով գազամատակարարման համակարգերի տեխնիկական կանոնակարգերի, բնապահպանական, հրդեհային անվտանգության, շինարարական և սանիտարական նորմերի ու կանոնների պահանջները:
7. Բնակելի շենքերի ներտնային գազասպառման համակարգերի նախագծման, կառուցման և տեխնիկական սպասարկման աշխատանքների իրականացումը համակարգում է գազամատակարարը` պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, տեխնիկական կանոնակարգերով և բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով (այսուհետ` ԳՄՕԿ) սահմանված նորմերի պահանջները:
Տիպային նախագծերով կառուցված բազմաբնակարան շենքերի համար կարող են կիրառվել բազմակի օգտագործման համար մշակված տիպային նախագծային լուծումներ:
Ներտնային գազասպառման համակարգերի շինարարությունը դասակարգվում է որպես շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանք:
8. Բնակելի շենքերի գազամատակարարումը կարող է իրականացվել հետևյալ պայմանների ապահովման դեպքում`
ա) տեղադրվող գազասարքերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին և ունենան գազի հոսքի անջատման ինքնաշխատ սարքավորում, եթե ներտնային գազասպառման համակարգն ապահովված չէ այրվող գազերի ազդանշանային սարքին միացված վթարային անջատիչ կափույրով,
բ) գազասպառման համակարգում տեղադրվող բոլոր չափման միջոցները պետք է լինեն տեսակը հաստատված, ստուգաչափված և թույլատրված կիրառման Հայաստանի Հանրապետությունում,
գ) տեխնիկական կանոնակարգերով և շինարարական նորմերով սահմանված կարգով պետք է ունենան օդափոխության և ծխահեռացման համակարգեր՝ ջեռուցման և տաք ջրամատակարարման գազասարքերի տեղադրման դեպքում,
դ) գազամատակարարման պայմանագրի և նրա անբաժանելի մաս հանդիսացող ներտնային գազասպառման համակարգի սպասարկման համաձայնագրի առկայության դեպքում:
(8-րդ կետը լրաց. 22.02.07 N 314-Ն)
9. Բազմաբնակարան շենքերում ջեռուցման նպատակով առանց ուղղաձիգ ծխատարի կարող են տեղադրվել միայն այրման հերմետիկ խցով գազասարքեր՝ տեխնիկական կանոնակարգերով և շինարարական նորմերով սահմանված պահանջների պահպանման դեպքում: Ընդ որում, փոքր հզորության (մինչև 7 կՎտ) այրման հերմետիկ խցով ջեռուցման գազասարքերը կարող են տեղադրվել առանց շինարարական նորմերով նախատեսված սահմանափակումների:
10. Ներտնային գազասպառման համակարգի անվտանգ շահագործման նկատմամբ հսկողությունն իրականացնում է գազամատակարարը՝ ԳՄՕԿ-ով սահմանված կարգով, իսկ դրա նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինները` օրենքով սահմանված կարգով և իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:
(հավելվածը լրաց. 22.02.07 N 314-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |