Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-690
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.04.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.25/55(427) Հոդ.505
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
09.04.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
09.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2007

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

9 ապրիլի 2007 թ.

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀԱԿՈԲ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ, ՎԱՉԱԳԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ, ԼԵՆԱ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆԻ, ԹԱՄԱՐԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ, «ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ» ԱՁ-Ի, ԱՐՏԱԿ ԲԱԴԱԼՅԱՆԻ, ՄԱՐԻԵՏԱ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ ԵՎ ՍԱՄՎԵԼ ՂԱՐԻԲՅԱՆԻ, ՄԱՅԻՍ ՎԱՀՐԱԴՅԱՆԻ, ՍՊԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ, ՌՈԶԱ ՄԻՆԱՍՅԱՆԻ, ԲՈՐԻՍ ՎԱՆՅԱՆԻ, ՎԵՐՍԱՆԴԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵՎ ՀԵՂԻՆԵ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ, ՇԱՄԻՐ ՄԱՐԴԱՆՅԱՆԻ, «ՎԱՐԴԱՆ ՍԵՐԳՈ» ՍՊԸ-Ի, ՇՈՂԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ, ԳԵՂԵՑԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ, ՄԻՍԱԿ ՊՈՂԻԿՅԱՆԻ, ԽԱՉԻԿ ՀԱՋՅԱՆԻ, ՍՈՒՍԱՆՆԱ ՂԱՐԱՄՅԱՆԻ, ԺԵՆՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ, ԱՐՈՒՍՅԱԿ ՓԱՅՏՅԱՆԻ, ԲԱԼԳԻԶԱՐ ՄԱՀՄԵԴՈՎԱՅԻ, ՄԱՆՎԵԼ ԵՎ ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆԵՐԻ, ԴԱՎԻԹ, ՆՈՐԱՅՐ, ԿԱՐԻՆԵ ԵՎ ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆԵՐԻ, ՄԱՅՐԱՆՈՒՇ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ, ԱՐՏՈ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 230 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 231.1., 231.2. ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմողների և նրանց ներկայացուցիչներ Վ. Սաֆարյանի, Վ. Խաչատրյանի, Լ. Հախնազարյանի, Ռ. Տեր-Վարդանյանի, Ժ. Հարությունյանի, Կ. Գրիգորյանի, Մ. Վահրադյանի, Ս. Զաքարյանի, Ռ. Մինասյանի, Բ. Վանյանի, Ա. Զոհրաբյանի, Կ. Մեժլումյանի, Շ. Մարդանյանի, Հ. Գալյանի, Շ. Հովհաննիսյանի, Ս. Սաֆարյանի, Բ. Մահմեդովայի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դ. Հարությունյանի,

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 46 հոդվածի համաձայն` սահմանադրական դատարանում ՀՀ վճռաբեկ դատարանի և ՀՀ գլխավոր դատախազի ներկայացուցիչներ Ա. Մկրտչյանի, Վ. Ռշտունու և Հ. Ենգոյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 1 կետի և 101 հոդվածի 6 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 և 69 հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացիներ Հակոբ Դանիելյանի, Վաչագան Խաչատրյանի, Լենա Հախնազարյանի, Թամարա Մկրտչյանի, «Կարեն Ղազարյան» ԱՁ-ի, Արտակ Բադալյանի, Մարիետա Հախվերդյանի և Սամվել Ղարիբյանի, Մայիս Վահրադյանի, Սպարտակ Զաքարյանի, Ռոզա Մինասյանի, Բորիս Վանյանի, Վերսանդիկ Հակոբյանի և Հեղինե Ամիրխանյանի, Շամիր Մարդանյանի, «Վարդան Սերգո» ՍՊԸ-ի, Շողիկ Հովհաննիսյանի, Գեղեցիկ Առաքելյանի, Միսակ Պողիկյանի, Խաչիկ Հաջյանի, Սուսաննա Ղարամյանի, Ժենյա Համբարձումյանի, Արուսյակ Փայտյանի, Բալգիզար Մահմեդովայի, Մանվել և Սվետլանա Հովհաննիսյանների, Դավիթ, Նորայր, Կարինե և Արթուր Հովհաննիսյանների, Մայրանուշ Ստեփանյանի, Արտո Ալավերդյանի դիմումների հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230 հոդվածի 1-ին կետի, 231.1., 231.2. հոդվածների դրույթների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը վերոհիշյալ քաղաքացիների դիմումներն են սահմանադրական դատարան, որոնց հիման վրա, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածով, մինչև դատաքննությունն սկսվելը գործերը միավորվել են դատարանի նույն նիստում քննվելու համար։

Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի ներկայացուցիչների բացատրությունները, սահմանադրական դատարանում ՀՀ վճռաբեկ դատարանի ներկայացուցիչ Ա. Մկրտչյանի պարզաբանումները, հետազոտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հունիսի 17-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի օգոստոսի 7-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը կոչված է կարգավորելու ՀՀ դատարաններում քաղաքացիական գործերով դատավարության կարգը և երաշխավորելու ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և իրավական այլ ակտերով նախատեսված` անձանց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի դատական պաշտպանությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230 հոդվածի վիճարկվող դրույթները փոփոխվել, իսկ 231.1. և 231.2. հոդվածները, որպես օրենսգրքի լրացումներ, ընդունվել են ՀՀ Ազգային ժողովի կողմից 2006 թվականի հուլիսի 7-ին` ՀՕ-153-Ն օրենքով։

Դիմողները սահմանադրական դատարան են ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի՝ վերջնական դատական ակտեր հանդիսացող որոշումներ, որոնցով սույն գործով դիմողների նկատմամբ կիրառվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230, 231.1. և 231.2. հոդվածների դրույթները, և վիճարկում են այդ դրույթների սահմանադրականությունը:

Սույն գործը սահմանադրական դատարանում քննության ընդունելուց հետո, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1. և 231.2. հոդվածները փոփոխվել և լրացվել են ՀՀ Ազգային ժողովի կողմից 2007 թվականի փետրվարի 21-ին ընդունված ՀՕ-98-Ն օրենքով: Նկատի ունենալով, որ օրենսգրքի հիշյալ հոդվածների փոփոխված և լրացված նորմերը վեճի առարկա նորմերի իրավական բովանդակությունը չեն փոխել, և այդ փոփոխությունների սահմանադրականությունը սույն գործով վեճի առարկա չէ, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 26, 63 և 69 հոդվածների պահանջները, սահմանադրական դատարանը փոփոխությունների սահմանադրականության խնդրին չի անդրադարձել:

2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230 հոդվածը (2006 թ. հուլիսի 7-ի փոփոխություններով) սահմանում է.

 

«Հոդված 230. Վճռաբեկ բողոքի բովանդակությունը

 

1. Վճռաբեկ բողոքում պետք է նշվեն`

1) դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.

2) բողոք բերող անձի անունը (անվանումը).

3) վճիռ կայացրած դատարանի անվանումը, գործի համարը, վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), վեճի առարկան.

4) բողոք բերած անձի պահանջը` օրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ և նշում այն մասին, թե նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն են խախտվել կամ սխալ կիրառվել, կամ որոնք են նոր երևան եկած հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը.

4.1) սույն օրենսգրքի 231.2 հոդվածի առաջին կետի որևէ ենթակետի հիմնավորումները.

5) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը։

2. Վճռաբեկ բողոքն ստորագրում է բողոք բերած անձը։

3. Բողոքին կցվում են սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթը և բողոքի պատճենը` գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները»։

Դիմող կողմը գտնում է, որ վերոհիշյալ 230 հոդվածի 1-ին կետի դրույթները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրության 3, 5, 6, 8, 18, 19, 31, 47 և 92 հոդվածներին։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1. հոդվածը (2006 թ. հուլիսի 7-ի խմբագրությամբ) սահմանում է.

 

«Հոդված 231.1. Վճռաբեկ բողոքը վերադարձնելը

 

1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 230 հոդվածի և 231.2 հոդվածի առաջին կետի պահանջներին, կամ բողոքը բերել է այն անձը, որի իրավունքը չի խախտվել:

2. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում բողոքը ստանալու պահից 10 օրվա ընթացքում։

3. Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ կարող է սահմանել ժամկետ` թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար»։

Դիմող կողմը գտնում է, որ վերոհիշյալ 231.1. հոդվածի դրույթները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրության 3, 6, 18, 19 և 47 հոդվածներին։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2. հոդվածը (2006 թ. հուլիսի 7-ի խմբագրությամբ) սահմանում է.

 

«Հոդված 231.2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը

 

1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե`

1) վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ

2) վերանայվող դատական ակտը հակասում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունված դատական ակտին, կամ

3) ստորադաս դատարանի կողմից դատավարական կամ նյութական իրավունքի խախտման արդյունքում հնարավոր դատական սխալը կարող է առաջացնել ծանր հետևանքներ, կամ

4) առկա են նոր երևան եկած հանգամանքներ։

2. Վճռաբեկ դատարանին ներկայացված վճռաբեկ բողոքների` սույն օրենսգրքի 230 հոդվածի և սույն հոդվածի առաջին կետի պահանջներին դրանց համապատասխանությունը պարզելու և քննության ընդունելու հարցը լուծում է վճռաբեկ դատարանը` վճռաբեկ դատարանի նախագահի և պալատի դատավորների կազմով։

3. Վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվում, եթե վարույթ ընդունելու օգտին քվեարկել են վճռաբեկ դատարանի դատավորներից առնվազն երեքը։ Վճռաբեկ դատարանի այդ որոշումը բողոքարկման ենթակա չէ։

4. Վճռաբեկ բողոքի լրացում չի թույլատրվում, բացառությամբ սույն օրենսգրքի 231.3 հոդվածով նախատեսված դեպքի:

5. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո վճռաբեկ դատարանը որոշմամբ կարող է կասեցնել դատական ակտի կատարումը:

6. Վճռաբեկ դատարանի որոշումները պատշաճ ձևով ուղարկվում են բողոք բերող անձին և գործին մասնակցող անձանց»։

Դիմող կողմը գտնում է, որ վերոհիշյալ 231.2. հոդվածի դրույթները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրության 3, 6, 8, 14, 18, 19, 31 և 47 հոդվածներին։

3. Դիմողներն իրենց դիրքորոշումը հիմնականում պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

ա) յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու, պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի, հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։ Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթները ձևակերպված չլինելով որոշակի, միատեսակ մատչելի ու բավարար ճշտությամբ, չբխելով քաղաքացիական դատավարության մասին օրենսդրության ընդհանուր տրամաբանությունից, հնարավորություն չեն տալիս անձին դրանց համապատասխանեցնել իր վարքագիծը և դատական կարգով արդյունավետ պաշտպանել իր սահմանադրական իրավունքները: Ըստ դիմող կողմի` օրենսգրքի վիճարկվող դրույթները չեն համապատասխանում իրավական որոշակիության պահանջին նաև այն առումով, որ դրանցով չի սահմանվել վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարանի կողմից վարույթ ընդունելու բավարար հստակ ձևակերպված ընթացակարգ,

բ) ՀՀ վճռաբեկ դատարանը լինելով եռաստիճան դատական համակարգի բարձրագույն դատական ատյանը, կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը, ճիշտ մեկնաբանումը և իրավունքի զարգացումը, ինչպես նաև ուղղելու ստորադաս դատարանների թույլ տված սխալները։ Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող նորմերը, ըստ դիմողների, ՀՀ վճռաբեկ դատարանին հնարավորություն են տալիս ձևավորել այնպիսի դատական պրակտիկա, համաձայն որի` բողոքները վերադարձվում են առանց քննության (գործը վարույթ ընդունելու), անձանց բողոքներում առկա թերությունները մատնանշելու և դրանք վերացնելու ժամկետ սահմանելու, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2. հոդվածի 1-ին կետում նախատեսված հիմքերը պարզաբանելու: Օրենսգրքի 230 հոդվածի 1-ին կետի, 231.1. և 231.2. հոդվածների դրույթների ձևակերպումները, ըստ դիմողների, վճռաբեկ դատարանին օժտել են անկանխատեսելի հայեցողությամբ: Մասնավորապես, վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումներում անհասկանալի է օրենսգրքի 231.2. հոդվածի 1-ին կետում նախատեսված հիմքերի առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հստակ դիրքորոշումը, գործերի ընդունման կամ մերժման հարցերում դրսևորվող մոտեցման արդյունքում անհնարին է դառնում վճռաբեկ դատարանի իրավասությունների շրջանակներում անձանց` Սահմանադրության 18 և 19 հոդվածներով նախատեսված իրավունքների պաշտպանությունը,

գ) դիմող կողմի կարծիքով, օրենսգրքի վիճարկվող նորմերը պետք է ձևակերպված լինեն այնպիսի որոշակիությամբ ու հստակությամբ, որ վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս ստուգվեն ներկայացված փաստաթղթերի սոսկ ձևին և բովանդակությանն առաջադրված պահանջների պահպանված լինելու հետ կապված հարցերը: Վեճի վերաբերյալ նյութաիրավական բնույթի հարցերին, մասնավորապես` բողոքը բերած անձի իրավունքների խախտված լինելու կամ չլինելու հարցին, դատարանը պետք է անդրադառնա միայն գործի արդարադատական ընթացակարգով ըստ էության քննության ժամանակ, որի արդյունքում է միայն հնարավոր պարզել դատական պաշտպանության դիմած անձի իրավունքների խախտված լինելու կամ չլինելու հանգամանքը,

դ) դիմող կողմը գտնում է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերոհիշյալ նորմերն ընդունելիս օրենսդիրն անտեսել է ՀՀ Սահմանադրության 3, 6, 18, 19 հոդվածների և, մասնավորապես` 47 հոդվածի պահանջը, համաձայն որի` «Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը և օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը»։

4. Առարկելով դիմող կողմի պնդումների դեմ` պատասխանող կողմը գտնում է, որ վեճի առարկա նորմերը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Ըստ պատասխանող կողմի` եվրոպական երկրներում դատական համակարգի զարգացման հիմնական միտումն այն է, որ գնալով ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների եռաստիճան համակարգում բարձրագույն ատյանի հիմնական գործառույթը դառնում է օրենքի միատեսակ կիրառության ապահովումը: Դրան համապատասխան` փոխվում է նաև դատական այդ ատյանի դերը բողոքների ընդունման և քննության հարցերում:

Միաժամանակ, պատասխանող կողմը մանրամասն անդրադառնալով դատական համակարգի զարգացման բնագավառում Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի հանձնարարականներին, արեց այն հիմնական հետևությունը, որ տարբեր մոտեցում է ցուցաբերվում դատական տարբեր ատյանների իրավասությունների սահմանմանն ու դրանց իրականացման կարգերին, ընդ որում, երրորդ ատյանի դատարան բողոքներ պետք է բերվեն առաջին հերթին այնպիսի գործերով, որոնք կարող են նպաստել իրավունքի զարգացմանը կամ կարող են նպաստել օրենքի միանման մեկնաբանմանը: Այդ շրջանակը կարող է նաև նեղացվել այն գործերի վերաբերյալ բողոքներով, որոնք առնչվում են իրավունքի այնպիսի հարցերի, որպիսիք ողջ հասարակության համար կարևորություն են ներկայացնում:

Պատասխանող կողմը գտնում է, որ այս մոտեցումները բխում են նաև ՀՀ Սահմանադրության 92 հոդվածի դրույթներից, և հենց այդ մոտեցումներից ելնելով է, որ օրենսդիրը քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարել է համապատասխան փոփոխություններ: Այդ փոփոխությունները ոչ թե վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու հարցում վճռաբեկ դատարանին օժտում են անսահմանափակ ազատությամբ, այլ նրան դատական տվյալ ատյանի սահմանադրական կարգավիճակից բխող հայեցողական լիազորություն են վերապահում` գնահատելու վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի առկայությունը: Վիճարկվող նորմերը որոշակի են ու հստակ, բխում են դատական համակարգի բարեփոխումների հայեցակարգային մոտեցումներից, համարժեք են արդարադատական համակարգի եվրոպական զարգացումներին:

Պատասխանող կողմը միաժամանակ եզրակացնում է, որ վճռաբեկ դատարանի մակարդակում «...հիմնական կանոնը վճռաբեկ բողոքը չընդունելն է, իսկ բացառությունը` այն ընդունելը: Սա է Եվրոպայի, փաստորեն, այսօր որդեգրած քաղաքականությունը: Իսկ դա նշանակում է, որ երբ բացառությունը գործադրվում է, պետք է պատճառաբանվի հենց այն, թե ինչու բողոքն ընդունվեց, ոչ թե ինչու բողոքը չընդունվեց»:

Պատասխանող կողմի կարծիքով, անցումային առանձնահատկություններից ելնելով օրենսդիրը կարող է նպատակահարմար համարել նախատեսելու վճռաբեկ բողոքը պատճառաբանված մերժելու նորմատիվ պահանջ, սակայն դա սահմանադրականության խնդրին չի առնչվում:

5. Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանը, հաշվի առնելով նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 7-րդ մասի պահանջները, անհրաժեշտ է համարում պարզել և գնահատել.

նախ` ՀՀ դատական իշխանության համակարգում վճռաբեկ դատարանի` ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված գործառնական տեղը և դերը,

երկրորդ` օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու վճռաբեկ դատարանի սահմանադրական գործառույթի բովանդակությունը և դրա իրացման երաշխավորումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ինչպես վիճարկվող, այնպես էլ դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված նորմերում և այդ նորմերի կատարումն ապահովող իրավական այլ ակտերում,

երրորդ` դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրացման օրենսդրական երաշխավորվածությունը քաղաքացիական գործերով դատական ակտերի բողոքարկման գործող կարգում,

չորրորդ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող նորմերում ՀՀ Սահմանադրության 18, 19 հոդվածներով, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6 հոդվածում նախատեսված` անձի իրավունքների դատական պաշտպանության արդյունավետ միջոցի, հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում հրապարակային քննության իրավունքների, այդ առնչությամբ սահմանադրական այլ նորմերի պահանջների երաշխավորումը,

հինգերորդ` դատական բողոքարկման հարաբերությունների կարգավորման բնագավառում արդարադատության արդյունավետության և անձի իրավունքների դատական պաշտպանության երաշխավորումը 2006թ. հուլիսի 7-ի օրենսդրական փոփոխություններում,

վեցերորդ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող նորմերի կիրառման դատական պրակտիկան` այնքանով, որքանով առնչվում է դրանց` սույն գործով քննվող սահմանադրականության խնդրին,

յոթերորդ` ՀՀ Սահմանադրության անմիջական գործողության ապահովման անհրաժեշտությունը։

6. Պետական, այդ թվում` նաև դատական իշխանության մարմինների համակարգում ՀՀ վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակը որոշված է ՀՀ Սահմանադրության 92 հոդվածի 2-րդ մասում, համաձայն որի` «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը։ Վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով»։ Նույն հոդվածի առաջին մասն ամրագրել է, որ «Հայաստանի Հանրապետությունում գործում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև մասնագիտացված դատարաններ»: Միաժամանակ, ՀՀ Սահմանադրության 5, 91, 93, 94, 96 և 97 հոդվածներում ամրագրված են դատական իշխանության կազմակերպման ու գործունեության (արդարադատության իրականացման) հիմնարար դրույթները։

Սահմանադրական դատարանը գտնում է, որ սահմանադրաիրավական վերոհիշյալ նորմերի ընդհանուր բովանդակությունից հետևում է.

ա) ՀՀ Սահմանադրությամբ ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատական գործառույթները տարանջատված են սահմանադրական արդարադատական գործառույթից, դրանց իրացումը նախատեսում է կառուցակարգային տարբեր լուծումներ և համարժեք լիազորություններ,

բ) ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները, վճռաբեկ դատարանը, ինչպես նաև մասնագիտացված դատարանները` դատական իշխանության շրջանակներում կազմում են գործառնական համակարգային ամբողջություն: Այդ համակարգը կառուցված է գործառնական աստիճանակարգման և արդարադատական գործառույթների ներհամակարգային տարանջատման սկզբունքներով, ներքևից վերև, ընդ որում, այդ աստիճանակարգում բարձրագույն դատական ատյանը ՀՀ վճռաբեկ դատարանն է, որն ստորադաս դատարանների դատական ակտերը վերանայող դատարան է,

գ) ընթացիկ օրենսդրության խնդիրն է նյութական և ընթացակարգային նորմերի միջոցով սահմանել ու մանրամասնել ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի սահմանադրական կարգավիճակից բխող, այնպես էլ ընդհանուր իրավասության և մասնագիտացված ստորադաս դատարանների լիազորությունների շրջանակը, իրականացման կարգն ու պայմանները,

դ) ՀՀ վճռաբեկ դատարանի արդարադատական գործառույթը վճռաբեկության կարգով օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելն է, այսինքն.

- այն պետք է առաջին հերթին իրականացվի օրենքների և դրանց կատարումն ապահովող նորմատիվ այլ այնպիսի ակտերի իրավական բովանդակության մեկնաբանմամբ, որոնք ստորադաս դատարանների կողմից կիրառվել են (կամ չեն կիրառվել) դրանց տարաբնույթ իրավաընկալման արդյունքում,

- վճռաբեկության կարգով սահմանադրական իր վերահսկողական գործառույթի իրականացմամբ, ստորադաս դատարանների դատական ակտերը վերանայելիս և դատական սխալներն ուղղելիս վճռաբեկ դատարանը բացառապես պետք է լուծի իրավունքի իրացման հարցեր,

- որպես սահմանադրորեն նախատեսված շրջանակներում բարձրագույն դատական ատյան` վճռաբեկ դատարանը, իր լիազորություններին համապատասխան, կոչված է երաշխավորելու ընդհանուր իրավասության և մասնագիտացված բոլոր դատարաններում մարդու իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ միջոցների, արդարության, հավասարության պայմաններում և ողջամիտ ժամկետում դատաքննության` անձի սահմանադրական իրավունքների անմիջական գործադրումը,

- վճռաբեկ դատարանի սահմանադրական գործառույթից է անմիջականորեն բխում ոչ միայն ընդհանուր և մասնագիտացված ստորադաս դատարանների թույլ տված դատական սխալներն իր իրավասության շրջանակներում ուղղելը, այլև այդ դատարանների կողմից կիրառված նորմատիվ ակտերի (դրանց դրույթների) միասնական ընկալման վերաբերյալ իրավական դիրքորոշում արտահայտելը:

7. Ելնելով վերոհիշյալ հետևություններից և գործի հանգամանքներից, սահմանադրական դատարանը կարևորում է, թե կառուցակարգային ինչպիսի երաշխիքներ և ընթացակարգեր են նախատեսված գործող օրենսդրության ակտերում ապահովելու համար վճռաբեկ դատարանի սահմանադրական գործառույթի իրականացումը, բացահայտել քննության առարկայի շրջանակներում դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրացման երաշխավորվածությունը քաղաքացիական գործերով դատական ակտերի բողոքարկման գործող օրենսդրական կարգում։

«Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 21 հոդվածի համաձայն (13.06.2000 թ. ՀՕ-72, 11.09.2001 թ. ՀՕ-213 և 07.07.2006 թ. ՀՕ-156-Ն փոփոխություններով) վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը, ճիշտ մեկնաբանությունը և նպաստել իրավունքի զարգացմանը։ Վճռաբեկ դատարանն իր իրավասության սահմաններում և դատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով վերանայում է ստորադաս դատարանների դատական ակտերը։ Միաժամանակ, նույն հոդվածով սահմանված են վճռաբեկ դատարանի կառուցվածքը և կազմը։

Վերոհիշյալ իրավանորմի բովանդակությունից հետևում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի գործունեության` օրենքով նախանշված նպատակները պայմանավորված են այդ մարմնի սահմանադրաիրավական կարգավիճակով։ Օրենքի միատեսակ կիրառությունը, ճիշտ մեկնաբանությունն ապահովելը` որպես նաև իրավունքի զարգացմանը նպաստելու միջոցներ, կառուցակարգային փոխկապակցված գործառույթներ են, հետապնդում են իրավաչափ նպատակներ և երաշխիք են վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանների դատական ակտերը վերանայելու ընթացակարգային լիազորությունների իրականացման համար։ Այդպիսի երաշխիք է նաև դատական ակտերի բողոքարկման ինստիտուտը` նյութական և ընթացակարգային օրենսդրական այնպիսի կարգավորմամբ, որն ապահովի անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ և լիարժեք իրականացում։

ՀՀ սահմանադրական դատարանն իր 2006 թ. հոկտեմբերի 18-ի ՍԴՈ-652 և մի շարք այլ որոշումներով բազմիցս անդրադառնալով արդարադատության մատչելիության և արդյունավետության խնդիրներին, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 1, 3, 14, 18, 19, 42, 43 և այլ հոդվածներով, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի, միջազգային իրավական այլ փաստաթղթերում ամրագրված հիմնադրույթներով, վկայակոչելով նաև ժողովրդավարության զարգացման միջազգային փորձն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան, կարևորել է անձի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը երաշխավորելու համար նորմատիվ իրավական բավարար նախադրյալների ստեղծումն ու զարգացումը՝ հատկապես միջազգային այն պարտավորությունների շրջանակներում, որպիսիք Հայաստանի Հանրապետությունն ստանձնել է Եվրոպայի խորհրդի առջև: Միաժամանակ, կարևորվել է այդ պարտավորություններից բխող ներպետական հայեցողական որոշակի ազատությունն արդարադատության մատչելիության և, հատկապես` դատական բողոքարկման իրավունքի օրենսդրական սահմանափակումների հարցում:

Սահմանադրական դատարանը սույն գործի շրջանակներում վիճարկվող իրավանորմերի սահմանադրականությունը որոշելիս անհրաժեշտ է համարում նաև ուշադրություն հրավիրել հատկապես դատական բողոքարկման հիմնախնդիրների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հանձնարարականների վրա: Այդ Կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 հանձնարարականում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների առջև, մասնավորապես, դրված են հետևյալ պահանջները.

նախ` դատական վեճի հարցերն սկզբունքորեն պետք է լուծվեն առաջին ատյանի դատարանում, իսկ օրենքը պետք է պարտավորեցնի տվյալ դատարանին այնպիսի հստակությամբ և ամբողջական հիմնավորումներով կայացնել որոշում, որ կողմերի համար ակնհայտ լինի հետագա բողոքարկման իրենց իրավունքից օգտվելու նպատակահարմարությունը,

երկրորդ` հստակ պահանջ պետք է առաջադրվի բողոքի հիմքերի և իրավական պաշտպանության միջոցների հիմնավորման հարցում, երկրորդ ատյանի դատարանին վերապահելով լիազորություն՝ պատճառաբանված մերժելու ակնհայտ անհիմն բողոքների քննության ընդունումը,

երրորդ` երկրորդ ատյանի դատարանում շեշտը պետք է դնել հիմնականում բողոքի առարկայի շրջանակներում դատաքննության վրա,

չորրորդ` երրորդ ատյանի դատարանում բողոքները պետք է վերաբերեն այնպիսի գործերի, որոնք բխում են այդ դատական ատյանի դերից, օրինակ, այնպիսի գործեր, որոնք «...կարող են նպաստել իրավունքի զարգացմանը կամ կարող են նպաստել օրենքի միատեսակ մեկնաբանմանը: Այդ շրջանակը կարող է սահմանափակվել այնպիսի գործերով բողոքարկումներով, որոնք առնչվում են ամբողջ հասարակության համար նշանակություն ունեցող իրավունքի հարցերին» (հոդվ. 7): Դիմողից պետք է պահանջվի հիմնավորել, թե ինչով է իր գործը նպաստելու հասնել այդ նպատակներին:

Միջազգային պրակտիկան վկայում է նաև, որ այդ նախապայմանների խստացումը չպետք է տեղի ունենա անհամաչափ՝ անձանց համար ստեղծելով իրավունքների պաշտպանության խոչընդոտներ: Բացի դրանից, վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ՝ օրենսդրորեն նախատեսված, հստակ, և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն:

8. Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատական ակտի բողոքարկման օրենսդրական ընթացակարգով պետք է լիարժեք պաշտպանելի լինեն անձի` առանց բացառության բոլոր, այդ թվում` նաև քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները, որը, ըստ դիմող կողմի` բավարար երաշխավորված չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող նորմերում։

Վերոհիշյալ խնդրին անդրադառնալով` սահմանադրական դատարանը նաև կարևորում է դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի համակարգային ամբողջականությունը և կիրառման արդյունավետությունն ապահովող կառուցակարգային ու օրենսդրական համապատասխան երաշխիքների առկայությունը, որն անհրաժեշտ է դատական պաշտպանության իրավունքի իրացման լիարժեքությունը նաև վճռաբեկ վարույթում գնահատելու առումով։ ՀՀ Սահմանադրության փոփոխություններով, ինչպես նաև արդարադատության արդյունավետության, անձի իրավունքների դատական պաշտպանության լիարժեք երաշխավորման իրավաչափ նպատակներով պայմանավորված 2006 թվականի հուլիսի 7-ի (ՀՕ-153-Ն) օրենսդրական փոփոխությունները` կապված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ սույն գործով վիճարկվող նորմերով նախատեսված դատական բողոքարկման կարգի հետ, իրականացվել են միայն վճռաբեկ դատարանի գործառույթների շրջանակում, վերաքննիչ դատարանի գործող կարգավիճակի պայմաններում, առանց համապատասխան անցումային դրույթների: Դրա արդյունքում առանձին անձինք գործնականում զրկվել են դատական ակտերի բողոքարկման՝ օրենքով նախատեսված նախկին կարգով սկսված և դեռևս չավարտված գործընթացի պայմաններում իրենց սահմանադրական իրավունքներն արդյունավետ պաշտպանելու լիարժեք հնարավորությունից: Ինչպես բխում է Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 հանձնարարականից, դատական համակարգի առաջին, երկրորդ և երրորդ աստիճաններում ոչ միայն գործառնական լիազորությունները, այլև դրանց իրականացման կարգը, մասնավորապես` բողոքարկման արդյունավետ ինստիտուտի արմատավորումը, դիտարկվում են միասնական օրգանական կապի մեջ:

9. Անդրադառնալով ՀՀ վճռաբեկ դատարանի կարգավիճակով պայմանավորված օրենսդրական լիազորությունների և դրանց իրացման ընթացակարգերի սահմանադրաիրավական գնահատմանը, սահմանադրական դատարանը կարևորում է սույն գործով վիճարկվող նորմերում ՀՀ Սահմանադրության 18, 19 հոդվածներով նախատեսված դատական պաշտպանության իրավունքի և դրա արդյունավետ իրացումն ապահովող ու, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով կարևորված` որոշակիության, մատչելիության և արդյունավետ միջոցների իրավական չափորոշիչների երաշխավորվածության հարցը, որով է նաև դիմող կողմը պայմանավորում վճռաբեկ վարույթում իր իրավունքների պաշտպանության արդյունավետությունը:

Սահմանադրական դատարանը ելնում է նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2004 թվականի մայիսի 12-ի R (2004) 6 հանձնարարականում ազգային դատական համակարգերի արդյունավետության խնդիրների վերաբերյալ հանձնարարականի հետևյալ դրույթներից, համաձայն որոնց.

- անդամ երկրները պետք է արդյունավետ ընթացակարգեր նախատեսեն ըստ էության քննության առնելու և լուծում տալու մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտումների վերաբերյալ դատական բողոքներին,

- բողոքների ընդունման և քննության ընթացակարգերը պետք է դիտարկվեն իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների ապահովման համատեքստում,

- ներպետական համակարգերում դատական բողոքները պետք է հանգամանալից ու հիմնավոր քննության առարկա դառնան,

- Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքների պաշտպանությունն ազգային իրավական համակարգում պետք է արդյունավետ ձևով երաշխավորված լինի,

- իրավական պաշտպանության արդյունավետ միջոցները պետք է ներառեն նաև խելամիտ ժամկետներում դատաքննության ապահովումը:

Հաշվի առնելով նաև վերոհիշյալ մոտեցումները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230, 231.1. և 231.2. հոդվածների նորմերի սահմանադրականությունը գնահատելիս սահմանադրական դատարանը ելնում է ՀՀ վճռաբեկ դատարանում իրավասու անձանց վճռաբեկ բողոքների քննության ընթացակարգային կանոնների օրենսդրական այնպիսի կանոնակարգման անհրաժեշտությունից, որոնք, օրինական նպատակ հետապնդելով հանդերձ, լինեն միակերպ ընկալելի և մատչելի՝ ապահովելու համար այդ նպատակի և կիրառվող միջոցների միջև արդար հավասարակշռությունը: Միաժամանակ, վճռաբեկ բողոքների քննության ընթացակարգային կանոններն արդարացիորեն կարող են պարունակել միայն այնպիսի սահմանափակումներ, որոնք պայմանավորված են ՀՀ վճռաբեկ դատարանի արդարադատական գործառույթի բովանդակությամբ, կապված ոչ թե մասնավոր, այլ` «...ամբողջ հասարակության համար նշանակություն ունեցող իրավունքի հարցերի», «...օրենքի միատեսակ մեկնաբանման», դատական գործերով փաստական առանձնահատուկ հանգամանքների, դրանց գնահատման խնդրի, նյութական և ընթացակարգային իրավանորմերի ճիշտ կիրառումն ապահովելու հետ։

10. Ելնելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումներից, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230, 231.1., 231.2. հոդվածների վիճարկվող նորմերը կոչված են կարգավորելու վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձանց և ՀՀ վճռաբեկ դատարանի միջև ծագող իրավահարաբերությունները՝ կապված վճռաբեկ բողոքի բովանդակության, այդ բողոքն ընդունելու կամ վերադարձնելու հետ։ Հիշյալ նորմերը բնույթով դատավարական նորմեր են և իրենց ընդհանուր բովանդակությամբ պայմանավորված են ՀՀ վճռաբեկ դատարանի` սահմանադրաիրավական կարգավիճակով և անձի իրավունքների դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի երաշխավորման անհրաժեշտությամբ: Դրանցից էլ բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 224 հոդվածին համապատասխան` ստորադաս դատարանների վճիռների դեմ բերված վճռաբեկ բողոքներով գործերը քննելու և օրենսգրքի 226, 227 հոդվածներում նախանշված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների արդյունքում դատական սխալն ուղղելու` վճռաբեկ դատարանի իրավասությունը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230 հոդվածը սահմանում է վճռաբեկ բողոքում պարտադիր բովանդակելի տեղեկությունները և կցվող փաստաթղթերը, ինչպես նաև օրենսգրքի 231.2. հոդվածի առաջին կետի ենթակետերով նախատեսված որևէ հիմնավորման անհրաժեշտությունը։ Փաստորեն, 230 հոդվածի նորմերով վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձանց առջև դրված են հետևյալ պարտականությունները.

- բողոքում նշել իրավաբանական նշանակություն ունեցող պարտադիր տեղեկություններ և կցել փաստաթղթեր,

- ներկայացնել հիմնավորումներ.

ա) օրենքի միատեսակ կիրառման համար գործով կայացվող դատական ակտի էական նշանակության մասին,

բ) վճռաբեկ դատարանի նախկինում ընդունված դատական ակտին վերանայվող դատական ակտի հակասող լինելու մասին,

գ) դատական սխալի արդյունքում ծանր հետևանքների առաջացման հնարավորության մասին,

դ) գործով նոր երևան եկած հանգամանքների առկայության մասին։

Այսպիսով, օրենսդրորեն հստակեցված են իրավական այն պայմանները, որոնց առկայության դեպքում է միայն իրավասու սուբյեկտի (այդ թվում` քաղաքացու) դիմումը (վճռաբեկ բողոքը) ճանաչվում իրավաչափ, և այն սահմանված կարգով ներկայացվելու ձևով դրսևորված կամաարտահայտման արդյունքում է միայն ՀՀ վճռաբեկ դատարանն իրավասու գործադրել սահմանադրաիրավական կարգավիճակից բխող օրենսդրական իր լիազորությունները։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230 հոդվածի վերոհիշյալ նորմատիվ պայմանները սահմանադրական դատարանի գնահատմամբ նպատակ ունեն ոչ թե անձանց ծանրաբեռնել ձևական պահանջներով, այլ պայմանավորված են վճռաբեկ դատարանի` օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու գործառույթով։

Ինչպես նշվեց, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 հանձնարարականում հատուկ շեշտվում է, որ վճռաբեկ վարույթում բողոքները պետք է վերաբերեն այնպիսի գործերի, որոնք, բխելով դատական տվյալ ատյանի կարգավիճակից, կարող են նպաստել իրավունքի զարգացմանը կամ կարող են նպաստել օրենքի միատեսակ մեկնաբանմանը: Այդ բողոքարկումները կարող են սահմանափակվել նաև այնպիսի գործերով, որոնք առնչվում են ամբողջ հասարակության համար նշանակություն ունեցող իրավունքի հարցերին, ուստի դիմողից պետք է պահանջվի հիմնավորել, թե իր գործն ինչով է նպաստելու հասնել այդ նպատակին:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի խնդիրը չէ քննության ընդունել ցանկացած բողոք, այլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2. հոդվածի 1-ին կետի պահանջներին համապատասխան պարզել ու գնահատել բողոքատու անձանց փաստարկների բնույթը, իրավական նշանակությունը և կայացնել պատճառաբանված որոշում: Վճռաբեկ վարույթում բողոքատու անձանց առջև ՀՀ վճռաբեկ դատարանի կարգավիճակով պայմանավորված իրավական պահանջների առաջադրումը` կապված բողոքի բովանդակության, դրա հիմնավորման և ներկայացման կարգի հետ, իրենց հիմնական բովանդակությամբ տարբերվում են վերաքննիչ վարույթում գործող կարգից: Այդ պահանջներն առնչվում են իրավունքի, դրա մեկնաբանման ու իրացման, այլ ոչ թե փաստերի ձեռքբերման, նախնական հետազոտման ու գնահատման հետ: Ուստի վճռաբեկ դատարանի կողմից «էական նշանակություն», «ծանր հետևանք» և «վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած դատական ակտ» արտահայտությունների` դատական գործերի հանգամանքներից բխող բովանդակային հստակեցումը, մեկնաբանումը, պատճառաբանումը պայման է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230 հոդվածի 1-ին կետի 4.1. ենթակետում և 231.2. հոդվածի 1-ին կետում նախանշված հիմքերին համապատասխան` վճռաբեկ վարույթում անձանց իրավունքների պաշտպանության հնարավորությունը կանխատեսելի դարձնելու համար:

11. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1. և 231.2. հոդվածների վիճարկվող նորմերով, ինչպես նշվեց, սահմանված են վճռաբեկ բողոքը վերադարձնելու, վարույթ ընդունելու հետ կապված կանոնները, մասնավորապես՝ բողոքն ընդունելու, վերադարձնելու և լրացնելու, այդ մասին վճռաբեկ դատարանի որոշում կայացնելու դեպքերը, կարգը, և այդպիսի որոշումների ծանուցման, ինչպես նաև վիճարկվող դատական ակտի կասեցման կարգը և պայմանները։ Այդ նորմերով ՀՀ վճռաբեկ դատարանն օժտված է ինչպես պարտադիր, այնպես էլ հայեցողական լիազորություններով, մասնավորապես.

- պարտավոր է վերադարձնել վճռաբեկ բողոքը, եթե այն չի համապատասխանում օրենսգրքի 230 հոդվածում նախանշված բովանդակային պահանջներին կամ չի պարունակում 231.2. հոդվածի առաջին կետի որևէ հիմնավորում,

- պարտավոր է բողոքն ընդունել վարույթ, եթե այն բովանդակում է օրենսգրքի 231.2. հոդվածի առաջին կետի որևէ հիմնավորում,

- պարտավոր է վճռաբեկ բողոքը վերադարձնելու կամ վարույթ ընդունելու մասին կայացնել որոշում և պատշաճ ձևով ուղարկել այն բողոք բերող անձին և գործին մասնակցող անձանց,

- կարող է բողոքը վերադարձնելու մասին իր որոշմամբ սահմանել ժամկետ՝ թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար,

- կարող է կասեցնել վիճարկվող դատական ակտի կատարումը:

Միաժամանակ, օրենսդիրը ՀՀ վճռաբեկ դատարանի հայեցողությանն է վերապահել ամեն մի կոնկրետ դեպքում օրենսգրքի 231.2. հոդվածի 1-ին կետում նախատեսված հիմքերի առկայության գնահատումը:

ՀՀ վճռաբեկ դատարանի վերոհիշյալ լիազորությունների պարտադիր և հայեցողական բնույթի առնչությամբ սահմանադրական դատարանը գտնում է, որ պետաիշխանական լիազորություններով օժտված ցանկացած մարմնին, այդ թվում` նաև ՀՀ վճռաբեկ դատարանին, իր գործառնական կարգավիճակին համապատասխան, օրենքով կարող են վերապահվել ինչպես պարտադիր, այնպես էլ հայեցողական լիազորություններ` պայմանավորված ՀՀ Սահմանադրության 5 հոդվածի երկրորդ մասում ամրագրված հիմնադրույթի իրացման անհրաժեշտությամբ: Տվյալ դեպքում՝ ՀՀ վճռաբեկ դատարանը, քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1. հոդվածի պահանջները կատարելու, վճռաբեկ բողոքի թերությունները վերացնելու առնչությամբ ժամկետ սահմանելու կամ վիճարկվող դատական ակտի կատարումը կասեցնելու հետ կապված իր հայեցողական լիազորություններով պարտադրված է ընտրելու օրենքով առաջադրված հնարավոր իրավաչափ լուծումներից որևէ մեկը: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230, 231.1. և 231.2. հոդվածների վերլուծությունը վկայում է, որ օրենսդիրը բողոքների ընդունման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորելիս առաջնորդվել է ՀՀ վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակի օրենսդրական ապահովման ու այդ դատական ատյանի արդարադատական, այդ թվում` նաև հայեցողական լիազորությունների իրացման երաշխավորման անհրաժեշտությամբ:

Այսուհանդերձ, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ համակարգային բարեփոխումների ժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ նաև անցումային համակարգերին բնորոշ այնպիսի առանձնահատկություններ, ինչպիսիք են իրավագիտակցության դեռևս ցածր մակարդակը, հասարակական հարաբերությունների սահմանադրականացման անբավարար աստիճանը, համակարգային անկատարությունները, կոռուպցիոն ռիսկը և այլն: Հետևաբար, իրավակարգավորման առանցքային խնդիրներից են, մասնավորապես, Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված ժողովրդավարական, իրավական պետության կայացման նախադրյալների ապահովումը, սահմանադրական ժողովրդավարության ամրապնդումը, Սահմանադրության հիմնարար արժեքների ու սկզբունքների իրացման օրենսդրական ու կառուցակարգային երաշխիքների ստեղծումը, դատական իշխանության անկախության ու անկողմնակալության նկատմամբ հասարակության անդամների վստահության ամրապնդումը և այլն: Պատահական չէ, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 7-րդ մասով սահմանադրական դատարանից պահանջվում է, որպեսզի նորմատիվ ակտերի սահմանադրականությունը գնահատելիս հաշվի առնվի նաև մարդու և քաղաքացու՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ու ազատությունների ապահովման և պաշտպանության, ազատ իրականացման անհրաժեշտությունը, դրանց սահմանափակումների թույլատրելիությունը, Սահմանադրությամբ նախատեսված՝ իշխանությունների բաժանման և հավասարակշռման ապահովվածությունը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց լիազորությունների թույլատրելի սահմանները, Սահմանադրության անմիջական գործողության ապահովման անհրաժեշտությունը և այլն: Ուստի սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրորեն նախատեսված պետաիշխանական ցանկացած բնույթի լիազորություն (այդ թվում՝ հայեցողական) անհրաժեշտ նպատակ հետապնդելու հետ մեկտեղ, պետք է ուղեկցվի վերջինիս հասնելու հասարակական հարաբերությունների կոնկրետ առանձնահատկություններով պայմանավորված իրավական, չափավոր միջոցներով, տվյալ դեպքում՝ պարտադիր հաշվի առնելով նաև ՀՀ Սահմանադրության 3 հոդվածում, 47 հոդվածի առաջին մասում ամրագրված հիմնարար սկզբունքների անխախտելիությունը: Մասնավորապես, վճռաբեկ վարույթում բողոքարկման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ոչ միայն վճռաբեկ բողոքի բովանդակության վերաբերյալ պարտադիր պայմաններ սահմանելը, այլև բողոքը վերադարձնելու պատճառաբանման նորմատիվ պահանջի սահմանումը: Դրա բացակայության հետևանք է, որ գործով ուսումնասիրված` վճռաբեկ դատարանի թե' վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու և թե' վերադարձնելու մասին որոշումներում ըստ էության չեն տրվում պատճառաբանություններ:

Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1. հոդվածի վիճարկվող 3-րդ կետում կիրառված «թերություններ» արտահայտության հստակ ըմբռնելի բովանդակությունը սահմանելը, բողոքատու անձանց կողմից վճռաբեկ բողոքն օրենսգրքի 230 հոդվածի պահանջներին ըստ ձևի համապատասխանեցնելու պայմանները, կարգը և ժամկետն օրենսդրորեն հստակեցնելը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա վճռաբեկ վարույթում առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1. հոդվածի 2-րդ կետի դրույթը` 10-օրյա ժամկետում վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման վերաբերյալ, չնայած հետապնդվող անհրաժեշտ նպատակին, առանց այդպիսի որոշման պատճառաբանման նորմատիվ պահանջի չի կարող բավարարել արդարացի հավասարակշռության, որոշակիության, իրավահավասարության և իրավունքի գերակայության իրավական սկզբունքների պայմանները: Սահմանադրական դատարանի գնահատմամբ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանվածության վերաբերյալ նորմատիվ պահանջը կարևոր երաշխիք է ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետությունն ապահովելու համար: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1. հոդվածի 2-րդ կետի դրույթները հստակ չնախատեսելով վճռաբեկ բողոքը վերադարձնելու պատճառաբանման պահանջ, չեն կարող երաշխավորել անձի` Սահմանադրության 18 և 19 հոդվածներով նախատեսված դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը:

Ելնելով գործի քննության արդյունքներից, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2007 թվականի փետրվարի 21-ին ընդունված ՀՀ դատական օրենսգրքով դատական ակտերի բողոքարկման կարգի հայեցակարգային փոփոխությունը և այդ օրենսգրքի դրույթների ուժի մեջ մտնելու` օրենքով նախատեսված տարաժամկետ պայմանները, ՀՀ դատական օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահից դատական բողոքարկման հետ կապված իրավահարաբերություններ կարգավորող օրենսդրության որոշ ակտեր ուժը կորցրած ճանաչելու, դատավարական նոր օրենսգրքեր ընդունելու` օրենքով նախատեսված պայմանները, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի կողմից 2007 թվականի փետրվարի 21-ին ընդունված օրենքով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1. և 231.2. հոդվածների փոփոխություններն ու լրացումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230 հոդվածի 1-ին կետի դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1. հոդվածի 1-ին և 3-րդ կետերի դրույթները (2006թ. հուլիսի 7-ի խմբագրությամբ) համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1. հոդվածի 2-րդ կետը (2006թ. հուլիսի 7-ի խմբագրությամբ).

ա) վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշում կայացնելու ժամկետ սահմանելու առումով, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը,

բ) վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճառաբանման պարտադիր պայման չնախատեսելու, հետևաբար, նաև` արդարադատության արդյունավետության, բավարար մատչելիության իրավական երաշխիքներ չապահովելու առումով, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 6 (1-ին և 2-րդ մասեր), 18 (1-ին մաս) և 19 (1-ին մաս) հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2. հոդվածի դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

5. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
       

Նախագահող

Գ. Հարությունյան


9 ապրիլի 2007 թ.
ՍԴՈ-690