Գլխավոր տեղեկություն
Համար
N 1930-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (18.01.2007-04.10.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.08.08/26(158) Հոդ.18
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.11.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2002 թվականի N 1930-Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետին և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. դեկտեմբերի 13
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 28-ի N 1930-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն (այսուհետ` կոմիտե) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Կոմիտեն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի հիման վրա:

3. Կոմիտեի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Կոմիտեն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Կոմիտեն կազմված է կոմիտեի նախագահից և կոմիտեի աշխատակազմից: Կոմիտեի համակարգում ընդգրկվում են կոմիտեի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները, հիմնարկները:

7. Կոմիտեի նպատակները և խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարումն ու կադաստրի համակարգի գործունեության ապահովումը.

բ) պետության կողմից գույքի նկատմամբ իրավունքների ճանաչումը, երաշխավորումը և պաշտպանությունը.

գ) անշարժ գույքի շուկայի կայացմանն աջակցությունը.

դ) գույքի և դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների, գեոդեզիայի և քարտեզագրության մասին տեղեկատվական համակարգերի ստեղծումն ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվության կառավարումը, տվյալների մատչելիությունը, օբյեկտիվության և անընդհատության ապահովումը.

ե) իր իրավասության սահմաններում հողային քաղաքականության, հողային ռեսուրսների կառավարման սկզբունքների մշակումը, հողօգտագործման բնագավառում պետական տեսչական վերահսկողության իրականացումը.

զ) պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական նպատակային ծրագրերի մշակումը և իրականացումը.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և նպատակների իրականացումը:

 

II. ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Կոմիտեն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) գույքի (անկախ սեփականության ձևից) նկատմամբ իրավունքների, սահմանափակումների և օգտագործման նկատմամբ սահմանափակումների պետական գրանցման իրականացում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան անշարժ գույքի (անկախ սեփականության ձևից) պետական հաշվառում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի հողային հաշվեկշռի կազմում.

գ) անշարժ գույքի կադաստրային և տեղագրական քարտեզների ստեղծում, թվային կադաստրային և տեղագրական քարտեզների կազմում.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան անշարժ գույքի կադաստրային գնահատում, հողի հարկի, գույքահարկի բազայի ստեղծում, բազմաբնույթ կադաստրների վարման նպատակով անշարժ գույքի` հողերի, շենքերի, շինությունների գնահատման մեթոդիկայի մշակմանը մասնակցություն.

ե) անշարժ գույքի ծածկագրման (կոդավորման) համակարգի, պետական գրանցման ծածկագրերի մշակում ու ներդրում.

զ) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, անշարժ գույքի հաշվառման, կադաստրային քարտեզագրման, գնահատման տեղագրական քարտեզների ստեղծման ոլորտներում համաշխարհային փորձի ուսումնասիրում ու ներդրում.

է) անշարժ գույքի պետական համակարգված դիտարկումների (մոնիտորինգ) կազմակերպում ու իրականացում, անշարժ գույքի շուկայի վերլուծություն և տեղեկատվության հրապարակում.

ը) անշարժ գույքի շուկայի ձևավորման ու կայացման միջոցառումների կազմակերպում.

թ) անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքների, սահմանափակումների մասին տեղեկատվական բանկի ստեղծում ու կառավարում, կադաստրային գործերի և պետական գրանցման փաստաթղթերի պահպանում.

ժ) տեղագրական և կադաստրային քարտեզագրողների, ռիելթորների, անշարժ գույքի շուկայական գնահատողների լիցենզավորում.

ժա) համակարգում ավտոմատացված կադաստրի ներդրում.

ժբ) անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների մասին տեղեկատվության հավաստիության, ամբողջականության, մատչելիության, արդիականության և հրապարակայնության ապահովում.

ժգ) իր իրավասության սահմաններում հողային հարաբերությունների կարգավորման, հողային քաղաքականության, հողային ռեսուրսների կառավարման սկզբունքների մշակում` հողի նկատմամբ իրավունքների, հողի շուկայի ձևավորման մասով.

ժդ) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կազմման համար անշարժ գույքի մասին տեղեկատվության տրամադրում, կազմված նախագծերի և դրանց ճարտարապետահատակագծային առաջադրանքների մասին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում, եզրակացությունների տրամադրում.

ժե) իր իրավասության սահմաններում հողաշինարարական նպատակային ծրագրերի, հողերի միավորման նախագծերի մշակման ապահովում.

ժզ) բազմաբնույթ, ճյուղային կադաստրի վարման համար անշարժ գույքի մասին տեղեկատվության տրամադրում.

ժէ) համակարգում մատուցվող ծառայությունների, գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման, գույքի ու դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության դիմաց գանձվող վճարների չափի ու ցանկի հաստատում` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ.

ժը) համակարգի եկամուտների և ծախսերի պլանավորում, հաշվապահական հաշվառման խնդիրների լուծում.

ժթ) բնագավառի գործունեությունը կարգավորող օրենսդրական և այլ իրավական ակտերի նախագծերի, նորմատիվ փաստաթղթերի (պետական ստանդարտներ, հրահանգներ, մեթոդական ցուցումներ և այլն) մշակում.

ի) անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկագրի հրապարակում.

իա) իր իրավասության սահմաններում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ապահովում, անշարժ գույքի կադաստրի ծրագրերի իրականացում.

իբ) պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական նպատակային ծրագրերի մշակում և իրականացում.

իգ) Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգի, տեղագրական քարտեզների, հանութային նյութերի և հատակագծերի հիման վրա պետական քարտեզագրական ֆոնդի ստեղծում ու կառավարում.

իդ) պետական գեոդեզիական ցանցի ստեղծման և պարբերաբար թարմացման աշխատանքների իրականացում, կոորդինատային, բարձունքային, գրավիմետրական չափումների միասնական համակարգի ձևավորման ապահովում.

իե) ֆոտոգրամետրական աշխատանքների կազմակերպում և իրականացում.

իզ) գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացման համար սահմանված կարգով թույլտվությունների տրամադրում և այդ աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացում.

իէ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, բնակչության կարիքների համար գեոդեզիական տվյալների ու քարտեզագրական նյութերի ապահովում, իր իրավասության սահմաններում համայնքների և մարզերի սահմանների նկարագրման և քարտեզագրման աշխատանքներին մասնակցություն.

իը) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների և պետական սահմանի սահմանագծման (դելիմիտացիա) ու սահմանազատման (դեմարկացիա) աշխատանքներին մասնակցություն.

իթ) աշխարհագրական անվանումների ազգային տեղեկատվական բանկի և Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծման ու վարման աշխատանքների ղեկավարում.

լ) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներբնակավայրային օբյեկտների անվանափոխումների ու անվանակոչումների համաձայնեցում և հաշվառում.

լա) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված պետական վերահսկողության իրականացում.

լբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացում:

 

III. ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Կոմիտեն կառավարում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը (այսուհետ` կոմիտեի նախագահ), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Կոմիտեի նախագահն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով կոմիտեի նախագահի հետ:

Կոմիտեի նախագահն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով ու կարգադրություններով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Կոմիտեի նախագահն իրականացնում է կոմիտեին վերապահված խնդիրները և գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

11. Կոմիտեի նախագահը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու Հայաստանի Հանրապետության վարչապետին:

12. Կոմիտեի նախագահը`

ա) իր իրավասության սահմաններում օրենքով սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.

բ) ղեկավարում է կոմիտեի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է կոմիտեի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան` առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության վարչապետին.

դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ կոմիտեի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ կոմիտեի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ե) սահմանում է պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման վճարների չափը և ցանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է առաջարկություն կոմիտեի աշխատակազմի ղեկավարին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու, աշխատակազմի ղեկավարի նկատմամբ խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ կիրառելու վերաբերյալ: Օրենքով սահմանված կարգով նշանակումներ է կատարում կոմիտեի քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում, գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններում, ինչպես նաև այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

է) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին, տարածքային (առանձնացված) ստորաբաժանումների ղեկավարներին, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը.

ը) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

թ) հաստատում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային (առանձնացված) ստորաբաժանումների կառուցվածքները, կանոնադրությունները, հաստիքացուցակները և դրանց պահպանման ծախսերի նախահաշիվները.

ժ) սահմանում է տարածքային (առանձնացված) ստորաբաժանումների կողմից սպասարկվող տարածքները.

ժա) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

ժբ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կոմիտեի աշխատակազմի ղեկավարի, կոմիտեի աշխատակազմի տարածքային (առանձնացված) ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև կոմիտեի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրություններն ու ցուցումները.

ժգ) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, քննում դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում կոմիտեի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների հավաստիության վերստուգման արդյունքները.

ժդ) իրականացնում է վերահսկողություն կոմիտեի աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

ժե) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում կոմիտեի կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը.

ժզ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատողների թիվը.

ժէ) Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

ժը) Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում շնորհում է դասային կոչումներ.

ժթ) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

ի) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Կոմիտեի նախագահի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, կոմիտեի նախագահի պարտականությունները կատարում է նախագահի տեղակալներից մեկը:

14. Կոմիտեի նախագահի տեղակալը`

ա) համակարգում է կոմիտեի համակարգի աշխատանքները` կոմիտեին վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.

բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է կոմիտեի` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ իրականացվող աշխատանքները` կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային և տարածքային (առանձնացված) ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

գ) կոմիտեի նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` կոմիտեի համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ) կոմիտեի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է կոմիտեի նախագահի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում կոմիտեի համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

ը) պարբերաբար կոմիտեի նախագահին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում կոմիտեի նախագահի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում կոմիտեի նախագահին.

ժ) կոմիտեի նախագահին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ` նրանց իրավասություններին վերաբերող հարցերի մասին.

ժա) կոմիտեի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

 

IV. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

15. Կոմիտեի աշխատակազմի նպատակը և խնդիրը օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ կոմիտեին վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, քաղաքացիական իրավահարաբերություններին կոմիտեի մասնակցության ապահովումն է, ինչպես նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրումը և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա` վարչական վիճակագրական ռեգիստրների վարումը:

16. Կոմիտեի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

17. Կոմիտեի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

18. Կոմիտեի աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

19. Կոմիտեի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

20. Կոմիտեի աշխատակազմի տարածքային (առանձնացված) ստորաբաժանումները «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով կոմիտեի նախագահի կողմից սահմանված տարածքներում իրականացնում են անշարժ գույքի հաշվառման, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման, կադաստրային գնահատման աշխատանքներ, գանձում մատուցված ծառայությունների դիմաց սահմանված վճարներ և տուրքեր:

Ստորաբաժանումների ղեկավարներն ստորագրում են ստորաբաժանումների պահպանման համար համապատասխան հաշիվներից միջոցների ելքագրումը հիմնավորող փաստաթղթեր:

21. Կոմիտեի աշխատակազմի տարածքային (առանձնացված) ստորաբաժանումներն ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և կոմիտեի ու իրենց` հայերեն անվանումներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ ու հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության անունից:

22. Կոմիտեի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

23. Կոմիտեի գործունեության հետ կապված ծախսերն իրականացվում են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման համար սահմանված վճարների, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կողմից այլ հատկացումների ու դրամաշնորհների հաշվին:

24. Կոմիտեի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Կոմիտեի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև կոմիտեի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

25. Կոմիտեի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

26. Կոմիտեի աշխատակազմի անվանումն է` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ:

27. Կոմիտեի աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Արշակունյաց 7:

 

V. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

28. Կոմիտեի աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կոմիտեի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

29. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու կոմիտեի աշխատակազմի գույքը:

30. Կոմիտեի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան, օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:

 

VI. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

31. Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և տարածքային (առանձնացված) ստորաբաժանումները: Կոմիտեի աշխատակազմի տարածքային (առանձնացված) ստորաբաժանումներն ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում են օրենքով սահմանված կարգով:

 

VII. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

32. Կոմիտեի աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և կոմիտեի նախագահը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում: Կոմիտեի աշխատակազմը ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ղեկավարը:

33. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) վերակազմակերպում և դադարեցնում է կոմիտեի աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է կոմիտեի աշխատակազմի կանոնադրությունը և դրա մեջ կատարվող փոփոխությունները.

գ) որոշում է կոմիտեի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

34. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, կոմիտեի նախագահի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և կոմիտեի նախագահի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

35. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

36. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, կոմիտեի նախագահի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

37. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալներից մեկը` կոմիտեի նախագահի հրամանով:

38. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարը`

ա) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս լիազորագրեր` դատարանում գործը վարելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի կողմից և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

գ1) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան՝ անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.

դ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է կոմիտեի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

ե) շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ ու 3-րդ դասերի առաջատար ծառայողի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ ու 3-րդ դասերի կրտսեր ծառայողի դասային աստիճաններ.

զ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.

է) կոմիտեի նախագահի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է կոմիտեի աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, կոմիտեի նախագահի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

ը) կոմիտեի նախագահին ներկայացնում է առաջարկություններ կոմիտեի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

թ) կազմակերպում է կոմիտեի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

ժ) կազմակերպում է կոմիտեում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժա) վերահսկում է կոմիտեի աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժբ) կոմիտեի նախագահի ստորագրությանն է ներկայացնում նախագահի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

ժգ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժդ) կազմակերպում է կոմիտեի գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժե) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(38-րդ կետը լրաց. 21.12.06 N 1835-Ն)

39. Կոմիտեի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է կոմիտեի աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները:

40. Կոմիտեի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, կոմիտեի աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

41. Կոմիտեի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

42. Կոմիտեի աշխատակազմի գործունեության մասին տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IX. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

43. Կոմիտեի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար 

Մ. Թոփուզյան

 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 28-ի N 1930-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

 

Անշարժ գույքի գրանցման վարչություն

Անշարժ գույքի հաշվառման վարչություն

Ֆինանսական, հաշվապահական հաշվառման վարչություն

Քարտեզագրման վարչություն

Հողաշինարարության և հողային պետական տեսչության վարչություն

Կառավարման ավտոմատացված համակարգերի վարչություն

Գեոդեզիայի և գեոդեզիական պետական տեսչության վարչություն

Անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչություն

 

2. Բաժիններ

 

Իրավաբանական և օրենսդրության մշակման բաժին

Միջազգային համագործակցության և կադաստրային ծրագրերի իրականացման բաժին

Լիցենզավորման բաժին

Անձնակազմի կառավարման բաժին

Առաջին բաժին

Վերահսկողության բաժին

 

3. Քարտուղարություն

 

II. Տարածքային (առանձնացված) ստորաբաժանումներ

 

(Կառուցվածքը փոփ., լրաց. 21.12.06 N 1835-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար 

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 28-ի N 1930-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ

 

NN
ը/կ

Անվանումը

Արժեքը
(հազ. դրամ)

1 .

Շենքեր

149767

2 .

Տրանսպորտային միջոցներ

115695

3 .

Համակարգչային տեխնիկա և սարքավորումներ

1004017

4 .

Գրասենյակային գույք

296430

5 .

Փոքրարժեք և արագամաշ առարկաներ

372939

6 .

Գեոդեզիական գործիքներ և սարքավորումներ

200560

7 .

Նյութեր

77543

 

Ընդամենը

2216950


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար 

Մ. Թոփուզյան