Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-689
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.03.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
16.03.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.03.2007

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՎԱՐԿ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

16 մարտի 2007 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ս. Կարայանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի մարտի 9-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ֆինանսավորման համաձայնագրում (Աղքատության հաղթահարման աջակցության երրորդ վարկ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը` մուտքագրված 2007 թվականի մարտի 9-ին:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2007 թվականի մարտի 9-ին` Երևանում: Համաձայնագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը չորս կարևոր բարեփոխումների ոլորտում` մակրոտնտեսական կարգի համախմբում և կառավարման ուժեղացում, մրցակցության սրում և սեփականության իրավունքների ամրապնդում, սոցիալական և բնապահպանական ռիսկերի մեղմացում, գյուղատնտեսության արդիականացում:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելու է 18.700.000 (տասնութ միլիոն յոթ հարյուր հազար) հատուկ փոխառության իրավունքների վարկ:

2. Համաձայնագրի բաղկացուցիչ մասն են հանդիսանում 2005 թ. հուլիսի 1-ի` «Միջազգային զարգացման ընկերակցության ընդհանուր դրույթներ վարկերի և դրամաշնորհների համար» վերտառությամբ փաստաթուղթը` 2006 թ. հոկտեմբերի 15-ի փոփոխություններով, ինչպես նաև առդիր 1-ը, որում սահմանված են ծրագրի շրջանակներում ձեռնարկված միջոցառումները ու վարկային միջոցների ծախսը բացառող պայմանները, առդիր 2-ը, որում սահմանված է վարկի հիմնագումարի մարման ժամանակացույցը (կիսամյակային մուծումներով` 2017 թվականի մայիսի 15-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 15-ը), և հավելվածը, որում սահմանված են բացառված ծախսերն ու ընդհանուր պայմանների փոփոխությունները:

Ծրագրի ավարտի վերջնաժամկետը 2008 թվականի հունիսի 30-ն է:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է.

- պատշաճ և արդյունավետ իրագործել համաձայնագրի 1-ին առդիրում պլանավորված գործողությունների ծրագիրը,

- պարբերաբար Ընկերակցությանը վճարել պարտավճար` վարկի չառհանված գումարների դիմաց` ոչ ավելի, քան տարեկան 0,5 տոկոսի չափով, և սպասարկման վարձ` վարկի առհանումների դիմաց` տարեկան 0,75 տոկոսի չափով,

- պարբերաբար կարծիքներ փոխանակել Միջազգային զարգացման ընկերակցության հետ` աղքատության վերացման ծրագրի կատարման վերաբերյալ և ներկայացնել հաշվետվություններ,

- Միջազգային զարգացման ընկերակցությանը տրամադրել ծրագրի կատարման վերաբերյալ անհրաժեշտ հաշվետվություն։

4. Աղքատության կրճատման աջակցություն նախատեսված է եղել նաև Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված` 2004 թ. նոյեմբերի 19-ի և 2006 թ. հունվարի 27-ի համաձայնագրերում, ըստ որոնց` Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել են համապատասխանաբար 13.700.000 (տասներեք միլիոն յոթ հարյուր հազար) և 14.100.000 (տասնչորս միլիոն հարյուր հազար) հատուկ փոխառության իրավունքների վարկեր:

5. Համաձայնագրի դրույթները բխում են ՀՀ Սահմանադրության 34 և 48 հոդվածների պահանջներից և ուղղված են քաղաքացիների կենսապայմանների բարելավմանն ու նպաստում են պետության տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում իրականացվող խնդիրների լուծմանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2007 թվականի մարտի 9-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ֆինանսավորման համաձայնագրում (Աղքատության հաղթահարման աջակցության երրորդ վարկ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ 
      

Նախագահող

Վ. Հովհաննիսյան


16 մարտի 2007 թվականի
ՍԴՈ-689