«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
16 օգոստոսի 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60605329
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
4 օգոստոսի 2005 թ. N 42-Ն
ք. Երևան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 26-րդ ենթակետով, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Սահմանել ընտրական հանձնաժողովների անդամների, անդամության թեկնածուների համար մասնագիտական դասընթացներ կազմակերպելու և որակավորումներ շնորհելու կարգը (Հավելված 1):
ՀՀ կենտրոնական ընտրական |
Գ. Ազարյան |
Հավելված 1 |
Կ Ա Ր Գ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ընտրական հանձնաժողովների անդամների, անդամության թեկնածուների (այսուհետ` հանձնաժողովների անդամներ) համար մասնագիտական դասընթացներ (այսուհետ` դասընթացներ) կազմակերպելու նպատակը հանձնաժողովի անդամների` ընտրությունների անցկացման համար համապատասխան գիտելիքների ուսուցումն է և նրանց աշխատանքային ունակությունների կատարելագործումը:
2. Դասընթացներին կարող են մասնակցել ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
3. Դասընթացներին չեն կարող մասնակցել Ազգային ժողովի պատգամավորները, Սահմանադրական դատարանի անդամները, նախարարները և նրանց տեղակալները, մարզպետները, Երևանի քաղաքապետը, համայնքների ղեկավարները, ազգային անվտանգության, ոստիկանության և պաշտպանության գերատեսչությունների, դատախազության, բանկային համակարգի աշխատակիցները, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-154 հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձինք, ինչպես նաև որակավորման ստուգարք հանձնած քաղաքացիները:
(3-րդ կետը փոփ., լրաց. 11.01.06 N 1-Ն)
4. Դասընթացների կազմակերպումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին` հատկացված գումարների սահմաններում:
5. Դասընթացներ անցկացնող ուսումնական հաստատությունները (այսուհետ` ուսումնական հաստատություն) որոշվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան անցկացված գնման ընթացակարգի արդյունքների հիման վրա:
2. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանձնաժողովի անդամների համար դասընթացների կազմակերպման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում է հայտարարություն տվյալ դասընթացը սկսելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ:
7. Հայտարարության մեջ նշվում է.
ա) դասընթացներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիներին ներկայացվող պահանջները.
բ) փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը, որը պետք է լինի տվյալ դասընթացի մասին հայտարարության առաջին հրապարակումից առնվազն 15 օր հետո, դիմումներ ներկայացնելու վայրը և հեռախոսահամարը.
գ) դասընթացի սկսելու օրը, ժամը, վայրը:
8. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների) կողմից վարվում են դասընթացներին մասնակցող քաղաքացիների դիմումների հաշվառման մատյաններ, որտեղ նշվում են դիմումի գրանցման համարը և ամսաթիվը, դիմումատուի անունը, ազգանունը, հայրանունը, մասնագիտական դասընթացի ժամկետները:
9. Դասընթացների խմբերը ձևավորվում են ներկայացված դիմումների հերթականությամբ:
10. Դասընթացները կազմակերպվում են տարին առնվազն մեկ անգամ` ըստ Երևան քաղաքի, իսկ մարզերում` ըստ ընտրատարածքների:
11. Դասընթացին մասնակցելու համար քաղաքացին ներկայացնում է`
ա) սույն կարգի թիվ 1 հավելվածով հաստատված ձևի դիմում.
բ) անձնագրի պատճենը:
12. Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը պետք է լինի ոչ պակաս, քան 16 ակադեմիական ժամ:
13. Դասընթացներ անցկացնող դասախոսական կազմում կարող են ընդգրկվել նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ, «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի (այսուհետ` Աշխատակազմ) աշխատակիցներ և այլ ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագետներ:
14. Դասընթացներն անցկացվում են ուսումնական հաստատության կողմից ներկայացված և կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված ծրագրով` կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված տարեկան գրաֆիկի համաձայն: Տարեկան գրաֆիկի հիման վրա կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը և ուսումնական հաստատության ղեկավարը համատեղ կազմում են մասնագիտական դասընթացների անցկացման ժամանակացույց:
15. Դասընթացների ծրագիրը ընդգրկում է հետևյալ իրավական ակտերը.
ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն.
բ) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք.
գ) «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք.
դ) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք (կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների համար)
ե) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներ:
3. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳԱՐՔ ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ
16. Հանձնաժողովների անդամներին որակավորում շնորհելու համար ուսումնական հաստատության կողմից ստեղծվում է որակավորման ստուգարք ընդունող հանձնաժողովներ (այսուհետ` որակավորման հանձնաժողով):
17. Որակավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվում է.
ա) դասընթացներ անցկացնող դասախոսը,
բ) կենտրոնական կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կամ Աշխատակազմի ներկայացուցիչը:
(17-րդ կետը խմբ. 11.01.06 N 1-Ն)
18. (18-րդ կետն ուժը կորցրել է 11.01.06 N 1-Ն)
19. (19-րդ կետն ուժը կորցրել է 11.01.06 N 1-Ն)
4. ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
20. Որակավորման ստուգարքն անցկացվում է դասընթացների ավարտից հետո` 7 օրվա ընթացքում, որի արդյունքում քաղաքացին կարող է ստանալ որակավորման վկայական (Հավելված 2):
Որակավորման վկայականը տրվում է մինչև երեք տարի ժամկետով:
201. Որակավորման ստուգարքն անցկացվում է բանավոր` հարցատոմսի միջոցով: Հարցատոմսերը կազմվում են դասընթացներ անցկացնող ուսումնական հաստատության կողմից` դասընթացի ծրագրի սահմաններում, յուրաքանչյուր հարցատոմսում երեք հարց:
Ստուգարքի արդյունքում հանձնաժողովի անդամը ստանում է դրական (ստուգված) կամ բացասական (չստուգված) գնահատական:
(201 կետը լրաց. 11.01.06 N 1-Ն)
202 . Պատասխանի վերաբերյալ որակավորման հանձնաժողովի անդամների տարաձայնության դեպքում ընդունվում է հանձնաժողովի անդամի համար նախընտրելի տարբերակը:
(202 կետը լրաց. 11.01.06 N 1-Ն)
203 . Հանձնաժողովի անդամը կարող է բողոքարկել ստուգարքի արդյունքում ստացած գնահատականը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(203 կետը լրաց. 11.01.06 N 1-Ն)
21. Դասընթացի ավելի քան մեկ երրորդին չմասնակցելու դեպքում հանձնաժողովի անդամին չի թույլատրվում մասնակցել որակավորման ստուգարքին:
22. Որակավորման ստուգարքին չներկայացած հանձնաժողովի անդամը իրավունք ունի մասնակցելու անցկացվող հաջորդ ստուգարքներին:
23. Որակավորման վկայականում նշվում են`
ա) որակավորման ստուգարք հանձնած հանձնաժողովի անդամի անունը, հայրանունը, ազգանունը,
բ) որակավորման վկայականը տվող ուսումնական հաստատության անվանումը,
գ) որակավորման վկայականի համարը,
դ) որակավորման վկայական տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,
ե) որակավորման վկայականն ուժի մեջ լինելու ժամկետը:
Որակավորման վկայականը վավերացվում է ուսումնական հաստատության ղեկավարի ստորագրությամբ և ուսումնական հաստատության կնիքով:
24. Որակավորման վկայականի ժամկետը լրանալուց հետո, որակավորման նոր վկայական ստանալու համար, քաղաքացին մասնակցում է միայն որակավորման ստուգարքին:
25. Որակավորման վկայականները կարող են ուժը կորցրած ճանաչվել սույն կարգի 15-րդ կետում նշված իրավական ակտերը փոփոխվելու դեպքում` կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ:
26. Ուսումնական հաստատության կողմից վարվում են տրված որակավորման վկայականների հաշվառման մատյաններ, որտեղ նշվում են որակավորման վկայական ստացած հանձնաժողովի անունը, ազգանունը, հայրանունը, որակավորման ստուգարքի արդյունքում ստացված որակավորման վկայականի համարը, որակավորման վկայականի տրման և ուժի մեջ լինելու ժամկետները: Որակավորման վկայականը ստանալիս հանձնաժողովի անդամը ստորագրում է հաշվառման մատյանում:
27. Որակավորման վկայականի կորցնելու կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում հանձնաժողովի անդամը դիմում է ներկայացնում համապատասխան ուսումնական հաստատություն` վկայականի կրկնօրինակը ստանալու համար: Ուսումնական հաստատությունը վկայականի կրկնօրինակը հանձնաժողովի անդամին տրամադրում է դիմելուց հետո` 3 օրվա ընթացքում, որի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում ուսումնական հաստատության որակավորման վկայականների հաշվառման մատյանում: Որակավորման վկայականի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:
28. Ուսումնական հաստատությունը յուրաքանչյուր որակավորման ստուգարքից հետո` եռօրյա ժամկետում, կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում տեղեկանք (նաև էլեկտրոնային կրիչով) որակավորման վկայական ստացած քաղաքացիների վերաբերյալ:
29. Դասընթացներ անցած և որակավորման վկայական ստացած քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունները տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի Ինտերնետային կայքում:
5. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
30. Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների դասընթացները կազմակերպվում են սկսած 2005 թ. սեպտեմբերի 1-ից:
31. Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների համար դասընթացները կազմակերպվում են 2006 թ. հունվարի 1-ից և պետք է ավարտվեն մինչև 2007 թ. մարտի 1-ը, այն հաշվարկով, որ 2007 թվականի համապետական ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվեն դասընթացներ անցած և որակավորման վկայականներ ստացած քաղաքացիներով: Սույն կետի պահանջը ապահովելու նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է դասընթացների անցկացմանը պայմանագրային հիմունքներով ներգրավել այլ ուսումնական հաստատությունների դասախոսների:
32. Հանձնաժողովների անդամների համար առաջին մասնագիտական դասընթացներն անցկացնում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան: Մարզերում (Երևան քաղաքում) դասընթացներ կազմակերպվում են տարին առնվազն 3 անգամ, մարզերում ըստ ընտրատարածքների` հաշվի առնելով ընտրատարածքում ընտրական տեղամասերի թիվը:
33. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան մինչև 2005 թ. հոկտեմբերի 1-ը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների համար մասնագիտական դասընթացների անցկացման ծրագիրը:
34. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև 2005 թ. դեկտեմբերի 1-ը սահմանում է 2006 թվականին տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների համար մասնագիտական դասընթացների կազմակերպման և անցկացման գրաֆիկը` ըստ ընտրատարածքների (Երևան քաղաքի):
Հավելված 1 |
_________________________________________________ |
Դ Ի Մ ՈՒ Մ
Ընտրական հանձնաժողովների անդամների համար կազմակերպված մասնագիտական
դասընթացներին մասնակցելու
__________________________________________________ (ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, ամիս, տարեթիվ) __________________________________________________ (անձնագրի սերիա, համար, ում կողմից է տրված) __________________________________________________ (բնակության վայրի հասցեն) __________________________________________________ (կրթությունը) __________________________________________________ (աշխատանքի վայրը և պաշտոնը) Խնդրում եմ ինձ ընդգրկել __________________________________ (նշվում է անցկացվող մասնագիտական դասընթացի ժամկետը և վայրը)
ընտրական հանձնաժողովների անդամների համար կազմակերպված մասնագիտական դասընթացներին: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-154 հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար դատվածություն չունեմ:
ԴԻՄՈՂ ___________________ ___________________ (ազգանուն) (ստորագրություն)
____ _______________ 200 թվական |
Հավելված 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ
Ո Ր Ա Կ Ա Վ Ո Ր Մ Ա Ն Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N 0 0 0 0 0 0
__________________________________________________ (անուն, հայրանուն, ազգանուն)
Անցել է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ և ստացել ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու իրավունք: __________________________________________________
__________________________________________________ (որակավորման վկայական տվող ուսումնական հաստատության անվանումը)
Տրված է ___ _____________ 200 թ. Ուժի մեջ է մինչև ___ __________ 200 թ.
Ուսումնական հաստատության ղեկավար ____________ (ստորագրություն)
Կ. Տ.
______________________________________________________ Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում |