ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
13 մարտի 2007 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի նոյեմբերի 6-ին Աստանայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը` մուտքագրված 2007 թվականի փետրվարի 9-ին:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2006 թվականի նոյեմբերի 6-ին Աստանայում` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության տարածքներում, փոխադարձաբար, երկու Կողմերի ներդրողների ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծումը և երկու երկրների միջև փոխադարձ շահավետ պայմանների հիման վրա տնտեսական համագործակցության ամրապնդումը:
2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
- խրախուսել ՀՀ տարածքում Ղազախական կողմի ներդրողների ներդրումներ կատարելը և ընդունել այդպիսի ներդրումները` ՀՀ օրենքներին և իրավական ակտերին համապատասխան,
- ապահովել Ղազախական կողմի ներդրողների ներդրումների նկատմամբ արդար և հավասար ռեժիմ, նրանց լիարժեք, մշտական անվտանգությունը և պաշտպանությունը, ինչպես նաև կամայական կամ խտրական միջոցներով չվնասել Ղազախական կողմի ներդրողների ներդրումների կառավարմանը, պահպանմանը, օգտագործմանը, տնօրինմանը կամ տիրապետմանը,
- Ղազախական կողմի ներդրողների ներդրումներին տրամադրել ՀՀ ներդրողների կամ ցանկացած երրորդ պետության ներդրողների ներդրումներին տրամադրվող ռեժիմից ոչ պակաս բարենպաստ ռեժիմ,
- չօտարել, չազգայնացնել կամ չձեռնարկել դրանց հավասարազոր հետևանքներ առաջացնող միջոցներ Ղազախական կողմի ներդրողների ներդրումների նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի օտարումը բխում է հասարակական շահերից և իրականացվում է օրենքի շրջանակներում, առանց խտրականության և նախնական համարժեք փոխհատուցմամբ,
- ՀՀ տարածքում պատերազմական կամ այլ արտակարգ իրավիճակների հետևանքով Ղազախական կողմի ներդրողների կողմից կորուստներ կրելու դեպքում նրանց տրամադրել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան ՀՀ կամ որևէ երրորդ պետության ներդրողներին տրամադրված ռեժիմը,
- երաշխավորել դեպի ՀՀ տարածք և ՀՀ տարածքից դուրս Ղազախական կողմի ներդրողների ներդրումների հետ կապված վճարումների ազատ փոխանցումը. ապահովել դրանց իրականացումն ազատ փոխարկելի արժույթով,
- Հայաստանի Հանրապետության և Ղազախական կողմի ներդրողի միջև ծագած վեճերը` կապված ՀՀ տարածքում վերջինիս ներդրման հետ, հնարավորության սահմաններում կարգավորել բանակցությունների միջոցով:
3. Համաձայնագիրը սահմանում է Կողմերի, ինչպես նաև Կողմի և ներդրողի միջև ծագած վեճերի լուծման կարգը: Վեճերը միջնորդ դատարանի քննությանը ներկայացնելու դեպքում Կողմերը պարտավորվում են ճանաչել միջնորդ դատավարության որոշման վերջնական և պարտադիր բնույթը:
4. Համաձայնագրում նախատեսված են դրույթներ դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու, դրա ուժի մեջ մտնելու և դադարելու վերաբերյալ։
5. Համաձայնագիրը կատարված է երկու բնօրինակով` հայերեն, ղազախերեն և ռուսերեն, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են։ Համաձայնագրի մեկնաբանման դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին։
6. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները ՀՀ Սահմանադրության 9 հոդվածին համահունչ ապահովում են Կողմերի միջև արտաքին հարաբերությունների իրականացումը։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2006 թվականի նոյեմբերի 6-ին Աստանայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|