Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-685
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.03.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
13.03.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2007

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

13 մարտի 2007 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գ. Ղարիբջանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի նոյեմբերի 6-ին Աստանայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը` մուտքագրված 2007 թվականի փետրվարի 9-ին:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2006 թվականի նոյեմբերի 6-ին Աստանայում` նպատակ ունենալով ապահովել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը և կարգավորել այդ պետությունների քաղաքացիների փոխայցելությունների ռեժիմը:

2. Համաձայնագրով Կողմերը պարտավորվում են իրավունք վերապահել միմյանց քաղաքացիներին, այդ թվում` նաև երրորդ պետություններում մշտապես բնակվողներին կամ ժամանակավորապես գտնվողներին, առանց մուտքի արտոնագրի մուտք գործել, տարանցիկ երթևեկել, դուրս գալ և 90 օր ժամկետով գտնվել իրենց պետությունների տարածքում:

3. Համաձայնագրում տրված է միմյանց տարածք մուտք գործելու և այնտեղից դուրս գալու համար Կողմերի պետությունների քաղաքացիների վավերական փաստաթղթերի ցանկը: Կողմերը պարտավորվում են փոխանակել այդ փաստաթղթերի նմուշները, իսկ նոր փաստաթղթեր գործողության մեջ դնելու կամ գործող փաստաթղթերում փոփոխությունների, ինչպես նաև մուտքի, կեցության և ելքի պայմանների փոփոխությունների դեպքում` դիվանագիտական ուղիներով միմյանց տեղեկացնել դրանցից 30 օր առաջ:

4. Կողմերից յուրաքանչյուրն իրավասու է մյուս Կողմի պետության այն քաղաքացիների մուտքը մերժելու կամ կեցության ժամկետը կրճատելու, որոնց ներկայությունն իրենց տարածքներում համարում է անցանկալի, և պարտավոր է հետ ընդունել իր այն քաղաքացիներին, որոնց կարգադրվել է լքել մյուս Կողմի պետությունը:

5. Համաձայնագրով Կողմերին իրավունք է վերապահվում ամբողջովին կամ մասամբ դադարեցնել համաձայնագրի առանձին դրույթների գործողությունը, եթե դա անհրաժեշտ է պետության անվտանգության, հասարակական կարգի կամ բնակչության առողջության պաշտպանության շահերից ելնելով:

6. Համաձայնագիրը կնքված է անորոշ ժամկետով: Նախատեսված է համաձայնագրի ուժի մեջ մտնելու, գործողությունը դադարեցնելու, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու, դրա մեկնաբանման և կատարման հետ կապված վիճելի հարցերի կարգավորման կարգը:

7. Երկու պետությունների կողմից միմյանց քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի փոխայցելությունների կարգի սահմանումն ընդլայնում է ՀՀ Սահմանադրության 25 հոդվածում ու Քաղաքացիական  և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 12 հոդվածում ամրագրված` անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի իրականացման սահմանները:

8. Համաձայնագրի դրույթները համահունչ են մարդու տեղաշարժի ազատության հանրաճանաչ իրավունքի երաշխավորման միջազգային սկզբունքներին, հաշվի են առնում արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղման ընդհանուր պահանջները։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2006 թվականի նոյեմբերի 6-ին Աստանայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում  են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ 
       

Նախագահող

Գ. Հարությունյան


13 մարտի 2007 թվականի
ՍԴՈ-685