Գլխավոր տեղեկություն
Համար
N 153-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.03.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.04.07/20(475) Հոդ.301
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.02.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.03.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 փետրվարի 2007 թվականի N 153-Ն

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) 2007 թվականի Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության զարգացման ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) 2007 թվականի Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության զարգացման ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` ապահովել 2007 թվականի Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության զարգացման ծրագրի իրականացումը` «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցով` նրա հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. փետրվարի 16
Երևան


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 1-ի N 153-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

I. ՆԱԽԱԲԱՆ

 

Զբոսաշրջությունը, մասնագետների գնահատմամբ, համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական շարժիչ ուժերից է: Այն ներառված է այնպիսի գլոբալ համակարգերում, ինչպիսիք են կայուն զարգացումը, աղքատության հաղթահարումը, շրջակա միջավայրի պահպանությունը, համայնքների համաչափ զարգացումը, մշակութային արժեքների փոխադարձ արժևորումը և այլն: Միավորված ազգերի կազմակերպության զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ՄԱԿ ԶՀԿ) տվյալների համաձայն` բնակչության տեղաշարժն աշխարհում տարեցտարի զգալիորեն աշխուժանում է: Եվ, եթե հաշվի առնենք համաշխարհային զբոսաշրջության վիճակագրական տվյալները (WNWTO World Tourism Barometer), որոնց համաձայն միջազգային զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմում է 4-4.5 տոկոս, ինչը ՄԱԿ ԶՀԿ-ի կանխատեսմամբ կպահպանվի նաև 2007 թվականի ընթացքում, և այն, որ զբոսաշրջության ոլորտն իր յուրահատկությամբ այնպիսին է, որ ինչպես անմիջական, այնպես էլ միջնորդավորված ազդեցություն ունի տնտեսության մյուս բոլոր ճյուղերի վրա, և որ զբոսաշրջային արդյունաբերությունն ամբողջությամբ ընդգրկված է փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում և ներառում է աշխատուժի առումով մարդկային ռեսուրսի սոցիալապես խոցելի այնպիսի խավեր, ինչպիսիք են երիտասարդներն ու կանայք, ապա վստահորեն կարելի է եզրակացնել, որ զբոսաշրջության զարգացման խելամիտ և արդյունավետ պլանավորումն ու կառավարումն զգալի դեր ու նշանակություն կունենան երկրի կայուն տնտեսական զարգացման ապահովման և այնպիսի սոցիալական խնդիրների լուծման գործընթացում, ինչպիսիք են աշխատատեղերի ստեղծումը, բնակչության եկամուտների ավելացումը, աշխատատեղերի ու եկամուտների արդար վերաբաշխումը, համայնքների համաչափ զարգացումը, աղքատության հաղթահարումը և այլն:

Վերջին տարիներին, շնորհիվ զբոսաշրջության ոլորտում վարվող պետական քաղաքականության, ինչպես նաև շահագրգիռ կողմերի` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի և բնակչության համագործակցության, զբոսաշրջությունը Հայաստանում արձանագրում է այցելուների թվի կայուն և դինամիկ աճ: 2001 թվականից ի վեր Հայաստան կատարված միջազգային զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմում է 25 տոկոս:

Զբոսաշրջության ոլորտում զարգացման միտումները պահպանվել են նաև 2006 թվականին: Հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 272499` 2005 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով շուրջ 20 տոկոսով: Աճի նույն դինամիկայի պահպանման դեպքում` 2007 թվականի ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կհատի 400000-ի ցուցանիշը:

Վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտի զարգացման ծրագրային միջոցառումները հիմնականում ուղղվել են «Հայաստանը զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկիր» նկարագրի ձևավորմանը: Մասնավորապես, իրականացվել են հետևյալ ծրագրային միջոցառումները՝

ա) հայրենական զբոսաշրջային արդյունքը ներկայացվել է Բեռլինում, Դուբայում, Միլանում, Վրաստանում, Լոնդոնում և Ճապոնիայում անցկացվող միջազգային ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսներում ու տոնավաճառներում, որը լուրջ խթան է Հայաստան այցելող միջազգային զբոսաշրջիկների թվի աճի համար.

բ) ապահովվել է մասնակցությունը Հայաստանում կազմակերպվող ամենամյա «Հայաստանը խոսող քարերի երկիր - 2006» զբոսաշրջային ցուցահանդեսին.

գ) 2006 թվականին Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները ներկայացնելու նպատակով մշակվել, տպագրվել և տարածվել են բազմատեսակ գովազդային-տեղեկատվական նյութեր.

դ) 2006 թվականի ընթացքում «Հայաստան» զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը, տրամադրելով բազմաբնույթ ծառայություններ և տեղեկատվություն, սպասարկել է շուրջ 7000 զբոսաշրջիկի, որոնց թիվը 2005 թվականի համեմատ աճել է շուրջ 75 տոկոսով.

ե) 2006 թվականին համագործակցության շրջանակներում կազմակերպվել է Ֆրանսիայի 172 լրագրողների, զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջության արդյունաբերության այլ ներկայացուցիչների ճանաչողական այցը Հայաստան:

 

II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել`

ա) Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության զարգացման հայեցակարգը` հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 20-ի N 15 արձանագրային որոշմամբ,

բ) «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը,

գ) «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Ծրագրի իրականացման նպատակը Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության կայուն զարգացումն է՝ զբոսաշրջային ծառայությունների որակի բարձրացման, ժամանակակից բարձր արդյունավետ ու մրցունակ զբոսաշրջային արդյունքի ձևավորման ու միջազգային զբոսաշրջային շուկա արտահանման միջոցով:

Մասնավորապես, ծրագրի նպատակներն են՝

ա) Հայաստանը հաճախելի երկրներից մեկը դարձնելը, Հայաստանի, որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի, նկարագրի ամրապնդումը համաշխարհային զբոսաշրջային շուկայում,

բ) Հայաստանի ինտեգրումը համաշխարհային զբոսաշրջային շուկային,

գ) միջազգային ներգնա զբոսաշրջիկների թվի կայուն աճի ապահովումը:

Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է`

ա) ապահովել Հայաստան միջազգային ներգնա զբոսաշրջիկների այցելության շուրջ 20-22 տոկոս աճ` 2006 թվականի համեմատ` 2007 թվականին ապահովելով 400000-ից ավելի զբոսաշրջային այցելություններ,

բ) նպաստել Հայաստանի Հանրապետությունում կայուն տնտեսական զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և բնակչության եկամուտների ավելացմանը, աշխատատեղերի ու եկամուտների արդար վերաբաշխմանը, համայնքների համաչափ զարգացմանը, աղքատության հաղթահարմանը:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Համաշխարհային զբոսաշրջության զարգացման միտումների և նախորդ տարիների ընթացքում Հայաստանում զբոսաշրջության զարգացման պետական ծրագրերի իրականացման արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2007 թվականի զբոսաշրջության զարգացման ծրագրի նպատակի իրականացումը պայմանավորված է հետևյալ հիմնական խնդիրների լուծմամբ`

ա) հայրենական զբոսաշրջային արդյունքի կայուն որակի և մրցունակության ապահովում.

բ) զբոսաշրջության բնագավառում արդյունավետ մարքեթինգային քաղաքականության իրականացում, հայրենական զբոսաշրջային արդյունքը միջազգային զբոսաշրջային շուկայում պատշաճ ներկայացնելը.

գ) վարչական վիճակագրական համակարգի կատարելագործում և հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման վրա զբոսաշրջության քանակական և որակական ազդեցության իրական գնահատում:

 

V. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

2007 թվականի համար նախատեսված ծրագրային միջոցառումների համակարգն ընդգրկում է հետևյալ հիմնական ուղղությունները`

ա) զբոսաշրջության ոլորտի գովազդային-տեղեկատվական ապահովման համակարգի զարգացում և կատարելագործում, զբոսաշրջության ոլորտում միջազգային համագործակցության զարգացում.

բ) մարքեթինգային ուսումնասիրությունների իրականացում, ժամանակակից տեղեկատվական համակարգի ներդրման միջոցով անհրաժեշտ վարչական վիճակագրական տվյալների հավաքագրում` հիմք ստեղծելով հեռանկարային ծրագրերի մշակման համար:

 

1. Զբոսաշրջության ոլորտի գովազդային-տեղեկատվական ապահովման համակարգի զարգացումը ԵՎ կատարելագործումը, միջազգային համագործակցության զարգացումը

 

2007 թվականին, է'լ ավելի ակտիվացնելով և զարգացնելով իրականացվող մարքեթինգային քաղաքականությունը, կապահովվի Հայաստանի, որպես զբոսաշրջության համար գրավիչ և բարենպաստ երկրի, նկարագրի նոր մակարդակ, ինչը կնպաստի զբոսաշրջիկների հոսքի կայուն աճի պահպանմանը:

Հայաստանի` միջազգային զբոսաշրջային շուկա ինտեգրման գործընթացում զգալի նշանակություն ունի միջազգային համագործակցության ակտիվացումը: Միջազգային զբոսաշրջային շուկայում ոչ բոլորն են լավատեղյակ Հայաստանի, նրա զբոսաշրջային և մշակութային ներուժի մասին, որը կարող է օտարերկրյա զբոսաշրջիկների և զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչների հետաքրքրության առարկա դառնալ:

Նախորդ տարիներին Հայաստանի զբոսաշրջային արդյունքը ներկայացվել է շուրջ 30 համաշխարհային զբոսաշրջային ցուցահանդեսներում, որոնց կազմակերպչական գործառույթներն իրականացվել են «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցով:

Վերջին տարիներին Հայաստանի զբոսաշրջային արդյունքը մշտապես ներկայացվում է համաշխարհային ճանաչում ունեցող զբոսաշրջային ցուցահանդեսներում, որոնք ամեն տարի կազմակերպվում են Բեռլինում (2001-2006 թթ.), Լոնդոնում (2001-2006 թթ.), Թբիլիսիում (2002, 2003, 2005 և 2006 թթ.), Ճապոնիայում (2002, 2004 և 2006 թթ.), Կիևում (2003 թ.), Դուբայում (2005 և 2006 թթ.), Միլանում (2005 և 2006 թթ.), Մայամիում (2003 թ.) և Դովիլում (2005 թ.):

Նշված ցուցահանդեսներին ակտիվ մասնակցության արդյունքում Հայաստանի զբոսաշրջության բնագավառի մասնավոր հատվածի բազմաթիվ ներկայացուցիչներ հնարավորություն են ստանում գովազդելու Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները, ներկայացնելու իրենց զբոսաշրջային փաթեթները, ուղղակի շփումների միջոցով գործարար կապեր հաստատելու օտարերկրյա գործընկերների հետ:

Միջազգային ցուցահանդեսներին Հայաստանի անընդմեջ մասնակցությունը տեսանելի առաջընթաց է ապահովել զբոսաշրջության բնագավառում: Նման միջոցառումների իրականացումն իր նպաստն է բերում Հայաստանի զբոսաշրջային արդյունքի մասին տեղեկատվության տարածմանը, համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչների հետ ավելի սերտ համագործակցությանը և Հայաստան միջազգային զբոսաշրջային այցելությունների կայուն աճի ապահովմանը:

Կարևորելով համաշխարհային զբոսաշրջային շուկայում հայրենական զբոսաշրջային արդյունքի շարունակական և ընդլայնված ներկայացման դերը` երկրում զբոսաշրջության զարգացման համար` 2007 թվականին նախատեսվում է ապահովել Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությունը տասը միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսների:

Զբոսաշրջության զարգացման և երկրի զբոսաշրջային արդյունքի խթանման համար խիստ կարևոր են նաև գովազդային-տեղեկատվական նյութերի տպագրումն ու տարածումը: Զբոսարջության զարգացման հիմնական խթաններից են գովազդային նյութերի մշտապես թարմացումը, նոր նյութերի մշակումը, տպագրումը և տարածումը:

2007 թվականի ընթացքում կապահովվեն գովազդային-տեղեկատվական նյութերի նոր որակ, տպաքանակի ավելացում և տարածման աշխարհագրության ընդլայնում: Գովազդային-տեղեկատվական նյութերի առկայությունը հնարավորություն կտա Հայաստանի զբոսաշրջային արդյունքն ազգային մակարդակով ներկայացնելու և գովազդելու միջազգային ցուցահանդեսներում, տոնավաճառներում, համաժողովներում և ոլորտի մի շարք այլ միջոցառումների ժամանակ:

Գովազդային-տեղեկատվական նյութերն ընդգրկում են զբոսաշրջային քարտեզները, տեղեկագրերը, ուղեցույցները, հեռուստահաղորդումները, որոնք ուղղված են թե' զբոսաշրջիկներին մինչև Հայաստան ժամանելը երկրի մասին բավարար տեղեկատվությամբ ապահովմանը, և թե' Հայաստանում նրանց շրջագայության դյուրինացմանը:

2007 թվականին, ի լրումն նախորդ տարիներին մշակված և տպագրված գովազդային-տեղեկատվական նյութերի, կստեղծվեն այս շարքի նոր նյութեր, տեղեկագրեր և ուղեցույցներ Հայաստանի մարզերի վերաբերյալ:

2007 թվականին կպատրաստվեն և կհեռարձակվեն հեռուստահաղորդումներ, որոնք կներկայացնեն Հայաստանի պատմամշակութային արժեքներն ու զբոսաշրջային գրավչությունները:

2007 թվականի և նախորդ տարիների ընթացքում ստեղծված գովազդային-տեղեկատվական նյութերն անվճար կտրամադրվեն «ՀԱՅԱՍՏԱՆ Տեղեկատվություն» այցելուների տեղեկատվական կենտրոն ժամանած զբոսաշրջիկներին, ինչպես նաև արտերկրից Հայաստանի մասին հարցում կատարող մասնագետներին և զբոսաշրջիկներին:

Հայաստանի վերաբերյալ թարմ և պատշաճ տեղեկատվություն տրամադրելու նպատակով 2007 թվականին նույնպես անհրաժեշտ կլինի վերանայել և թարմացնել «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության ինտերնետային էջը (www.armeniainfo.am): Այս աշխատանքները կնպաստեն Հայաստանի մասին անթերի և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելուն` ինչպես օտարերկրյա և տեղացի զբոսաշրջիկներին, այնպես էլ զբոսաշրջության մասնագետներին: Ինտերնետային էջը տրամադրում է տեղեկատվություն Հայաստանի զբոսաշրջության բոլոր տեսարժան վայրերի, մշակութային գանձերի, ազգային արժեքների, զբոսայգիների, պատկերասրահների մասին, ինչպես նաև այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է Հայաստան ժամանած յուրաքանչյուր զբոսաշրջիկի: Ինտերնետային կայքի միջոցով զբոսաշրջիկին ներկայացվում են ինտերակտիվ քարտեզներ, ինչպես նաև տրվում է լիարժեք, ամբողջական տեղեկատվություն զբոսաշրջային գործակալությունների, հյուրանոցների և ռեստորանների մասին: Ինտերնետային էջի բացառիկ հատկանիշներից է նաև շաբաթական իրադարձությունների պարբերաբար նորացվող ցանկը, որը յուրաքանչյուր ոք կարող է ստանալ իր էլեկտրոնային փոստով մեկ անգամ բաժանորդագրվելուց հետո:

Համագործակցելով մի շարք տեղական և միջազգային կազմակերպությունների ու Հայաստանի Հանրապետության մարզպետարանների հետ՝ 2007 թվականի ընթացքում կմշակվեն, կձևավորվեն և կտպագրվեն անգլերենով տեղեկատվական ուղեցույցներ Հայաստանի բոլոր մարզերի մասին: Ուղեցույցները կպարունակեն տեղեկատվություն մարզերի տեսարժան վայրերի, թանգարանների, պատկերասրահների, եկեղեցիների, հյուրանոցների, ռեստորանների, զվարճանքի վայրերի և այլնի մասին: Կտպագրվեն նաև մարզերի քարտեզներ և գովազդային թերթիկներ:

Նախորդ տարիներին իրականացվել են օտարերկրյա զբոսաշրջային օպերատորների և օտարերկրյա լրագրողների ճանաչողական-ուսուցողական այցեր, որոնք կազմակերպվել են «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցով: Նման միջոցառումները նպատակաուղղված են օտարերկրյա զբոսաշրջային օպերատորներին և լրագրողներին Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին տեղում ծանոթացնելուն և հայաստանյան զբոսաշրջային օպերատորների հետ գործնական կապեր հաստատելուն: Այցելելով Հայաստան և ծանոթանալով հայկական զբոսաշրջային արդյունքի հետ` զբոսաշրջային օպերատորները հնարավորություն են ստանում իրենց իսկ տպավորությունների հիման վրա գնահատելու և ներկայացնելու Հայաստանի զբոսաշրջային արդյունքը` ներուժ ունեցող շուկաներում:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ երկրի զբոսաշրջության կայուն աճն ու զարգացումն ապահովելու համար խիստ կարևորվում է ճանաչողական միջոցառումների կազմակերպումը, ինչից ելնելով` 2007 թվականին նույնպես նախատեսվում է ճանաչողական այցերի կազմակերպում:

Այցերի հիմնական նպատակը հայկական մշակույթը, սովորույթները, պատմական ժառանգությունը և զբոսաշրջիկներին հետաքրքրող այն ամենը ներկայացնելն է, որը հետագայում օտարերկրյա լրագրողը ներկայացնում է իր երկրում հրատարակվող թերթերում և լուսաբանում ամսագրերում: Սա Հայաստանը` որպես զբոսաշրջության համար գրավիչ երկիր գովազդելու ևս մեկ միջոց է: Այսպիսի այցերի կազմակերպումը նպաստում է Հայաստանի զբոսաշրջության մասին իրազեկության բարձրացմանը և օտարերկրյա զբոսաշրջիկին դեպի Հայաստան գրավելուն: Ճանաչողական այցերի կազմակերպման արդյունքում Հայաստանի մասին տպագրվում են բազմաթիվ ճանապարհորդական ուղղվածության հոդվածներ, ինչն ակնկալվում է նաև 2007 թվականին:

Տարբեր արտասահմանյան երկրների փորձն արդեն իսկ ապացուցել է, որ ամենամյա փառատոները, որոնք ունեն ազգային, մշակութային բնույթ և կազմակերպվում են զբոսաշրջության համար ակտիվ սեզոնի ընթացքում, գրավում են բազում զբոսաշրջիկների:

2007 թվականին նախատեսվում է կազմակերպել «Կենաց» փառատոնը, որի շրջանակներում կիրականացվեն մի շարք միջոցառումներ` ուղղված երկրի մշակույթը և պատմությունը ներկայացնելուն:

2007 թվականի ընթացքում նախատեսվում է է՜լ ավելի ակտիվացնել համագործակցությունը ՄԱԿ ԶՀԿ-ի, ինչպես նաև դրա անդամ և այլ պետությունների հետ:

 

2. Զբոսաշրջության ոլորտի մարքեթինգային ուսումնասիրությունների իրականացումը

 

Հանրապետության սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային զարգացման վրա զբոսաշրջության քանակական և որակական ազդեցության, երկրի զարգացման համատեքստում զբոսաշրջության ոլորտի վարչական վիճակագրության ամբողջականացման ու ընդլայնման նպատակով 2007 թվականին կշարունակվեն աշխատանքները «Զբոսաշրջային սատելիտային հաշիվ» ժամանակակից համակարգի ներդրման ուղղությամբ, ինչը կընձեռի մանրակրկիտ վիճակագրական տվյալների ստացման հնարավորություն: «Զբոսաշրջային սատելիտային հաշիվ» համակարգի ներդրումը հնարավորություն կտա իրականացնելու բազմակողմանի և մանրամասն վերլուծություններ, մշակելու հեռանկարային զարգացման ծրագրեր:

Միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ, չունենալով զբոսաշրջիկների մասին ամբողջական վիճակագրական տվյալներ կատարված դրամական ծախսերի, ժամանման-մեկնման նպատակի, տարիքի, այցելության տևողության, ժամանման-մեկնման տրանսպորտային միջոցների տեսակների, սահմանների անցման կետերի և այլնի մասին, հնարավոր չէ կատարել ոլորտի վերլուծություններ և մշակել հեռանկարային ծրագրեր:

2007 թվականին կշարունակվի վիճակագրական հետազոտությունների իրականացումը` որպես «Զբոսաշրջային սատելիտային հաշիվ» համակարգի ներդրման նախնական փուլ: ՄԱԿ ԶՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում կիրականացվեն նաև կրթական ծրագրեր:

 

VI. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

2007 թվականի զբոսաշրջության զարգացման ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 1-ի N 153-Ն որոշման

Ց Ա Ն Կ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառումը

Կատարողը

Կատարման
ժամկետը

Ֆինանսավորման
աղբյուրը

1.

Զբոսաշրջության
ոլորտի գովազդային-
տեղեկատվական
ապահովման
համակարգի
զարգացում և
կատարելագործում

«Զբոսաշրջության
զարգացման
հայկական
գործակալություն»
ՓԲԸ

ՀՀ առևտրի և
տնտեսական
զարգացման
նախարարություն

2007
թվականի
ընթացքում


ՀՀ պետական
բյուջե


ՀՀ
օրենսդրությամբ
չարգելված այլ
միջոցներ

2.

Զբոսաշրջության
ոլորտի մարքեթինգային
ուսումնասիրությունների
իրականացում

«Զբոսաշրջության
զարգացման
հայկական
գործակալություն»
ՓԲԸ

ՀՀ առևտրի և
տնտեսական
զարգացման
նախարարություն

2007
թվականի
ընթացքում


ՀՀ պետական
բյուջե

ՀՀ
օրենսդրությամբ չարգելված այլ
միջոցներ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան