Գլխավոր տեղեկություն
Համար
N 189-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (08.12.2005-14.08.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.03.23/19(391) Հոդ.338
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.02.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.02.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.03.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.08.2017

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 9 մարտի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 փետրվարի 2005 թվականի N 189-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պետական հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14, 18 և 21-րդ հոդվածների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 246 որոշումը։

Հայաստանի Հանրապետության
  վարչապետ

 Ա. Մարգարյան


2005 թ. փետրվարի 28
      Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
փետրվարի 17-ի N 189-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի (այսուհետ՝ արխիվային հավաքածու) պետական հաշվառման կարգը։

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

ա) արխիվային փաստաթղթերի հաշվառում՝ սահմանված հաշվառման միավորներով արխիվային փաստաթղթերի քանակի ու կազմի որոշում և հաշվառման փաստաթղթերում այդ քանակի ու կազմի արտացոլում` դրանց պահպանվածության և առկայության հսկողության ապահովմամբ.

բ) պետական հաշվառում՝ արխիվային հավաքածուի և այլ արխիվային փաստաթղթերի պահպանությունն իրականացնող արխիվների կողմից արխիվային փաստաթղթերի հաշվառում՝ սույն կարգով սահմանված սկզբունքներով և արխիվային գործի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) սահմանած ընթացակարգով.

գ) հատուկ հաշվառում՝ արխիվային հավաքածուի հազվագյուտ փաստաթղթերի առանձնացված հաշվառում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

 դ) կենտրոնացված պետական հաշվառում՝ արխիվային հավաքածուի փաստաթղթերի հաշվառման համակարգ՝ տվյալների մեկ շտեմարանում արխիվային ֆոնդերի (արխիվային ֆոնդ-հավաքածուների) քանակի ու կազմի և պահպանման միավորների (գործերի) քանակի մասին տեղեկությունների կենտրոնացմամբ.

ե) հաշվառման փաստաթուղթ՝ արխիվային փաստաթղթերի մուտքագրումը, դուրսգրումը, քանակը, կազմը և վիճակը հաշվառման միավորներով արձանագրող՝ լիազորված մարմնի սահմանած ձևի փաստաթուղթ.

զ) հաշվառման միավորներ՝ արխիվային փաստաթղթերի հաշվառման հիմնական միավորներ՝ արխիվային ֆոնդ (արխիվային ֆոնդ-հավաքածու), կինո-, ֆոնո - փաստաթղթերի համար` անվանում և պահպանման միավոր (գործ)` անկախ տեղեկատվության կրիչի տեսակից և գրանցման ձևից.

է) արխիվային ֆոնդ (արխիվային ֆոնդ-հավաքածու)՝ մշտական պահպանության ենթակա՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, իրավաբանական անձի, ֆիզիկական անձի (ընտանիքի, տոհմի) գործունեությամբ առաջացած կամ տարբեր ծագում ունեցող, մեկ կամ մի քանի հատկանիշներով (թեմատիկ, անվանական, հեղինակային, ժամանակագրական և այլն) միմյանց հետ կապված փաստաթղթերի ամբողջություն.

ը) պահպանման միավոր (գործ) ՝ ֆիզիկապես առանձնացված փաստաթուղթ կամ փաստաթղթերի ամբողջություն.

թ) արխիվային նիշ՝ հաշվառում և նույնականացում ապահովելու համար յուրաքանչյուր պահպանման միավորի (գործի) վրա դրոշմվող որևէ նիշ։

(2-րդ կետը լրաց. 03.11.05 N 1924-Ն)

3. Արխիվային հավաքածուի փաստաթղթերը հաշվառվում են ըստ հաշվառման միավորների՝ արխիվային ֆոնդերի (արխիվային ֆոնդ-հավաքածուների) և պահպանման միավորների (գործերի)։

4. Հաշվառումն իրականացվում է արխիվային փաստաթղթերին (հաշվառման միավորներին, պահպանման միավորներին) հաշվառման համարներ տալու միջոցով, որոնք արխիվային նիշի բաղկացուցիչ մասերն են։ Արխիվային նիշը կազմված է հետևյալ համարներից՝ արխիվային ֆոնդ (արխիվային ֆոնդ-հավաքածու), ցուցակ, պահպանման միավոր (գործ)։

5. Արխիվային հավաքածուի փաստաթղթերի պետական հաշվառման ելակետային դրույթներն են՝

ա) կենտրոնացում՝ իրագործվում է արխիվային փաստաթղթերի մշտական և ժամանակավոր պահպանությունն իրականացնող արխիվների ու դրանց համալրման աղբյուր-կազմակերպությունների, ինչպես նաև արխիվային հավաքածուի փաստաթղթերի պահպանությունն իրականացնող իրավաբանական ու ֆիզիկական անձանց կանոնակարգված փոխգործողությունների հիման վրա.

բ) միասնականացում՝ իրականացվում է արխիվային փաստաթղթերի՝ դրանց հետ կատարվող աշխատանքի բոլոր փուլերում հաշվառման փաստաթղթերի հաջորդականության, դրանց կազմման, լրացման ու վարման մեթոդիկայի միասնականության ապահովման հիման վրա.

գ) շարժունություն՝ ապահովվում է առկա հաշվառման փաստաթղթերում ժամանակին ու արագ փոփոխություններ կատարելով կամ հաշվառման նոր փաստաթղթեր կազմելով.

դ) պետական հաշվառման լիակատարություն և հավաստիություն։

6. Արխիվային հավաքածուի պետական հաշվառման հիմքը հաշվառման միավորների՝ արխիվային ֆոնդերի (արխիվային ֆոնդ-հավաքածուների) և պահպանման միավորների (գործերի) գրանցման միասնական համակարգն է, որն ապահովում է արխիվային փաստաթղթերի դասակարգումը և դրանց հասցեական որոնման հնարավորությունը։

7. Պետական հաշվառման ենթակա են արխիվային հավաքածուի կազմում ընդգրկվող բոլոր փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

8. Արխիվային հավաքածուի հազվագյուտ փաստաթղթերը ենթակա են պետական հատուկ հաշվառման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

9. Իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից պետական ու համայնքային արխիվներ պահատվության հանձնված արխիվային փաստաթղթերը հաշվառվում են արխիվային հավաքածուի՝ պետության և համայնքի սեփականությունը համարվող մշտական պահպանության փաստաթղթերից առանձին՝ լիազորված մարմնի սահմանած ձևի հաշվառման մատյանում։

10. Արխիվային հավաքածուի փաստաթղթերի կենտրոնացված պետական հաշվառումը կատարում է «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։

11. Արխիվային հավաքածուի փաստաթղթերի պետական հաշվառումը, հաշվառման փաստաթղթերի վարումը և կենտրոնացված պետական հաշվառման համար հաշվետու տեղեկությունները ներկայացնելն իրականացվում են լիազորված մարմնի սահմանած ընթացակարգով։    

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.07.2017, N 884-Ն 14.08.2017, N 189-Ն
03.11.2005, N 1924-Ն 08.12.2005, N 189-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան