Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-686
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.03.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
16.03.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.03.2007

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

16 մարտի 2007 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի մարտի 9-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ֆինանսավորման համաձայնագրում (Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագիր) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է` մուտքագրված 2007 թվականի մարտի 9-ին:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2007 թվականի մարտի 9-ին` Երևանում: Ըստ համաձայնագրի` Միջազգային զարգացման ընկերակցությունը դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետությանը տրամադրելու է տասնհինգ միլիոն երկու հարյուր հազար փոխառության հատուկ իրավունքներին (SDR 15,2 միլիոն) համարժեք վարկ։

Համաձայնագրի բաղկացուցիչ մասն է 2005 թ. հուլիսի 1-ի` «Միջազգային զարգացման ընկերակցության ընդհանուր դրույթներ վարկերի և դրամաշնորհների համար» վերտառությամբ փաստաթուղթը` 2006 թ. հոկտեմբերի 15-ի փոփոխություններով:

2. Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է պարբերաբար Ընկերակցությանը վճարել պարտավճար` վարկի չառհանված գումարների դիմաց` ոչ ավելի, քան տարեկան 0,5 տոկոսի չափով, և սպասարկման վարձ` վարկի առհանումների դիմաց` տարեկան 0,75 տոկոսի չափով: Վարկի հիմնագումարը պետք է մարել կիսամյակային մուծումներով` 2017 թվականի ապրիլի 15-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 15-ը:

3. Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է պատշաճ և արդյունավետ իրագործել համաձայնագրի 1-ին ներդիրում ամփոփված ծրագրի նպատակները, անհրաժեշտության դեպքում ժամանակին տրամադրել ծրագրի համար պահանջվող միջոցներ, տարածքներ, ծառայություններ և այլ ռեսուրսներ, ֆինանսավորել ծրագրի ծախսերի համամասնորեն 22 տոկոսը:

4. Քննության առարկա համաձայնագրով վարկավորվող ծրագրի նպատակներն են` դատական գործառնությունների և ծառայությունների արդյունավետության, արժանահավատության և թափանցիկության բարելավման համար ՀՀ դատաիրավական համակարգին անհրաժեշտ վարչարարությամբ, շինություններով և ընդլայնված կարողություններով ապահովելը և դատական ծառայությունների մասին իրազեկվածության, իրավական ու դատական տեղեկատվության մատչելիության բարելավումը շարունակելն է:

5. Ծրագիրը բաղկացած է 6 բաղադրիչից, որոնք են.

ա) դատական կառավարման և վարչարարության ուժեղացում, տեխնիկական աջակցություն Արդարադատության խորհրդին և Դատական դեպարտամենտին` սարքավորումների ձեռքբերում և վերապատրաստում,

բ) դատարանների շենքերի վերականգնում` Վճռաբեկ դատարանի և Դատական դեպարտամենտի շենքերի կառուցում Երևանում և առաջին ատյանի դատարանների շենքերի կառուցում և վերակառուցում,

գ) դատավորների վերապատրաստման դպրոցի և Արդարադատության նախարարության ուսումնական կենտրոնի շենքերի վերանորոգում և վերակառուցում,

դ) տեխնիկական աջակցություն դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը` սարքավորումների ձեռքբերում և անձնակազմի վերապատրաստում,

ե) Արբիտրաժի ծառայությունների ուժեղացում,

զ) իրավական տեղեկատվության համակարգի կատարելագործում, դատարանների քարտուղարությունների գործավարության բարելավում, հասարակության իրազեկության և հանրության ուսուցման գործընթաց, որը ներառում է դատական համակարգի՝ հասարակության հետ կապերի ռազմավարության մշակում, իրավաբանների և իրավաբան ուսանողների հետ նպատակային սեմինարների անցկացում, բնակչության շրջանում իրավական տեղեկատվության տարածում և օրենսդրության ու դատաիրավական համակարգի մասին հանրության իրազեկվածության մեծացում:

Ծրագրի ավարտի վերջնաժամկետը 2012 թվականի դեկտեմբերի 31-ն է:

6. Դատական համակարգի բարեփոխումներին աջակցություն նախատեսված է եղել նաև Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված` կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության առաջին և երկրորդ վարկային համաձայնագրերով, TACIS-ի 1998 թ. ֆինանսավորման հուշագրի AR9801 ծրագրով, 2000 թ. հունիսի 21-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Դատաիրավական բարեփոխումների նախապատրաստման համար» Q225-Օ AM նամակ-համաձայնագրով, 2000 թ. դեկտեմբերի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված ֆինանսավորման համաձայնագրով (Դատաիրավական բարեփոխումների առաջին ծրագիր), ինչպես նաև 2006 թ. սեպտեմբերի 11-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի նախապատրաստման համար» Q5380 նամակ-համաձայնագրով:

Ուսումնասիրելով նշված համաձայնագրերի գործադրման իրավակիրառական պրակտիկան, սահմանադրական դատարանը միաժամանակ պարզեց.

ա) TACIS-ի 1998-1999 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ դատական համակարգի ամրապնդման ծրագրի համար հատկացվել է մեկ միլիոն եվրո դրամաշնորհ: Ծրագրի գործընկերն էր ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը,

բ) Համաշխարհային բանկի կառուցվածքային բարեփոխումների զարգացման տեխնիկական օգնության առաջին վարկային ծրագրի շրջանակներում դատաիրավական բարեփոխումների բնագավառում իրականացված աշխատանքների համար հատկացվել է 124460 ԱՄՆ դոլար, իսկ երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում դատական համակարգի համար հատկացվել է 208108 ԱՄՆ  դոլար,

գ) 2000 թ. դեկտեմբերի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված ֆինանսավորման համաձայնագրով (Դատաիրավական բարեփոխումների առաջին ծրագիր) Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է ութ միլիոն վեց հարյուր հազար փոխառության հատուկ իրավունքներին համարժեք (SDR 8,6 միլիոն) վարկ, որով իրականացվել է դատական համակարգի ինստիտուցիոնալ հնարավորությունների ամրապնդում, դատարանների ենթակառուցվածքի վերականգնում (դատարանի մեկ օրինակելի շենքի կառուցում յումրիում և 6 դատարանների օրինակելի շենքերի վերակառուցում և վերանորոգում, ինչպես նաև դատարանների 13 ընտրված շենքերի վերանորոգում), դատավորների և դատարանների աշխատակազմերի վերապատրաստում, տեխնիկական աջակցություն դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը` սարքավորումների ձեռքբերում և անձնակազմի վերապատրաստում, իրավական տեղեկատվության արդյունավետ տարածման համար ռազմավարության մշակում և դատարաններին իրավական տեղեկատվությամբ ապահովում, հասարակության իրազեկության և հանրության ուսուցման գործընթաց, ծրագրի իրականացման գրասենյակին սարքավորումների, ուսուցման և վարչական օժանդակության տրամադրում և պահպանման ծախսերի ֆինանսավորում,

դ) «Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի նախապատրաստման համար» Q5380 նամակ-համաձայնագրով Միջազգային զարգացման ընկերակցությունը պարտավորվել է մինչև 2007 թ. մարտի 30-ը Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 800.000 ԱՄՆ դոլար` Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի շենքի վերանորոգման, դատավորների վերապատրաստման, հարկադիր կատարման ծառայության համար սարքավորումների ձեռքբերման, ԾԻԳ-ի գործառնական ծախսերի և այլ նպատակներով:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2007 թվականի մարտի 9-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ֆինանսավորման համաձայնագրում (Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագիր) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ 
        

Նախագահող

Վ. Հովհաննիսյան


16 մարտի 2007 թվականի
ՍԴՈ-686