ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
6 մարտի 2007 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի նոյեմբերի 29-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կենդանիների առողջության և անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ գյուղատնտեսության նախարար Դ. Լոքյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կենդանիների առողջության և անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրն ստորագրվել է 2006 թվականի նոյեմբերի 29-ին` Երևանում:
Համաձայնագրի նպատակն է վերահսկել, կանխել կենդանիների հիվանդությունները, զարգացնել ցամաքային և ծովային կենդանիների վերահսկման համակարգը, ինչպես նաև փոխադարձ համագործակցությունը` ուղղված ՄՀԳ ցամաքային ու ջրային առողջապահության նորմերով (այսուհետ` Նորմեր) սահմանված` անասնաբուժությանն առնչվող ապրանքատեսակների առևտրային գործարքները դյուրացնելուն:
2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը՝ փոխադարձության սկզբունքով, ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- ապահովել, որպեսզի ՀՀ-ի և Իրանի իրավասու մարմինների միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվի ուղղակիորեն՝ ի լրումն կենդանիների հիվանդությունների նկարագրությունն ուղարկելու ցուցումներում սահմանված կարգի (ամսական և եռամսյակը մեկ),
- ՄՀԳ Նորմերով և ՀՀ կողմից հաստատված պարտադիր ծանուցման ենթակա հիվանդությունների ցանկում փոփոխություն առաջանալու դեպքում այդ մասին 60 օրվա ընթացքում ծանուցել Իրանական կողմին,
- համաձայնել ՀՀ տարածքում ՄՀԳ Նորմերով ցանկավորված հիվանդությունների վերահսկման, կանխարգելման և արմատախիլ անելու բնագավառում հաջորդաբար ad hoc նիստեր անցկացնելու վերաբերյալ, որոնց անցկացման ժամկետն ու եղանակը կորոշվի Կողմերից մեկի պահանջի և մյուս Կողմի հաստատման հիման վրա,
- ՄՀԳ Նորմերով նախատեսված` անասնաբուժությանն առնչվող ապրանքատեսակների ներմուծումը, արտահանումը և տարանցումն իրականացնել առողջապահական արձանագրություններին և դիագնոստիկ կարանտինին համապատասխան,
- ապահովել, որպեսզի անասնաբուժությանն առնչվող ապրանքատեսակների ներմուծումն իրականացվի իրավասու մարմնից նախնական թույլտվություն ստանալով, որը պետք է բավարարի ՀՀ առողջապահական պայմանները և կազմված լինի անգլերեն,
- որպես արտահանող երկիր` ապահովել, որպեսզի ՀՀ իրավասու մարմինը բավարարի նպատակակետ երկրի` Իրանի առողջապահական պայմանները և հաստատի վերոհիշյալ պայմաններն անգլերենով կազմված պաշտոնական անասնաբուժական հավաստագրի շրջանակներում` ՄՀԳ Նորմերով ներկայացված ձևերի համաձայն, ինչպես նաև ապահովել, որպեսզի անասնաբուժական առողջապահական հավաստագրի բնօրինակը լինի ուղեբեռի հետ և անասնաբուժական սահմանային հսկիչ կետերում փոխանցվի անասնաբուժական տեսուչներին,
- անասնաբուժությանն առնչվող ապրանքատեսակների տարանցումն Իրանական կողմի տարածքով իրականացնել Իրանի իրավասու մարմինների նախնական թույլտվությամբ` ՀՀ իրավասու մարմնի կողմից տրված անասնաբուժական առողջապահական հավաստագրի բնօրինակի ներկայացմամբ,
- ՀՀ ներմուծվող բեռի` կենդանիների և մարդու առողջությանն սպառնացող հիվանդություններով վարակիչ լինելը հաստատված լինելու հետևանքով այդ բեռը վերադարձնելու կամ ոչնչացնելու դեպքում այդ մասին ծանուցել Իրանական կողմին` նշելով դրա պատճառները և ներկայացնելով փաստաթղթերը,
- ՀՀ տարածքում անասնաբուժությանն առնչվող ապրանքատեսակների վերահսկողությունը, ստուգումը, լաբորատոր ուսումնասիրությունը համատեղ իրականացնելու դեպքում Իրանական կողմին տրամադրել պահանջվող անհրաժեշտ պայմաններ, սարքավորումներ ու գործիքներ:
3. Համաձայնագրի համաձայն` բեռների վերադարձման և ոչնչացման դեպքում վնաս կրած Կողմն իրավունք ունի, բեռի վարակիչ չլինելու վերաբերյալ պատճառները և հիմքերը ներկայացնելով, բողոքարկել դատական իշխանություններին և պահանջել կրած վնասների փոխհատուցում:
4. Համաձայնագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության դրույթներին և ընդլայնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և պետության հիմնական խնդիրների իրականացման հնարավորությունները:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2006 թվականի նոյեմբերի 29-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կենդանիների առողջության և անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|