Գլխավոր տեղեկություն
Համար
N 01-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.01.2007-11.08.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.09.15/23(232)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարանի նախագահ
Ընդունման ամսաթիվ
30.08.2006
Ստորագրող մարմին
Վճռաբեկ դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

 

30 օգոստոսի 2006 թ.
ք. Երևան
N 01-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով` որոշում եմ.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել`

ա) «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունը` համաձայն հավելված 1-ի.

բ) «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի կառուցվածքը` համաձայն հավելված 2-ի:

 

  Հ. Մանուկյան

 

 

Հավելված 1
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի
2006 թ. օգոստոսի 30-ի
թիվ 01-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ»

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը (այսուհետ` Դեպարտամենտ) իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որն ապահովում է ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և իրավական այլ ակտերով ՀՀ դատարաններին, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովին, ՀՀ դատարանների նախագահների խորհրդին, ՀՀ արդարադատության խորհրդին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցությունը:

2. Դեպարտամենտը յուրաքանչյուր դատարանին և արդարադատության խորհրդին վերապահված լիազորությունների լիարժեք, արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցությունն ապահովում է առանձնացված ստորաբաժանումների միջոցով:

3. Դեպարտամենտի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի (այսուհետ՝ վճռաբեկ դատարանի նախագահ):

4. Դեպարտամենտն իրավունք ունի իրականացնել միայն այնպիսի գործունեություն, որը նպատակաուղղված է դատական համակարգի լիազորությունները լիարժեք և արդյունավետ իրականացնելուն, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին  նրա մասնակցությունն ապահովելուն:

5. Դեպարտամենտի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են ՀՀ օրենքներով, սույն կանոնադրությամբ, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի որոշումներով, վճռաբեկ դատարանի նախագահի որոշումներով (հրամաններով) և իրավական այլ ակտերով:

6. Դեպարտամենտն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, ամրացված գույք և իր իրավասության սահմաններում ՀՀ անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

7. Դեպարտամենտը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Դեպարտամենտի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:

8. Դեպարտամենտի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունը:

9. Դեպարտամենտն ունի ՀՀ զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք: Դեպարտամենտն ունի ՀՀ դատարանների նախագահների խորհրդի կողմից հաստատված միասնական նմուշի ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

10. Դեպարտամենտի լրիվ անվանումն է` «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկ:

11. Դեպարտամենտի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, 0010, քաղաք Երևան, Վազգեն Սարգսյան 5:

 

II. ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

12. Դեպարտամենտն իր խնդիրների իրականացման համար կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, առանձնացված ստորաբաժանումների և պաշտոնատար անձանց միջոցով իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) իրականացնում է կադրային քաղաքականությունը, ֆինանսական, նյութատեխնիկական և այլ բնույթի միջոցառումներ՝ ուղղված դատական իշխանության արդյունավետ գործունեության համար պայմանների ստեղծմանը.

բ) կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով իրականացնում է ՀՀ դատարանների, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի, դրա հանձնաժողովների, արդարադատության խորհրդի աշխատակազմի գործառույթները.

գ) նախապատրաստում է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի և դրա հանձնաժողովների նիստերը.

դ) վերլուծում և ամփոփում է դատական պրակտիկան և դատական վիճակագրությունը,

ե) վարում է դատավորների անձնական գործերը.

զ) կազմակերպում է ՀՀ դատարանների պաշտոնական ինտերնետ կայքի աշխատանքը.

է) իրականացնում է օրենքով և իրավական այլ ակտերով իրեն վերապահված այլ գործառույթներ:

 

III. ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

13. Դեպարտամենտի կառուցվածքը ներառում է՝

ա) կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումները.

բ) առանձնացված ստորաբաժանումները:

14. Դեպարտամենտի կառուցվածքը հաստատում է հիմնադիրը` հիմք ընդունելով օրենքով և ՀՀ դատարանների նախագահների խորհրդի որոշումներով սահմանված առանձնացված ստորաբաժանումները:

15. Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներն են վարչությունները, բաժինները, ծառայությունները և այլ ստորաբաժանումները:

16. Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումներն են դատարանների աշխատակազմերը, արդարադատության խորհրդի աշխատակազմը, դատական դպրոցը:

17. Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումներն իրականացնում են Դեպարտամենտի առանձին գործառույթներ և հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության անունից:

18. Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

19. Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է հիմնադիրը:

20. Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և Դեպարտամենտի ու իր հայերեն անվանումներով կլոր կնիք, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի կողմից հաստատված ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

 

IV. ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

21. Դեպարտամենտը կառավարում են ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը (այսուհետ` Դատարանների նախագահների խորհուրդը) և վճռաբեկ դատարանի նախագահը: Դեպարտամենտը ենթակա և հաշվետու է Դատարանների նախագահների խորհրդին և հիմնադրին:

22. Դատարանների նախագահների խորհուրդը՝

ա) եզրակացություն է տալիս վճռաբեկ դատարանի նախագահի կողմից առաջարկված` Դեպարտամենտի ղեկավարի թեկնածության վերաբերյալ.

բ) հաստատում է դատական ծառայության պաշտոնների անձնագրերը.

գ) հաստատում և փոփոխում է դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը.

դ) սահմանում է դատական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգը և աշխատակարգը.

ե) սահմանում է դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող փակ մրցույթի կարգը.

զ) սահմանում է դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող բաց մրցույթի թեստերի կազմման և թեստավորման կարգը.

է) սահմանում է բաց մրցույթի հարցազրույցի անցկացման և թեկնածուների հատկանիշների գնահատման կարգը.

ը) սահմանում է դատական ծառայողի գործունեության գնահատման կարգը, չափանիշները և բնութագրի ձևը.

թ) սահմանում է դատական ծառայողի բնութագիրը վճռաբեկ դատարանի նախագահին կամ Դեպարտամենտի ղեկավարին ներկայացնելու ժամկետը.

ժ) սահմանում է դատական ծառայողների վերապատրաստման եղանակը, կարգն ու պարբերականությունը.

ժա) սահմանում է դատական ծառայողների անձնական գործերի վարման կարգը.

ժբ) դատական ծառայողի` դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում Դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ մինչև 5 տարի ժամկետով կարող է երկարաձգել դատական ծառայողի պաշտոնավարման ժամկետը:

23. Վճռաբեկ դատարանի նախագահը՝

ա) Դեպարտամենտի խնդիրներին համապատասխան՝ սահմանում է Դեպարտամենտի գործունեության հիմնական ուղղությունները և գործառույթները.

բ) հաստատում և փոփոխում է Դեպարտամենտի, նրա առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունը, կառուցվածքը.

գ) նշանակում և ազատում է Դեպարտամենտի ղեկավարին, Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին.

դ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իր կողմից նշանակվող դատական ծառայողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

ե) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Դեպարտամենտի ղեկավարի՝ ՀՀ օրենսդրության պահանջներին հակասող հրամանները և կարգադրությունները.

զ) որոշում է Դեպարտամենտի կենտրոնական մարմնին, առանձնացված ստորաբաժանումներին հանձնվող գույքի կազմը և չափը.

է) վերահսկողություն է իրականացնում Դեպարտամենտին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ը) լսում է դեպարտամենտի գործունեության հաշվետվությունները, քննարկում է դրանց գործունեության ստուգման արդյունքները.

թ) վերակազմակերպում և դադարեցնում է Դեպարատամենտի գործունեությունը.

ժ) իրականացնում է ՀՀ օրենքներով և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ։

24. Դեպարտամենտի անմիջական ղեկավարումն իրականացնում է Դեպարտամենտի ղեկավարը օրենքով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում: Դեպարտամենտի ղեկավարի լիազորությունները սահմանվում են «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքով, սույն կանոնադրությամբ, Դատարանների նախագահների խորհրդի որոշումներով և իրավական այլ ակտերով:

25. Դեպարտամենտի ղեկավարը ենթակա և հաշվետու է Դատարանների նախագահների խորհրդին և վճռաբեկ դատարանի նախագահին:

26. Դեպարտամենտի ղեկավարը դատական ծառայող է, որն ապահովում է դատական ծառայության իրականացումը:

27. Դեպարտամենտի ղեկավարը՝

ա) առանց լիազորագրի իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում է նրա շահերը, կնքում գործարքներ.

բ) օրենքով, իրավական այլ ակտերով հիմնադրի և հիմնարկի կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) օրենքով, իրավական այլ ակտերով և կանոնադրությամբ նախատեսված Դեպարտամենտի գործունեության բնագավառին, նպատակներին, խնդիրներին համապատասխան` Դեպարտամենտի գործունեության հիմնական ուղղությունների մասին առաջարկություն է ներկայացնում Դատարանների նախագահների խորհրդին և վճռաբեկ դատարանի նախագահին.

ե) ապահովում է Դեպարտամենտի բնականոն գործունեությունը.

զ) օրենքով, իրավական այլ ակտերով կամ հիմնարկի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ, վերահսկում և ստուգում դրանց կատարումը.

է) օրենքով սահմանված կարգով նշանակում և ազատում է դատական ծառայողներին, Դեպարտամենտի կենտրոնական մարմնի աշխատողներին, կիրառում նրանց նկատմամբ խրախուսանքի և կարգապահական տույժեր.

ը) շնորհում է դատական ծառայության դասային աստիճաններ` բացառությամբ բարձրագույն խորհրդականի դասային աստիճանների.

թ) Դատարանների նախագահների խորհրդի հաստատմանն է ներկայացնում դատական ծառայության պաշտոնների անձնագրերի նկարագրերը, հիշյալ պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը.

ժ) դատական ծառայողների անվանացանկը հաստատվելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատում (փոփոխում) է Դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների հաստիքացուցակները.

ժա) որոշում է կայացնում դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին, հայտարարում է փակ մրցույթները.

ժբ) օրենքով սահմանված կարգով դատական ծառայողների բնութագրերը ստանալուց հետո, բնութագրի և մասնավոր կարծիքի հիման վրա, կայացնում է համապատասխան որոշում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դատական ծառայողների աշխատանքի գնահատման, մասնավորապես` նրանց նկատմամբ խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ կիրառելու վերաբերյալ.

ժգ) իրականացնում է Դեպարտամենտի ընթացիկ գործունեության վերահսկողությունը.

ժդ) ներկայացնում է Դեպարտամենտի գործունեության հաշվետվությունները.

ժե) քննարկում է Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների գործունեության ստուգման արդյունքները.

ժզ) պարբերաբար վերլուծում է Դեպարտամենտի գործունեությունը, բացահայտում հրատապ հարցերը, գնահատում կարիքները և դրանց հիման վրա մշակում համապատասխան առաջարկություններ.

ժէ) պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից պահանջում և ստանում է իր իրավասությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.

ժը) կազմավորում է աշխատանքային խմբեր.

ժթ) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.

ի) իրականացնում է Դեպարտամնետի գործունեությանն առնչվող՝ ՀՀ օրենքներով, հիմնադրի և Դատարանների նախագահների խորհրդի որոշումներով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ։

28. Դեպարտամենտի ղեկավարն ունի առաջին տեղակալ և տեղակալ, որոնք գործում են նրա անմիջական ղեկավարությամբ և իրականացնում են իրենց հանձնարարված ոլորտներում աշխատանքների ղեկավարումը, կազմակերպումը և համակարգումը, կատարում վճռաբեկ դատարանի նախագահի և Դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությունները:

29. Դեպարտամենտի ղեկավարի տեղակալները դատական ծառայողներ են, որոնք պաշտոնի նշանակվում և ազատվում են «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն անցկացվող մրցույթների արդյունքով Դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի կողմից:

30. Դեպարտամենտի ղեկավարի տեղակալների լիազորությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով:

31. Դեպարտամենտի ղեկավարի բացակայության դեպքում  վճռաբեկ դատարանի նախագահի որոշմամբ Դեպարտամենտի ղեկավարին փոխարինում է դեպարտամենտի ղեկավարի տեղակալներից մեկը կամ այլ դատական ծառայող:

 

V. ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ

 

32. Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմինը`

ա) իրականացնում է Դեպարտամենտին վերապահված գործառնությունները` բացառությամբ առանձնացված ստորաբաժանումներին վերապահվածների.

բ) իրականացնում է կադրային քաղաքականությունը, ֆինանսական, նյութատեխնիկական և այլ բնույթի միջոցառումներ՝ ուղղված դատական իշխանության արդյունավետ գործունեության համար պայմանների ստեղծմանը.

գ) նախապատրաստում է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի, Դատարանների նախագահների խորհրդի և դրանց հանձնաժողովների նիստերը.

դ) նախապատրաստում է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի, Դատարանների նախագահների խորհրդի որոշումների, այլ ակտերի նախագծերը.

ե) վերլուծում և ամփոփում է դատական պրակտիկան և դատական վիճակագրությունը.

զ) վարում է դատավորների անձնական գործերը.

է) կազմակերպում է ՀՀ դատարանների պաշտոնական ինտերնետ կայքի աշխատանքը.

ը) իրականացնում է դատական իշխանության բյուջետային գործընթացն առանձնացված ստորաբաժանումների ներկայացրած բյուջետային հայտերի հիման վրա.

թ) իրականացնում է դատական դեպարտամենտի ներքին աուդիտը.

ժ) կազմակերպում է արխիվային գործի վարումը.

ժա) ապահովում է Դեպարտամենտի մասնակցությունը միջազգային հարաբերություններում.

ժբ) ապահովում է գործավարության միասնականությունը դատարաններում  և Դեպարտամենտում.

ժգ) տնօրինում է Դեպարտամենտի գործունեության արդյունքում ձևավորված տեղեկատվությունը.

ժդ) օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված կարգով ապահովում է տեղեկատվության տրամադրումը հասարակությանը.

ժե) իրականացնում է օրենքով, Դատարանների նախագահների խորհրդի որոշումներով իրեն վերապահված այլ գործառույթներ:

33. Դեպարտամենտի ղեկավարի տեղակալները իրականացնում են հետևյալ գործառույթները`

ա) Դեպարտամենտի կառուցվածքին համապատասխան ղեկավարում, կազմակերպում և համակարգում են իրենց ենթակայության ներքո գործող կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը.

բ) տալիս են հանձնարարականներ իրենց ենթակայությամբ գործող ստորաբաժանումների ղեկավարներին.

գ) Դեպարտամենտի կառուցվածքին համապատասխան` ներկայացնում են իրենց ենթակայությամբ գործող կառուցվածքային ստորաբաժանումները այլ մարմինների հետ հարաբերություններում.

դ) իրենց կողմից համակարգման ենթակա ոլորտին համապատասխան` կատարում են վճռաբեկ դատարանի նախագահի և Դեպարտամենտի ղեկավարի հանձնարարականները.

ե) իրականացնում են իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ և կրում պարտականություններ:

34. Կառուցվածքային ստորաբաժանումների  ղեկավարները՝

ա) իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում են ստորաբաժանման անմիջական ղեկավարումը, կատարում են դատական ծառայողների միջև աշխատանքի բաշխումը, ապահովում են աշխատանքային կարգապահությունը և պատասխանատվություն են կրում ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծման համար.

բ) կատարում են Դեպարտամենտի ղեկավարի և համապատասխան տեղակալի հանձնարարությունները, մասնակցում են նրանց մոտ անցկացվող խորհրդակցություններին, հանդիպումներին, այցերին, բանակցություններին.

գ) ստորաբաժանման գործառույթներն ապահովելու, ինչպես նաև իրենց առջև դրված
խնդիրների իրականացման նպատակով կատարում  են ուսումնասիրություններ, հրավիրում խորհրդակցություններ.

դ) զեկուցումներ են ներկայացնում իրենց կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանումներին առնչվող համապատասխան աշխատակիցների կողմից կատարվող աշխատանքների ընթացքի մասին.

ե) իրականացնում են սույն կանոնադրությամբ, իրավական այլ ակտերով իրենց վերապահված այլ գործառույթներ:

35. Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներն իրենց գործառույթներն իրականացնում են օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների պահպանմամբ և միմյանց հետ համագործակցելով:

36. Դատական պրակտիկայի ամփոփման և վարչությունը իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) նախնական հետազոտությունների արդյունքում ներկայացնում է դատական պրակտիկայի ամփոփման արդիական թեմաներ.

բ)  աշխատանքային գործունեության ծրագրի համաձայն` հետազոտում և ամփոփում է ՀՀ դատարանների կողմից նյութական և դատավարական օրենսդրության նորմերի կիրառման պրակտիկան.

գ) («գ» ենթակետն ուժը կորցրել է 22.12.06 N 25-Ն)

դ) քննարկում է քաղաքացիների և այլ անձանց դիմումները՝ կապված դատական պրակտիկայում առկա հակասությունների հետ, և անհրաժեշտության դեպքում նախապատրաստում է դրանց վերացմանն ուղղված առաջարկություններ.

ե) իրականացնում է իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

(36-րդ կետը փոփ. 22.12.06 N 25-Ն)

36.1 Դատական պրակտիկայի ամփոփման վարչությունը Դատական պրակտիկայի ամփոփման վարչության դատական վիճակագրության բաժնի միջոցով իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) իրականացնում է ՀՀ դատական վիճակագրության վարումը և ամփոփումը.

բ) կազմում է ՀՀ դատարաններում քաղաքացիական և քրեական գործերի քննության վիճակագրական վերլուծական տեսություն.

գ) քննարկում է քաղաքացիների և այլ անձանց դիմումները՝ կապված դատական վիճակագրության տվյալների հետ.

դ) իրականացնում է իր լիազորություններից բխող այլ գործառույթներ»:

3. Որոշման 1-ին հավելվածի 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

(36.1 կետը լրաց. 22.12.06 N 25-Ն)

37. Միջազգային համագործակցության, արարողակարգի և տեղեկատվության վարչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) նախապատրաստում է դատական համակարգի, Դեպարտամենտի արտաքին կապերին վերաբերող ծրագրային փաստաթղթեր.

բ) կազմակերպում է աշխատանքը միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցիչների հետ.

գ) համակարգում է արտաքին ոլորտին վերաբերող, ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված աշխատանքները.

դ) ապահովում է օտարերկրյա դատական մարմինների և պաշտոնատար անձանց, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ ՀՀ դատական իշխանության համագործակցությունը.

ե) հավաքում, մշակում և վերլուծում է օտարերկրյա պետություններում իրավական գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն և դրա հիման վրա ներկայացնում համապատասխան առաջարկություններ.

զ) պատրաստում է անհրաժեշտ տեղեկատվություն դատական իշխանության ներկայացուցիչների, դատական ծառայողների արտասահմանյան այցերի, ինչպես նաև օտարերկրյա պաշտոնատար անձանց և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների մասին.

է) ապահովում է ՀՀ դատական իշխանության ներկայացուցչությունն արտաքին հարաբերություններում և կազմակերպում է ՀՀ դատական իշխանության ներկայացուցիչների արտասահմանյան այցերի հետ կապված աշխատանքները.

ը) ամփոփում է դատական համակարգի ներկայացուցիչների միջազգային հանդիպումների և այցերի արդյունքները, ներկայացնում առաջարկություններ.

թ) կազմակերպում է արարողակարգային միջոցառումները.

ժ) լուսաբանում է դատարանների և Դեպարտամենտի գործունեությունը.

ժա) դատարանների և Դեպարտամենտի գործունեության վերաբերյալ պատրաստում է մամուլի հաղորդագրություններ.

ժբ) ապահովում է դատարանների և դատական ծառայողների կապը զանգվածային լրատվության միջոցների հետ.

ժգ) կազմակերպում է դատարանների և Դեպարտամենտի ներկայացուցիչների մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ, ինչպես նաև լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումներ.

ժդ) կազմում է լրատվության միջոցների, այդ թվում` հայաստանյան մամուլի ամենօրյա տեսություն, ինչպես նաև ինտերնետի միջոցով ուսումնասիրում օտարերկրյա թերթերի ու գործակալությունների նյութերը, դրանց հիման վրա պատրաստում ամենօրյա տեսություններ.

ժե) իրականացնում է իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

(37-րդ կետը խմբ. 22.12.06 N 25-Ն)

38. (38-րդ կետն ուժը կորցրել է 22.12.06 N 25-Ն)

39. Կազմակերպական վարչությունը իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) պատրաստում և մշակում է Դատարանների նախագահների խորհրդի որոշումների նախագծերը.

բ) ապահովում է Դատարանների նախագահների խորհրդի, նրա հանձնաժողովների նիստերի նախապատրաստական և կազմակերպական աշխատանքները.

գ) վարում է ՀՀ օրենքների, ենթաօրենսդրական և գերատեսչական ակտերի շտեմարանը, պատրաստում է ՀՀ օրենքների, ՀՀ օրենսգրքերի ժամանակագրական օրինակներ.

դ) պատրաստում է քաղաքացիների դիմումների պատասխան-գրությունների նախագծերը.

ե) իրականացնում է իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

40. Ֆինանսաբյուջետային վարչությունը իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) ապահովում է Դեպարտամենտի կապը ՀՀ կառավարության լիազոր մարմնի հետ.

բ) գանձապետական հաշիվների միջոցով փոխանցում է առանձնացված ստորաբաժանումներին հատկացված դրամական միջոցները.

գ) միջոցներ է ձեռնարկում Դեպարտամենտին հատկացված դրամական միջոցների արդյունավետ օգտագործման ուղղությամբ.

դ) մշակում է ՀՀ դատական համակարգի միջնաժամկետ ծախսային ծրագիրը և առաջիկա տարվա բյուջետային հայտը.

ե) իրականացնում է բյուջեի կատարողականի վերլուծություն.

զ) ֆինանսական հաշվետվությունների վերլուծությունների հիման վրա պատրաստում է ֆինանսավորման հայտերը.

է) անհրաժեշտության դեպքում առաջարկ է ներկայացնում Դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների պահպանման ծախսերի նախահաշվում փոփոխություններ կատարելու մասին.

ը) կազմում է Դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումներին հատկացված բյուջետային միջոցների համամասնական բաշխման նախագիծը.

թ) ապահովում է ֆինանսադրամարկղային և բյուջետային կարգապահությունը.

ժ) ապահովում և իրականացնում է օրենքով և իրավական այլ ակտերով բյուջետային գործընթացն ու ֆինանսավորումը կանոնակարգող այլ գործառույթներ:

41. Ֆինանսաբյուջետային վարչությունը Ֆինանսաբյուջետային վարչության Հաշվապահական հաշվառման և  ֆինանսական բաժնի միջոցով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) վարում է Դեպարտամենտի կենտրոնական մարմնի հաշվապահական հաշվառումը.

բ) իրականացնում է առանձնացված ստորաբաժանումների կողմից ներկայացված հաշվապահական հաշվետվությունների հաշվառում և վերլուծություն, դրա հիման վրա ձևակերպում է ֆինանսական պարտավորությունները.

գ) կազմում է Դեպարտամենտի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները.

դ) սահմանված կարգով հաշվառում է դրամական միջոցները, նյութական արժեքները, գույքագրում դրանց հետագա շարժի հետ կապված գործառնությունները.

ե) ընդունում է Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների ներկայացրած պահպանման ծախսերի նախահաշիվները, կատարում համապատասխան վերլուծություններ.

զ) կազմում է Դեպարտամենտի պահպանման ծախսերի ամփոփ նախահաշիվները.

է) իրականացնում է Ֆինանսաբյուջետային վարչությանը  վերապահված հաշվապահական հաշվառումից բխող այլ գործառույթներ:

(41-րդ կետը լրաց. 22.12.06 N 25-Ն)

42. Հաշվապահական հաշվառման և ֆինանսական բաժինը ղեկավարում է բաժնի պետը, որը միաժամանակ Դեպարտամենտի գլխավոր հաշվապահն է:

Դեպարտամենտի կենտրոնական մարմնի ֆինանսական փաստաթղթերը գլխավոր հաշվապահին օրենքով և իրավական այլ ակտերով վերապահված մասով ստորագրում է հաշվապահական հաշվառման և ֆինանսական բաժնի պետը:

(42-րդ կետը փոփ. 22.12.06 N 25-Ն)

43. Դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների ֆինանսավորման հայտերը ստորագրում է Ֆինանսաբյուջետային վարչության պետը:

44. Ներքին աուդիտի վարչությունը իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) իրականացնում է դատական դեպարտամենտի ներքին աուդիտը.

բ) իրականացնում է հսկողություն Դեպարտամենտի գույքի տնօրինման, նպատակային օգտագործման նկատմամբ.

գ) հսկողություն է իրականացնում Դեպարտամենտի հաշվապահական հաշվառման նկատմամբ.

դ) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

45. Ներքին աուդիտի վարչության պետը Դեպարտամենտի գլխավոր աուդիտորն է:

46. Կադրերի բաժինը իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) ապահովում է դատական ծառայողների անձնական գործերի վարումը.

բ) վարում է դատավորների անձնական գործերը.

գ) նախապատրաստում և հաշվառում է վճռաբեկ դատարանի նախագահի, Դեպարտամենտի ղեկավարի կողմից ընդունվող հրամաններն ու այլ իրավական ակտերը.

դ) տալիս է տեղեկանքներ դատական ծառայության թափուր պաշտոնների մասին, դատական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց` իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանելու մասին.

ե) ապահովում է դատական ծառայության թափուր պաշտոնի համար մրցույթների անցկացումը.

զ) ընդունում է դատական ծառայության պաշտոնների համար հայտարարված մրցույթների հայտերը, եզրակացություն է տալիս մրցույթի մասնակցի` իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանելու մասին.

է) վարում է դատավորների և դատական ծառայողների զենքի հաշվառումը.

ը) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

47. ՀՀ դատարանների արխիվը իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) իրականացնում է արխիվ հանձնված գործերի, կայացված վճիռների, դատավճիռների, որոշումների և այլ փաստաթղթերի հաշվառում.

բ) օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է արխիվ մուտքագրվող փաստաթղթերի պլանավորված համալրում և օգտագործում.

գ) ապահովում է դատարանների արխիվներում պահպանվող փաստաթղթերի պահպանությունը.

դ) սահմանված կարգով մշակում է արխիվային նյութերը.

ե) ընդունում է արխիվային գործերը և պատասխանատվություն կրում դրանց պահպանման համար.

զ) հսկողություն է իրականացնում ՀՀ դատարանների արխիվներում «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված փաստաթղթերի ժամանակավոր պահպանման ժամկետների նկատմամբ.

է) վարում է պետական տուրքի հաշվառում.

ը) իր խնդիրներն ու գործառույթներն իրականացնելու նպատակով համագործակցում է ՀՀ դատարանների և այլ արխիվների հետ.

թ) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

48. (48-րդ կետն ուժը կորցրել է 22.12.06 N 25-Ն)

49. Տնտեսական շահագործման վարչությունը իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) ապահովում է Դեպարտամենտի վարչական շենքերի և դրանց հարող տարածքների շահագործումը, բարեկարգումը, ընթացիկ շինարարությունը.

բ) ապահովում է դատարանների աշխատանքային անհրաժեշտ պայմանները, համակարգչային, հեռախոսակապի, կապի այլ տեսակների անխափան աշխատանքը.

գ) ապահովում է ընթացիկ տարվա ֆինանսական հատկացումների խնայողական օգտագործումը և ապրանքանյութական արժեքների պահպանվածությունը.

դ) համապատասխան մարմինների, Դեպարտամենտի կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ ապահովում է Դեպարտամենտի ղեկավարի, Դեպարտամենտի այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների տեխնիկական օժանդակությունը.

ե) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

50. Համակարգչային ծառայությունը իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) ապահովում և սպասարկում է Դեպարտամենտում կառավարման ժամանակակից տեխնիկական միջոցների, համակարգչային ծրագրերի, հաղորդակցության էլեկտրոնային միջոցների, տեղային ցանցի, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, տեղեկատվական միջազգային համակարգերի, հասանելիության միջոցների նախագծումը, դրանց շահագործումը.

բ) Դեպարտամենտում կազմակերպում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը, արխիվացնում և պահպանում է էլեկտրոնային գործավարության և նրա գործունեության ընթացքում առաջացած էլեկտրոնային փաստաթղթերը.

գ) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

(50-րդ կետը փոփ. 22.12.06 N 25-Ն)

 

VI. ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԳՈՒՅՔԸ, ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

51. Դեպարտամնետի գույքը ձևավորվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

52. Դեպարտամենտն իրավունք ունի ՀՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան օգտագործել, տիրապետել և տնօրինել իրեն հանձնված գույքը (գույքային իրավունքները):

53. Դեպարտամենտի պահպանման ծախսերն ամբողջությամբ ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներից: Դեպարտամենտը կարող է նաև ֆինանսավորվել օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներից:

54. Դեպարտամենտն իր ֆինանսական գործառնություններն ու իր կարիքների համար գնումները կատարում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

55. Դեպարտամենտի կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» ՀՀ օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով Դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների կողմից:

 

VII. ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

56. Դեպարտամենտի վերակազմակերպումը և գործունեության դադարումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:ուղղ.

 

 

Հավելված 2
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի
2006 թ. օգոստոսի 30-ի
թիվ 01-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ»

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ

 

I. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Վարչություններ`

ա) Դատական պրակտիկայի ամփոփման վարչություն.

բ) Կազմակերպական վարչություն.

գ) Միջազգային համագործակցության, արարողակարգի և տեղեկատվության վարչություն.

գ) Ֆինանսաբյուջետային վարչություն.

դ) Ներքին աուդիտի վարչություն.

ե) Տնտեսական շահագործման վարչություն:

2. Կադրերի բաժին:

3. Համակարգչային ծառայություն:

4. ՀՀ դատարանների արխիվ:

 

II. ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Արդարադատության խորհրդի աշխատակազմ.

2. Դատական դպրոց.

3. ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմ.

4. ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի աշխատակազմ.

5. ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի աշխատակազմ.

6. ՀՀ տնտեսական դատարանի աշխատակազմ.

7. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի աշխատակազմ.

8. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի աշխատակազմ.

9. Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի աշխատակազմ.

10. Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի աշխատակազմ.

11. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի աշխատակազմ.

12. Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի աշխատակազմ.

13. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի աշխատակազմ.

14. Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակազմ.

15. Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակազմ.

16. Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակազմ.

17. Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակազմ.

18. Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակազմ.

19. Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակազմ.

20. Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակազմ.

21. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակազմ.

22. Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակազմ.

23. Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակազմ

(Հավելվածը խմբ. 22.12.06 N 25-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան