Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.01.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2011.12.26/13(21) Հոդ.6
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
24.11.2010
Ստորագրման ամսաթիվ
24.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.2011

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը և Թուրքմենստանի կրթության նախարարությունը, այսուհետ` Կողմեր,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության և Թուրքմենստանի Կառավարության միջև բարձրագույն կրթության բնագավառում համագործակցության մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության և Թուրքմենստանի միջև մշակութային և գիտատեխնիկական համագործակցության մասին 1993 թ. օգոստոսի 24-ի համաձայնագրերով,

հիմնվելով երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների վրա,

իրենց փոխհարաբերություններում և կրթական քաղաքականությունում համամարդկային արժեքների գերակայությունն ընդունելով,

ցանկանալով հաստատուն և ամուր դարձնել փոխշահավետ համագործակցությունը կրթության ոլորտում,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը, միջազգային իրավունքի նորմերին և յուրաքանչյուր պետության տարածքում գործող ներքին օրենսդրությանը համապատասխան, կշարունակեն ու կզարգացնեն համագործակցությունը Կողմերի կրթական կազմակերպությունների և հաստատությունների միջև` իրավահավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերից յուրաքանչյուրը մյուս Կողմի պետության քաղաքացիներին երաշխավորում է ուսուցման հնարավորություն` ըստ ընդունող Կողմի պետության` կրթությունը ղեկավարող մարմինների սահմանած կարգի և պայմանների:

Կողմերն իրենց ջանքերը կկենտրոնացնեն կրթության կարևորագույն ուղղություններում փորձի, Կողմերից յուրաքանչյուրի համար առաջնային մասնագիտություններով ասպիրանտների և փորձնակների փոխանակումը բազմակողմանիորեն կազմակերպելու վրա:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը միջոցներ կձեռնարկեն գիտամանկավարժական կադրերի պատրաստման և նրանց որակավորման բարձրացման համար` հումանիտար, ինժեներատեխնիկական գիտությունների, ինչպես նաև կրթության կառավարման և ֆինանսավորման բնագավառում գիտական համատեղ հետազոտությունների անցկացման ուղղությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը պետական պատվերի շրջանակում կարող են տրամադրել պետական քվոտաներ մյուս Կողմի պետության քաղաքացիներին իրենց ուսումնական հաստատություններ ընդունելու համար:

Ընտրության, ընդունման և ֆինանսավորման կարգը որոշվում է յուրաքանչյուր տարի` Կողմերի միջև կնքված առանձին արձանագրություններով:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը կաջակցեն մյուս Կողմի պետության քաղաքացիների անհատական ընդունելությանը իրենց ուսումնական հաստատություններ` համաձայն գործող օրենսդրության:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերը կձգտեն ընդլայնել գիտնականների համատեղ մասնակցությունը կրթության ոլորտում միջազգային ծրագրերին ու նախագծերին, սեմինարներին, կոնֆերանսներին և գիտաժողովներին:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերն աջակցում են կրթության զարգացման նորմատիվային բազայի, պետական կրթական չափորոշիչների մշակման ոլորտում տեղեկատվության ստացմանը և փոխանակմանը, գիտամանկավարժական և գիտամեթոդական ենթագերատեսչական հաստատությունների միջև անմիջական համագործակցության զարգացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերը կշարունակեն և կզարգացնեն իրենց պետությունների կրթության մարմինների ու հաստատությունների միջև ձևավորված հարաբերությունները տարբեր մակարդակներում, կնպաստեն սովորողների, ուսանողների ու մանկավարժների շփումների ընդլայնմանը զբոսաշրջային-էքսկուրսիական գործունեության ոլորտում, համատեղ աշխատանքի ու հանգստի կազմակերպմանը, արվեստների փառատոների և առարկայական օլիմպիադաների անցկացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Անհրաժեշտության դեպքում Կողմերը կարող են ստեղծել համատեղ հանձնաժողով սույն Համաձայնագրի հետագա իրագործման հետ կապված միջոցառումների մշակման համար, ինչպես նաև` կրթության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ ու լրացումներ, որոնք կձևակերպվեն սույն Համաձայնագրի անբաժանելի մասը կազմող արձանագրություններով: Նշված արձանագրությունները ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ազգային օրենսդրությամբ նախատեսված` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին վերջին ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով, որի գործողությունն ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ հնգամյա ժամանակաշրջանի համար, եթե Կողմերից որևէ մեկը Համաձայնագրի գործողության ժամկետի ավարտից վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չի ծանուցում սույն Համաձայնագիրը չեղյալ հայտարարելու իր մտադրության մասին:

Սույն Համաձայնագրում կատարված որևէ փոփոխություն կամ դրա գործողության դադարեցումը չեն ազդելու Համաձայնագրի գործողության ընթացքում սկսված և մինչև այդ փոփոխության ուժի մեջ մտնելը կամ Համաձայնագրի գործողության դադարեցումը չավարտված նախագծերի իրականացման վրա:

 

Կատարված է Աշխաբադ քաղաքում 2010 թվականի նոյեմբերի 24-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, թուրքմեներեն և ռուսերեն, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթները մեկնաբանելիս տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի ռուսերեն տեքստին:

 

 Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2011թ. հունվարի 31-ին