Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.08.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2011.12.26/13(21) Հոդ.18
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
04.04.2011
Ստորագրման ամսաթիվ
04.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.08.2011

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ/ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ԿՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՊԱՀԱՆՋԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Սերբիայի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

 

ցանկանալով ամրապնդել երկկողմ հարաբերությունները և

 

ցանկանալով դյուրացնել իրենց այն քաղաքացիների տեղաշարժը, ովքեր կրում են դիվանագիտական և ծառայողական/պաշտոնական անձնագրեր,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերի պետությունների դիվանագիտական և ծառայողական/պաշտոնական վավեր անձնագրեր կրող քաղաքացիներն ազատվում են մյուս Կողմի պետության տարածք մուտք գործելու, այն տարանցելու և այնտեղ մնալու համար մուտքի արտոնագրի պահանջից իննսուն (90) օրը չգերազանցող ժամանակահատվածում:

 

Հոդված 2

 

1. Դիվանագիտական և ծառայողական/պաշտոնական վավեր անձնագիր կրող` մի Կողմի պետության` մյուս Կողմի պետությունում դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների անձնակազմի անդամ հանդիսացող քաղաքացիները, ինչպես նաև նրանց` դիվանագիտական և ծառայողական/պաշտոնական վավեր անձնագիր կրող ընտանիքի անդամները կարող են մուտք գործել և մնալ առանց մուտքի արտոնագրի, եթե նրանց առաջին մուտքի մասին տեղեկացվել է դիվանագիտական ուղիներով դրանից առնվազն երեսուն (30) օր առաջ:

2. Դիվանագիտական և ծառայողական/պաշտոնական վավեր անձնագիր կրող` մի Կողմի պետության քաղաքացիները, ովքեր ներկայացնում են իրենց պետությունը մյուս Կողմի պետության տարածքում գտնվող միջազգային կազմակերպությունում, ինչպես նաև նրանց` դիվանագիտական և ծառայողական/պաշտոնական վավեր անձնագիր կրող ընտանիքի անդամներն ունեն 1-ին կետում սահմանված նույն իրավունքները:

 

Հոդված 3

 

Կողմերի պետությունների դիվանագիտական և ծառայողական/պաշտոնական վավեր անձնագրեր կրող քաղաքացիները պետք է հատեն սահմանը միայն միջազգային երթևեկության համար նախատեսված սահմանային անցակետերով:

 

Հոդված 4

 

Մի Կողմի պետության դիվանագիտական և ծառայողական/պաշտոնական վավեր անձնագրեր կրող քաղաքացիները պետք է հարգեն մյուս Կողմի պետության գործող օրենքներն ու կանոնները այդ պետության տարածքում գտնվելու ընթացքում:

 

Հոդված 5

 

1. Սույն Համաձայնագիրը չի սահմանափակում Կողմերի իրավասու մարմինների իրավունքը` մերժել մյուս Կողմի պետության դիվանագիտական և ծառայողական/պաշտոնական անձնագիր կրող քաղաքացու մուտքի կամ կացության թույլտվությունը` առանց մեկնաբանելու իրենց որոշումը, եթե վերջինս հանդիսանում է persօna nօn grata (ոչ ցանկալի անձ):

2. Եթե մի Կողմի պետության քաղաքացին կորցնում է իր անձնագիրը մյուս Կողմի պետության տարածքում, նա պետք է այդ մասին հայտնի ընդունող պետության իրավասու մարմիններին: Համապատասխան դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունը պետք է իր քաղաքացուն տրամադրի նոր անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ և այդ մասին հայտնի ընդունող պետության իրավասու մարմիններին:

 

Հոդված 6

 

1. Կողմերը սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո` առնվազն երեսուն /30/ օրվա ընթացքում, կփոխանակեն ներկայումս կիրառվող դիվանագիտական և ծառայողական/պաշտոնական անձնագրերի նմուշները և դրանց կիրառման վերաբերյալ տեղեկատվությունը:

2. Եթե ընդունվում է անձնագրի նոր տարբերակ, կամ փոփոխությունների է ենթարկվում գործողը, Կողմերից յուրաքանչյուրը պետք է անհապաղ տեղեկացնի մյուս Կողմին` նոր կամ փոփոխված անձնագրի նմուշը դիվանագիտական ուղիներով փոխանցելով դրա պաշտոնական գործածումից առնվազն երեսուն /30/ օր առաջ:

 

Հոդված 7

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանության կամ կիրառման ընթացքում ծագած վեճերը լուծվում են դիվանագիտական ուղիներով:

 

Հոդված 8

 

Կողմերից յուրաքանչյուրը կարող է ժամանակավորապես կասեցնել սույն Համաձայնագրի կիրառումն ամբողջությամբ կամ մասնակիորեն` ազգային անվտանգության, հասարակական կարգի կամ հանրային առողջության նկատառումներից ելնելով: Նման կասեցումն ուժի մեջ է մտնում դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին տեղեկացնելուց անմիջապես հետո: Կողմերը պետք է վարվեն նմանապես, երբ կասեցումը վերացվում է:

 

Հոդված 9

 

Կողմերից յուրաքանչյուրը կարող է սույն Համաձայնագիրը փոփոխելու գրավոր առաջարկ ներկայացնել: Կողմերի համաձայնեցրած ցանկացած փոփոխություն ուժի մեջ կմտնի սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածում նախատեսված կարգով:

 

Հոդված 10

 

1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում դիվանագիտական ուղիներով դրա ուժի մեջ մտնելու համար Կողմերի ազգային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի ավարտի վերաբերյալ վերջին ծանուցումը ստանալուց երեսուն (30) օր հետո:

2. Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` մյուս Կողմին այդ մասին դիվանագիտական ուղիներով ծանուցելով, և սույն Համաձայնագրի գործողությունը դադարում է նման ծանուցում ստանալուց իննսուն (90) օր հետո:

 

Կատարված է ք. Բելգրադում 2011 թվականի ապրիլի 4-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, սերբերեն և անգլերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ընթացքում առաջացած տարաձայնությունների դեպքում կգերակայի անգլերեն տարբերակը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2011թ. օգոստոսի 22-ին