041.0521.27.08.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 1998 թվականի N 521
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի մասին» N 249 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) իրականացնում է Հայաստանի Հանրապետություն մարդասիրական օգնության կարգով մուտք գործող ապրանքների հաշվառումը, բաշխումը, վերահսկողությունը, ինչպես նաև օգնությունը որպես մարդասիրական որակելու աշխատանքները` ապահովելով դրանց հրապարակայնությունը:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
3. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
4. Հանձնաժողովի գործունեության հետ կապված ծախսերը ֆինանսավորվում են մարդասիրական օգնության և բարեգործական նպատակներով ստացված միջոցների կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
5. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների կատարման համար հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
6. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:
7. Հանձնաժողովն ունի իր անվամբ կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ և բանկային հաշիվներ:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐ
8. Հանձնաժողովի խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության մարդասիրական օգնության կարգով մուտք գործող ապրանքների ստացման, փաստագրման և բաշխման աշխատանքների համակարգումը.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում ստացած հասարակական, այդ թվում` բարեգործական, կրոնական, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների կողմից ներմուծվող (ստացվող) ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ստացման և բաշխման հաշվառումը, այդ աշխատանքների վերահսկումը` համաձայնեցնելով օգնությունը տրամադրող սուբյեկտների հետ.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեություն) տարբերակումը` ըստ մարդասիրական օգնության և բարեգործական ու տեխնիկական (այլ) բնույթի, ինչպես նաև, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համաձայն, որոշում է ավելացված արժեքի հարկից ազատվող ապրանքների ու ծառայությունների շրջանակը.
դ) բարեգործական և մարդասիրական ճանաչված ծրագրերի իրականացման ընթացքի և դրանց կատարման վերաբերյալ հաշվետվությունների ստացումը.
ե) այլ մարմինների հետ համագործակցության միջոցով բարեգործական և մարդասիրական օգնության ստացման գերակայող ուղղությունների որոշումն ու դրանք բարեգործական և մարդասիրական կազմակերպություններ ներկայացնելը.
զ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությունը` բյուջետային գործընթացի իրականացումն ապահովելու համար տեղեկատվության տրամադրման առումով:
(8-րդ կետը փոփ. 23.04.99 N 242)
9. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների իրականացման նպատակով համագործակցում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների հետ:
10. Հանձնաժողովը կարող է հրավիրել համաժողովներ` հանձնաժողովի կատարած աշխատանքների և Հայաստանի Հանրապետության մարդասիրական օգնության կարգով մուտք գործող ապրանքների վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
11. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի, ինչպես նաև հեռակա քվեարկությամբ որոշումների ընդունման ձևով:
12. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:
13. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն երեք քառորդը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստի մասնակիցների (կամ հեռակա քվեարկությամբ) ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահը ձայնը վճռորոշ է:
14. Սույն կանոնադրության 8-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված հարցի վերաբերյալ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են համապատասխան ճյուղային նախարարության եզրակացության հիման վրա` նիստի մասնակիցների ձայների երկու երրորդով:
15. Հանձնաժողովն իր աշխատանքներում կարող է ներգրավել Հայաստանի Հանրապետության այլ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների, ինչպես նաև մասնագետների:
16. Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմիններից, ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ըստ անհրաժեշտության ստանում է իր իրավասությանը պատկանող հարցերին վերաբերող վերլուծական և տեղեկատվական նյութեր, վիճակագրական տվյալներ և այլ փաստաթղթեր:
17. Հանձնաժողովն ապահովում է իր աշխատանքների հրապարակայնությունը:
18. Հանձնաժողովի նախագահը`
ա) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում է դրանք.
բ) ստորագրում է հանձնաժողովի ընդունած որոշումները.
գ) կազմակերպում է հանձնաժողովի ղեկավարում նրա գործունեությունը, վերահսկողություն է իրականացնում հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման նկատմամբ.
դ) ներկայացնում է հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.
ե) տնօրինում է հանձնաժողովի բանկային հաշիվները.
զ) հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում առանձին միջնորդագրերով կամ հանձնարարականներով կարգավորվում է հրատապ լուծում պահանջող հարցերը առանձին դեպքերում դրանք համաձայնեցնելով հանձնաժողովի անդամների հետ.
է) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
19. Հանձնաժողովի անդամները`
ա) պատասխանատու են հանձնաժողովի նիստում իրենց տրված հանձնարարականների և խնդիրների կատարման համար.
բ) հանձնաժողովի նիստից առնվազն երկու շաբաթ առաջ կարող են առաջադրել հարցեր` հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելու նպատակով, ինչպես նաև հանձնաժողովի նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ հայտնել իրենց կարծիքն օրակարգի վերաբերյալ:
20. (կետն ուժը կորցրել է 13.09.99 N 569)
21. Հանձնաժողովի աշխատակազմը`
ա) հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում կարգավորում է հանձնաժողովի գործունեությանն առնչվող ընթացիկ հարցերը.
բ) նախապատրաստում է հանձնաժողովի նիստի օրակարգը, հրավիրում և ապահովում է հանձնաժողովի նիստին պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև այլ անձանց մասնակցությունը:
22. Հանձնաժողովի աշխատակազմը ղեկավարում է հանձնաժողովի քարտուղարը:
(կանոնադրությունը փոփ. 23.04.99 N 242, 13.09.99 N 569)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.10.2000, N 682 | 09.11.2000, N 521 | |
13.09.1999, N 569 | 10.10.1999, N 521 | |
23.04.1999, N 242 | 10.05.1999, N 521 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|