Գլխավոր տեղեկություն
Համար
N 1929-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.07.2005-17.11.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.10.08/54(353) Հոդ.17
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.10.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 2002 թվականի N 1929-Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Հաստատել «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

3. «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

4. Սահմանել, որ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը կրթական, գիտական, փորձագիտական, հրատարակչական գործունեության իրականացումն է:

5. «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրավունք ունի իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.

բ) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.

գ) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.

դ) գիտահետազոտական աշխատանքների իրականացում.

ե) հրատարակչական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.

զ) ուսանողների և համալսարանի անձնակազմի հանրային սննդի կազմակերպում.

է) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.

ը) հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում:

6. «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի տնօրինության գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի:

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի տնօրինության շենքերը, շինությունները Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով իրենց սպասարկման հողատարածքներով, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն ամրացնել «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` անհատույց օգտագործման իրավունքով:

(6-րդ կետը լրաց. 09.06.05 N 888-Ն)

7. Սահմանել, որ`

ա) մինչև վերակազմակերպումը` Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:

Նշված հատկացումները Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի վերակազմակերպումից հետո ներառվում են «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում.

բ) Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվում են «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետին համապատասխան:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2002 թ. դեկտեմբերի 2
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 31-ի N 1929-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

ИI. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` համալսարան) բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է հումանիտար հասարակագիտական, գիտության և մշակույթի տարբեր ուղղությունների բարձրագույն, հետբուհական և լրացուցիչ կրթության, հիմնարար գիտական հետազոտությունների ու ուսումնառության կազմակերպմանը:

2. Համալսարանի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

3. Համալսարանը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ձեռք է բերում և իրականացնում սույն կանոնադրությամբ ամրագրված` իր խնդիրներին համապատասխան իրավունքներ ու պարտականություններ:

4. Համալսարանն իր գործունեության նպատակներին համապատասխան կարող է իրականացնել ուսումնական, հետազոտական, փորձագիտական, վճարովի ծառայություններ և ուսուցում` օրենքով ու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

5. Համալսարանն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների և ծախսերի նախահաշիվ, բանկային հաշիվ:

6. Համալսարանն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք և մեդալ:

7. Համալսարանի անվանումն է`

հայերեն լրիվ` «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

հայերն կրճատ` ԵրՊԼՀ,

ռուսերեն լրիվ` Ереванский государственный лингвистический университет имени В. Брюсова,

ռուսերեն կրճատ` ЕГЛУ им. В. Брюсова,

անգլերեն լրիվ` Yerevan State Linguistic University after Brusov,

անգլերեն կրճատ` YSLU after Brusov.

8. Համալսարանի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 375002, Թումանյան 42:

 

II. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

9. Համալսարանի գործունեության առարկան և նպատակը կրթական, գիտական փորձագիտական, հրատարակչական գործունեության իրականացումն է:

10. Համալսարանի խնդիրներն են`

ա) բարձր մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների, գիտամանկավարժական կադրերի պատրաստումը, բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների վերապատրաստումը և որակավորման բարձրացումը, պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացումն ու գիտամանկավարժական կադրերի վերապատրաստումը.

բ) հումանիտար գիտությունների բնագավառում գիտական, ուսումնամեթոդական և գիտամանկավարժական հետազոտությունների իրականացումը.

գ) կրթության և գիտության ինտեգրացման հիման վրա ուսուցման բովանդակության կատարելագործումը, մասնագիտությունների և մասնագիտացումների համակարգերի մշակումն ու արմատավորումը, դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների և ուղեցույցների ստեղծումը.

դ) գիտական մշակումների տարածումը, մշակութային և լուսավորչական աշխատանքների իրականացումը:

11. Համալսարանն առաջադրված խնդիրներին համապատասխան իրավասու է`

ա) որոշելու իր կառուցվածքը.

բ) պետական կրթական չափորոշիչներին համապատասխան կազմելու ուսումնական պլաններ և առարկայական ծրագրեր.

գ) կազմակերպելու մագիստրոսների, ասպիրանտների, դոկտորանտների, հայցորդների ընդունելություն.

դ) շնորհելու մասնագիտական կրթության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված որակավորման աստիճաններ, համալսարանի պատվավոր կոչումներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրելու համալսարանի մեդալով և պատվոգրով.

ե) ծավալելու համագործակցություն միջազգային ասպարեզում.

զ) իրականացնելու հրատարակչական գործունեություն.

է) կնքելու պայմանագրեր իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ.

ը) վարձակալության հանձնելու իրեն ամրացված գույքը` օրենքով սահմանված կարգով.

թ) տնօրինելու իր ֆինանսական միջոցները.

12. Համալսարանն իրավունք ունի իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.

բ) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.

գ) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.

դ) գիտահետազոտական աշխատանքների իրականացում.

ե) հրատարակչական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.

զ) ուսանողների և համալսարանի անձնակազմի հանրային սննդի կազմակերպում.

է) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.

ը) հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում:

 

III. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

13. Համալսարանի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան: Հիմնադիրն ունի համալսարանի գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Համալսարանի ընդհանուր կառավարումն իրականացնում է լիազորված պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` նախարարություն):

14. Համալսարանի կառավարումը հիմնված է ինքնավարության, միանձնյա և կոլեգիալ կառավարման զուգակցման, ինչպես նաև կարևորագույն հարցերի լուծմանը համալսարանի կոլեկտիվի մասնակցության սկզբունքների վրա:

15. Նախարարությունը`

ա) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է համալսարանի կառավարման մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

բ) իրականացնում է վերահսկողություն համալսարանի գործունեության նկատմամբ.

գ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում համալսարանի ռեկտորի կամ կոլեգիալ կառավարման մարմնի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու որոշումները.

դ) լսում է համալսարանի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է դրանց վերստուգման արդյունքները.

ե) վերահսկողություն է իրականացնում համալսարանին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանման նկատմամբ, համաձայնություն տալիս համալսարանի սեփական գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

զ) հաստատում է համալսարանի պահպանման տարեկան ծախսերի նախահաշիվը.

է) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

16. Համալսարանի կառավարման բարձրագույն մարմինը խորհուրդն է` կոլեկտիվի ներկայացուցչական ժողովը, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է` այդ ընթացքում խորհրդի անդամների մասնակի շրջափոխությամբ: Խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել համալսարանի հաստիքային աշխատողների թվի 1/3-ը: Խորհրդի անդամների առնվազն 65 տոկոսը պետք է կազմեն պրոֆեսորադասախոսական անձնակազմը, 25 տոկոսը` ուսանողները և մինչև 10 տոկոսը` վարչատնտեսական աշխատողները: Խորհրդի կազմի մեջ ի պաշտոնե մտնում են համալսարանի ռեկտորը, պրոռեկտորները, մասնաճյուղերի ղեկավարները, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, համալսարանի կազմում գործող այլ ստորաբաժանումների ղեկավարներ, համալսարանի գիտական քարտուղարը, ռեկտորի խորհրդականը: Խորհրդի մնացած անդամներն ընտրվում են համալսարանի կոլեկտիվի կողմից` ըստ ստորաբաժանումների` ռեկտորատի սահմանած համամասնությամբ:

17. Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ: Դրանք համարվում են իրավազոր` խորհրդի անդամների առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե խորհուրդը դրա մասին այլ որոշում չի ընդունում: Խորհրդի որոշումները կենսագործվում են համալսարանի ռեկտորի հրամանով: Արտահերթ նիստերը հրավիրվում են խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

18. Խորհուրդը`

ա) ընտրում է նախագահ.

բ) հաստատում է իր աշխատակարգը.

գ) կազմակերպում և անցկացնում է համալսարանի ռեկտորի ընտրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.

դ) համալսարանի ռեկտորի ներկայացմամբ` հաստատում է համալսարանի զարգացման, ինչպես նաև միջազգային համագործակցության գլխավոր ուղղությունները.

ե) քննարկում և սահմանված կարգով նախարարություն է ներկայացնում համալսարանի կանոնադրության կամ դրա մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները.

զ) սահմանված կարգով նախարարություն է ներկայացնում առաջարկություններ համալսարանի տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ.

է) քննարկում և հաստատում է խորհրդի տարեկան հաշվետվությունը.

ը) քննարկում է համալսարանի տարեկան գործունեության մասին համալսարանի ռեկտորի հաշվետվությունը և հաստատում այն.

թ) քննարկում և հաստատում է համալսարանի տարեկան հաշվապահական և այլ հաշվետվություններ:

19. Համալսարանի գիտական խորհուրդը համալսարանի ռեկտորի նախագահությամբ գործող ուսումնական, գիտական ու գիտատեխնիկական գործունեությունը համակարգող և կարգավորող կառավարման մարմին է: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

20. Գիտական խորհուրդը`

ա) հաստատում է իր կանոնակարգը.

բ) հատկացված ընդհանուր չափաքանակների սահմաններում, համալսարանի ռեկտորի ներկայացմամբ, հաստատում է վճարովի հիմունքներով ըստ մասնագիտությունների ընդունելության տեղերը.

գ) քննարկում է համալսարանի միջազգային համագործակցության ծրագրերը.

դ) մշակում է դիմորդների ընդունելության կանոնակարգի նախագծեր և դրանք ներկայացնում նախարարություն.

ե) համալսարանի ռեկտորներին ներկայացնում է առաջարկություններ համալսարանի կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ.

զ) համալսարանի ռեկտորի ներկայացմամբ` հաստատում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների օրինակելի կանոնադրությունները, ներքին կարգապահական կանոնները.

է) քննարկում է համալսարանի ուսումնական մասնագիտությունների ու մասնագիտացումների անվանացանկերը.

ը) հաստատում է ուսումնական պլաններն ըստ մասնագիտությունների, որոնք ներկայացվում են նախարարություն.

թ) քննարկում է համալսարանի գիտական գործունեության գլխավոր ու հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ համալսարանում կատարվող գիտահետազոտական և ուսումնական աշխատանքների արդյունքների մասին.

ժ) հաստատում է համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հաստիքացուցակը, կազմակերպում թափուր տեղերի համար թեկնածուների մրցութային ընտրությունները.

ժա) շնորհում է պրոֆեսորի ու դոցենտի գիտական կոչումներ և ներկայացնում բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատմանը, շնորհում է համալսարանի պատվավոր կոչումներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրում համալսարանի մեդալով, պատվոգրով, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար ներկայացնում է թեկնածուներ.

ժբ) իրականացնում է համալսարանի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ լիազորություններ, որոնք բխում են սույն կանոնադրությունից:

21. Գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել համալսարանի հաստիքային աշխատողների թվի 1/6-ը:

22. Գիտական խորհրդի կազմի մեջ մտնում են համալսարանի ռեկտորը (նախագահ), պրոռեկտորները, համալսարանի գիտական քարտուղարը, ռեկտորի խորհրդականը, ուսումնական և գիտական վարչությունների (կամ մասերի) վարիչները (կամ պետերը), ֆակուլտետների դեկանները, համահամալսարանական ամբիոնների վարիչները, արհմիութենական կազմակերպության նախագահը, գրադարանի տնօրենը, ուսանողական խորհրդի նախագահը` ի պաշտոնե, ինչպես նաև համալսարանի ռեկտորի ընտրությամբ` այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, հանրապետության գիտության և կրթության առաջատար մասնագետներ (ընդհանուր թվի մինչև 15 տոկոսի չափով):

23. Գիտական խորհրդի մյուս անդամներն ընտրվում են համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից` համաձայն գիտական խորհրդի կանոնակարգի:

24. Գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է գիտական խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են գիտական խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ և կենսագործվում համալսարանի ռեկտորի հրամաններով:

25. Գիտական խորհրդին կից` գիտական խորհրդի որոշմամբ, շրջափոխման սկզբունքով, 3-5-ը տարի ժամկետով ստեղծվում են համալսարանական հանձնաժողովներ, որոնց կազմը հաստատում է համալսարանի ռեկտորը: Հանձնաժողովի աշխատակարգը սահմանվում է գիտական խորհրդի կանոնակարգով:

26. Ռեկտորատը համալսարանի ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որը համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում, իր կանոնակարգով սահմանված լիազորությունների սահմաններում, քննարկում է համալսարանի գործունեությանը վերաբերող հարցեր:

27. Ռեկտորատի կազմի մեջ մտնում են համալսարանի ռեկտորը, պրոռեկտորները, համալսարանի գիտական քարտուղարը, ֆակուլտետների դեկանները, գիտական և ուսումնական վարչությունների (կամ մասերի) ղեկավարները: Ռեկտորատի որոշումները կենսագործվում են համալսարանի ռեկտորի հրամաններով:

28. Համալսարանի ընթացիկ ղեկավարումն իր իրավասության սահմաններում իրականացնում է գործադիր մարմինը` համալսարանի ռեկտորը, որն ընտրվում է խորհրդի կողմից սահմանված կարգով, փակ գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Համալսարանի ռեկտոր կարող է ընտրվել գիտամանկավարժական աշխատանքի փորձ ունեցող գիտությունների դոկտորը: Համալսարանի ռեկտորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են օրենքով սահմանված կարգով:

29. Համալսարանի ռեկտորը`

ա) ղեկավարում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը.

բ) ներկայացնում է համալսարանը Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում, կազմակերպություններում, հիմնարկներում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում.

գ) ապահովում է, ըստ մասնագիտությունների, մասնագետների պատրաստման և գիտահետազոտական աշխատանքների պետական պատվերների կատարումը.

դ) կնքում է պայմանագրեր, բանկերում բացում հաշիվներ.

ե) սահմանում է համալսարանի կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

զ) կնքում է աշխատանքային պայմանագրեր սահմանված կարգով ընտրված դեկանների, ամբիոնի վարիչների և դասախոսների հետ: Պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, սահմանում նրանց իրավունքները, պարտականությունները և պատասխանատվության շրջանակները.

է) հրավիրում է համալսարանի խորհրդի, գիտական խորհրդի, ռեկտորատի նիստեր և ապահովում դրանց սերտ համագործակցությունը.

ը) սահմանված կարգով կարգապահական ներգործության միջոցներ է կիրառում աշխատողների և սովորողների նկատմամբ.

թ) համալսարանի ֆինանսական միջոցների շրջանակներում սահմանում է աշխատավարձի և հավելավճարների չափերը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան լուծում աշխատողների ու սովորողների պարգևատրման և ֆինանսական օգնության հետ կապված հարցերը.

ժ) հրամաններ է արձակում ուսանողների և ասպիրանտների ընդունելության, կուրսից կուրս փոխադրելու, կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու և որակավորման աստիճան շնորհելու մասին.

ժա) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համալսարանի պրոռեկտորներին` սահմանելով նրանց գործունեության ոլորտներն ու պարտականությունները.

ժբ) իր բացակայության ժամանակ համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը դնում է պրոռեկտորներից մեկի վրա.

ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

 

IV. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

30. Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումներ են համարվում ֆակուլտետները, ամբիոնները, բաժինները, լաբորատորիաները, գիտական գրադարանը, քոլեջները, վարժարանները և այլն: Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանվում են սույն և իրենց կանոնադրություններով:

31. Համալսարանն իր կազմի մեջ մտնող բոլոր ստորաբաժանումների հետ միասին ուսումնական և գիտական ամբողջություն է, որի միասնությունն ապահովում է ուսումնական, կրթական կամ գիտահետազոտական գործընթացների կազմակերպմանը նրա բոլոր ստորաբաժանումների պարտադիր մասնակցությամբ:

32. Համալսարանի ֆակուլտետները գործում են ֆակուլտետների կանոնադրությունների հիման վրա:

33. Ֆակուլտետն իր իրավասության սահմաններում իրավունք ունի ընդունելու ինքնուրույն որոշումներ, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

34. Ֆակուլտետն իր խնդիրներին և իր կողմից իրականացվող մանկավարժական, գիտական աշխատանքներին համապատասխան մշակում է ֆակուլտետի հաստիքացուցակը, որը հաստատվում է համալսարանի ռեկտորի կողմից:

35. Ֆակուլտետը կազմված է ամբիոններից, լաբորատորիաներից և ուսումնական ու այլ ստորաբաժանումներից:

36. Ֆակուլտետի խորհուրդը քննարկում է ֆակուլտետի կանոնադրությունը և այն ներկայացնում համալսարանի գիտական խորհրդի հաստատմանը, ընտրում է ֆակուլտետի դեկանին, լսում դեկանի ամենամյա հաշվետվությունները և գնահատում նրա գործունեությունը:

37. Ֆակուլտետի խորհրդի կազմի ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում է ֆակուլտետի կանոնադրությամբ: Ֆակուլտետի խորհրդի նախագահը ֆակուլտետի դեկանն է:

38. Ֆակուլտետի խորհուրդը`

ա) ֆակուլտետի կառուցվածքում ամբիոններ (լաբորատորիաներ, բաժիններ) և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմավորելու և լուծարելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում համալսարանի ռեկտորին.

բ) լուծում է ֆակուլտետի ուսումնական, գիտական աշխատանքների, միջազգային կապերի և այլ գործունեության հետ կապված հարցեր.

գ) համալսարանի ռեկտորին է ներկայացնում ֆակուլտետի ուսումնական պլանները` համալսարանի գիտական խորհրդում հաստատելու համար.

դ) ընտրում է համալսարանի գիտական խորհրդում ֆակուլտետի ներկայացուցիչներին.

ե) լուծում է սույն կանոնադրությունից բխող` ֆակուլտետի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր: Ֆակուլտետի խորհրդում որոշումներն ընդունվում են նրա նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ֆակուլտետի խորհրդի որոշումները պարտադիր են ֆակուլտետի աշխատողների, ուսանողների, ասպիրանտների և հայցորդների համար:

39. Ֆակուլտետի գործունեությունը կազմակերպում և ղեկավարումն իրականացնում է ֆակուլտետի դեկանը իր իրավասության սահմաններում և սույն կանոնադրության համաձայն:

Դեկանն ընտրվում է ֆակուլտետի մեծ խորհրդում: Դեկանի պաշտոնում ընտրված է համարվում ֆակուլտետի մեծ խորհրդում մասնակիցների ձայների կեսից ավելին հավաքած թեկնածուն: Ֆակուլտետի մեծ խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցել է խորհրդի անդամների 2/3-ը:

Համալսարանի ռեկտորը դեկանի ընտրությունների արդյունքների հիման վրա` իր հրամանով դեկանին նշանակում է պաշտոնի` մինչև 5 տարի ժամկետով:

40. Ֆակուլտետի դեկանը`

ա) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, գիտական, արտադրական, միջազգային և այլ գործունեություն.

բ) ապահովում է ֆակուլտետի խորհրդի ընդունած որոշումների կատարումը.

գ) համալսարանի ռեկտորի հաստատմանն է ներկայացնում դեկանի տեղակալներին.

դ) սահմանված կարգով համալսարանի ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ուսանողներին կուրսից կուրս փոխադրելու, կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու վերաբերյալ:

41. Ամբիոնները (բաժինները, լաբորատորիաները) համալսարանի ֆակուլտետի ուսումնագիտական գործընթացը կազմակերպող հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներն են, որոնք գործում են սույն կանոնադրության և ֆակուլտետների ամբիոնների ու լաբորատորիաների օրինակելի կանոնադրության հիման վրա:

Ամբիոնը ղեկավարում է ամբիոնի վարիչը, որը սահմանված կարգով ընտրվում է համալսարանի գիտական խորհրդում և համալսարանի ռեկտորի հրամանով նշանակվում է պաշտոնի` մինչև 5 տարի ժամկետով:

Ամբիոնի գիտամանկավարժական կազմը բաղկացած է պրոֆեսորներից, դոցենտներից, ասիստենտներից, դասախոսներից:

42. Համալսարանի ամբիոնների (բաժինների, լաբորատորիաների) պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքի ընդունումը կատարվում է մրցութային կարգով` պայմանագրային հիմունքներով:

 

V. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

43. Ուսանողների ընդունելությունը համալսարան կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վճարովի ուսուցումն իրականացվում է նախարարության սահմանած կարգով:

44. Համալսարանում ուսուցումն իրականացվում է առկա, հեռակա և դրսեկություն (էքստեռն) ձևերով:

45. Համալսարանում ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակից բաղկացած ուսումնական տարով, յուրաքանչյուր կիսամյակ ավարտվում է քննաշրջանով:

46. Համալսարանում սահմանվում են ուսումնական պարապմունքների հետևյալ հիմնական տեսակները` դասախոսություն, գործնական (սեմինար), լաբորատոր և անհատական պարապմունքներ, մանկավարժական, արտադրական պրակտիկա, խորհրդատվություն, ստուգողական աշխատանքներ:

47. Համալսարանում իրականացվում է դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրով ուսուցում: Համալսարանում կարող է կիրառվել նաև բարձրագույն կրթության բազմաստիճան համակարգ: Համալսարանի ուսուցման յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտներին տրվում է համապատասխան որակավորում և ավարտական փաստաթուղթ (դիպլոմ):

Ուսուցման մեկ աստիճանից մյուսին անցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանած կարգով:

48. Համալսարանում կատարվում են գիտահետազոտական և ստեղծագործական աշխատանքներ` գիտական խորհրդի կողմից հաստատված պլաններով, անցկացվում են գիտական համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ:

49. Գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել համալսարանի դասախոսները, գիտաշխատողները, ասպիրանտները, հետազոտողները, հայցորդները և ուսանողները, ինչպես նաև պայմանագրային կարգով հրավիրված այլ մասնագետներ:

 

VI. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ

 

50. Համալսարանի աշխատողներն են պրոֆեսորադասախոսական կազմը, գիտական, ուսումնաօժանդակ ու վարչատնտեսական աշխատողները:

51. Համալսարանի սովորողներն են ուսանողները, դրսեկները, ասպիրանտները, հետազոտողները և հայցորդները:

52. Համալսարանի աշխատողների և սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ներքին կանոններով, կոլեկտիվ պայմանագրով և համալսարանի այլ ակտերով:

53. Համալսարանի աշխատողները և սովորողներն իրավունք ունեն`

ա) ընտրելու և ընտրվելու համալսարանի խորհրդում, գիտական խորհրդում, ֆակուլտետների խորհուրդներում.

բ) մասնակցելու համալսարանի գործունեությանն առնչվող խնդիրների քննարկմանը և ընտրովի մարմինների աշխատանքներին.

գ) միավորվելու արհմիություններում և այլ հասարակական կազմակերպություններում.

դ) օգտվելու համալսարանի ուսումնական, գիտական, սոցիալ-կենցաղային ստորաբաժանումների, ինչպես նաև գիտական գրադարանի ծառայություններից:

54. Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները և ուսանողներն օժտված են ակադեմիական ազատություններով:

55. Գիտամանկավարժական աշխատողների, ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների ու հայցորդների համար ստեղծվում են գիտական ճշմարտության ազատ որոնումների, շարադրման և տարածման նպաստավոր պայմաններ` այդ նպատակներին հատկացված միջոցների սահմաններում:

56. Համալսարանի աշխատողները և սովորողները պարտավոր են`

ա) կատարել համալսարանի ղեկավար մարմինների որոշումները.

բ) ապահովել ուսումնական գործընթացի, անցկացվող գիտական հետազոտությունների արդյունավետությունը.

գ) մշտապես բարձրացնել իրենց որակավորումը.

դ) պահպանել և արդյունավետ ու խնայողաբար օգտագործել համալսարանի գույքը.

ե) հոգալ համալսարանի հեղինակության բարձրացման մասին:

57. Համալսարանի պրոֆեսորադասախոսական և գիտական անձնակազմը ձևավորվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:

58. Համալսարանի պրոֆեսորադասախոսական և գիտական անձնակազմն ունի`

ա) մասնագիտական գործունեության կազմակերպման ու նյութատեխնիկական ապահովման իրավունք.

բ) գիտական հետազոտության ակադեմիական ազատության իրավունք.

գ) սեփական նախաձեռնությամբ հետազոտական թեմաներ ընտրելու և մշակելու ազատության իրավունք.

դ) պետական կրթության չափորոշիչներին համապատասխան ուսումնական դասընթացների բովանդակության, ծրագրերի ազատ որոշման իրավունք.

ե) անհատական առանձնահատկություններին համապատասխանող և ուսումնական գործընթացի բարձր որակն ապահովող նյութի շարադրման, դասավանդման մեթոդների ու միջոցների ազատ ընտրության իրավունք.

զ) համատեղությամբ գիտական, մանկավարժական և այլ բնույթի աշխատանքներ կատարելու իրավունք:

Գիտության և մանկավարժության բնագավառներում ակնառու նվաճումների համար համալսարանի աշխատողներին շնորհվում են համալսարանի մրցանակներ: Երիտասարդ գիտնականների համար սահմանվում է առանձին մրցանակ:

59. Համալսարանի ուսանողներ են համարվում հնգամյա ուսուցման ծրագրերով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար համալսարանի ռեկտորի կողմից հրամանագրված անձինք:

60. Համալսարանի ուսանողն իրավունք ունի`

ա) ստանալու գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ.

բ) հաճախելու դասախոսություններին.

գ) ըստ նախասիրությունների` մասնակցելու համալսարանում անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին.

դ) գնահատելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը, համալսարանի կառավարման մարմիններ ներկայացնելու ուսուցման որակի բարձրացման վերաբերյալ առաջարկություններ.

ե) օգտվելու համալսարանի գրադարանից, մարզական և առողջարանային, մշակութային-լուսավորչական ծառայություններից.

զ) հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ մասնագիտական ուսուցման հետ և ստանալու երկու որակավորման աստիճան.

է) ստեղծելու ուսանողական հասարակական կազմակերպություններ` ուսանողական կյանքին առնչվող հարցերի լուծման համար.

ը) սահմանված կարգով ընդգրկվելու համալսարանի և նրա ստորաբաժանումների կառավարման մարմիններում.

թ) մեկ ուսումնական տարվա ընթացքում ստանալու առնվազն յոթ շաբաթ տևողությամբ երկու արձակուրդ:

61. Պետական պատվերով ընդունված և առկա ձևով կրթություն ստացող ուսանողները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին ապահովվում են ուսանողական կրթաթոշակներով: Համալսարանն իրավունք ունի սահմանելու անվանական կրթաթոշակներ և պետական կրթաթոշակների հավելավճարներ, ինչպես նաև ուսումը խրախուսող բարոյական ու նյութական խթանման այլ ձևեր:

62. Արգելվում է ուսանողներին ուսումնական գործընթացով չնախատեսված աշխատանքներում ներգրավելը` առանց վերջիններիս և (կամ) նրանց ծնողների (որդեգրողների և հոգաբարձուների) համաձայնության, ինչպես նաև սովորողների նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման միջոցներ կիրառելը:

63. Համալսարանի ուսանողները պարտավոր են`

ա) սահմանված ժամկետում կատարել ուսումնական առաջադրանքները.

բ) տիրապետել բարձր որակավորման ապագա մասնագետի համար անհրաժեշտ գիտելիքներին և հմտություններին.

գ) պահպանել համալսարանի կանոնադրությունը և ներքին կանոնները.

դ) հաճախել դասախոսություններին, սեմինար (գործնական) պարապմունքներին.

ե) բարձր պահել ինստիտուտի պատիվն ու հեղինակությունը:

64. Վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները պարտավոր են ժամանակին վճարել ուսման վարձը, որի չափը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է համալսարանը:

Ուսանողներն ուսման վարձը ժամանակին չվճարելու դեպքում կարող են հեռացվել համալսարանից:

65. Այն ուսանողները, ովքեր չեն կատարում ուսումնական պլանները և ուսումնական գործընթացի ժամանակացույցը, ցուցաբերում են ակադեմիական անբավարար առաջադիմություն, խախտում են համալսարանի ներքին կարգապահական կանոնները, համալսարանի ռեկտորի կամ նրա կողմից լիազորված անձի հրամանով կարող են ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև համալսարանից հեռացվելը:

66. Համալսարանի ուսումնական պլանները կատարած ուսանողներին շնորհվում է համապատասխան որակավորում և տրվում պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (դիպլոմ):

67. Դիպլոմում նշվում են ուսումնասիրված դասընթացները, մասնագիտությունը (մասնագիտացումները):

Ուսման մեջ հատուկ հաջողություններ ունեցող ուսանողներին տրվում է գերազանցության դիպլոմ:

68. Համալսարանի ուսանողության ինքնակառավարման և նրա շահերը պաշտպանող մարմինն ուսանողական խորհուրդն է, որն ապահովում է ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը, համապատասխան մարմինների քննարկմանն է ներկայացնում ուսանողությանն առնչվող հարցեր:

69. Համալսարանի ասպիրանտ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող և մրցույթով անցած այն անձը, ով ուսանում է ասպիրանտուրայում ու նախապատրաստում գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն:

70. Համալսարանի դոկտորանտ է համարվում գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող և դոկտորանտուրա հրամանագրված այն անձը, ով նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն:

71. Համալսարանի հայցորդ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող այն անձը, ով կցված է ասպիրանտուրային` թեկնածուական մինիմումի քննությունները հանձնելու և գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն նախապատրաստելու համար առանց ասպիրանտուրայում ուսանելու, կամ այն անձը, ով ունի գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն: Հայցորդի կարգավիճակը չի կարող պահպանել հինգ տարվանից ավելի ժամկետով:

72. Համալսարանի գիտամանկավարժական կադրերի պատրաստումն ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդության ձևերով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

VII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

73. Հիմնադիրը համալսարանի կրթական, գիտական և այլ գործունեություն ապահովելու նպատակով համալսարանին ամրացնում է հիմնադրման պահին նրա ունեցած շենքերը, շինությունները, կառույցները, հողամասերը և այլ անշարժ գույք, ինչպես նաև սարքավորումներ ու սպառողական, սոցիալական և մշակութային նշանակության շարժական այլ միջոցներ` անժամկետ ու անհատույց` տիրապետման, տնօրինման և օգտագործման իրավունքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը համապատասխան:

74. Համալսարանի գույքն ստեղծվում է հետևյալ աղբյուրներից`

ա) պետական գույք, որը հանձնվել է համալսարանին անհատույց օգտագործման համար.

բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պետական պատվերի համար հատկացված միջոցներ.

գ) միջոցներ, որոնք գոյանում են համալսարանի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից.

դ) Հայաստանի Հանրապետության և օտարերկյա պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձանց կատարած ներդրումները, այդ թվում` բարեգործական, հովանավորչական, նպատակային մուծումներ, կտակած գույք.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

75. Ձեռնարկատիրական գործունեության հետևանքով ստացված շահույթն ուղղվում է համալսարանի կանոնադրական խնդիրների իրականացմանը:

76. Համալսարանի բոլոր եկամուտներն ու ծախսերը նախատեսվում և օգտագործվում են սահմանված կարգով` հաստատված տարեկան նախահաշվին համապատասխան:

77. Համալսարանն իրավունք ունի հիմնադրի կողմից սահմանված կարգով վարձակալության հանձնելու իրեն ամրացված գույքը և ուրիշներից գույք վարձակալելու: Այդպիսի գործունեությունից ստացված վճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

78. Համալսարանի գործունեության նկատմամբ վերահսկողություն են իրականացում հիմնադիրը, նախարարությունը, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ:

79. Համալսարանի ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է աուդիտի (վերստուգման)` նախարարության կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

VIII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

80. Համալսարանի վերակազմակերպումը (միացում, միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) և լուծարումը կատարվում են օրենքով սահմանված կարգով:

81. Համալսարանի լուծարման դեպքում համալսարանի պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան