Գլխավոր տեղեկություն
Համար
N 1908-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.02.2007-15.01.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.01.31/7(531) Հոդ.150
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.11.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.01.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հունվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 նոյեմբերի 2006 թվականի N 1908-Ն

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՏԵՂՈՒՄ ՏՈՒԳԱՆՔ ԳԱՆՁԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՎՃԱՐՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի ապրիլի 4-ի ՆԿ-70-Ա կարգադրությամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության հիմնախնդիրների լուծման միջոցառումների կատարման ժամանակացույցի 22-րդ կետի պահանջն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

ա) ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տեղում տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տեղում տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագրի հաշվառման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. հունվարի 13
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 16-ի N 1908-Ն որոշման

Ձև

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ
ՏԵՂՈՒՄ ՏՈՒԳԱՆՔ ԳԱՆՁԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՎՃԱՐՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳԻՐ

ԱԱ N 000000

ՀԱՐԳԵԼԻ ՎԱՐՈՐԴ, ՏՈՒԳԱՆՔԻ ՏԵՂՈՒՄ ԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՈՒՄԸ ԿԱՄԱՎՈՐ Է:

 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի ______հոդվածի___մաս
արձանագրության սերիան, համարը____________________________________

Գանձվող գումարը______________________________________________
 

(թվերով և տառերով)

Իրավախախտում կատարած անձի (տուգանքը վճարողի)`

ազգանունը, անունը____________________________________________

 

վարորդական վկայականի սերիան, համարը______________________________

 

տրանսպորտային միջոցի մակնիշը, համարանիշը___________________________

 

Վճարման անդորրագիրն ստացա______________________________________
 

(ստորագրությունը)

Ճանապարհային ոստիկանության ծառայողի պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը,
կրծքանշանի համարը_______________________________________________

____________________
(ստորագրությունը)

Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվի համարը___________________

Տուգանքը գանձվել է ___  _______20           թ., ժամը _____-ին:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 16-ի N 1908-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՏԵՂՈՒՄ ՏՈՒԳԱՆՔ ԳԱՆՁԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՎՃԱՐՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

1. Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տեղում կանխիկ տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագիրը (այսուհետ` անդորրագիր) խիստ հաշվառման փաստաթուղթ է, որը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությանը (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) տրամադրում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` յուրաքանչյուր եռամսյակից մեկ ամիս առաջ ճանապարհային ոստիկանության կողմից ներկայացված նախնական պատվերի հիման վրա:

2. Ճանապարհային ոստիկանությունում անդորրագրերը հաշվառում են վարչական իրավախախտումները հաշվառող և գանձապահի պարտականությունները կատարող համապատասխան պաշտոնատար անձինք (այսուհետ` գանձապահ):

3. Ճանապարհային ոստիկանության ծառայողները հերթափոխի անցնելուց առաջ գանձապահից ստանում են անդորրագրերը (պետք է բացառվի ճանապարհային ոստիկանության նույն ծառայողին իր կամ իր հետ նախորդ հերթափոխում ծառայություն կատարած ծառայողի կողմից վերադարձված` չլրացված անդորրագրերի տրամադրումը): Անդորրագրերի ստացման մասին նշում է կատարվում համապատասխան մատյանում` նշելով անդորրագրերն ստացող ծառայողի և անձնակազմի մյուս անդամների տվյալները և ստացված անդորրագրերի փաթեթի առաջին ու վերջին համարները:

4. Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հայտնաբերումից և արձանագրումից հետո ճանապարհային ոստիկանության ծառայողը պարտավոր է իրավախախտում կատարողի համաձայնությամբ տեղում կանխիկ տուգանք գանձելու վերաբերյալ լրացնել և նրան տալ վճարման անդորրագիր:

5. Անդորրագիրը լրացվում է երկու` նույնաբովանդակ օրինակից, որոնցից մեկը տրվում է տուգանքը վճարողին (վարորդին), իսկ մյուսը մնում է ճանապարհային ոստիկանության ծառայողի մոտ և կցվում վարչական իրավախախտման մասին արձանագրությանը:

6. Հերթափոխի ավարտին ճանապարհային ոստիկանության ծառայողը տեղում կանխիկ ձևով գանձված տուգանքների գումարը` լրացված և չլրացված (այդ թվում` խոտանված, վնասված) անդորրագրերի, վարչական իրավախախտման մասին արձանագրությունների հետ միասին, հանձնում է գանձապահին:

7. Եթե ճանապարհային ոստիկանության ծառայողի հերթափոխի ավարտը չի համընկնում գանձապահի աշխատանքային ժամերի հետ, ապա ծառայողը գանձված տուգանքների գումարը` լրացված և չլրացված (այդ թվում` խոտանված, վնասված) անդորրագրերի ու արձանագրությունների հետ միասին, գանձապահին է հանձնում հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում` բայց ոչ ուշ, քան մինչև դրա ավարտը:

Խոտանված և վնասված անդորրագրերը գանձապահին չհանձնելը համարվում է «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված կարգապահական զանցանք, որի համար առաջանում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Խոտանված և վնասված անդորրագրերը պահպանվում են ճանապարհային ոստիկանությունում` առնվազն մեկ տարի ժամկետով, որից հետո, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի մասնակցությամբ, կատարվում է դրանց վերահաշվառումը` համեմատելով համապատասխան մատյանում կատարված գրառումների հետ, և ոչնչացվում` խոտանված ու վնասված անդորրագրերի այրման միջոցով, ու դրա մասին կազմվում է համապատասխան երկկողմանի ակտ:

8. Գանձապահը ճանապարհային ոստիկանության ծառայողներից կանխիկ գումարն ստանալուց հետո` ոչ ուշ, քան մինչև հաջորդ բանկային օրվա ավարտը, հավաքված կանխիկ դրամը փոխանցում է ճանապարհային ոստիկանության համապատասխան արտաբյուջետային հաշվին: Փոխանցումը հավաստող փաստաթղթի պատճենը կցվում է տվյալ օրը կազմված վարչական իրավախախտումների այն արձանագրությունների փաթեթին, որոնցով նշանակված տուգանքը գանձվել է տեղում:

9. Ճանապարհային ոստիկանության ծառայողի և գանձապահի կողմից սույն կարգով սահմանված ժամկետների խախտումը համարվում է «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված կարգապահական զանցանք, որի համար առաջանում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

10. Գանձապահը ոչ ուշ, քան հաշվետու ամսվան հաջորդող ամսվա յոթերորդ աշխատանքային օրը ճանապարհային ոստիկանության ղեկավար մարմին է ներկայացնում անդորրագրերի հաշվառման, ըստ անդորրագրերի` տեղում գանձված տուգանքների և դրանք սահմանված ժամկետում ճանապարհային ոստիկանության համապատասխան արտաբյուջետային հաշվին փոխանցելու մասին հաշվետվություն: Հաշվետվությունում առանձին սյունակով պետք է նշվեն այն անդորրագրերի հերթական համարներն ու դրանց լրացման ամսաթվերը, որոնցով տեղում տուգանքը գանձվել է հաշվետու ամսվա վերջին, սակայն ճանապարհային ոստիկանության համապատասխան արտաբյուջետային հաշվին է փոխանցվել հաշվետու ամսվան հաջորդող ամսին:

Ճանապարհային ոստիկանության ղեկավար մարմինը գանձապահներից ստացված հաշվետվությունների հիման վրա իրականացնում է անդորրագրերի տվյալների կենտրոնացված հաշվառում և անդորրագրերում նշված տուգանքների գումարները յուրաքանչյուր ամիս համեմատում է արտաբյուջետային հաշվից քաղվածքի հետ: Արտաբյուջետային հաշվից քաղվածքը ճանապարհային ոստիկանությանը տրամադրում է կենտրոնական գանձապետարանը: Անհամապատասխանության հայտնաբերման դեպքում ճանապարհային ոստիկանության ղեկավար մարմինը միջոցներ է ձեռնարկում այն պարզելու և, պակասորդ հայտնաբերելու դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերականգնելու համար:

11. Սույն կարգի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներքին աուդիտի համապատասխան ստորաբաժանման ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան