Գլխավոր տեղեկություն
Համար
N 822-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (31.03.2005-02.03.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.11.30/74(446) Հոդ.702
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.06.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.07.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.08.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հուլիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունիսի 2003 թվականի N 822-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 1298-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի ապրիլի 15-ի ՆՀ-6-Ն հրամանագրի 2-րդ կետի պահանջների և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 464-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1298-Ն որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2003 թ. հուլիսի 11
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունիսի 26-ի N 822-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը (այսուհետ` վարչություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է պետական գույքի կառավարման, մասնավորեցման և պետական մասնակցությամբ ընկերությունների լուծարման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Վարչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Վարչության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Վարչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Վարչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և վարչության հայերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Վարչությունը կազմված է վարչության պետից և վարչության աշխատակազմից: Վարչության համակարգում ընդգրկվում են վարչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները:

7. Վարչության նպատակները և խնդիրներն են`

ա) պետական գույքի կառավարման (այդ թվում` մասնավորեցման) արդյունավետության բարձրացումը.

բ) Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության պետական գույքի հաշվառման, պահպանման, արդյունավետ կառավարման, տնօրինման ու օգտագործման պետական միասնական քաղաքականության հիմնադրույթների մշակումը և դրանց իրականացման կազմակերպումը.

գ) սեփականության տարբեր ձևերի օպտիմալ համամասնությունների ձևավորման աշխատանքներին աջակցելն ու նպաստելը.

դ) իր իրավասության սահմաններում տնտեսության պետական սեփականության արդյունավետ օգտագործման քաղաքականության հիմնադրույթների մշակումը և այդ ոլորտին վերաբերող` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների կատարման աշխատանքների կազմակերպումը.

ե) իր իրավասության սահմաններում արժեթղթերի շուկայի զարգացմանը, ներդրումների ներգրավմանն աջակցելը.

զ) պետական գույքի արդյունավետ կառավարման միջոցով պետական եկամուտների ավելացմանը նպաստելը.

է) պետության կողմից ձեռնարկատիրության զարգացման նպատակով իրականացվող միասնական քաղաքականության հիմնադրույթների մշակմանը և իր ոլորտում իրացմանը մասնակցությունը.

ը) պետական գույքի կառավարման (այդ թվում` մասնավորեցման) գիտամեթոդական ապահովումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործմանը մասնակցությունը:

 

II. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Վարչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) պետական գույքի կառավարման ոլորտում` իր իրավասության սահմաններում`

իրականացնում է օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով վարչության տնօրինությանը, տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրակցված) պետական գույքի կառավարումը,

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է առաջարկություններ պետական գույքի կառավարման (այդ թվում` մասնավորեցման), ինչպես նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող գույքի սեփականության իրավունքի ճանաչման և արդյունավետ օգտագործման վերաբերյալ,

լուծում է պետական գույքի կառավարմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնում է առաջարկություններ պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների, տարածքների արդյունավետ օգտագործման և սպասարկման վերաբերյալ,

համակարգում է պետական գույքի գույքագրման աշխատանքները և համապատասխան պետական կառավարման մարմինների հետ համատեղ դրանց անցկացումը, ընդունում ու Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պետական գույքի գույքագրման արդյունքների և վիճակի փոփոխությունների վերաբերյալ հաշվետվություններ,

համակարգում է պետական գույքի հաշվառման աշխատանքները և վարում պետական գույքի հաշվառման ռեեստրը,

աջակցում է պետական սեփականություն հանդիսացող հողի, ընդերքի, անտառների, ջրային և այլ բնական ռեսուրսների տնօրինման ու օգտագործման պետական քաղաքականության հիմնադրույթների մշակմանը,

աջակցում է ձեռնարկատիրության զարգացմանը,

համագործակցում է միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունների և օտարերկրյա ներդրողների հետ,

աջակցում է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման ու ներդրումների իրականացման ծրագրերի մշակմանը և դրանց իրագործմանը,

Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պետական գույքի օգտագործումից ու մասնավորեցումից ստացվելիք միջոցների վերաբերյալ կանխատեսումներ և իրականացնում միջոցառումներ դրանց ապահովման համար,

մշակում և իրականացնում է առևտրային կազմակերպություններում պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասի (բաժնետոմսերի), մասնավորեցման և այդ կազմակերպությունների լուծարման, վարձակալությամբ տրված կամ տրվող պետական գույքի, այդ թվում` անշարժ գույքի կառավարման քաղաքականությունը,

իրականացնում է պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ,

օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում է համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրումը և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարում վարչական վիճակագրությունը.

բ) մասնավորեցման ոլորտում` իր իրավասության սահմաններում`

մշակում է պետական գույքի մասնավորեցման ծրագրերը (այսուհետ` ծրագիր), ինչպես նաև ծրագրում առաջարկվող լրացումների և փոփոխությունների նախագծերը և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը,

իրականացնում է պետական գույքի մասնավորեցումը,

պետական գույքի մասնավորեցման ժամանակ իրականացնում է պետության սեփականությունը հանդիսացող համապատասխան հողամասերի` սահմանված կարգով օտարումը,

մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով վարձում է փորձագետներ, ինչպես նաև մասնավորեցման աշխատանքներում ներգրավում է գիտահետազոտական և այլ կազմակերպություններ, ինչպես նաև առանձին մասնագետների, այդ թվում` փորձաքննության նպատակով,

մասնավորեցման վերաբերյալ ընդունում է առաջարկություններ, քննարկում դրանք և ընթացք տալիս,

մշակում է պետական գույքի մասնավորեցման գործընթացը կանոնակարգող իրավական ակտերի նախագծեր և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը,

հաստատում է մասնավորեցմանը ենթակա «փոքր» օբյեկտների տարածքի արժեքի հաշվարկման ուղղիչ գործակիցները` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված մեկ քառ. մետրի արժեքը և այդ գործակիցների նվազագույն ու առավելագույն չափերը,

համակարգում է մասնավորեցվող և օտարվող պետական գույքի արժեքի հաշվարկման (գնահատման և վերագնահատման) աշխատանքները,

Հայաստանի Հանրապետության անունից կնքում է մասնավորեցման գործարքներ,

իրականացնում է վերահսկողություն իր կողմից կնքված պայմանագրով մյուս կողմի համար նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ,

կազմակերպում է մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկությունների (այդ թվում` ազդագրերի) հրապարակումը,

իրականացնում է պետական գույքի մասնավորեցման, տնօրինման, ինչպես նաև հաշվառման գործընթացների վերլուծությունը և ամփոփում դրանց վերաբերյալ առաջարկությունները,

իրականացնում է մասնավորեցման ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ.

գ) պետական մասնակցությամբ ընկերությունների լուծարման և ֆինանսական առողջացման ոլորտներում` իր իրավասության սահմաններում`

մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում մասնավորեցման ծրագրերում ընդգրկված պետական մասնակցությամբ ընկերությունների լուծարման վերաբերյալ առաջարկությունները,

իրականացնում է պետական մասնակցությամբ ընկերությունների ֆինանսատնտեսական վիճակի վերլուծություն և Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ դրանց ֆինանսական առողջացման, ինչպես նաև պարտքերի վերակառուցման վերաբերյալ,

իրականացնում է պետական մասնակցությամբ ընկերությունների լուծարման և ֆինանսական առողջացման ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

III. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Վարչությունը կառավարում է վարչության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Վարչության պետն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով վարչության պետի հետ:

10. Վարչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

11. Վարչության պետը կազմակերպում և վերահսկում է վարչությանը վերապահված խնդիրների ու գործառույթների իրականացումը և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

12. Վարչության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

13. Վարչության պետը`

ա) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.

բ) ղեկավարում է վարչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է վարչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ վարչության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ վարչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարչության աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ եռօրյա ժամկետում առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակումներ է կատարում վարչության քաղաքացիական ծառայության պաշտոններում, աշխատողների նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ, ինչպես նաև առաջարկություններ է ներկայացնում վարչության աշխատակազմի ղեկավարի նկատմամբ խրախուսանքի և տույժի միջոցներ կիրառելու վերաբերյալ.

է) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.

ը) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է վարչության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.

թ) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

ժ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում վարչության աշխատակազմի ղեկավարի, վարչության աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև վարչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

ժա) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում վարչության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում վարչության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

ժբ) վերահսկողություն է իրականացնում վարչության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

ժգ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում վարչության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

ժդ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում վարչության աշխատողների թիվը.

ժե) օրենքով սահմանված կարգով վարչության քաղաքացիական ծառայողներին շնորհում է դասային աստիճաններ.

ժզ) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

ժէ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

14. Վարչության պետի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, վարչության պետի պարտականությունները կատարում է վարչության պետի տեղակալներից մեկը:

15. Վարչության պետի տեղակալը`

ա) համակարգում է վարչության համակարգի աշխատանքները` վարչությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.

բ) իր լիազորության սահմաններում համակարգում է վարչության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` վարչության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

գ) վարչության նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` վարչության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ) վարչության պետի հանձնարարությամբ իրականացնում է վարչության պետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում վարչության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

ը) պարբերաբար վարչության պետին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.

թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում վարչության պետի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում վարչության պետին.

ժ) վարչության պետին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ.

ժա) վարչության պետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

16. Վարչության պետն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև կատարում է պարտականությունների բաշխում:

 

IV. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

17. Վարչության աշխատակազմի նպատակը և խնդիրը վարչության` օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին վարչության մասնակցության ապահովումն է:

18. Վարչության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

19. Վարչության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

20. Վարչության աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

21. Վարչության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

22. Վարչության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

23. Վարչության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Վարչության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:

24. Վարչության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Վարչության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև վարչության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

25. Վարչության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

26. Վարչության աշխատակազմի անվանումն է` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ:

27. Վարչության աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղաք Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 2:

 

V. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

28. Վարչության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ վարչության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

29. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու վարչության աշխատակազմի գույքը:

30. Վարչության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:

 

VI. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

31. Վարչության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, քարտուղարություն, բաժիններ):

32. Վարչության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է վարչության պետը:

 

VII. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

33. Վարչության աշխատակազմի կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը և վարչության պետը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

Վարչության աշխատակազմը ղեկավարում է վարչության աշխատակազմի ղեկավարը:

34. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) վերակազմակերպում և դադարեցնում է վարչության աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է վարչության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

գ) որոշում է վարչության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է վարչության աշխատակազմի կառուցվածքը.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

35. Վարչության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, վարչության պետի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է վարչության աշխատակազմի ընթացիկ գործունեությունն ու կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչության պետի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

36. Վարչության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Վարչության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

37. Վարչության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, վարչության պետի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

38. Վարչության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրա փոխարինումը կատարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով:

39. Վարչության աշխատակազմի ղեկավարը`

ա) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է վարչության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

ե) օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

զ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

է) վարչության պետի հաստատմանն է ներկայացնում վարչության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է վարչության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, վարչության պետի հաստատմանն է ներկայացնում վարչության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

ը) վարչության պետին ներկայացնում է առաջարկություններ վարչության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

թ) կազմակերպում է վարչության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

ժ) կազմակերպում է վարչությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժա) վերահսկում է վարչության աշխատակազմի կողմից` սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժբ) վարչության պետի ստորագրմանն է ներկայացնում վարչության պետի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

ժգ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժդ) կազմակերպում է վարչությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժե) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

40. Վարչության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է վարչության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է վարչության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

41. Վարչության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, վարչության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

42. Վարչության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում է ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

43. Վարչության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IX. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

44. Վարչության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունիսի 26-ի N 822-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

Իրավաբանական վարչություն

Պետական գույքի կառավարման քաղաքականության վարչություն

(Տողը հանվել է 03.03.05 N 268-Ն)

Պետական բաժնեմասի կառավարման վարչություն

(Տողը հանվել է 20.05.04 N 719-Ն)

Պայմանագրային պարտավորությունների կատարման վերահսկման վարչություն

(Տողը հանվել է 03.03.05 N 268-Ն)

Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչություն

Քարտուղարություն

(Տողը հանվել է 20.05.04 N 719-Ն)

 

(Կառուցվածքը փոփ. 20.05.04 N 719-Ն, 03.03.05 N 268-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան