Գլխավոր տեղեկություն
Համար
N 1821-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.03.2004-02.09.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.02.12/9(244) Հոդ.1280
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.11.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.11.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.11.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 նոյեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 նոյեմբերի 2002 թվականի N 1821-Ն

 

«Հայաստանի Հանրապետության աշխատանքի ԵՎ սոցիալական հարցերի նախարարությԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, Հայաստանի Հանրապետության աշխատանքի ԵՎ սոցիալական հարցերի նախարարությԱն ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 26.02.04 N 221-Ն)

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասին, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 30-ի N 488 որոշման 5.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

(1-ին կետը փոփ. 26.02.04 N 221-Ն)

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 26.02.04 N 221-Ն)

3. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող վարչությունը կարող է ունենալ առնվազն 9 հաստիքային միավոր.

բ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բաժինը կարող է ունենալ առնվազն 3 հաստիքային միավոր:

(3-րդ կետը փոփ. 26.02.04 N 221-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2002 թ. նոյեմբերի 25
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի ԵՎ սոցիալական հարցերի ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

(Վերնագիրը փոփ. 26.02.04 N 221-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

(1-ին կետը փոփ. 26.02.04 N 221-Ն)

2. Նախարարությունն ստեղծվում ու վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգում ընդգրկվում են նրա ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները ու հիմնարկները:

7. Նախարարության նպատակները և խնդիրներն են`

ա) սոցիալական պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության հիմնական և գերակա ուղղությունների մշակումն ու իրականացումը.

բ) աշխատանքի պետական կարգավորման քաղաքականության մշակումը ու դրա իրականացումը.

գ) բնակչության զբաղվածության քաղաքականության մշակումը և դրա իրականացումը.

դ) պետական պարտադիր սոցիալական ապահովագրության քաղաքականության մշակումը և դրա իրականացումը.

ե) սոցիալական ապահովության քարտերի համակարգի վրա հիմնված սոցիալական ապահովագրության միասնական սկզբունքների մշակումը և դրանց իրագործման կազմակերպումը.

զ) պետական կենսաթոշակային ապահովության, պարտադիր և կամավոր կենսաթոշակային ապահովագրության քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.

է) սոցիալական աջակցության քաղաքականության մշակումը և դրա իրականացումը.

ը) հաշմանդամների և տարեցների սոցիալական պաշտպանության քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.

թ) ընտանիքի, կանանց և երեխաների սոցիալական պաշտպանության քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.

ժ) սոցիալական ապահովության ոլորտի պետական նպատակային ծրագրերի մշակումը և դրանց իրականացման աշխատանքների համակարգումը.

ժա) միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը:

(7-րդ կետը փոփ. 26.02.04 N 221-Ն)

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

8. Նախարարությունն իր նպատակների իրականացման և խնդիրների լուծման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) աշխատանքային օրենսդրության կատարելագործման, աշխատանքային հարաբերություններում սոցիալական գործընկերության զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակում, դրանց ներդրման կազմակերպում և կատարման նկատմամբ մոնիտորինգ.

բ) աշխատանքային պայմանների բարելավման ու աշխատանքի պաշտպանության վերաբերյալ առաջարկությունների մշակում, դրանց ներդրման կազմակերպում և կատարման նկատմամբ մոնիտորինգ.

գ) աշխատանքի խթանման, արդյունավետության բարձրացման ու վարձատրության վերաբերյալ առաջարկությունների մշակում, դրանց ներդրման կազմակերպում և կատարման նկատմամբ մոնիտորինգ.

դ) արտադրությունում աշխատողի կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցման գործընթացի և կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակում, դրանց ներդրման կազմակերպում ու կատարման նկատմամբ մոնիտորինգ.

ե) բնակչության զբաղվածության բնագավառին վերաբերող օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների մշակում, ընդունված իրավական ակտերի կիրարկման կազմակերպում ու կատարման նկատմամբ մոնիտորինգ.

զ) բնակչության զբաղվածության կարգավորման նպատակով, աշխատաշուկայի ձևավորված պահանջներին համապատասխան, զբաղվածության պետական ծրագրերի մշակում և դրանց կատարման նկատմամբ մոնիտորինգ.

է) աշխատուժի ներքին և արտաքին տեղաշարժի քաղաքականության մշակում.

ը) սոցիալական ապահովագրության, կենսաթոշակային ապահովության պետական քաղաքականության մշակում, այդ բնագավառներին վերաբերող օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկություններ ներկայացնելը, դրանց ներդրման կազմակերպում և կատարման նկատմամբ մոնիտորինգ.

թ) սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության բնագավառներում անհատական հաշվառման ու անհատականացված հաշվետվությունների համակարգերի զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակում, դրանց ներդրման ապահովում և կատարման նկատմամբ մոնիտորինգ.

ժ) պարտադիր սոցիալական ապահովագրության առանձին պետական ծրագրերի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակում, դրանց ներդրման աշխատանքների համակարգում և կատարման նկատմամբ մոնիտորինգ.

ժա) կենսաթոշակների և նպաստների նշանակման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ մոնիտորինգ.

ժբ) սոցիալական աջակցության բնագավառին վերաբերող օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ մոնիտորինգ.

ժգ) սոցիալական աջակցության բնագավառին վերաբերող օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների նախապատրաստում, դրանց ներդրման կազմակերպում.

ժդ) սոցիալապես անապահով ընտանիքների, առանձին սոցիալական խմբերի սոցիալական պաշտպանությանն և հասցեական օգնության իրականացմանն ուղղված պետական ծրագրերի մշակում, իրականացում և համակարգում.

ժե) կանանց, երեխաների հիմնահարցերի ուսումնասիրում, դրանք կարգավորող օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում, դրանց ներդրման կազմակերպում և կատարման նկատմամբ մոնիտորինգ.

ժզ) քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննության կազմակերպում.

ժէ) հաշմանդամների սոցիալ-բժշկական, մասնագիտական և սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծրագրերի մշակում ու իրականացում.

ժը) հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով և կյանքը թեթևացնող միջոցներով ապահովելու գործընթացի կազմակերպում.

ժթ) մասնագիտացված հաստատություններում ու տնային պայմաններում միայնակ տարեց և հաշմանդամ քաղաքացիների խնամքի կազմակերպման գործընթացի կազմակերպում.

ի) հաշմանդամների և տարեցների սոցիալական պաշտպանության բնագավառին վերաբերող օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների մշակում, դրանց ներդրման կազմակերպում և կատարման նկատմամբ մոնիտորինգ.

իա) սոցիալական աշխատանքի բնագավառին վերաբերող օրենսդրության կատարելագործման նպատակով իրավական ակտերի նախագծերի մշակում, և ընդունված իրավական ակտերի կատարման նկատմամբ մոնիտորինգ.

իբ) մուրացկան և թափառաշրջիկ անձանց, այդ թվում` երեխաների համար սոցիալական օգնության պետական ծրագրերի մշակում ու իրականացում.

իգ) մասնագիտացված կազմակերպություններում` առանց ծնողների խնամքի մնացած երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպում.

իդ) որդեգրման ենթակա և որդեգրված երեխաների ու որդեգրողների թեկնածությունների կենտրոնացված հաշվառման իրականացում.

իե) խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության նկատմամբ մոնիտորինգ.

իզ) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերի մշակման աշխատանքներին մասնակցություն.

իէ) սոցիալական պաշտպանության բնագավառին վերաբերող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների իրականացում.

իը) սոցիալական ապահովության համակարգում տեղեկատվական հոսքերի ձևավորման և դրանց կառավարման իրականացում.

իթ) սոցիալական ապահովության բնագավառում սոցիալական մոնիտորինգի կազմակերպում, անցկացում և ստացված տվյալների հիման վրա համալիր վերլուծության իրականացում.

լ) պարզաբանումների տրամադրում և խորհրդատվական օգնության կազմակերպում` ըստ սոցիալական ապահովության բնագավառների.

լա) քաղաքացիների առաջարկությունների, դիմումների, բողոքների քննարկում և ընդունելության կազմակերպում.

լբ) զանգվածային լրատվության միջոցներով սոցիալական ապահովության բնագավառում վարվող քաղաքականության լուսաբանում.

լգ) համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթերի, տեղեկանքների և այլն) ներդրում և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.

լդ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացում:

(8-րդ կետը փոփ. 26.02.04 N 221-Ն)

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

9. Նախարարությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (այսուհետ` նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի առաջին տեղակալ և տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

(9-րդ կետը փոփ. 26.02.04 N 221-Ն)

10. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

11. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ու Հայաստանի Հանրապետության վարչապետին:

12. Նախարարը`

ա) իր իրավասության սահմաններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.

բ) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների լուծման ու նախարարությանը վերապահված գործառույթների իրականացման համար.

գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված նախարարության գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ե) եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություն օրենքով սահմանված կարգով աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ.

զ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոններում.

է) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին և օգնականներին, նախարարության ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին.

ը) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.

թ) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

ժ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրություններն և ցուցումները.

ժա) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրա գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի պահպանման տարեկան ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

ժբ) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության և օտարման նկատմամբ.

ժգ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

ժդ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.

ժե) օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

ժզ) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

ժէ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը, վերջինիս բացակայության դեպքում` տեղակալներից մեկը:

14. Նախարարի տեղակալը`

ա) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.

բ) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ` նախարարության աշխատակազմի կառուցվածքային և արձանագրված ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները` տալով ցուցումներ և հանձնարարականներ.

գ) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

ը) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

ժ) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանն առնչվող հարցերի վերաբերյալ.

ժա) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

15. Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

16. Նախարարության աշխատակազմի նպատակը ու խնդիրը նախարարությանը, այդ թվում` նրա կազմում գործող գործակալություններին օրենքներով, այլ իրավական ակտերով ու սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:

17. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող մարմնի կողմից:

18. Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության համաձայն:

19. Նախարարության աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

20. Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

21. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

22. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:

23. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

24. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

25. Նախարարության աշխատակազմի անվանումն է` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ:

(25-րդ կետը փոփ. 26.02.04 N 221-Ն)

26. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 375010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն, 3:

(26-րդ կետը փոփ. 26.02.04 N 221-Ն)

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

27. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ` գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

28. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:

29. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

30. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ):

31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:

32. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` նախարարի ներկայացմամբ:

33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայություններ մատուցող և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:

34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից:

35. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր` հայերեն անվանումներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

37. Նախարարության աշխատակազմի կառավարումը, օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում, իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և նախարարը, իսկ ղեկավարումը` նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին պաշտոնի և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

38. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

գ) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

39. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով ու սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների ու նախարարի որոշումների և սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

40. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

41. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն և հրահանգները:

42. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում աշխատակազմի ղեկավարի պարտականությունների կատարման հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

43. Նախարարության աշխատակազմի ղեկավարը`

ա) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր դատարանում գործը վարելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում ու պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

ե) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

զ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.

է) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի պահպանման տարեկան ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

ը) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

թ) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

ժ) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժա) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժբ) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները և կարգադրությունները.

ժգ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժդ) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժե) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

44. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

45. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

46. Նախարարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

47. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

48. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով: 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշման


Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի եվ սոցիալական հարցերի ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

(Վերնագիրը փոփ. 26.02.04 N 221-Ն)

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

Աշխատանքի և զբաղվածության վարչություն

Սոցիալական աջակցության վարչություն

Սոցիալական մոնիտորինգի վարչություն

Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն

Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչություն

Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչություն

Սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչություն

2. Քարտուղարություն

 

3. Բաժիններ

Իրավաբանական բաժին

Միջազգային կապերի բաժին

Հասարակայնության հետ կապերի բաժին

Բարեգործական ծրագրերի համակարգման բաժին

Անձնակազմի կառավարման բաժին

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

«Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալություն (51 զբաղվածության տարածքային կենտրոններ)

Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն

(Կառուցվածքը փոփ. 26.02.04 N 221-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի եվ սոցիալական հարցերի ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ

(Վերնագիրը փոփ. 26.02.04 N 221-Ն)

 

NN
ը/կ

Հանձնվող գույքի կազմը

Գույքի
արժեքը
(հազ. դրամ)

Գտնվելու վայրը
(հասցեն)

Ծանոթագրություն

 

Ընդամենը

230884.3

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

I. Կառուցվածքային
ստորաբաժանումներ
ընդամենը
որից`

127275.9

քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն, 3

 

1.

Հիմնական միջոցներ

123296.1

 

 

այդ թվում`

 

 

 

ա) գրասենյակային
տարածք

21904.9

ընդհանուր մակերեսը` 1070 քառ. մետր, այդ թվում` օգտակարը` 670 քառ. մետր օժանդակը` 400 քառ. մետր

 

բ) համակարգչային և այլ արտադրական տեխնիկա

78211.5

 

 

գ) տրանսպորտային միջոցներ

15338.5

 

 

դ) գրասենյակային կահույք

4699.6

 

 

ե) այլ հիմնական միջոցներ

3141.6

 

2.

Փոքրարժեք և արագամաշ գույք

3979.8

 

 

II. «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալություն
ընդամենը
որից`





91477.0

Գործակալությունում և նրա տարածքային մարմիններում

 

1.

Հիմնական միջոցներ

82875.7

 

 

այդ թվում`

 

 

 

ա) համակարգչային և այլ արտադրական տեխնիկա

69062.6

 

 

բ) տրանսպորտային միջոցներ

3270.4

 

 

գ) գրասենյակային կահույք

10542.7

 

2.

Փոքրարժեք և արագամաշ գույք

8601.3

 

 

III. Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն
ընդամենը
որից`






12131.4

Գործակալությունում և նրա տարածքային մարմիններում

 

1.

Հիմնական միջոցներ

11352.8

 

 

այդ թվում`

 

 

 

ա) համակարգչային և այլ արտադրական տեխնիկա

2628.1

 

 

բ) տրանսպորտային միջոցներ

6850.1

 

 

գ) գրասենյակային կահույք

534.7

 

 

դ) այլ հիմնական միջոցներ

1339.9

 

2.

Փոքրարժեք և արագամաշ գույք

778.6

 


(Հավելվածը փոփ. 26.02.04 N 221-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան