Գլխավոր տեղեկություն
Համար
N 1798-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (27.04.2006-30.10.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.06.05/12 Հոդ.1254
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.10.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.10.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.11.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.09.2013

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

23 նոյեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հոկտեմբերի 2002 թվականի N 1798-Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անդամների առաջադրման չափանիշները՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հոկտեմբերի 22
Երևան

  

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 3-ի N 1798-Ն որոշման

 

Չ Ա Փ Ա Ն Ի Շ Ն Ե Ր

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ

 

1. Սույն չափանիշներով սահմանվում են հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) նախագահի և անդամների առաջադրման չափանիշները:

2. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի (այսուհետ՝ հարկային ծառայության մարմին) ղեկավարը, ելնելով սույն չափանիշներից, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում հանձնաժողովի անհատական կազմը (նախագահի և անդամների (քարտուղարի) թեկնածուներին):

3. Հանձնաժողովի նախագահի և անդամների առաջադրման համար անհրաժեշտ են հետևյալ չափանիշները՝

ա) հարկային ծառայության աշխատանքային ստաժ

Հանձնաժողովի նախագահի թեկնածուն առաջադրման պահին պետք է ունենա հարկային ծառայության առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, հանձնաժողովի անդամի թեկնածուն՝ հարկային ծառայության առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.

բ) ծառայողական բարձր կարգապահություն

Հանձնաժողովի նախագահ և անդամ չեն կարող լինել այն անձինք, ովքեր առաջադրման պահին նախորդող մեկ տարվա ծառայության ընթացքում ենթարկվել են կարգապահական պատասխանատվության.

գ) հարկային և այլ օրենսդրության իմացություն

Հանձնաժողովի նախագահը պետք է հմտորեն տիրապետի Հայաստանի Հանրապետության հարկային և բյուջետային օրենսդրությանը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի ընդհանուր կառուցվածքին ու պետական կառավարման մարմինների հիմնական խնդիրներին և իրավասություններին:

Հանձնաժողովի անդամը պետք է հմտորեն տիրապետի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությանը, ինչպես նաև հարկային ծառայության մարմնի այն կառուցվածքային ստորաբաժանման գործառույթների և իրավասությունների առանձնահատկություններին, որը ներկայացնում է.

դ) պաշտոնական դիրք

Հանձնաժողովի անդամը պետք է զբաղեցնի հարկային ծառայության բարձրագույն կամ գլխավոր պաշտոն: Հանձնաժողովի նախագահը չի կարող լինել հանձնաժողովի անդամից ցածր պաշտոն զբաղեցնող հարկային ծառայող:

(3-րդ կետը փոփ. 06.04.06 N 446-Ն)

4. Հանձնաժողովի մեկական անդամ են ներկայացնում հարկային ծառայության մարմնի մեթոդաբանական, տեղեկատվական, իրավաբանական, օպերատիվ-հետախուզական և տարածքային հարկային տեսչությունների աշխատանքների կազմակերպական-տեսչական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումները, մեկ անդամ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան