«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2002 թվականի N 1237-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագիրը, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 4-րդ կետը և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 199 ու 2002 թվականի հունիսի 27-ի N 912-Ն որոշումների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
2. Հաստատել՝
ա) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ երկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմի և չափի վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ու բնական ռեսուրսների բանական օգտագործման բնագավառներում պետական քաղաքականությունը:
2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և դրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգում ընդգրկվում են դրա ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները:
7. Նախարարության նպատակը և խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իր իրավասությունների սահմանում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի` մթնոլորտի, ջրերի, հողերի, ընդերքի, կենդանական ու բուսական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների վրա վնասակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման, ինչպես նաև բնական պաշարների ողջամիտ օգտագործման ու վերականգնման պետական քաղաքականության ձևավորումն ու կառավարումը.
բ) շրջակա միջավայրի՝ ընդերքի, հողերի, ջրերի, մթնոլորտի, կենդանական ու բուսական աշխարհի, այդ թվում՝ բնության հատուկ պահպանվող տարածքների վրա վնասակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, բնական պաշարների ողջամիտ օգտագործման և վերարտադրության պետական կառավարման ապահովումը.
գ) միջուկային տեղակայանքների, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքների և իոնացնող ճառագայթման աղբյուրների միջուկային ու ճառագայթային անվտանգության պետական կարգավորումը.
դ) Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման ապահովումը.
ե) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ծրագրերում բնապահպանության ոլորտին վերաբերող բաժինների ձևավորման ապահովումը.
զ) բնապահպանության ոլորտին վերաբերող իրավական ակտերի, ստանդարտների, տեխնիկական կանոնակարգերի մշակման և ներդրման ապահովումը.
է) շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների ողջամիտ օգտագործման ու վերականգնման տնտեսական մեխանիզմների, այդ թվում` համապատասխան վճարների (փոխհատուցումների) դրույքաչափերի մշակման ու ներդրման ապահովումը.
ը) սահմանված կարգով բնապահպանության ոլորտում պետական պատվերի ձևավորման ապահովումը.
թ) շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործություն ունեցող օբյեկտների ու տարրերի հաշվառման, ուսումնասիրության և սահմանափակումների սահմանման ապահովումը.
ժ) իր իրավասության սահմաններում բնական պաշարների հաշվառման, ուսումնասիրության և օգտագործման չափաքանակների ու կանոնների սահմանման ապահովումը.
ժա) Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող և օգտագործվող վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների սահմանման ապահովումը.
ժբ) շրջակա միջավայրի ու բնական պաշարների մասին տվյալների միասնական հանրապետական ֆոնդերի, կադաստրների ու ռեգիստրների տնօրինման և վարման ապահովումը.
ժգ) շրջակա միջավայրի վիճակի և հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովումը.
ժդ) շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության իրականացման ապահովումը.
ժե) Հայաստանի Հանրապետության ազգային հիդրօդերևութաբանական համակարգի գործունեության ապահովումը.
ժզ) օգտակար հանածոների պահուստային ու լքված հանքավայրերի և հեռանկարային հանքերևակումների մակերեսների ինքնակամ կառուցապատման կանխարգելման ապահովումը.
ժէ) էկոլոգիական գիտության, կրթության և իրազեկման ոլորտներում կրթության և գիտության բնագավառի լիազոր մարմնի հետ համատեղ միասնական քաղաքականության մշակման ապահովումը.
ժը) բնապահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային քաղաքականության ուղղությունների մշակման և իրականացման մասնակցությունը:
(7-րդ կետը փոփ., խմբ. 14.04.04 N 545-Ն, խմբ. 01.02.07 N 189-Ն)
II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իր իրավասությունների սահմաններում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի` ընդերքի, հողերի, ջրերի, մթնոլորտի, կենդանական ու բուսական աշխարհի, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և բնական պաշարների ողջամիտ օգտագործման ու վերարտադրության, հիդրօդերևութաբանական գործունեության բնագավառի պետական քաղաքականության ու ռազմավարության մշակումը և դրանց իրականացումը.
բ) միջուկային ու ճառագայթային անվտանգության քաղաքականության ձևավորումը և վերահսկողության իրականացումը.
գ) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ծրագրերի բնապահպանության ոլորտին վերաբերող բաժինների մշակումը.
դ) բնապահպանության ոլորտին վերաբերող իրավական ակտերի, ստանդարտների, տեխնիկական կանոնակարգերի մշակումը.
ե) այլ մարմինների կողմից մշակված և նախարարություն համաձայնեցման ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դիտողությունների և առաջարկությունների տրամադրումը.
զ) իր իրավասության սահմաններում շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների ողջամիտ օգտագործման և վերականգնման տնտեսական մեխանիզմների մշակումը.
է) շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների ողջամիտ օգտագործման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերի ու կանոնների խախտման հետևանքով պետությանը հասցված վնասի հաշվարկման մեթոդների և հատուցման սակագների մշակումը և հասցված վնասի հաշվարկումը.
ը) էկոլոգիական գիտության, կրթության և իրազեկման ռազմավարության հիմնական ուղղությունների մշակումը.
թ) բնական պաշարների կառավարման և շրջակա բնական միջավայրի պահպանության բնագավառում պետական պատվերի սահմանված կարգով ձևավորումն ու տեղադրումը.
ժ) շրջակա միջավայրի վիճակի, այդ թվում` նաև թափոնների հեռացման վայրերի պետական դիտանցի (մոնիթորինգ) իրականացումը.
ժա) հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային և հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների, կանխատեսումների աշխատանքների իրականացումը.
ժբ) շրջակա միջավայրի վիճակի, շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործության և դրանց աղբյուրների բացահայտման, ուսումնասիրության և մոնիթորինգի (դիտանցի) իրականացումը.
ժգ) վտանգավոր թափոնների անձնագրերի համաձայնեցումը.
ժդ) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրումը և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարումը.
ժե) բնական պաշարների համապատասխան կադաստրների և ռեգիստրների վարումը.
ժզ) հանրապետական երկրաբանական ֆոնդի աշխատանքների կազմակերպումը, ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և երկրաբանահետախուզական աշխատանքների պետական գրանցումն ու հաշվառումը.
ժէ) շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության իրականացումը.
ժը) Հայաստանի Հանրապետության բույսերի ու կենդանիների Կարմիր գրքերի վարման կարգերի սահմանումը և վարումը.
ժթ) օտարածին բուսական և կենդանական տեսակներից ու կենդանի վերափոխված օրգանիզմներից կենսաբազմազանության անվտանգությունն ապահովող աշխատանքների կազմակերպումը.
ի) բնության հուշարձանների հաշվառումը.
իա) իր լիազորությունների սահմաններում Հայաստանի Հանրապետության ջրի ազգային քաղաքականության իրականացումը.
իբ) ջրի ազգային ծրագրի համաձայն` ջրային ռեսուրսների սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի ու էկոլոգիական նվազագույն ելքերի սահմանումը և կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի որակական և քանակական չափանիշների հաստատումը.
իգ) մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների պետական հաշվառումը և չափաքանակների սահմանումը.
իդ) Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշռի կազմման աշխատանքներին մասնակցությունը.
իե) վտանգավոր արդյունաբերական օբյեկտների «Անվտանգության վկայագրեր» նախագծերի փորձաքննության իրականացումը.
իզ) իր իրավասությունների սահմաններում Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող, օգտագործվող քիմիական նյութերի և առաջացող արտադրական ու սպառման թափոնների` ըստ վտանգավորության աստիճանի դասակարգումը.
իէ) թափոնների պետական հաշվառման, պետական կադաստրի, թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման վայրերի ռեեստրների վարումը.
իը) թափոնների տեղադրման սահմանաքանակների նախագծերի հաստատումը.
իթ) օգտակար հանածոների՝ մետաղային, ոչ մետաղային, վառելիքային, ստորերկրյա ջրերի պետական միջոցների հաշվին իրականացվող երկրաբանահետախուզական աշխատանքների սահմանված կարգով պետական պատվերի ձևավորումը և տեղադրումը.
լ) օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման նախագծերին համապատասխան ամենամյա լեռնային աշխատանքների զարգացման պլանների սահմանված կարգով հաստատումը.
լա) ընդերքի օգտագործման, այդ թվում՝ երկրաբանական ուսումնասիրությունների օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների շինարարության նախագծերի պետական փորձաքննության իրականացումը.
լբ) օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների, պարամետրերի ու պաշարների հաստատումը և դրանց դուրսգրումը.
լգ) շրջակա միջավայրի պահպանության ապահովման և բնական պաշարների ողջամիտ օգտագործման նպատակով՝ սահմանված կարգով և դեպքերում թույլտվությունների, լիցենզիաների տրամադրումը, պայմանագրերի կնքումը.
լդ) արդյունաբերական կազմակերպությունների էկոլոգիական անձնագրերի համաձայնեցումը.
լե) Հայաստանի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման համար Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերի ու կանոնների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
լզ) Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրության պահանջների խախտմամբ իրականացվող գործողությունների կասեցումը, արգելումը և դադարեցումը, նշված պահանջները խախտող անձանց` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելը.
լէ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով որոշակի գոտիներ, բնակելի զանգվածներ, հանգստի ու զբոսաշրջության վայրեր փոխադրամիջոցների մուտքը ժամանակավորապես կամ մշտապես սահմանափակելը.
լը) բնապահպանական օրենսդրությամբ սահմանված իրավական նորմերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
լթ) բնապահպանական և բնօգտագործման վճար վճարողների հաշվառումը, բնապահպանական ու բնօգտագործման վճար վճարողների հաշվառման կարգի պահպանման, ինչպես նաև բնապահպանական և բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների նկատմամբ վերահսկողության իրականացումը.
խ) ընդերքի շահագործման, ուսումնասիրության և երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման նկատմամբ երկրաբանական վերահսկողության իրականացումը.
խա) հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցությունը.
խբ) բնապահպանության ոլորտին վերաբերող տեղեկատվական, գիտական և կրթական նյութերի հրատարակումը.
խգ) բնապահպանության ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ մեթոդական խորհրդատվության տրամադրումը.
խդ) մասնակցությունը բնապահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային քաղաքականության ուղղությունների մշակմանը և իրականացմանը.
խե) օրենքով սահմանված կարգով իր լիազորությունների շրջանակներում բնապահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հետ կապված աշխատանքների իրականացումը.
խզ) օրենքով սահմանված կարգով միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված աշխատանքներին մասնակցությունը.
խէ) իր լիազորությունների շրջանակներում միջազգային ծրագրերի նախագծերի մշակումը և նախարարություն ներկայացված միջազգային ծրագրերի նախագծերի ուսումնասիրումը և դրանց վերաբերյալ կարծիքի տրամադրումը.
խը) առաջարկությունները, դիմումները, բողոքները սահմանված կարգով քննարկելը և պատասխանելը.
խթ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացումը:
(8-րդ կետը փոփ., լրաց. 14.04.04 N 545-Ն, խմբ. 01.02.07 N 189-Ն)
III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Նախարարությունը կառավարում է նախարարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ խորհրդակցելով նախարարի հետ:
Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:
11. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:
12. Նախարարը՝
ա) իր իրավասության սահմաններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.
բ) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին և խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.
դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
ե) օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
զ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.
է) եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություն օրենքով սահմանված կարգով աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ.
ը) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.
թ) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.
ժ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
ժա) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
ժբ) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության և օտարման նկատմամբ.
ժգ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.
ժդ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.
ժե) օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
ժզ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շնորհում է դասային կոչումներ.
ժէ) ստեղծում է խորհրդակցական մարմիններ հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր.
ժէ1) հաստատում է նախարարության հաստիքացուցակը.
ժը) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(2-րդ պարբերությունն ուժը կորցրել է 18.05.06 N 651-Ն)
(12-րդ կետը փոփ. 18.05.06 N 651-Ն, լրաց. 01.02.07 N 189-Ն)
13. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:
14. Նախարարի տեղակալը՝
ա) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները՝ նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման՝ իրեն հանձնարարված բնագավառում.
բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է նախարարության՝ իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով՝ տալով ցուցումներ և հանձնարարականներ.
գ) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների՝ նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունների և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծության հետ կապված աշխատանքները.
զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.
թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների և ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
ժ) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասություններին վերաբերող հարցերի մասին.
ժա) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
15. Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:
IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
16. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում՝ դրա կազմում գործող գործակալությունների և տեսչությունների)՝ օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:
17. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
18. Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
19. Նախարարության աշխատակազմն իր իրավասության սահմաններում՝ Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
20. Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
21. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
22. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:
23. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
24. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:
25. Նախարարության աշխատակազմի անվանումն է՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ:
26. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն, 3:
(26-րդ կետը խմբ. 02.12.04 N 1682-Ն)
V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
27. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է դրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
28. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:
29. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան, օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իրեն հանձնված գույքը:
VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
30. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են դրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ, տեսչություններ):
31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:
32. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ նախարարի ներկայացմամբ:
33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման, վերահսկողական գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:
34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից:
35. Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
37. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և նախարարը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:
Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
38. Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
ա) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.
բ) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.
գ) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
դ) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.
ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:
39. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և նախարարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
40. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
41. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:
42. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալներից մեկը՝ նախարարի հրամանով:
43. Նախարարության աշխատակազմի ղեկավարը՝
ա) առանց լիազորագրի՝ իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
բ) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
ե) օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
զ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.
է) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառման վարումը, ֆինանսական հաշվետվությունների կազմումը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
ը) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
թ) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
ժ) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
ժա) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից՝ սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
ժբ) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.
ժգ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
ժդ) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
ժդ1) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
ժե) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(43-րդ կետը լրաց. 01.02.07 N 189-Ն)
44. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:
45. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
46. Նախարարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների վիճակագրական, ինչպես նաև վարչական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
47. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման (աուդիտի)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
48. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և դրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
Շրջակա միջավայրի պահպանության վարչություն
Ընդերքի պահպանության վարչություն
Վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման վարչություն
Նորմատիվամեթոդական վարչություն
Իրավաբանական վարչություն
Միջազգային համագործակցության վարչություն
Քարտուղարություն
Օդերևութաբանության և մթնոլորտի աղտոտվածության մոնիտորինգի բաժին
Բնապահպանության և բնօգտագործման էկոնոմիկայի բաժին
Հասարակայնության հետ կապերի բաժին
Ֆինանսահաշվապահական բաժին
Անձնակազմի կառավարման բաժին
Առաջին բաժին
II. Առանձնացված ստորաբաժանումներ
Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն
(Տողը հանվել է 18.03.04 N 420-Ն)
Օգտակար հանածոների պաշարների գործակալություն
Երկրաբանական գործակալություն
Կենսառեսուրսների կառավարման գործակալություն
Բնապահպանական պետական տեսչություն
Միջուկային և ճառագայթային անվտանգության պետական կարգավորման տեսչություն
(Կառուցվածքը լրաց., փոփ. 23.07.03 N 970-Ն, 18.03.04 N 420-Ն, լրաց. 02.12.04 N 1682-Ն, փոփ. 01.12.05 N 2069-Ն, խմբ., փոփ. 01.02.07 N 189-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|