ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՎԱՐԿ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
16 մարտի 2007 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ս. Կարայանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի մարտի 9-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ֆինանսավորման համաձայնագրում (Աղքատության հաղթահարման աջակցության երրորդ վարկ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը` մուտքագրված 2007 թվականի մարտի 9-ին:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2007 թվականի մարտի 9-ին` Երևանում: Համաձայնագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը չորս կարևոր բարեփոխումների ոլորտում` մակրոտնտեսական կարգի համախմբում և կառավարման ուժեղացում, մրցակցության սրում և սեփականության իրավունքների ամրապնդում, սոցիալական և բնապահպանական ռիսկերի մեղմացում, գյուղատնտեսության արդիականացում:
Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելու է 18.700.000 (տասնութ միլիոն յոթ հարյուր հազար) հատուկ փոխառության իրավունքների վարկ:
2. Համաձայնագրի բաղկացուցիչ մասն են հանդիսանում 2005 թ. հուլիսի 1-ի` «Միջազգային զարգացման ընկերակցության ընդհանուր դրույթներ վարկերի և դրամաշնորհների համար» վերտառությամբ փաստաթուղթը` 2006 թ. հոկտեմբերի 15-ի փոփոխություններով, ինչպես նաև առդիր 1-ը, որում սահմանված են ծրագրի շրջանակներում ձեռնարկված միջոցառումները ու վարկային միջոցների ծախսը բացառող պայմանները, առդիր 2-ը, որում սահմանված է վարկի հիմնագումարի մարման ժամանակացույցը (կիսամյակային մուծումներով` 2017 թվականի մայիսի 15-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 15-ը), և հավելվածը, որում սահմանված են բացառված ծախսերն ու ընդհանուր պայմանների փոփոխությունները:
Ծրագրի ավարտի վերջնաժամկետը 2008 թվականի հունիսի 30-ն է:
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է.
- պատշաճ և արդյունավետ իրագործել համաձայնագրի 1-ին առդիրում պլանավորված գործողությունների ծրագիրը,
- պարբերաբար Ընկերակցությանը վճարել պարտավճար` վարկի չառհանված գումարների դիմաց` ոչ ավելի, քան տարեկան 0,5 տոկոսի չափով, և սպասարկման վարձ` վարկի առհանումների դիմաց` տարեկան 0,75 տոկոսի չափով,
- պարբերաբար կարծիքներ փոխանակել Միջազգային զարգացման ընկերակցության հետ` աղքատության վերացման ծրագրի կատարման վերաբերյալ և ներկայացնել հաշվետվություններ,
- Միջազգային զարգացման ընկերակցությանը տրամադրել ծրագրի կատարման վերաբերյալ անհրաժեշտ հաշվետվություն։
4. Աղքատության կրճատման աջակցություն նախատեսված է եղել նաև Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված` 2004 թ. նոյեմբերի 19-ի և 2006 թ. հունվարի 27-ի համաձայնագրերում, ըստ որոնց` Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել են համապատասխանաբար 13.700.000 (տասներեք միլիոն յոթ հարյուր հազար) և 14.100.000 (տասնչորս միլիոն հարյուր հազար) հատուկ փոխառության իրավունքների վարկեր:
5. Համաձայնագրի դրույթները բխում են ՀՀ Սահմանադրության 34 և 48 հոդվածների պահանջներից և ուղղված են քաղաքացիների կենսապայմանների բարելավմանն ու նպաստում են պետության տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում իրականացվող խնդիրների լուծմանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2007 թվականի մարտի 9-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ֆինանսավորման համաձայնագրում (Աղքատության հաղթահարման աջակցության երրորդ վարկ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Վ. Հովհաննիսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|