«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 փետրվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 2006 թվականի N 1928-Ն
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԲՆԱԿՏՈՐՆԵՐԻ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ԼԻՆԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի բնակտորների հազվագյուտ լինելու չափանիշները, գնահատման ու վճարման պայմանները և կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԲՆԱԿՏՈՐՆԵՐԻ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ԼԻՆԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
1. Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի բնակտորների հազվագյուտ լինելու չափանիշներով, գնահատման ու վճարման պայմաններով և կարգով (այսուհետ` կարգ) սահմանվում են թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի` հազվագյուտներին վերագրելու չափանիշները, և կարգավորվում են դրանց գնահատման ու վճարման պայմանների հետ կապված հարցերը:
2. Թանկարժեք մետաղների բնակտորներ են արմատական և ցրոնային հանքավայրերում բնածին թանկարժեք մետաղների տարանջատումները, որոնք իրենց չափսերով խիստ տարբերվում են թանկարժեք մետաղների գերակշռող մասնիկներից և ունեն 0,1 գրամից ոչ պակաս զանգված: Հազվագյուտ են համարվում բնության մեջ հազվադեպ հանդիպող թանկարժեք մետաղների բնակտորները, որոնք ունեն հատուկ հանքաբանական, կազմաբանական, չափաքանակային բնութագիր կամ դրանց համատեղությունը:
3. Թանկարժեք մետաղների հազվագյուտ բնակտորներ են`
3.1. Ոսկու բնակտորներ.
ա) արմատական հանքավայրերից`
բյուրեղներ, դենդրիտներ և դրանց կցաճումներ` 1 գրամ և ավելի զանգվածով,
անկանոն ձևի կուտակումներ` 5 գրամ և ավելի զանգվածով.
բ) ցրոնային հանքավայրերից`
բյուրեղներ, դենդրիտներ և դրանց կցաճումներ` 5 գրամ և ավելի զանգվածով, որոնք ունեն հարթեցվածության և ողորկության ցածր աստիճան,
50 գրամ և ավելի զանգվածով անկանոն ձևի գոյացություններ, որոնք ունեն հարթեցվածության և ողորկության ցածր աստիճան,
1000 գրամ և ավելի զանգվածով անկանոն ձևի գոյացություններ` անկախ հարթեցվածության և ողորկության աստիճանից:
3.2. Արծաթի բնակտորներ` արմատական և ցրոնային հանքավայրերից`
բյուրեղներ, դենդրիտներ և դրանց կցաճումներ` 0,5 գրամ և ավելի զանգվածով,
անկանոն ձևի գոյացություններ` 5 գրամ և ավելի զանգվածով:
3.3. Պլատինի և պլատինի խմբի մետաղների բնակտորներ.
ա) արմատական հանքավայրերից`
բյուրեղներ և դրանց կցաճումներ` 1 գրամ և ավելի զանգվածով,
անկանոն ձևի գոյացություններ` 5 գրամ և ավելի զանգվածով.
բ) ցրոնային հանքավայրերից`
բյուրեղներ և դրանց կցաճումներ` 5 գրամ և ավելի զանգվածով, որոնք ունեն հարթեցվածության և ողորկության ցածր աստիճան,
անկանոն ձևի գոյացություններ` 20 գրամ և ավելի զանգվածով, որոնք ունեն հարթեցվածության և ողորկության ցածր աստիճան,
անկանոն ձևի գոյացություններ` 200 գրամ և ավելի զանգվածով` անկախ հարթեցվածության և ողորկության աստիճանից:
3.4. Բնակտորներ, որոնք կապված են որևէ պատմական իրադարձության կամ հանրահայտ անձի հետ, որոնք մեծ դեր են ունեցել պատմության, գիտության և մշակույթի մեջ:
3.5. Բնակտորներ, որոնք կապված են երկրում թանկարժեք մետաղների արդյունահանման պատմության զարգացման հետ:
3.6. Բնակտորներ` հանրահայտ հավաքածուներից և թանգարաններից:
3.7. Բնակտորներ` արտասովոր ձևի:
4. Թանկարժեք քարերի հազվագյուտ խմբին դասվում են`
4.1. 50 կարատ և ավելի քաշով ալմաստներ:
4.2. Ալմաստներ, որոնք օժտված են հետևյալ մեկ կամ բոլոր բացառիկ բնութագրիչներով` ձևով, հազվագյուտ բացառիկ գույներով` բարձր մաքրության համադրությամբ, ներփակումների բնութագրերով և բյուրեղագրաֆիկական ուրվագծերով` անկախ ալմաստի քաշից (առնվազն մեկ կարատի համար` մեկ մլն հինգ հարյուր հազ. դրամ արժեքով):
4.3. 20 կարատ և ավելի քաշով ադամանդներ, ինչպես նաև ադամանդներ, որոնք բացառիկ են կառուցվածքով, գույներով և որակական բնութագրիչներով (առնվազն մեկ կարատի համար` հինգ մլն դրամ արժեքով):
4.4. Անմշակ զմրուխտներ (հանքակտորներ, բյուրեղներ կամ զմրուխտների բյուրեղների կցաճումներ) առաջին գույնի (մուգ կանաչ), 1-ին և 2-րդ տեսակների, որոնք հետաքրքրություն են ներկայացնում իրենց բյուրեղների կառուցվածքով և հանքային համակցությամբ, ինչպես նաև 10 մմ և ավելի չափսի կոտրվածքները, առաջին գույնով (մուգ կանաչ), բարձր աստիճանի թափանցիկությամբ` ներքին փայլով (խումբը` էքստրա):
4.5. 10 կարատ և ավելի քաշով մշակված զմրուխտներ, որոնք բացառիկ են իրենց գույնով, կառուցվածքով և որակով, առաջին գույնով (մուգ կանաչ), 1-ին և 2-րդ խմբերի մաքրությամբ:
4.6. Անմշակ սուտակներ (ռուբին), շափյուղաներ (սապֆիր)` հագեցած գունային երանգներով, և ալեքսանդրիտներ` ուժեղ ալեքսանդրիտային էֆեկտով (հանքակտորներ, բյուրեղներ և բյուրեղների կցաճումներ), 1-ին և 2-րդ տեսակների, որոնք հետաքրքրություն են ներկայացնում իրենց բյուրեղների կառուցվածքով, հանքային համակցությամբ, որոնք ունեն լավ արտահայտված բնական կառուցվածքով բյուրեղներ:
4.7. 10 կարատ և ավելի քաշով մշակված սուտակներ, արնակարմիր գույնի` բիրմայական տիպի, 1-ին խմբի մաքրությամբ:
4.8. 10 կարատ և ավելի քաշով մշակված շափյուղաներ, բաց կապույտ գույնի` քաշմիրյան տիպի, 1-ին խմբի մաքրությամբ, ինչպես նաև հազվագյուտ գույների (դեղին, կանաչ, գազարագույն, մանուշակագույն):
4.9. 5 կարատ և ավելի քաշով մշակված ալեքսանդրիտներ` ուժեղ ալեքսանդրիտային էֆեկտով, 1-ին և 2-րդ խմբերի մաքրությամբ:
4.10. 5 կարատ և ավելի քաշով մարգարիտներ` սպիտակ, երկնագույն և սև գույների, որոնք ունեն լավ փայլ` սադափագույն նրբերանգով, տարբեր կառուցվածքի` ուղիղ, կոնաձև, ձվաձև, կաթիլաձև («բողբոջ») և անկանոն ձևի («բարոկկո»):
4.11. Թանկարժեք քարեր, որոնք կապված են որևէ պատմական իրադարձության կամ հանրահայտ մարդկանց հետ, որոնք մեծ դեր են ունեցել մշակույթի, պատմության և գիտության մեջ:
5. Հայաստանի Հանրապետության ընդերքից արդյունահանված թանկարժեք մետաղները և թանկարժեք քարերը, որոնք բավարարում են սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված պահանջներից որևէ մեկը, գնման նախապատվության իրավունք ունեցող մարմիններ ներկայացվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում այդ մարմինների կողմից պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի բնակտորների փորձագիտական հանձնաժողովին (այսուհետ` փորձագիտական հանձնաժողով), որում, բացի Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատողներից, կարող են ընդգրկված լինել նաև այլ գերատեսչության աշխատողներ:
Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի բնակտորները հազվագյուտ լինելու մասին որոշումը երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է սույն կետում նշված փորձագիտական հանձնաժողովը` անցկացված փորձաքննության արդյունքների հիման վրա:
Հայաստանի Հանրապետության ընդերքից արդյունահանված թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների վերաբերյալ փորձագիտական հանձնաժողովի կողմից կազմվում է փորձագիտական եզրակացություն, որը հաստատում է դրանց հազվագյուտ լինելու փաստը, և այդ բնակտորները ենթարկվում են հատուկ հաշվառման: Այդ արժեքների հաշվառման ձևը և կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը:
6. Հայաստանի Հանրապետության ընդերքից արդյունահանված թանկարժեք մետաղները և թանկարժեք քարերը, որոնք բավարարում են սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված պահանջներից որևէ մեկը, իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց ցանկությամբ, կարող են ներկայացվել փորձագիտական հանձնաժողովին` թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի բնակտորները հազվագյուտ լինելու մասին փորձագիտական եզրակացություն ստանալու նպատակով:
Սույն կետով սահմանված դեպքում իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք ներկայացնում են «Մետաղափորձական պալատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ծառայության մատուցման համար վճարված անդորրագիրը:
7. Հայաստանի Հանրապետության ընդերքից արդյունահանված թանկարժեք մետաղները և թանկարժեք քարերը գնահատվում են փորձագիտական հանձնաժողովի կողմից` հաշվի առնելով համաշխարհային շուկայի գները:
8. Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի բնակտորների փորձագիտական հանձնաժողովի կանոնադրությունը և կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը:
9. Հայաստանի Հանրապետության ընդերքից արդյունահանված թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորներն իրացվում են «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի համաձայն:
10. Պետական պահուստի համալրման նպատակով` Հայաստանի Հանրապետության պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության ընդերքից արդյունահանված թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների գնման դեպքում վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|