Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-678
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.02.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.09.28/31(163) Հոդ.253
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
16.02.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2007

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

16 փետրվարի 2007 թ.

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 35 ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ԿԵՏԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, 49 ՀՈԴՎԱԾԻ «Ե» ԿԵՏԻ, 112 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, 4-ՐԴ ԿԵՏԻ ՎԵՐՋԻՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԵՎ 5-ՐԴ ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ.Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` դիմող կողմի` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Նախագահի օգնական Գ. Մհերյանի, գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 68 հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի վերջին նախադասությունների, 49 հոդվածի «ե» կետի, 112 հոդվածի 2-րդ կետի, 4-րդ կետի վերջին նախադասության և 5-րդ կետի դրույթների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի բացատրությունները, հետազոտելով օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2002 թվականի փետրվարի 20-ին, ուժի մեջ է մտել 2002 թվականի ապրիլի 12-ին, փոփոխվել և լրացվել է 2002 թ. հուլիսի 3-ին, 2004 թ. դեկտեմբերի 24-ին և 2006 թ. դեկտեմբերի 25-ին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 35 հոդվածի 3-րդ կետը սահմանում է. «Չորսօրյա նիստերի յուրաքանչյուր երեքշաբթի օրը` ժամը 17-ից, պատգամավորները, ըստ հերթագրման հաջորդականության, կարող են հանդես գալ մինչև 3 րոպե տևողությամբ հայտարարություններով: Անհրաժեշտության դեպքում նիստը վարողը կարող է նիստը երկարաձգել մինչև 30 րոպեով: Նիստի տեսագրությունը հաջորդ օրը` ժամը 21.30-ին, ամբողջությամբ ցուցադրվում է Հանրային հեռուստաընկերությամբ»: Օրենքի 35 հոդվածի 4-րդ կետը սահմանում է. «Հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում վարչապետը և Կառավարության անդամները, սույն օրենքի 105-րդ հոդվածով սահմանված կարգով, պատասխանում են պատգամավորների հարցերին: Նիստի տեսագրությունն ամբողջությամբ ցուցադրվում է Հանրային հեռուստաընկերությամբ նույն օրը` պատգամավորների հայտարարությունների հեռարձակումից անմիջապես հետո»:

Օրենքի 49 հոդվածը վերնագրված է «Ազգային ժողովի գործունեության կազմակերպման վերաբերյալ որոշումները»: Տվյալ հոդվածի «ե» կետի համաձայն Ազգային ժողովն իր գործունեության կազմակերպման հարցերի շրջանակներում կարող է որոշում ընդունել նաև` «Հանրային հեռուստառադիոընկերությամբ Ազգային ժողովի նիստի` ուղիղ եթերով կամ տեսագրությամբ (ձայնագրությամբ) հեռարձակելու մասին»:

Օրենքի 112 հոդվածի 2-րդ կետը սահմանում է. «Ազգային ժողովի դռնբաց նիստերը հեռարձակվում են Հանրային ռադիոընկերության ուղիղ եթերով, եթե Ազգային ժողովն այլ որոշում չի ընդունում»: Նույն հոդվածի 4-րդ կետի վերջին նախադասությամբ ամրագրված է. ««Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարը հեռարձակվում է Հանրային հեռուստատեսությամբ` կիրակի օրը` ժամը 21-ին»: Միաժամանակ, նույն հոդվածի 5-րդ կետով նախատեսվում է. «Սույն օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված նիստերի տեսագրությունների, ինչպես նաև Ազգային ժողովի նիստերի ուղիղ հեռարձակումների և Ազգային ժողովի որոշմամբ սահմանված դեպքերում Ազգային ժողովի նիստերի տեսագրությունների (ձայնագրությունների) արտադրությունն իրականացնում է Հանրային հեռուստառադիոընկերությունը»:

Վիճարկվող դրույթներից միայն օրենքի 112 հոդվածի 4-րդ կետն է ամբողջությամբ շարադրվել նոր խմբագրությամբ` 2004 թ. դեկտեմբերի 24-ին ընդունված` ««Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածի հիման վրա:

ՀՀ Սահմանադրության 27 հոդվածը սահմանում է.

«Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:

Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ` տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով` անկախ պետական սահմաններից:

Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է:

Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի և հեռուստատեսության առկայությունը և գործունեությունը»:

Հոդվածի վերջին երկու մասերը ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրվեցին 2005 թ. սահմանադրական փոփոխությունների արդյունքում:

Սահմանադրության 62 հոդվածը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը: Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով, 57, 59-րդ հոդվածներով, սույն հոդվածի երկրորդ մասով, 66, 67, 69, 73, 74, 74.1, 75, 77, 79-րդ հոդվածներով, 80-րդ հոդվածի երկրորդ մասով, 81, 83, 83.1, 83.2, 83.3, 83.4, 84, 94.1-րդ հոդվածներով, 101-րդ հոդվածի 2-րդ կետով, 103, 111-րդ և 112-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում, ինչպես նաև իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովն ընդունում է որոշումներ, որոնք ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

Ազգային ժողովն իր կանոնակարգ օրենքով նախատեսված կարգով կարող է ընդունել ուղերձներ և հայտարարություններ:

Ազգային ժողովի լիազորությունները uահմանվում են Սահմանադրությամբ:

Ազգային ժողովի գործունեության, նրա մարմինների ձևավորման և գործունեության կարգը uահմանվում է Սահմանադրությամբ և Ազգային ժողովի կանոնակարգով»:

2. Դիմող կողմը գտնում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 35 հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի վերջին նախադասությունների, 49 հոդվածի «ե» կետի, 112 հոդվածի 2-րդ կետի, 4-րդ կետի վերջին նախադասության և 5-րդ կետի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 27 և 62 հոդվածներին՝ այն պատճառաբանությամբ, որ, նախ` «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 35, 49 և 112 հոդվածներով սահմանվող պարտականությունների պայմաններում չի երաշխավորվում Հանրային հեռուստառադիոընկերության` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված լիարժեք անկախությունը: Ընդ որում, ՀՀ Սահմանադրությունը հստակեցնում է այն ոլորտները, որոնցում ռադիոյի և հեռուստատեսության անկախությունը և գործունեության ապահովումը պետության կողմից երաշխավորված պետք է լինի, դա վերաբերում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովմանը:

Երկրորդ` ՀՀ Սահմանադրության 62 հոդվածի համաձայն` ՀՀ Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են բացառապես Սահմանադրությամբ: Այդ իսկ պատճառով, Կանոնակարգի 49 հոդվածի «ե» կետով չի կարող նախատեսվել ՀՀ Ազգային ժողովի լիազորություն` կայացնելու որոշում՝ պարտավորեցնելով Հանրային հեռուստառադիոընկերությանն ուղիղ եթերով կամ տեսագրությամբ հեռարձակելու ՀՀ Ազգային ժողովի նիստը: Նման որոշումը չի կարող պարտադիր բնույթ ունենալ, քանի որ ՀՀ Ազգային ժողովին` Հանրային հեռուստառադիոընկերության վերաբերյալ որևէ որոշում կայացնելու իրավասություն ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսում: Բացի դրանից, ըստ դիմող կողմի` ՀՀ Սահմանադրության 62 հոդվածով հստակ սահմանված է կանոնակարգով կարգավորման ենթակա հարցերի շրջանակը: Մասնավորապես, կանոնակարգով կարող է սահմանվել ՀՀ Ազգային ժողովի գործունեության, նրա մարմինների ձևավորման և գործունեության կարգը, որևէ այլ հարաբերություն կանոնակարգով չի կարող կարգավորվել:

Երրորդ` դիմող կողմը փաստում է, որ գործադիր իշխանության մարմինների իրավական ակտերով ևս չեն նախատեսվում պարտականություններ Հանրային հեռուստառադիոընկերության համար: Մասնավորապես, ՀՀ Նախագահի 2002 թ. մարտի 13-ի «ՀՀ կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրում որևէ դրույթ չկա Հանրային հեռուստառադիոընկերության մասին: Կանոնակարգով նախատեսված Հանրային հեռուստառադիոընկերության վերաբերյալ դրույթներն անհավասար պայմաններ են ստեղծում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների համար:

Չորրորդ` ըստ դիմողի, Կանոնակարգի 35 հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի վերջին նախադասությունները չեն բխում ՀՀ Ազգային ժողովին ՀՀ Սահմանադրության 62 հոդվածով վերապահված լիազորություններից, բացի դրանից, օրենքով սահմանվում են վարքագծի համապարտադիր բնույթի կանոններ, իսկ Կանոնակարգի նշված հոդվածով սահմանվել է Հանրային հեռուստառադիոընկերության համար պարտավորություն, որը փոխադարձ համաձայնությունների շրջանակում կարգավորման ենթակա հարց է:

Հինգերորդ` «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով Հանրային հեռուստառադիոընկերության համար պարտականություններ սահմանելը չի բխում նաև միջազգային իրավական փաստաթղթերի` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին 1966 թ. միջազգային դաշնագրի պահանջներից:

Ըստ դիմող կողմի` Հանրային հեռուստառադիոընկերության անկախության կարևորագույն տարրերից է խմբագրական անկախությունը, այն է` հեռուստառադիոընկերության ծրագրային քաղաքականության, հաղորդացանկի կազմման, հաղորդումների ուղղվածության որոշման գործընթացներում ինքնուրույնությունն ու ազատությունը, ինչպես նաև այդ գործընթացների վրա պետական և քաղաքական իշխանությունների ազդեցության բացառումը: Հանրային հեռուստառադիոընկերությունների անկախության հիշյալ կարևորագույն սկզբունքները երաշխավորված են միջազգային այնպիսի իրավական փաստաթղթերով, ինչպիսիք են` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան (10-րդ հոդված), Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1982 թ. ապրիլի 29-ի` Արտահայտվելու և տեղեկատվության ազատության հռչակագիրը, Նախարարների կոմիտեի՝ Հանրային հեռարձակման անկախության երաշխիքների վերաբերյալ թիվ R (96) 10 հանձնարարականը, ԵԽԽՎ-ի 1641 (2004) 1 հանձնարարականը:

3. Պատասխանող կողմը գտնում է, որ, նախ` ՀՀ սահմանադրական փոփոխությունները տվյալ ոլորտում իրոք օրենսդրական փոփոխությունների խնդիր են առաջացրել: ՀՀ Ազգային ժողովում աշխատանքներ են տարվում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի դրույթները և հանրային հեռահաղորդակցության ոլորտի իրավական կարգավորման հարցերը սահմանադրական փոփոխություններին և ՀՀ միջազգային պարտավորություններին համապատասխանեցնելու համար:

Երկրորդ` պատասխանող կողմը գտնում է, որ Ազգային ժողովի գործունեության լայն հրապարակայնության ապահովումը ժողովրդավարական ձեռքբերում է և այդ ավանդույթից պետք չէ հրաժարվել: Խնդրո առարկա հարցերի առնչությամբ կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ Եվրոպական խորհրդարանի և մի շարք պետությունների խորհրդարանների աշխատանքները լուսաբանվում կամ հեռարձակվում են հավատարմագրված զանգվածային լրատվության միջոցների կողմից, կամ խորհրդարաններն ունեն սեփական հեռուստառադիոալիքներ կամ ինտերնետ կայքեր, որոնց միջոցով հեռարձակումը կարող է լինել ուղիղ կամ տեսագրված:

Երրորդ` պատասխանող կողմն ընդգծում է նաև, որ հիմնականում պետությունների խորհրդարաններն օրենսդրորեն չեն սահմանում իրենց նիստերի հեռարձակման կոնկրետ օրն ու ժամը, սակայն կարող են որոշում ընդունել նիստերը հեռարձակելու ժամանակի և ծավալի վերաբերյալ: Այնուամենայնիվ, շատ պետություններում խորհրդարանի աշխատանքների հեռարձակման միտումը պայմանավորված է նրանով, որ խորհրդարանը, լինելով ներկայացուցչական մարմին, ձևավորում է պետության իրավական դաշտը, հետևաբար, նրա գործունեությունը պետք է լինի առավել հրապարակային և թափանցիկ: Իսկ հանրության հետ ամենագործուն կապը հեռուստատեսությունն է:

Չորրորդ` ՀՀ Սահմանադրության 27 հոդվածի 3-րդ մասով երաշխավորված է լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը, որը հանդիսանում է իրավական պետության և քաղաքացիական հասարակության կարևոր տարրերից մեկը: Բնականաբար, այն կոչված է մեծապես նպաստելու հասարակության և անհատի՝ հատկապես պետական իշխանության մարմինների գործունեության լուսաբանման մասով, տեղեկացված լինելուն: Ըստ պատասխանողի` այստեղ խոսքը չի կարող վերաբերել տվյալ լրատվամիջոցի կամ սուբյեկտի բացարձակ ազատությանը, հակառակ պարագայում այն կբախվի այլ անձանց նույնաբովանդակ անսահմանափակ ազատություններին, ինչը կհանգեցնի տարբեր սուբյեկտների միջև շահերի բախման և կոնֆլիկտային իրավիճակի անխուսափելիության: Խնդրո առարկա լրատվամիջոցի ազատությունը ենթադրում է, որ պետությունը պարտավոր է ապահովել օպտիմալ հարաբերակցություն թույլատրելի վարքագծի և հնարավոր վարքագծի սահմանների միջև:

Հինգերորդ` «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի վիճարկվող դրույթները բովանդակում են Հանրային հեռուստառադիոընկերության օգնությամբ հանրության՝ տեղեկություններ և գաղափարներ ստանալու իրավունքը, ինչը նույնպես չի հանդիսանում բացարձակ իրավունք: Եվ այն նույնպես կարող է ենթարկվել սահմանափակումների Սահմանադրության 43 հոդվածում ամրագրված նպատակների իրագործման կապակցությամբ: Պատասխանող կողմի կարծիքով, Սահմանադրության 27 հոդվածի 3-րդ մասով երաշխավորված՝ լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատության իրավունքի օրենքով սահմանափակումն առավելապես զուգակցվում է խորհրդարանական աշխատանքների լուսաբանման մասին պաշտոնական տեղեկատվություն ստանալու յուրաքանչյուր անձի իրավունքի իրականացման հետ:

Վեցերորդ` պատասխանող կողմը գտնում է, որ չնայած այն հանգամանքին, որ Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի կողմից 1996 թվականի սեպտեմբերի 11-ին ընդունված` Հանրային հեռարձակման անկախության երաշխիքների վերաբերյալ R (96) 10 հանձնարարականով նշվել է, որ հանրային հեռահաղորդակցության կազմակերպությունների խմբագրական անկախության երաշխավորման համար մասնակից պետությունները պետք է ստեղծեն հստակ պայմաններ, այնուամենայնիվ, նույն Հանձնարարականի առանձին դրույթների բովանդակությունից հետևում է, որ օրենքով սահմանված դեպքերի համար չի բացառվում հանրային  հեռարձակողների ծրագրային գործառնությունների փոփոխում, այդ թվում` նաև պետական մարմինների հսկողության ներքո (Հանձնարարականի հավելվածի I բաժին): Դեռ ավելին, Հանձնարարականի հավելվածի VI բաժնով նախատեսվում է այնպիսի իրավիճակի գոյությունը, «... երբ հանրային հեռարձակող կազմակերպությունները կարող են պարտավորված լինել եթեր հեռարձակել պաշտոնական լուրեր, հայտարարություններ կամ հաղորդումներ, կամ լուսաբանել հանրային իշխանությունների գործողությունները կամ որոշումները, կամ տրամադրել եթերաժամ այդ մարմիններին...»: Հիշյալ Հանձնարարականով առաջարկվում է, որ նման դեպքերը պետք է սահմանափակվեն բացառիկ հանգամանքներով, լինեն որոշակիորեն սահմանված օրենքով կամ այլ իրավական ակտերով:

Յոթերորդ` «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի վերջին նախադասություններով ամրագրված դրույթների սահմանադրականության հարցի կապակցությամբ ներկայացված իրավական դիրքորոշման առնչությամբ, ըստ պատասխանողի, ՀՀ Սահմանադրության վկայակոչված 62 հոդվածը չի պարունակում իրավանորմ, որը բացառում է կանոնակարգ օրենքով ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների իրականացմանն առնչվող այլ հարաբերությունների կարգավորման հնարավորություն, դեռ ավելին, նույն ՀՀ Սահմանադրության 67 և 76 հոդվածները նույնպես նախատեսում են իրավահարաբերություններ, որոնց մանրամասն կարգավորումը պատվիրակվում է կանոնակարգ օրենքին:

4. Քննության առնվող հարցի առնչությամբ սահմանադրական դատարանը փաստում է, որ ՀՀ Սահմանադրության 27 հոդվածը, մի կողմից, երաշխավորում է յուրաքանչյուրի համար կարծիքի ազատ արտահայտման, խոսքի ազատության (ներառյալ տեղեկատվության ցանկացած միջոցով տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատության) իրավունքը, մյուս կողմից` կարևորում է լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը` որպես հիշյալ իրավունքների ապահովման երաշխիք: Այս ենթատեքստում առանձնակի շեշտվում է, որ «Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի և հեռուստատեսության առկայությունը և գործունեությունը»։

Զանգվածային լրատվամիջոցի անկախությունը, մասնավորապես, ենթադրում է ծրագրային քաղաքականության, հաղորդացանկի կազմման, հաղորդումների ուղղվածության որոշման գործընթացներում ինքնուրույնություն ու ազատություն, այդ գործընթացների վրա իշխանությունների որևէ ազդեցության բացառում: Այդ նկատառումներից ելնելով էր նաև, որ ՀՀ սահմանադրական փոփոխություններով հեռարձակվող լրատվամիջոցների գործունեության կարգավորումը ՀՀ միջազգային պարտավորությունների շրջանակներում ճանաչվեց որպես սահմանադրաիրավական գործառույթ և Սահմանադրության 83.2. հոդվածով նախատեսվեց. «Հեռարձակվող լրատվության միջոցների ազատության, անկախության և բազմազանության ապահովման նպատակներից ելնելով՝ օրենքով ստեղծվում է անկախ կարգավորող մարմին...»:

Ինչպես ՀՀ Սահմանադրության 27 հոդվածի դրույթները, այնպես էլ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` Հանրային հեռարձակման անկախության երաշխիքների վերաբերյալ թիվ R (96) 10 հանձնարարականը տեղեկատվության ազատության և հանրային հեռարձակման անկախության ապահովման խնդիրների լուծումը տեսնում են օրգանական կապի մեջ: Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն հիշյալ փաստաթղթում, մասնավորապես, շեշտելով մամուլի ազատության հիմնարար սկզբունքի կարևորությունը ժողովրդավարական հասարակությունում, առաջարկում է Եվրախորհրդի անդամ երկրներին օրենսդրությամբ երաշխավորել հանրային հեռարձակումների անկախությունը, որը ենթադրում է ծրագրային, խմբագրական ու կառուցակարգային ինքնուրույնություն: Միաժամանակ, Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի թիվ R (96) 10 հանձնարարականի բացատրական հուշագրի նախաբանի 3-րդ մասում շեշտվում է, որ հանրային հեռարձակման կազմակերպումը տարբերվում է պետական նախատիպերից հենց նրանով, որ այն իրականացվում է անկախ և առանց իշխանության մարմինների որևէ միջամտության: Այդ հաղորդումները կազմակերպող մարմինների անկախության երաշխավորումը դիտարկվում է որպես հիմնարար սկզբունք: Շեշտվում է նաև, որ նույնիսկ պետական ֆինանսավորումը չի կարող միջոց դառնալ այդ մարմինների խմբագրական անկախության կամ կառուցակարգային ինքնուրույնության վրա ուղղակի կամ անուղղակի ճնշում գործադրելու համար (Հանձնարարականի 5-րդ մաս): Հանրային հեռարձակման անկախությունը նշված Հանձնարարականով ճանաչելով որպես հիմնարար սկզբունք, պահանջ է առաջադրվում, որ այն պետք է զերծ լինի տնտեսական, քաղաքական կամ վարչական ներազդեցությունից և ծառայի ողջ հանրությանը:

Տվյալ ոլորտի իրավական կանոնակարգման համար սկզբունքային նշանակություն ունի Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 1641 (2004) 1 հանձնարարականում ամրագրված այն դիրքորոշումը, համաձայն որի՝ հանրային լրատվության հեռարձակումը պետք է տարբերել առևտրային կամ քաղաքական նպատակներ հետապնդող լրատվության հեռարձակումից, քանի որ հանրային լրատվության գլխավոր նպատակը գաղափարներ և տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատության անկողմնակալ ապահովումն է ողջ հանրության համար, որով և պայմանավորված է նման լրատվության անկախության անհրաժեշտությունը:

Հայաստանի Հանրապետությունը, 2000 թ. դեկտեմբերին վավերացնելով Եվրախորհրդի կանոնադրությունը, պարտավորվել է առաջնորդվել վերջինիս դրույթներով, հաշվի առնել Նախարարների կոմիտեի և Խորհրդարանական վեհաժողովի հանձնարարականները և անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել դրանց իրականացման համար:

5. Հայաստանի Հանրապետությունում հանրային հեռուստատեսության իրավական կարգավիճակը սահմանված է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 28 հոդվածով, որում, մասնավորապես, ամրագրված է, որ «Հանրային հեռուստառադիոընկերությունը հատուկ կարգավիճակ ունեցող պետական հիմնարկ է, որի իրավական վիճակի առանձնահատկությունները uահմանվում են սույն օրենքով: Հանրային հեռուստառադիոընկերությունն ստեղծում է պետությունը` ապահովելու համար մարդու սահմանադրական իրավունքը, այսինքն` ազատորեն ստանալ քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, գիտալուսավորչական, հայոց լեզվի և պատմության, մարզական, զվարճալի և հանրության համար կարևոր ու նշանակալից այլ տեղեկատվություն, և գործում է սույն օրենքին, իր կանոնակարգին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»: Միանշանակ է, որ որպես հիմնական նպատակ է դիտվում մարդու` ազատորեն տեղեկատվություն ստանալու իրավունքը, իսկ միջոցը` հատուկ կարգավիճակ ունեցող հեռուստառադիոընկերության առկայությունն է: Այսուհանդերձ, տվյալ օրենքն ընդունվել է 2000 թ. հոկտեմբերի 9-ին և դրա դրույթները դեռևս ՀՀ Ազգային ժողովի կողմից չեն համապատասխանեցվել ՀՀ սահմանադրական փոփոխությունների նոր պահանջներին: Այդ պահանջներին չեն համապատասխանեցվել նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 35 հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի վերջին նախադասություններով, 49 հոդվածի «ե» կետով, 112 հոդվածի 2-րդ կետով,  4-րդ կետի վերջին նախադասությամբ և 5-րդ կետով նախատեսված դրույթները, որոնցով չեն երաշխավորվում սահմանադրաիրավական անկախ կարգավիճակ ստացած մարմնի` Հանրային հեռուստառադիոընկերության, գործառնական անկախությունը և կառուցակարգային ինքնուրույնությունը: Ազգային ժողովը ցանկացած որոշում կարող է ընդունել իր նիստերի կամ առանձին հարցերի քննարկման հեռարձակման անհրաժեշտության մասին: Սակայն վիճարկվող դրույթների սահմանադրականության խնդիրը կապված է ոչ թե իրավակարգավորման առարկայի հանրային նշանակության կամ հեռարձակման նպատակահարմարության հարցի հետ, որի կարևորությունը չի վիճարկվում, այլ տարբեր սուբյեկտների միջև իրավահարաբերությունների կանոնակարգման իրավաչափության հետ: Փաստորեն, օրենքի վիճարկվող դրույթները, մասնավորապես, օրենքի 49 հոդվածի «ե» կետի իրավական բովանդակության շրջանակներում, ՀՀ Ազգային ժողովի գործունեության կազմակերպման առարկա են դարձրել նաև այլ մարմինների հետ փոխհարաբերությունների միակողմանի իրավակարգավորման հարցը, կամ ստեղծում են դրանց գործունեությանը միջամտելու հնարավորություն, որը չի բխում ՀՀ Սահմանադրության 27 և 62 հոդվածների պահանջներից: Ելակետն այն է, որ տվյալ դեպքում օրենսդիրն օրենքի նորմի միջոցով մեկնաբանել է Սահմանադրության 62 հոդվածի 1-ին մասում ամրագրված` «իր գործունեության կազմակերպման հարցերով» հասկացության բովանդակությունը: Դիտարկելով այս մեկնաբանությունը Սահմանադրության 5 հոդվածի, 6 հոդվածի 2-րդ մասի, 62 հոդվածի ողջ բովանդակության իմաստով, հարկ է նկատել, որ մեկնաբանությունը ոչ իրավաչափ է, քանի որ այլ մարմինների հետ իրավահարաբերությունների շրջանակներում Ազգային ժողովի` որոշումներ ընդունելու լիազորությունն սպառիչ կերպով սահմանված է Սահմանադրությամբ: «Իր գործունեության կազմակերպման հարցերով» բառակապակցությունը տվյալ դեպքում չի կարող և պետք չէ ներառի Հանրային հեռուստառադիոընկերության համար պարտականություն սահմանելու հնարավորություն (Կանոնակարգի 49 հոդվածի «ե» կետ) կամ Հանրային ռադիոընկերությանն օրենքով սահմանված պարտականությունից ազատելու հնարավորություն (Կանոնակարգի 112 հոդվածի 2-րդ կետ):

6. Քննության առարկա հարցի շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ օրենսդիր մարմինն առանձնահատուկ դեր ունի յուրաքանչյուր երկրի ժողովրդավարական զարգացման համար: Պառլամենտարիզմի մշակույթը քաղաքակիրթ բազմակարծության և երկխոսության մշակույթ է: Այն առաջին հերթին դրսևորվում է ժողովրդի կողմից իր իշխանությունը ներկայացուցչական մարմինների միջոցով իրականացնելիս: Հասարակական հարաբերությունների կանոնակարգման նկատմամբ դրսևորվող մոտեցումները և օրենսդիր մարմնի վերահսկողական լիազորությունների թափանցիկ ու հրապարակային իրականացումը քաղաքացիական հասարակության ձևավորման կարևորագույն երաշխիքներից են: Մյուս կողմից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր տարբեր վճիռներում բազմիցս ընդգծել է այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի՝ ժողովրդավարական համակարգերում իշխանությունների գործունեությունը պետք է ենթարկվի նաև հասարակական կարծիքի ուշադիր վերահսկողությանը: Հայաստանի Հանրապետությունում վերջին 15 տարիների ընթացքում ձևավորվել է նաև այնպիսի կայուն ավանդույթ, որ օրենսդիր մարմնի գործունեությունը եղել է առավել թափանցիկ ու հասու հանրության բոլոր շերտերին: Իր հերթին, Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի թիվ R (96) 10 հանձնարարականը կարևորելով հանրային հեռարձակման անկախությունը, միաժամանակ բացատրական հուշագրի թիվ 21 ուղղորդիչ ցուցումով նախատեսում է, որ հանրային հեռարձակման խնդիրն է նաև ապահովել քաղաքական բազմակարծությունը` խորհրդարանական փոքրամասնությանը, տարբեր քաղաքական ուժերին իրենց տեսակետը ներկայացնելու համար տրամադրելով եթերաժամ:

ՀՀ Ազգային ժողովի, նրա մարմինների ու առանձին պատգամավորների գործունեության լայն հրապարակայնության երաշխավորումը, այդ թվում ներկայումս գոյություն ունեցող և ավանդույթ դարձած ձևերի շրջանակներում, բխում է իրավական, ժողովրդավարական պետության սահմանադրական սկզբունքներից և պետք է ապահովված լինի օրենսդրական ու կազմակերպչական անհրաժեշտ հիմքերով: Միաժամանակ, այդ հիմքերը պետք է լինեն իրավաչափ, բխեն իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սահմանադրական սկզբունքի պահանջներից, չխախտեն սահմանադրական ինստիտուտների գործառնական ու կառուցակարգային անկախության պահանջները: Այդ հարցի առնչությամբ ՀՀ սահմանադրական դատարանն իր իրավական դիրքորոշումն արտահայտել է 11.01.2001 թ. ՍԴՈ-278 որոշմամբ: Դրա հետ մեկտեղ, ՀՀ սահմանադրական փոփոխությունները նոր պահանջներ առաջադրեցին լրատվամիջոցների ազատության ու անկախ գործունեության երաշխավորման համար: Վերջինիս ապահովումը ՀՀ Ազգային ժողովի առջև, մասնավորապես, խնդիր է դնում փոխկապվածության մեջ վերանայել և Սահմանադրության պահանջներին համապատասխանեցնել 2000 թ. հոկտեմբերի 9-ին ընդունված` «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», 2003 թ. դեկտեմբերի 13-ին ընդունված` «Զանգվածային լրատվության մասին» օրենքների, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի, ինչպես նաև տվյալ խնդրին առնչվող այլ օրենքների համապատասխան դրույթները: Հիշյալ օրենքների դրույթների համեմատական վերլուծությունը վկայում է, որ ՀՀ միջազգային պարտավորություններին համապատասխան Հանրային հեռուստառադիոընկերություն ստեղծելու իրավական երաշխիքները դեռևս լիարժեք ու ամբողջական չեն: Խնդիրը շտապ համակարգային լուծում է պահանջում, և հիմնախնդրին առնչվող որևէ օրենքի այս կամ այն դրույթի սահմանադրականության գնահատմամբ հարցն ամբողջությամբ չի սպառվում: Մասնավորապես, քննության առարկայի առնչությամբ միջազգային պրակտիկան վկայում է, որ հարցի սկզբունքային լուծման բանաձևն օրենսդիր մարմնի գործունեության առավելագույն հրապարակայնության ապահովումն է` լրատվամիջոցների, այդ թվում հանրային, գործառնական ու կառուցակարգային անկախության երաշխավորման պայմաններում: Ինչ վերաբերում է իրավաչափ ձևի ընտրությանը, ապա դա օրենսդիր մարմնի խնդիրն է: Բոլոր դեպքերում, միջազգային պրակտիկայում առկա ցանկացած ձևի ընտրության պարագայում, պետք է իրավական երաշխիքներ ստեղծվեն, որպեսզի հանրային հեռարձակման պրակտիկայում օրենսդիր մարմնի գործունեության լայն հրապարակայնության և քաղաքական բազմակարծության ապահովումը չվտանգվեն: Տվյալ խնդրի լուծման ժամանակ, ելնելով նաև ՀՀ միջազգային պարտավորություններից, ՀՀ Ազգային ժողովն առաջին հերթին պետք է առաջնորդվի ՀՀ Սահմանադրության 27, 83.2 հոդվածների, ինչպես նաև Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի թիվ R (96) 10 հանձնարարականի, դրա բացատրական հուշագրի, Խորհրդարանական վեհաժողովի` Հանրային հեռարձակում թիվ 1641 (2004) 1 հանձնարարականի դրույթներով:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. ՀՀ Սահմանադրության 27 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին հակասող և անվավեր ճանաչել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 35 հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի վերջին նախադասություններում, 112 հոդվածի 2-րդ կետով, 4-րդ կետի վերջին նախադասությամբ և 5-րդ կետով նախատեսված դրույթները:

2. ՀՀ Սահմանադրության 62 հոդվածին հակասող և անվավեր ճանաչել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 49 հոդվածի «ե» կետով նախատեսված դրույթը:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Նախագահող

Գ. Հարությունյան


16 փետրվարի 2007 թվականի
ՍԴՈ-678

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան