Գլխավոր տեղեկություն
Համար
N 412
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.03.1999-08.01.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.07.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.07.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.07.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.01.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հուլիսի 1996 թվականի N 412

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):

(1-ին կետն ուժը կորցրել է կենտրոնական ապարատի կառուցվածքի մասով 03.03.99 N 132)

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության վարչության խորհրդի անդամների թվաքանակը` 9 մարդ:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հիդրոօդերևութաբանության վարչության մասին» N 382 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1996 թվականի
հուլիսի 12-ի N 412 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության վարչությունը (այսուհետև` Հայհիդրոմետ) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պետական կառավարում հիդրոօդերևութաբանական աշխատանքների, շրջակա բնական միջավայրի և աղտոտվածության դիտանցի (մոնիտորինգի) կազմակերպման և իրականացման ոլորտում` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարին (այսուհետև` նախարար) և պատասխանատվություն է կրում իր վրա դրված խնդիրների ու գործառույթների կատարման, ոլորտում տիրող վիճակի և հեռանկարային զարգացման, գիտատեխնիկական ու կառուցվածքային քաղաքականության ապահովման համար:

Հայհիդրոմետն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կլոր կնիք:

 

II. Հայհիդրոմետի խնդիրներն ու գործառույթները

 

2. Հայհիդրոմետի գլխավոր խնդիրներն ու գործառույթներն են`

ա) հանրապետության տարածքում հիդրոօդերևութաբանական երևույթների և բնական միջավայրի աղտոտվածության ու ռադիոակտիվության վիճակի դիտարկումների կատարումը, այդ ոլորտի վերաբերյալ փաստացի և սպասվող փոփոխությունների, ինչպես նաև դրանց հնարավոր հետևանքների մասին պետական կառավարման հանրապետական մարմիններին, ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին և բնակչությանն անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովումը.

բ) հիդրոօդերևութաբանության և բնական միջավայրի աղտոտվածության ուսումնասիրման ոլորտում կիրառման գիտահետազոտական աշխատանքների իրականացման և մեթոդների մշակման կազմակերպումը.

գ) հիդրոօդերևութաբանական գործընթացների և երևույթների, շրջակա բնական միջավայրի աղտոտվածության և ռադիոակտիվության վիճակի դիտանցի համակարգի հետագա զարգացումը.

դ) եղանակի, ջրային օբյեկտների (գետեր, լճեր, ջրամբարներ) վիճակի, բնական միջավայրի աղտոտվածության, գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերի բերքատվության, հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսումների կազմումը և պետական մարմիններին, ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին դրանցով ապահովումը.

ե) շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ խոշոր արդյունաբերական, տրանսպորտային, գյուղատնտեսական օբյեկտների նախագծման, շինարարության և շահագործման հիդրոօդերևութաբանական ապահովման պլան-սխեմաների մշակումը, արդյունաբերական օբյեկտների ենթադրվող շինարարությունների շրջանում արշավախմբային ուսումնասիրությունների կատարումը, ռադիոակտիվության աղբյուրների հայտնաբերման նպատակով համապատասխան կազմակերպությունների հետ աշխատանքների իրականացումը.

զ) պետական ջրային կադաստրի վարման ընդհանուր ղեկավարումը, վարումը մակերևութային ջրերի մասում, կլիմայական, ագրոկլիմայական, գիտակիրառական տեղեկագրերի և ռադիոակտիվության վիճակի տարեգրության նախապատրաստումն ու հրատարակումը.

է) շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների հետ համատեղ հանրապետության տարածքում ջրերի պետական հաշվառումը ըստ քանակական և որակական ցուցանիշների, ու դրանց արդյունավետ օգտագործմանը նպաստելը.

ը) հիդրոօթերևութաբանական և բնական միջավայրի աղտոտվածության տվյալների պետական ֆոնդի կազմավորումը, ինչպես նաև տեղեկությունների կենտրոնացված հաշվառումն ու դրանցով համապատասխան կազմակերպությունների սպասարկումը.

թ) օդային ավազանի, մակերևութային ջրերի ռադիոակտիվ նյութերի միջսահմանային տեղափոխման դիտարկումները.

ժ) կարկտահարության և այլ վտանգավոր երևույթների հետևանքների նվազեցման նպատակով հիդրոօդերևութաբանական գործընթացների ու երևույթների վրա ակտիվ ներգործման աշխատանքների իրականացումը.

ի) տիեզերական միջոցների օգնությամբ ստացված տարածական չափումների տվյալներով շահագրգիռ կազմակերպությունների սպասարկումը.

լ) շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների հետ համատեղ հիդրոօդերևութաբանական ուսումնասիրությունների բնագավառում միասնական գիտատեխնիկական քաղաքականության մշակումն ու ներդրումը.

խ) հիդրոօդերևութաբանական աշխատանքների վերաբերյալ մասնագիտական եզրակացությունների նախապատրաստումը և տրամադրումը շահագրգիռ կազմակերպություններին.

ծ) հիդրոօդերևութաբանությանը և շրջակա միջավայրի դիտանցին վերաբերող օրենսդրական և այլ նորմատիվ ակտերի նախագծերի նախապատրաստումը.

կ) իր իրավասության սահմաններում հիդրոօդերևութաբանության և շրջակա բնական միջավայրի դիտանցի ոլորտներում միջազգային համագործակցությունը, ոլորտներին վերաբերող միջազգային համաձայնագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը մասնակցությունը.

հ) համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելը:

 

III. Հայհիդրոմետի աշխատանքի կազմակերպումը

 

3. Հայհիդրոմետի համակարգն ընդգրկում է իր ենթակայության պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ամբողջությունը.

4. Հայհիդրոմետը ոլորտին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում` չխախտելով ենթակա պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը: Հայհիդրոմետը Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների հետ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն` միջճյուղային հարցերի մշակման և լուծման համար:

5. Հայհիդրոմետը Հայաստանի Հանրապետության կառավարության և նախարարի համաձայնությամբ իրականացնում է ոլորտի պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները:

Հայհիդրոմետը համակարգի ձեռնարկություններում և կազմակերպություններում ապահովում է պետական սեփականության պահպանությունը:

6. Հայհիդրոմետը`

ա) ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ ու, դրանց հիման վրա և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար:

Իր նորմատիվ ակտերի նախագծերը նախապես համաձայնեցնում է նախարարի հետ.

բ) համաձայնեցնելով նախարարի հետ, այլ նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ, անհրաժեշտության դեպքում, արձակում է հրամաններ և հրահանգներ.

գ) ընդհանրացնում է ոլորտի օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան, օրենսդրության կատարելագործման վերաբերյալ մշակում առաջարկություններ և նախարարի միջոցով դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.

դ) սահմանված կարգով մասնակցում է իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը.

ե) իր ոլորտի իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ կնքում է միջգերատեսչական պայմանագրեր` դրանց նախագծերը նախապես համաձայնեցնելով նախարարի հետ.

զ) ոլորտի հեռանկարային զարգացման, ինչպես նաև իր գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ ծրագրերը նախապես համաձայնեցնում է նախարարի հետ.

է) նախարարին է ներկայացնում հաշվետվություններ իր տարեկան և ընթացիկ գործունեության վերաբերյալ.

ը) իրականացնում է իր աշխատողների որակավորման հետ կապված աշխատանքները` նախապես համաձայնեցնելով նախարարի հետ:

7. Հայհիդրոմետի համակարգի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպվում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի և որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:

8. Հայհիդրոմետը գլխավորում է պետը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարի հետ:

Հայհիդրոմետի պետը, համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կոնվենցիային համապատասխան, հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում: Հայհիդրոմետի պետն ունի տեղակալ, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարի և Հայհիդրոմետի պետի հետ:

9. Հայհիդրոմետի պետը`

ա) պատասխանատվություն է կրում Հայհիդրոմետի առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.

բ) սահմանում է պետի տեղակալի, բաժինների պետերի և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը` համակարգի պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեության համար.

գ) սահմանում է պետի տեղակալի պարտականությունների շրջանակը.

դ) նախարարի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում Հայհիդրոմետի կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը.

ե) առաջարկում է Հայհիդրոմետի խորհրդի անդամների թվաքանակը և նախարարի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում խորհրդի անհատական կազմը.

զ) կազմակերպում ու ղեկավարում է Հայհիդրոմետի խորհրդի նիստերը.

է) կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին արտասահման գործուղելիս (բացառությամբ ԱՊՀ անդամ պետությունների) համաձայնեցնում է նախարարի հետ:

10. Հայհիդրոմետի պետի բացակայության դեպքում պետի պարտականությունները կատարում է պետի տեղակալը:

11. Հայհիդրոմետում ստեղծվում է խորհուրդ, որի կազմի մեջ մտնում են պետը (նախագահ), պետի տեղակալը` ի պաշտոնե, այլ ղեկավար աշխատողներ:

12. Հայհիդրոմետի խորհուրդն իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում համակարգի հեռանկարային զարգացման հիմնական հարցերը, քննարկում համակարգի, ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, ղեկավար կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների ու հրահանգների նախագծերը, լսում Հայհիդրոմետի կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվետվությունները:

Խորհրդի նիստի անցկացման ժամանակի և օրակարգի մասին նախապես տեղեկացվում է նախարարին: Խորհրդի նիստին կարող է մասնակցել նախարարի ներկայացուցիչը:

Նախարարի պահանջով Հայհիդրոմետի պետը հրավիրում է խորհրդի արտահերթ նիստ կամ նիստի օրակարգ է մտցնում արտահերթ հարց:

Խորհրդի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, պետի հրամաններով: Պետի և խորհրդի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում պետը կենսագործում է իր որոշումը` դրանց մասին զեկուցելով նախարարին, իսկ խորհրդի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել նախարարին, և այդ կապակցությամբ վերջինիս որոշման հետ չհամաձայնելու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետին կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

13. Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, համակարգում գիտականորեն հիմնավորված միասնական տեխնիկական քաղաքականություն իրականացնելու, տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու վերաբերյալ հանձնարարականներ մշակելու նպատակով Հայհիդրոմետում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ` բաղկացած մասնագետներից, այդ թվում` օտարերկրյա, գիտական փորձագետներից, ինչպես նաև գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Գիտատեխնիկական խորհրդի կազմը և կանոնադրությունը հաստատում է նախարարը:

14. Հայհիդրոմետը մասնակցում է ոլորտի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործին, տեղաբաշխման և որակավորման բարձրացման աշխատանքներին, կոորդինացնում է համակարգի ղեկավար կադրերի ընտրությունը:

15. Հայհիդրոմետն առաջարկություն է ներկայացնում նախարարին իր համակարգում ձեռնարկություններ և կազմակերպություններ ստեղծելու, դրանք վերակազմավորելու և լուծարելու վերաբերյալ:

16. Հայհիդրոմետն առաջարկություն է ներկայացնում նախարարին թույլատրել իր համակարգի ձեռնարկություններին հիմնադրելու պետական սեփականություն հանդիսացող դուստր ձեռնարկություններ և անդամակցելու ձեռնարկությունների տնտեսական միավորումներին:

17. Հայհիդրոմետն առաջարկություն է ներկայացնում նախարարին թույլատրել իր համակարգի ձեռնարկություններին ու կազմակերպություններին իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ներդնելու համար:

18. Հայհիդրոմետը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի ձեռնարկությունների և կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը:

19. Հայհիդրոմետն իրականացնում է համակարգի ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեության օրինականության, ներառյալ հիմնադիր փաստաթղթերի և նրանց կողմից պայմանագրերի օրինականության նկատմամբ վերահսկողությունը:

20. Հայհիդրոմետի կենտրոնական ապարատի աշխատողների պահպանման ծախսերն իրականացվում են պետական բյուջեից, առանձին:

21. Հայհիդրոմետը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը` հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող Հայհիդրոմետին ենթակա ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1996 թվականի
հուլիսի 12-ի N 412 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ

(կառուցվածքն ուժը կորցրել է 03.03.99 N 132)

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1996 թվականի
հուլիսի 12-ի N 412 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ

(կառուցվածքն ուժը կորցրել է 03.03.99 N 132)