«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 փետրվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2006 թվականի N 1930-Ն
«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ «ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշման և 2006 թվականի նոյեմբերի 30-ի Երթևեկության կառավարման և անվտանգության ծրագրի առաքելության հուշագրի, ինչպես նաև երթևեկության կառավարման և անվտանգության ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը՝ հիմնադրի լիազորությունները վերապահելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պահպանման ծախսերի ֆինանսավորման, այդ թվում` ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:
3. Հաստատել «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն երթևեկության կառավարման և անվտանգության ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու մասին։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը (այսուհետ` ԾԻԳ) իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է: ԾԻԳ-ն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր) 2006 թվականի դեկտեմբերի 28-ի N 1930-Ն որոշման համաձայն:
2. ԾԻԳ-ն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով ու Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրվելիք «Երթևեկության կառավարում և անվտանգություն» ծրագրի վերաբերյալ վարկային կամ դրամաշնորհային համաձայնագրով ու սույն կանոնադրությամբ:
3. Հիմնադրի և ԾԻԳ-ի միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
4. ԾԻԳ-ը և դրա ամբողջ գույքը սեփականության իրավունքով պատկանում է հիմնադրին:
5. ԾԻԳ-ի անվանումն է`
հայերեն լրիվ` «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ,
հայերեն կրճատ` «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ,
ռուսերեն լրիվ` Государственное учреждение «Офис по реализации транспортныx программ»,
ռուսերեն կրճատ` ГУ «ОР транспортныx программ»,
անգլերեն լրիվ` «Transport Projects Implementation Unit» State Institution»,
անգլերեն կրճատ` «Transport PIU» SI։
6. ԾԻԳ-ի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, Երևան-10, Նալբանդյան 28, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն:
II. ԾԻԳ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
7. ԾԻԳ-ի գործունեության հիմնական նպատակը Միջազգային զարգացման ընկերակցության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելիք «Երթևեկության կառավարում և անվտանգություն» վարկային կամ դրամաշնորհային ծրագրում (այսուհետ` ծրագիր) նշված աշխատանքների իրականացումն է:
8. ԾԻԳ-ի խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ծրագրում նշված աշխատանքների պատվիրատուի գործառույթների իրականացումը.
բ) ծրագրում ընդգրկված գործունեության շրջանակներում աշխատանքների կատարման ժամանակացույցի և ծրագրի բյուջեի կազմումը.
գ) մրցույթների անցկացումը, առաջարկների գնահատումն ու վերլուծումը, եթե դրանք Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության բացառիկ իրավասությունը չեն.
դ) ծրագրի իրականացման հետ կապված բոլոր տեսակի պայմանագրերի նախապատրաստումն ու ստորագրումը` համաձայն վարկային կամ դրամաշնորհային պայմանագրի կանոնակարգի.
ե) ծրագրի լրիվ իրականացման մոնիթորինգը` ներառյալ Միջազգային զարգացման ընկերակցության համար ընդունելի ձևով հաշվետվություններ պատրաստելն ու ներկայացնելը.
զ) ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման նկատմամբ վերահսկողությունը, եթե ծրագրի իրականացման պլանի համաձայն ծրագրի որևէ բաղադրիչի իրականացումը վերապահված չէ երրորդ անձի.
է) վարկային կամ դրամաշնորհային ծրագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների (այդ թվում` նաև խորհրդատվական) ձեռքբերումը, եթե ծրագրի իրականացման պլանի համաձայն ծրագրի որևէ բաղադրիչի իրականացումը վերապահված չէ երրորդ անձի.
ը) վարկային կամ դրամաշնորհային ծրագրով նախատեսված մասհանումների համար անհրաժեշտ դիմումները նախապատրաստելն ու ներկայացնելը.
թ) գործունեության համար անհրաժեշտ նախագծային աշխատանքների, փորձագիտական գնահատումների պատվիրումը կամ իրականացումը.
ժ) վարկային կամ դրամաշնորհային համաձայնագրով պահանջվող` ծրագրի իրականացման հետ կապված վճարումների ղեկավարումը:
III. ԾԻԳ-Ի ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
9. ԾԻԳ-ն օգտվում է միջազգային համաձայնագրերով սահմանված արտոնություններից:
10. ԾԻԳ-ի իրավունակությունը ծագում է նրա կանոնադրության հաստատման պահից:
11. ԾԻԳ-ի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ և վարկային համաձայնագրով (համաձայնագրերով):
12. ԾԻԳ-ն իր հիմնադրի անունից սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության նպատակներին համապատասխան կարող է ունենալ քաղաքացիական իրավունքներ և կրել այդ գործունեության հետ կապված քաղաքացիական պարտականություններ:
ԾԻԳ-ին պատկանող քաղաքացիական իրավունքները, ներառյալ դրա պաշտպանության իրավունքը, պետական հիմնարկն իրականացնում է հիմնադրի հայեցողությամբ` նրա անունից:
13. ԾԻԳ-ն ունի անվանում, հիմնադրի անունից իրեն ամրագրված գույք, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմ, բանկերում հաշիվներ` Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով:
14. ԾԻԳ-ն օրենքի սահմաններում, իր կանոնադրությամբ նախատեսված ոլորտների խնդիրների իրականացման համար, հիմնադրի անունից իրավունք ունի`
ա) ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ.
բ) դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելու պայմանագրեր և կրելու պարտավորություններ.
դ) ծրագրի շրջանակներում մինչև 50,0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք պայմանագրերի կնքման վերաբերյալ ինքնուրույն որոշում ընդունելու:
15. ԾԻԳ-ի իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով, ինչպես նաև` հիմնադրի որոշմամբ:
16. ԾԻԳ-ի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում հիմնադիրը` օրենքով սահմանված կարգով:
17. ԾԻԳ-ը պարտավոր է`
ա) օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել հաշվետվություններ.
բ) ապահովել կազմակերպության կանոնադրության, գույքի նկատմամբ գույքային իրավունքները հավաստող փաստաթղթերի, կազմակերպության ներքին փաստաթղթերի, տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվառման փաստաթղթերի, կառավարման մարմինների նիստերի արձանագրությունների, իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթերի պահպանումը:
IV. ԾԻԳ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
18. Հիմնադրին է պատկանում ԾԻԳ-ի կառավարման և գործունեության վերաբերյալ ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը:
Սույն կանոնադրությամբ նախատեսված` հիմնադրի լիազորությունները հիմնադրի որոշմամբ կարող են փոխանցվել դրա կողմից լիազորված պետական կառավարման այլ մարմնի:
19. ԾԻԳ-ի հիմնադրի բացառիկ իրավասության հարցերն են`
ա) ԾԻԳ-ի կանոնադրության հաստատումը, դրանում փոփոխությունների ու լրացումների կատարումը.
բ) ԾԻԳ-ի տնօրենին աշխատանքի նշանակելը և աշխատանքից ազատելը.
գ) ԾԻԳ-ի կառուցվածքը որոշելը և աշխատանքների վարձատրության ֆոնդը սահմանելը.
դ) ԾԻԳ-ի գործունեության դադարումը։
20. ԾԻԳ-ի բարձրագույն ղեկավար պաշտոնատար անձը դրա տնօրենն է, որին աշխատանքի է նշանակում հիմնադիրը:
21. ԾԻԳ-ի տնօրենը գործում է սույն կանոնադրության և հիմնադրի կողմից տրված հանձնարարականների համաձայն:
Հանձնարարականներով կարող են սահմանվել տնօրենի այլ իրավունքներ, պարտականություններ:
22. ԾԻԳ-ի տնօրենը`
ա) տնօրինում է ԾԻԳ-ի գույքը (այդ թվում` ֆինանսական միջոցները), գործարքներ կնքում հիմնադրի անունից.
բ) ներկայացնում է ԾԻԳ-ը Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում.
գ) գործում է առանց լիազորագրի.
դ) տալիս է լիազորագրեր.
ե) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).
զ) բանկերում բացում է ԾԻԳ-ի հաշվարկային (այդ թվում` տարադրամային) և այլ հաշիվներ.
է) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
ը) մրցութային կարգով աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է ԾԻԳ-ի աշխատողներին (բացառությամբ սպասարկող անձնակազմի).
թ) ԾԻԳ-ի աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.
ժ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և հիմնադրի հանձնարարականներով նախատեսված այլ լիազորություններ:
23. ԾԻԳ-ի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է հիմնադրի կողմից սահմանված կարգով:
V. ԾԻԳ-Ի ՄԻՋՈՑՆԵՐԸ
24. ԾԻԳ-ի գույքն առանձնացված չէ հիմնադրի գույքից:
ԾԻԳ-ի գույքը սեփականության իրավունքով պատկանում է հիմնադրին:
25. ԾԻԳ-ի գույքային իրավունքների օբյեկտներն են`
ա) գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները.
բ) աշխատանքները և ծառայությունները.
գ) տեղեկատվությունը.
դ) ոչ նյութական արժեքները:
26. ԾԻԳ-ի տնօրինությանը կարող է պատկանել ցանկացած գույք` բացառությամբ գույքի առանձին տեսակների, որոնք օրենքին համապատասխան չեն կարող պատկանել պետական հիմնարկին: ԾԻԳ-ի տնօրինությանը պատկանող գույքի թիվն ու արժեքը չի սահմանափակվում` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
27. ԾԻԳ-ի գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո:
VI. ԾԻԳ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
28. ԾԻԳ-ի գործունեությունը կարող է դադարել միայն հիմնադրի որոշմամբ:
29. Հիմնադիրը ԾԻԳ-ի գործունեության դադարման մասին որոշում ընդունելուց հետո նշանակում է լուծարային հանձնաժողով, սահմանում լուծարման կարգն ու ժամկետները:
ԾԻԳ-ի լուծարման ժամկետը չի կարող երկու ամսվանից պակաս լինել:
30. ԾԻԳ-ի գործունեությունը համարվում է դադարած` հիմնադրի սահմանած օրվանից:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |